Սատանայի պաշտոնական մեծ հանդեսը
ՍԱՏԱՆԱՅԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄԵԾ ՀԱՆԴԵՍԸ
Հողագնդի կենտրոնումը կա մի մեծ բնակարան, որի բարձրությունը 99 ասպարեզ կը լինի, թեև մի պապական աբեղա, բնական աշխարհագրությունը խառնափնդորելով աստվածաբանության հետ, գրել էր, թե 999 ասպարեզ է այս բնակարանի բարձրությունը. բայց պապական աբեղային հավատալ չէ կարելի, եթե դժոխքի վերա ևս խոսելու լիներ, պատճառ, նա մի հարակցություն ստեղծագործելով դժոխատիրոջ հետ, մի տեսակ օգուտ ստանալու ակնկալությամբ շատ սովորական կերպով 99 թվականը կբարձրացնե մինչև 999-ը. ինչևիցե:
Այս բնակարանը ունի յուր մեջ որպես զանազան խորհրդով պատրաստած սենյակներ, նույնպես մի մեծ պաշտոնական դահլիճ, ուր դրած է դժոխքի իշխանի փառավոր գահը, կազմած մարդու ոսկերքից և զարդարած, փոխանակ գոհարների, չորացուցած չղջիկներով և գորտերով։ Այս գահի վերա նստում է սատանան, երբ պաշտոնական հանդեսով կամենում է տեսնել յուր ստորադրյալքը, կամ լսել յուր դեսպանների հայտարարությունքը, կամ երբ կամենում է ընդունել մի շնորհավորություն յուր նշանավոր դևերից, որոնցով լցված է լինում դահլիճ տաղը։ Եթե ձեզ պատահել է երբևիցե ընթեռնուլ հայր Բուզենբաումի, հիսուսյան կարգի աստվածաբանի և փիլիսոփայի, իմաստուն գրվածքը, ուրեմն գիտեք դուք,— և ի՞նչպես կարելի <է> այդքան ևս տգետ լինել,— թե դևերը ցերեկը քնում են, և զարթնում են արևը մայր մտնելու ժամանակ, երբ Հռովմումը կատարում են երեկոյան ժամերգությունը: Դույն այդ ժամ տնակումը զարթնում է և սատանան, երբ որ զարթեցավ, իսկույն հագնում է յուր վերարկուն, որ կարած է հաստ թղթից, որի վերա նկարագրած են բոցավառ կրակներ, այս վերարկուն Թովմաս Տորգվեմատայն ընծա էր ուղարկել սատանային ինկվիզիցիոնի պահարանից։ Մոռացա ձեզ ասել, որ սատանան ամենայն օր չէ կրում այս վերարկուն, այլ այն օրերը միայն, երբ հարկավոր էր նորան պաշտոնական կերպով հանդես դուրս գալու և այսպես, հագնելով վերարկուն դուրս է գալիս դահլիճը, ուր հավաքված է մեծ բազմություն հավատարիմ դևերի՝ խավարի իշխանները, դժոխային կեղծավորները, դժոխային պալատականները և դժոխային լրտեսները։ Այստեղ կը գտնեք դուք շատ հերետիկոսներ, մեղավորներ, որոնք հարգելի էին սատանայի աչքումը, փառավորված նեռներ, սորա հետ միասին գտնվում են և նոքա, որոնք փառավորեցին այս նեռների անունը յուրյանը հառաջաբանների և ընծայաբերությունների մեջ. մի խոսքով ամբողջ դժոխքի փառքը։
Այս տեղագրական և համառոտ պատմական ծանոթությունքը հարկավոր էին որպես ներածություն, այլապես շատ դժվար կը լիներ քեզ, սիրելի ընթերցող, հասկանալ։ Ինչպես աշխարհի երեսի եղած բաների, նույնպես և դժոխքի մասին խոսելու ժամանակ, ճշդությունը անհրաժեշտ պայման է. պատճառ, դու կը տեսնես, որ դժոխքումը սատանան միևնույն կարգով կատարում է յուր պաշտոնական հանդեսը, ինչպես կատարում են այդ աշխարհի երեսին։
Մեր պատմությունը սկսվում է այն ժամանակ, երբ Հռովմում կատարում էին երեկոյան ժամերգություն, ուրեմն սատանայի համար առավոտ էր լուսացել:
Ա
Ճռճռացին սատանայի ննջարանի երկաթյա ժանգոտ դռները, դուրս եկավ խավարի թագավորը, մտավ դահլիճը և բազմեցավ յուր գահի վերա. բոլոր ներկա գտանվողքը հպատակորեն գլուխ տալով աղաղակեցին միաձայն,— ապրի՛ տեր սատանան. բայց նոցա ձայնը ոչ ոք ձեզանից չէր կտրող լսել, որովհետև նորա ուրվականք են և նոցա ձայնը ուրվականի ձայն, այսպիսին ձայներ լսելու համար պիտո է լինել կամ սատանա կամ մատնիչ։
