ՏԵՐՈՒՆԱԿԱՆ


Մեզ գուրգուրող բառեր պետք չեն,
Ոչ էլ՝ բառեր պոետական.
Թող ինքն իրեն խոսքը հնչե
Աղոթքի պես նվիրական։

Պահում դար ու դարեր հառնեն՝
Տիգրան Մեծից մինչեւ Ավո.
Հայոց ոգին վեր սավառնե,
Թեւերի տակ Արցախ, Տարոն։

Մասյաց լեռներ շալակն առած,
Մհեր ելնի ու դառնա տուն.
Հայ չլինի էլ սփյուռված,
Դարձը լինի անվերջ, անդուլ։

Ապրենք միամբ եւ ուս-ուսի,
Մենք մեր վերքին աղ չցանենք։
Ու սրտեսիրտ սերը հյուսվի,
Ցավի միջից ծիածանվենք։

Երբ կռիվ է՝ աչք չենք թարթում,
Դաշտ ենք մեկնում քաջ տղերքով...
Դարձին, սակայն, ցավ կա սրտում՝
Տղերք, մեզնից ո՞վ չէ շարքում։

Հաղթանակը տնից տանում,
Հունցում արյամբ, տուն ենք բերում...
Հայոց քաղցրիկ մեր ոստանում,
Վանքում ինչպես, խունկ է բուրում։

Մեզ գուրգուրող բառեր պետք չեն,
Ոչ էլ՝ բառեր պոետական...
Թող ինքն իրեն խոսքը հնչե,
Լինի սուրբ ու նվիրական։
                                    11.06.2000թ.