ՍԱՆՋԱՐԻ ՈՍԿԻՆԵՐԸ


Հերոստրատի փառքին զուգահեռ՝ աճում են դեռ
հրդեհները Արտեմիսի տաճարի,
եւ արդեն հասվեհաս են Աստծո փեշերին։
-Մեղա, Տեր, հազար մեղա։

Ասում են՝ Լիկկա քաղաքում
օրվա մեջ երկու մայրամուտ է լինում
եւ լինում է երկու արեւածագ, բայց դանայան տակառները
դեռ չեն հասցրել լցնել թագավորի դուստրերը։

Ճշմարիտ երգերը վերացել են աշխարհից՝ երբ բառն անգամ
սկսել է կրկնակ պահել՝
վարակված ախտերով թագավորական։ Հենց Ազ-
րաղի պոետը փորձում է բերանը բացել,
Սանջարի ոսկիների զրնգոցը երկինք-երկիր խլացնում է։

Հավաքարարները թագավորներ են։
Թագավորները հավաքարարներ են։

Հաղորդություն - ահա միակ մաքուր վիճակը, որ սկսվում է
Օրփեոսի նվագից։ Իսկ ո՞ւր է նրա սրինգը։

Արյանս մեջ - Արգիշտի արքայի ժամանակներից հողված գինի-
պեծին են տալիս աստղերը եկած եւ չեկած
հազարամյակների։

Եթե կան դեռեւս անմարդակոխ երազների մարգեր,
նրանց շուրջը մոմեր վառեցեք։ Թող ապաշխարեն խոտերը։

Թյուրընթաց ուղիները շարունակում են երկարել։
Ծավալվում են անջրանցիկ քողերը տխրության։
Աստղ կա ձեռքիս,
ուզում եմ վար դնել,
բայց աշխարհի ոչ մի անկյունում հարմար տեղ չկա։