Լակուլլոսը, որ վախճանվեցավ որկրամոլությունից, սատանայի պալատի մեջ կարգված է տնտես և գլխավոր խոհարար. նա կառավարում է խոհարանը, ապսպարում է ճաշ, և նախաճաշիկը ինքը յուր ձեռքովն է բերում։ Երբ որ վերևում հիշված, մեզ անլսելի, աղաղակը դադարեցավ, դուրս եկավ Լուկուլլոսը բռնած ունենալով ձեռքում մի ահագին սկուտղ, որի վերա շատ հարմար էր շինել մի գինետուն և մի մատենադարան։ Այս սկուտղի վերա դրած էին երկու մեծ մատաղի կաթսաներ, մինը ղահվեով, իսկ մյուսը կաթնով լիք. Հռովմի սուրբ ջրի ավազանը ծառայում է այստեղ բաժակի փոխանակ, եգիպտոսյան մարմարոնյա դագաղներիդ մինը շաքարամանի փոխանակ, իսկ այն մեծ տակառը, որի մեջ անցուց յուր կյանքը Դիոգինեսը, լցված պաքսիմատներով և այլ հացեղենովք պատրաստ դրած էր ահագնատեսիլ դժոխքի թագավորի նախաճաշիկի համար: Սատանան հանեց դագաղից մի մեծ, ահագին շիպի կտոր, պատճառ, նա չէ գործածում ճակնդեղի կամ եղեգնաբույսի շաքար, ձգեց ավազանի մեջ, մի կաթսայից լցրեց, դարձյալ ավազանի մեջ, մաքուր արևելյան նավթ, որ գործ է ածուս ղահվեի տեղ, և մյուս կաթսայից հավելացուց նորա վերա ծծմբային թթվուտ, որ սովորական է կաթի տեղ գործածել դժոխքում. յուր ահագին սև թաթը կոխեց տակառի մեջ՝ մի քանի պաքսիմատ հանելու համար. բայց դժոխքումը և պաքսիմատները մեր պաքսիմատների նման չեն. մերը եփած է, իսկ դժոխքինը տպած։
Դժոխքի թագավորը խիստ սուր ճաշակ ունի. նա կուլ է տալիս անխնա յուր ղահվեի հետ մեր ողորմելի գրվածները, թե արձակ և թե ոտանավոր, հաստ, թե բարակ, զանազան ձևերով կազմած մեր մատենագրության հարստությունը, Պիլուարդի Աստվածաբանության հատորները, տրամաբանություններ, զանազան, ընդարձակ թե համառոտ հրահանգներ, դատարկ ճառեր, չոր քերականություններ, զանազան ուսումնական և փիլիսոփայական քննություններ, որոնցով ոչինչ քննված ու ապացուցված չէ, պատմություններ, որոնց մեջ ոչինչ չէ պարունակվում, ճարտասանություններ, որ ոչինչ չուսուցին, մանավանդ մեծ և մանր քերթվածներ, նկարագրական, պատմական, բարոյական, փիլիսոփայական, բանաստեղծական, ուսումնական, և այլն, և այլն, և այլն։
Բայց մի քանի ժամանակից սկսած, սատանան նկատեց արդեն, որ այս տեսակ պաքսիմատները և ուտելիքը, ծանրացնում են նորա ստամոքսը. այս պատճառով պաշտոնական հրովարտակով պատվիրեց տալ յուրյան նոր-նոր գրեր, հին և ամենախրթին ոճերով գրած, սպիտակ թղթերի վերա տպած, կետադրութենով ու պատկերներով զարդարած, ոսկեզօծ և փառավոր կաշով կազմած. սոքա համարվում են ավելի դյուրամարս և այնպես անվնաս սատանայի ստամոքսի և գլխի համար, որպես դատարկ և իստակ թղթերը, որոնց վերա ոչինչ գրած կամ տպած չէին։ Այս տեսակ պաքսիմատներ պատվիրել էր նորան պալատական արհի բժիշկ, երևելի վարդապետ և վիրաբույժ Հիպոկրատեսը, որ աշխարհի երեսին հազարավոր մարդ սպանեց յուր բժշկական պատվերներով, որի համար ևս մարդիկ անվանեցին նորան հայր բժշկության, և սատանան ընդունեց նորան յուր մոտ պալատական արհի բժշկի պատվանունով։
Սատանան հանեց տակառից չորս հատոր բավական լավ կազմով գրքեր, որ համեղ էին երևում նորա աչքումը, թաթախեց յուր ղահվեի մեջ, դրեց բերանը և խածեց կեսը. երբ որ ծամել էր, իսկույն թթվեցավ նորա երեսը. Ո՞ւր է Անասնագլուխը,— գոռաց նա բարկացած։ Հանկարծ դևերի բազմության միջից դուրս պրծավ մի ոգի, միջակ հասակով, բավական լիքը, որ հագած էր մի հին ֆրակ երկայն, և խոնարհադեմ գլուխ տվեց սատանային, սա նորա ուսումնական գրապետն էր, որ հառաջ Նադիր Շահի մոտ երևելի լեզվագետի պաշտոն ուներ։ Այս դևը անգիր գիտեր բոլոր շարադրությունների անունները, կարող էր մանրամասն ասել բոլորի տպագրության տարին, միտքն էր պահում, թե ո՞ր գրքում, որքան երես կա. բայց այդ երեսների բովանդակությունը արհամարհում էր նա, որպես մի չնչին բան. սիրում էր միայն տպագրության սխալանքը, որ մեծ հաճությամբ կարգում էր և որ համարում էր միմիայն արժանավոր գործ մարդկային բանականության և արժանի հատուկ և մեծ ուշադրությունը։
— Անպիտան, ի՛նչ պաքսիմատներ ես ուղարկել ինձ,— ասաց սատանան բարկությամբ,— չոր են միանգամայն իբրև փայտ։
— Ձեր մռայլություն,— պատասխանեց վախեցած դևը,— լավը չկարողացա գտնել. իրավ է, շարադրությունքը բավական հին բաներ են, բայց դորա փոխանակ տեսեք ի՛նչպես տպած է, և դեռ նոր է դուրս եկել տպարանից։
— Քանի՞-քանի անգամ ասացի ես քեզ, որ չեմ սիրում վերըստին տաքացրած բաներ, և ասել եմ, որ տաս ինձ միայն թեթև բաներ է, որ մանավանդ ախորժելի և դյուրամարս էին, բայց դու չնայելով այդ պատվերներին, այլ կամակորված միանգամայն, տվեցիր ձեռքս չոր և անհամ բաներ....
— Մռայլագույն տեր, համարձակվում եմ հավատացնել ձեզ, որ դորա մեր ժամանակի շատ լավ և հարգելի գործերիցն են։
— Դոքա՞ են ձեր ժամանակի գործը, ուրեմն պիտի ասել, որ ձեր ժամանակը շատ հիմար է։ — Ես մեղավոր չեմ, Ձեր մռայլություն. ես գրապետ եմ, ես չեմ այդ հիմարությունների հեղինակը, այլ որպես գրապետ ես ընդունում եմ նորանց մատենադարանի մեջ և շարում եմ կարգով, ինչպես հարկն է։ Դուք ասացիք, որ այս պաքսիմատները դյուրամարս չեն. ի՞նչ պիտո է առնել, եթե չկա սոցանից լավը. բայց իմ կարծիքով, թեպետ ես բժիշկ չեմ, պիտո է դորա դյուրամարս լինեին. պատճառ, այդ բոլորի մեջ ևս չկա և ո՛չ մի հատ ծանր և ամուր մտածություն։
Երբ գրապետը ամենայն ջանք գործ էր դնում արդարանալ տեր սատանայի առաջևը, թափելով յուր բոլոր համոզողական փաստաբանության զորությունը, սատանան հետաքրքրությամբ հանեց բերանից խածած կտորը, որի վերա դեռ երևում էին դրի անունի հետևյալ տառերը ....նգ ....ան ......ան ......այ ......տի .....տյ տպե..... 850.....
— Այս ի՛նչ բան է,— ասաց սատանան նայելով բարկացած յուր պալատական գրապետի վերա.— սա մինչև անդամ տաքացրած ևս չէ, այլ ամենևին սառն... դեռևս խաշխաշով է,— հավելացրեց խավարի իշխանը, մի լավ զննելով պաքսիմատը։
— Ձեր մռայլություն, շո՞ւտ կբարեհաճիք քնել այսպիսի նախաճաշիկ ուտելուց հետո։
— Դու խաբում ես ինձ և համ արձակվում ես ծիծաղե՞լ ևս իմ վերա,— գոռաց սատանան դժոխային բարկությամբ.— ե՛կ մի րոպե իմ մոտ։ Գրապետը մոտեցավ նորան ահ ու դողով։ Սատանան բռնեց նորա ականջից, բարձրացրեց օդի մեջ իբրև մի փետուր, դրեց նորան Մխիթարի, ահագին, Մատթեոսի Ավետարանի մեկնության մեջ, որ դրած էր մոտին, և որ ժառանգել էր նա հանգուցյալ Իդնատիոս Փափազյանի մատենադարանից, և նստավ նորա վերա։ Այն ահագին հսկայի ծանրության տակ, տարաբաղդ դժոխքի գրապետը իսկույն սեղմվեցավ այն կոշտ մեկնության երեսների մեջ ինչպես մի չոր անանուխի տերև, որ դնում են երեխայք յուրյանց գրքերի մեջ. հերիք չէր այս, սատանան հրամայեց գրապետին մնալ այնտեղ 1111 տարի, որքան ժամանակ մնալու էր այս գիրքը սատանայի ձեռքում։
Սատանան ոչինչ չհասկանալով այս գրքից, մտածում է այդքան տարի ևս պահել նորան, բայց զուր է. դարձյալ բան չէ հասկանալու. պատճառ, ինքը գրողը ևս չէ հասկացել։
— Գտի՛ր իմ համար մեր անիծյալներից, այս ինքնահավանի տեղ մի խելոքը,— ասաց սատանան, դառնալով դեպի յուր վեզիր Բեհեղզեբուղը.— ես միտք ունիմ ժամանակով իմ գրապետ շինել այն վարդապետը, որ անցյալներումը պատվեցավ Հռովմից յուր ազգայինքը և յուր ազգի երախտավորքը հալածելու համար, երբ նա շնորհ կը բերե մեր մոտ, նորան անշուշտ հանձնիր այդ պաշտոնը. նորանից արժանավորը չկա. նա աշխարհի երեսին անցավոր բռնակալի հաճոյանալու համար չխնայեց յուր եղբարքը, որոնց երախտապարտ էր, բայց այստեղ ծառայելով իմ հավիտենական գայիսոնի տակ և օր ըստ օրե մեծարվելով ինձանից, հավատա, որ ոչինչ չէ խնայելու։
— Շատ բարի, ասաց վեզիրը և առավել ցույց տալու համար յուր խոնարհությունը, համբուրեց երկյուղամեծար պատկառանքով տեր սատանայի պոչի ծայրը։
Խավարի թագավորը սկսեց տակառը խառնել, լավ պաքսիմատ որոնելով, նորա բաղդից հանդիպեցան նորա ձեռքին Իգնատիոս Փափազյանի Եկեղեցական պատմությունը, Եվրոպա լրագրի 1856 թվականի հունվարի առաջին թերթը, հայերեն գրված Օսմանյան պատմության վերջին թերթերից մի քանիսը, որ առանց հեղինակի գիտությանը հավելացուցել էին տեր սատանայի հրամանով. այս բոլորը դրեց միմյանց վերա, թաթախեց ավազանի մեջ, կուլ տվեց և խմեց նավթը վերայից։
Պիտո է իմանալ. եթե մի սատանա կերավ մի որպիսի և իցե շարադրություն, իսկույն անհայտանում է աշխարհի երեսից այդ գրքի պատիվը և նորա հեղինակի անունը, այս պատճառով ահա մոռացվում են այնքան անհամար աշխատությունք, որ դուրս են գալիս զանազան տեղերում, Թեպետ գրականության մեջ ոչինչ տեղ հիշատակություն չկա այս մասին, բայց դոցա մասին մնում է մի պաշտոնական ծանոթություն դժոխքի մեջ։
Դժոխքի հրամանատարը, խմելով յուր ղահվեն, դարձուց յուր հայացքը դահլիճի և ներկա գտանվող դևերի վերա, կարծես թե մի բան անհանգիստ էր առնում նորան։ Նա յուր աչքերում զգաց մի անհանգիստ կսկիծ, հանկարծ, նայելով դեպի վեր առաստաղի վերա, տեսավ մի ծակ, որից անցանում էին արեգակի ճառագայթքը, երբ նա մայրն էր մտնում։
Իսկույն հասկացավ սատանան յուր աչքի ցավելու պատճառը, վասն որո և գոռաց.— Ո՞ւր է ճարտարապետը, որտեղ է նա, գանչեցե՛ք իմ մոտ այգ ավազակը։ Բ
Միջահասակ, կնճռադեմ և անշնորհք անիծյալ դևը, անցավ բոլոր բազմությունից և հառաջ եկավ դժոխատիրոջ դիմաց։
Այս դևը զինվորական ճարտարապետ էր հառաջ, սա մի հյուսիսային երևի քաղաքի մեջ շինեց մի ավագ եկեղեցի, որի երեք պատը գողացավ, հավատացնելով հաշվապահանջ իշխաններին, թե այս պատերի համար պատրաստված աղյուսները, անդադար անձրևի տակ մնալով հալվեցան, և հետո, արեգակի ջերմությունից շոգիանալով, դեպի ամպը բարձրացան։
Ահա այս քաջագործության համար ընդունվեցավ նա պալատական ճարտարապետ տեր սատանայի մոտ: Պիտո է ծանոթաբանել, որ դժոխքումը: Մի դևի պաշտոն տալու համար չկա կողմնապահություն, կաշառառություն, 52 օր դևերի բարեխոսությունը ևս հարգություն չունի տեր սատանայի աչքումը, նա ինը յուր ընտրությամբ տալիս է այդ պաշտոնքը իսկապես արժանավորներին։
— Ավազա՛կ,— գոռաց սատանան բարկացած (նա միշտ այսպիսի բացագանչությամբ դառնում է դեպի յուր պաշտոնյայքը),— ամենայն օր ահագին հաշիվներ ցույց ես տալիս իմ ապարանքի նորոգության համար, բայց, որ կողմը և նայես, ամենայն տեղ երևում են անհամար ծակեր ու ճեղքվածներ։
— Հին շինվածք է,— պատասխանեց անիծյալը, գլուխ տալով և անամոթաբար ժպտելով,— հին շինվածքները միշտ խոնարհում են դեպի կործանումն, այս ծակը հառաջացավ վերջին երկրաշարժությունից։ Ես քանի մի անգամ առաջարկեցի Ձեր մռայլությանը, միանգամայն քանդել այս շինվածը և նորից շինել նոր ձևով....
— Հարկավոր չէ՛,— գանչեց սատանան,— դու այդ շինության ժամանակ մտքումդ ունիս գողանալ նյութեր, և մի այլ տեղում շինել մի առանձին դժոխիկ, քո սիրեկանի անունով, և բնակել այնտեղ իբրև երկրորդական սատանա, չէ՛, հարկավոր չէ՛, այս դժոխքը դեռևս շատ լավ է իմ համար, առաջինը, որ տաք է, երկրորդը՝ խավար և գլխավոր՝ խավար լինելը, որովհետև դա մեր բոլորի ծնողն էր, դու ուրվագիծ և հաշիվ կազմիր միայն առաստաղի վերանորոգության համար։
— Ուրվագիծը և հաշիվը վաղուց ահա պատրաստ է. տեսե՛ք ահա, հարկավոր է կանգնել երկու հազար գոթիական սյուներ, որ այժմ շատ գործածական է աշխարհի երեսին, կապել հունական եռանկյունի կամար, առանց սորան չէ կարելի գամել արևելյան փոքրիկ դռնակը, և երթևեկ առնել քամակի կողմից շուրջանակի, հատակը փոխել, պատերը զարդարել զանազան քանդակներով, քանդել հին ապարանքը Տարտարոսի կողմից ճանապարհ բանալու համար, կրով ծեփել առաստաղի ճեղքված ծակը, այդ մամանակ ահա, Ձեր մռայլություն, ազատ կը մնաք արևի անախորժ ազդեցությունից։
— Ինչպե՞ս, ի՞նչ. այդքան շինություն միայն մի ծակի համա՞ր:
— Այո՛, Ձեր մռայլություն, մի ծակի համար, ճարտարապետական կանոնը ստիպում է մեզ, մի ծակը փակելով, բանալ մյուսը և զանազան փոփոխությունք առնել զանազան մասների չափակցության և զուգապատշաճության համար:
— Լսի՛ր, լակոտ, դադարի՛ր ինձ խաբելուց, ես քո հյուսիսային հաշվապահանջ իշխանների ընկերը չեմ, ես կատակ չեմ սիրում. կհրամայեմ շաղախել քեզ հողի հետ և աղյուս շինել Գեհենի հնոցները նորոգելու համար...:
Անիծյալը կրկնեց յուր երկրպագությանը ու ժպիտը:
— Ցանկալի էր ինձ իմանալ,— շարունակեց սատանան,— թե ի՛նչ են արժում այդ բոլորը քո կարծիքով:
— Չնչին բան, Ձեր մռայլություն. եթե սրտցավությամբ և Ձեր մռայլության գանձին խնայելով գործ կատարենք, այն ժամանակ, գլուխ կգա 77,501,496,007,123,998,101,532,999 ոսկով, 99 արծաթով և 47 ⅛ դրամով։ Հավատացե՛ք ինձ, Ձեր մռայլության, որ սորանից արժան ո՛չ ո՛ք չէ կարող վերանորոգել ինչպես պատշաճ էր։
Սատանան վերին աստիճանի բարկացած գանչեց գլուխը քերելով.
— Փող չկա այժմ, դժվար ժամանակ է, և չնայելով այդ դժվարությունների վերա՝ մեր ծախքը անչափ, մոտ տեղերում կամ մոտ ժամանակներում հրիտակ ևս չէ երևում չորս կողմը ստանալու....
Այս խոսքերից հետո, պարզեց ձեռքը դեպի տակառը, բոլոր պալատականքը անչափ հետաքրքրությամբ նայում էին նորա վերա, հանեց տակառից Տեցելի ձեռքով Գերմանիայում վաճառված Լևոն X-ի ինդուլգենցիաներից մինը, նայեցավ նորա վերա և ձգեց դեպի ճարտարապետի ճակատը, ասելով.— վեր առ այս ներողության կոնդակը և փակիր սորանով առաստաղի ծակը. կան մարդիկ, որ հավատում են, թե սորա գրողը կարո՛ղ է երկինքը փակել. տարակույս չկա ուրեմն, որ նորա ձեռքի գիրը կարող է փակել դժոխքի մի ծակը, մանավանդ այդքան խավար և անթափանցելի մտքերի միջով, որ պարունակում է յուր մեջ այդ կոնդակը, չեն կարող անցանել արեգակի ճառագայթքը, որ անհանգիստ առնեին իմ աչքերը։
Այս սաստիկ ձգված կոնդակը մտավ անցավ ճարտարապետի դատարկ գլխից ամենևին այնպես, ինչպես թռչում և անցանում է համալսարանի բովանդակ ուսման ընթացքը մի քանի ուսանողների պարապ գլխից, հետքը մինչև անգամ չթողնելով, և ընկավ ճարտարապետի քամակում հատակի վերա։ Ճարտարապետը ժպտեցավ, գլուխ տվեց և վեր առավ քավության մագաղաթը առաստաղի ծակը փակելու համար։
Մի անապատական, որ աշխարհի փորձություններից ազատվելու համար դժոխք էր գնացել, որպեսզի ապահովե յուր անձը, ականջին ասաց մի դևի, որ կանգնած էր յուր մոտում, թե այս ժլատ սատանան այնպիսի կարծիք ունի ճարտարապետության վերա, ինչպես Ս.... ուսումնականության վերա։
— Զարմանք չէ,— պատասխանեց դևը,— նա առհասարակ թշնամի է ամենայն լուսավորության....
— Ի՜նչ... — ձայն արձակեց սատանան, որ ամենայն տեղ ունի յուր լրտեսները և ամենայն բան տեսնում է և լսում է,— ասացի՜ք.... դեռևս համարձակվում եք դատողությո՜ւն առնել.... եկե՛ք իմ մոտ, թշվառականք, ես ձեզ ցույց կտամ դատողություն առնել իմ դժոխքի մեջ։
Այն դևերը, որ կարգված էին դահլիճի բարեկարգությունը պահպանելու համար, բերեցին սատանայի մոտ այս իմաստասիրության աշակերտները: Սատանան բռնեց առաջինի մազերից, բարձրացրեց օդի մեջ, փչեց նորա քթումը և ասաց.
— Գնա՛, անպիտան, դեպի գեհյանը և այստեղ ամենայն վայրկյան երկու անգամ փռնգա 3333 տարի. և դո՛ւ, աներկյուղ փիլիսոփա,— ասաց նա դառնալով դեպի երկրորդը, նստի՛ր նորա մոտ և ամենայն փոնգալուն առողջություն ասա՛ նորան։ Գնացե՛ք կորե՛ք, հիմարներ: Սատանան սորանից հետո դարձավ դեպի յուր Բեհեղզեբուղ վեզիրը և հարց արեց օրական կարգի մասին: Վեզիրը հայտնեց, թե այն օրին պարտական էին հայտարարությունք կատարել, արհի նախագահը, ապստամբության և խռովության առաջին դուքսը, օրագրության ոստիկանը, գրականության մեծ դևը և ամուսնական գործերի գլխավոր կառավարիչը։ Բացի սորանից այսօր տարեգլուխ է մի քանի նզովյալների, որոնց հավատարիմ և գովանի ծառայությունքը դժոխքին պիտո է հրատարակվեին պաշտոնական կերպով, և արժան էր վարձատրել այդ նզովյալները։
— Հառաջ թո՛ղ հայտարարությունքը կատարվեն,— ասաց սատանան, արդյոք այն պատճառով թե ցանկանում էր նոր-նոր և զանազան ծանոթությունը ստանալ, թե շատ ժլատ լինելով պարգևատրելու մասին, այնքան սրտով չէր կատարելու հիշված տարեգլուխը։
Վեզիրը գլուխ տվեց խոնարհությամբ և համբուրեց տեր սատանայի պոչի ծայրը։
— Թո՛ղ հանդես գա ապստամբության և խռովության արհի նախագահը,— ասաց սատանան:
Գ
Հառաջ եկավ մի անպիտան, պատառոտված, վիրավոր, կեղտոտ, անճոռնի, մազերը և բրդերը խառնափնդոր, մի աչքը փորած, մի կոտոշը կոտրած ծեր դևը ճանկերը բորենու ճանկերի նման, ատամները առանց շրթունքի, ինչպես դիակը լինում է. մի մեծ սպեղանի դրած պոչի տակում թևերի տակին երևում էր մի խուրձ թուղթ, արյունով և ցեխով ապականված, ըոտուցր կախած մի սուր և երկու թափանչա. ձեռքումը մի գավազան և ժանգոտ հրացան առանց հրացայտի, ծոցերը լիք մանր քարերով և խորտակված շիջի կոտորակներով։ Ամենայն ոք, որ մինչև անգամ չէ եղել Փարիզում, իսկույն, տեսածի պես, այս դևը կը ճանաչեր նորա դեմքից, թե՛ սա չար ոգի էր խռովության, ապստամբության և հեղափոխության, որի անունը Աստարոտ։ Հառաջ եկավ Աստարոտը, գլուխ տվեց սատանային և, առավել հարգություն ցույց տալու համար, երեք անգամ պտույտ եկավ օդի մեջ։
— Ի՞նչ նոր բան ունիս,— ասաց խավարի իշխանը։
— Հավատարմություն դեպի Ձեր մռայլության գահը, որ առաջնորդում է իմ տկար զորությանը, և պատշաճ հոգաբարձություն ինձ հանձնված պաշտոնի մասին...
— Կա՛ց,— բացագանշեց սատանան,— ես անգիր գիտեմ այդ հառաջաբանությունը. այն բոլոր հայտարարությունքը, որ ոչինչ չեն պարունակում յուրյանց մեջ, սկսանում են հնազանդությամբ դեպի իմ գահը։ Ասա ինձ, համառոտ և բացահայտ, քանի՞ նոր ապստամբությունք ես բարձրացրել։
— Չկա և ո՛չ մի օրինավոր բան, բացի հնդկական ապստամբութենից ընդդեմ անգլիացոց, բայց դա մի արժանավոր բան չէ. այդ ապստամբության մեջ չէ երևում մեր հոգին, որովհետև այդ հարստահարված մարդիկը աշխատում են միայն յուրյանց սեպհական ազատությունը ձեռք բերել:
— Ի՞նչ պատճառով չկա ոչ մի օրինավոր ապստամբություն. ի՞նչ եղան այն ապստամբությունքը, որ քանի տարի սորանից հառաջ սկսվել էին մինչև յոթ-ութ տեղ:
— Վերջացան, Ձեր մռայլություն։
— Քn հիմարութենից, ծուլութենից և անհոգութենից...։
— Ամենևին ո՜չ, մռայլագույն սատանա. Ձեր խավար տերությանը հայտնի է, թե ի՛նչ ջերմեռանդությամբ աշխատել եմ միշտ դժոխքի օգտի համար, Ձեզ հայտնի է, թե ինչպես անդադար կռվեցուցել եմ ես մարդիկը միմյանց հետ. ասածներիս ապցույց կարող են լինել կոտրած կոտոշը և փորած աչքը, որ Ձեր մռայլության առջև են այժմ...
— Այդ աչքի համար ասում ես դու ինձ, 800 տարի է շարունակ. ես կարդացել եմ, միտքս գալիս է, բաղանդիստների շարադրությունների մեջ, որ այդ աչքդ երևելի Պետրոս անապատականը հանել է յուր մաշիկով, առաջին խաչակիր զորքերի պատերազմի ժամանակ, իսկ կոտոշդ կոտրեցիր դեռ XVII դարու սկզբումը, երբ, բարեկամանալով հիսուսյան կարգի աբեղաների հետ, սկսեցիր հյուսիսումը քո հիմար կատակը, քանի անգամ արքայազն Դմիտրիու փոխանակ քարոզելով քեզ։
— Ճշմարիտ է, մռայլագույն սատանա, այս վերքերը փոքր ինչ հին են, բայց անդադար աշխատելով քո փառքի համար, ես դարձյալ վիրավորվեցա, և նորերումս հատկապես Փարիզի մեջ։ Եթե Ձեր մռայլությունը չհավատա, ուրեմն ինքներդ բարեհաճեցեք քննել: Աստարոտը, ասելով այս խոսքերը, դարձուց յուր քամակը սատանային և վեր բարձրացնելով պոչը, ցույց տվեց սպեղանին, որ մածված էր պոչի տակին։
Սատանան և բոլոր դժոխային խումբը ծիծաղեցան որպես խելագար, հա՜, հա՜ , հա ...
— Ողորմելի՜ Աստարոտ,— ձայն տվեց դժոխքի տերը ուրախ հոգով,— ո՞վ այդպես անխղճաբար վիրավորեց քեզ։
— Դորա պատմությունը բավական երկար է. այդ բանի սկիզբը շատ ծիծաղելի էր, թեպետ և վերջը անախորժ եղավ, ես կպատմեմ ձեզ բոլորը և ամբողջապես համար կը տամ բոլոր անցքի մասին կարճ և բացահայտ: Բայց իմ ասածները հիմնավորապես հասկանալու համար, անպատճառ պիտո է հիշեցուցանել Ձեզ մի քանի անցք, որ թեև փոքր ինչ հին էին, բայց մեծ հարաբերություն ունեին ներկա անցքի հետ: Եվ այսպես, նախ և հառաջ Ձեր մռայլությանը հայտնի է, որ ես քանի ժամանակ հառաջ, Փարիզումը, հանեցի գեղեցիկ խռովություն։ Ժողովուրդը երեք օր շարունակ կռվում էր որպես վագր կամ կատաղած սպանիական ցուլ. արյունը թափվում էր, տները այրվում էին, փողոցները լցված էին դիակներով, ո՜չ ոք չգիտեր, թե ի՛նչ խորհուրդ ունի գործը...
— Այդ լավ է, այդ գեղեցիկ է, ահա լավ բան,— ասաց սատանան.— հետո ի՞նչ եղավ։
— Չորրորդ օրը ես հաշտեցուցի նորանց այն պայմանով, որ նորա թագավորը պիտո է լինի արքա, իսկ ժողովուրդը թագավոր:
— Ինչպե՞ս։
— Այն պայմանով, Ձեր մռայլություն, որ թագավորը պիտո է լինի արքա, իսկ ժողովուրդը թագավոր։
— Այդ ինչ բաբելոնյան խառնակություն է. ես ամենևին չեմ հավանում այդ պայմանի զորությունը։
— Ես ևս չեմ հասկանում,— ասաց դևը,— և ոչ ոք չէ կարող հասկանալ. բայց այս պայմանը մեծ հաճությամբ ընդունեց ժողովուրդը։
— Բայց դորա մեջ ոչինչ միտք չկա։
— Այդ պատճառով ևս հնարած է։
— Անհնարին է:
— Երդվում եմ քո անիծյալ պոչովը, Ձեր մռայլություն։
— Բայց ի՛նչ դուրս եկավ դորանից։
— Շատ գեղեցիկ բան։ Այս պայմանով ես այնպես խառնափնդորեցի հիմար մարգերի գլուխը, որ նոքա մինչև այժմ ման են գալիս արբեցածի կամ կատաղածի նման։
— Բայց ինձ ի՞նչ օգուտ դորանից. լավ էր թե թողել էիր դոցա առավել ծեծկվիլ:
— Դորա հակառակ, օգուտը ակներև է։ Միմյանց ջարդելուց երբևիցե կը դադարեին, բայց այժմ, այս պայմանի զորությամբ, նոքա ամենայն օր պիտո է կռվին, ամենայն օր միմյանց սպանեն, խեղդեն և չքացնեն, մինչև թագավորը կամ ժողովուրդը լինի լիակատար թագավոր և իշխան։ Ձեր մռայլությունը ամենայն տարի եկամուտ պիտո է ստանա գոնե 40.000 կորած հոգի։
— Bene,[1]— ասաց սատանան,— հետո՞։
— Հետո, Ձեր մռայլություն, աշխարհի երեսին մի անանուն ազգ բնակվում է մի մեծ ճախինի մոտ, որ ճախինի մոտ բնակող շատ երևելի ազգի հետ բաղկացնում է մի ամբողջ հասարակություն. չգիտեմ, լսա՞ծ եք երբեք այս ազգի մասին:
— Ճշմարիտ, մտքումս չէ։ Ի՞նչ բանով է պարապում այդ անանուն ազգը։
— Այժմ ոչնչով չէ պարապում, և ոչինչ բանի պիտանի չէ. միմիայն սուտ-սուտ լուրերով լցնում է օրագիրները, այնպես, որ ոչ ոք չկամի կարդալ դորանց։
— Չէ, չեմ լսած այդպիսի ազգի մասին,— պատասխանեց սատանան, և... փռը՜շ... փռնգաց բարձր ձայնով։ Բոլոր դևերը ցած ձայնով աղաղակեցին — ապրի՛ք. իսկ Բրուսսելի օրագիրները մյուս օրը հրատարակեցին, թե հոլլանդացիք գիշերով մոտենալով Բրուսսելին, հանկարծ 200 թնդանոթից կրակ բացեցին քաղաքի վերա։
— Ասած ճախնային ժողովուրդս բավական ժամանակ բարեկամությամբ վարվեցավ մյուս ճախնային ժողովրդի հետ. բայց ես կռվեցուցի նորանց միմյանց հետ, և աոաջին ճախնային ժողովրդին տվեցի առանձին թագավորություն, ուր դարձյալ կանո՛ն գրեցի չճանաչել ո՛վ է թագավորը և ո՛վ է ժողովուրդը: Այս բանի հետևանքից կարելի է հուսալ, որ Ձեր մռայլությունը տարեկան եկամուտը ստանա 10000 կորած հոգի:
— Gut[2],— ասաց սատանան,— վե՞րջը։ — Սորանից հետո ես շարժեցուցի և մի այլ ազգ, որ ապահով բնակվում էր հյուսիսային ավազների վերա մի մեծ գետի եզերքում. այս արդեն իսկապես ծիծաղելի բան էր. ինձ ոչինչ ժամանակ հաջողված չէր այսպես ճարտարությամբ խաբել, ինչպես այս գործում։ Բայց պիտո է ճշմարիտը ասել, որ այսպիսի թեթևահավատ ժողովրդի ևս երբեք պատահած չէի։ Ես այնպիսի ճարտարությամբ լարեցի նորանց, շրջեցի գլուխները, խառնափնդորեցի մտքերը, որ նոքա քանի ամիս շարունակ կտրատում էին միմյանց. կորան, չքացան, և մինչև այժմ դեռ չեն կարող հաշիվ ու համար տալ ինքյանց, թե ինչ պատճառով ջարդվում էին և ինչ էին կամենում դուրս բերել այս բաբելոնյան խառնակութենից։ Այս գործից ես հնար ունեցա տալ ձեզ 100,000 շատ հանդուգն նզովյալներ։
— Bardzo dobže,[3]- ասաց սատանան, որ ամենայն լեզվի տեղյակ էր.— հետո՞:
— Այս երեք արժանավոր ապստամբություններից հետո ես քաշվեցա դեպի Փարիզի—իմ գլխավոր բնակությունը, և սրտիս նեղութենից դրեցի ուսումնական դատողություններ կոշկակարների, մշակների սայլապանների, դրաշարների, աղքատների և փախստականների ծայրագույն իշխանության մասին․ այս աշխատասիրության վաստակքը կամենում եմ ընծայել Ձեր մռայլությանը։
— Ընծայիր նորանց քո բարեկամին,— ասաց սատանան թթու դեմքով.— ինձ հարկավոր չեն քո շարադրությունքը, այլ ցանկալի է իմանալ, ի՛նչպես վերջացավ այն խռովությունը, որ հանեցիր հյուսիսումը, գետի եզերքներում ավազուտ երկրի վերա։
— Ոչնչով, Ձեր մռայլություն. նորանով վերջացավ, որ մեզ ջարդեցին ու հալածեցին, և այն խառնակության միջոցին, մի մորուքավոր հեծելազորական, որ ամենևին չգիտե ապստամբության խորհուրդը, հարգը և արժանավորությունը, վիրավորեց ինձ յուր գեղարդով, ինչպես տեսաք, սորանից մի փոքր հառաջ։
— Վերջը ի՞նչ եղավ։
— Ոչի՛նչ, մռայլագույն սատանա։ Ես այժմ ապիկար զորական եմ եկած եմ արձակուրդ խնդրել Ձեզանից, վեց ամիս ժամանակով օտար աշխարհ գնալ, հանքային ջրերով իմ վերքերը բժշկելու․․․ — Արձակուրդ չկա՛ քեզ,— աղաղակեց դևերի զարհուրելի թագավորը։— Նախ, որ դու արժանի չես նորան, երկրորդ, որ ինձ հարկավոր ես. քաղաքական գործերը դեռևս խանգարված են։ Բայց դառնանք դարձյալ դեպի քո հայտարարությունը։ Դու պատմեցիր ինձ միայն երեք ապստամբությունների մասին, ո՞ւր մնացին մյուսերը։ Մի փոքր հառաջ պարծենում էիր թե միմիայն Գերմանիայումը հանել ես հինգ կամ վեց տեղում։
— Անհաջող անցան, Ձեր մռայլություն։
— Ի՞նչպես թե անհաջող անցան։
— Ինչ շինեմ ես գերմանացոց հետ, մինչ չէ կարելի նորանց շարժել ու դղրդել... Բարեհաճեցեք տեսանել, ահա այժմ ևս իմ մոտ կան տասն հատ գերմաներեն ապստամբական ճառեր, որ ասվեցան Համբախումը և ամբողջ թիվ Die deutsche Tribune օրագրի. ես ցրվում եմ այս գրվածքը բովանդակ Գերմանիայում, բայց գերմանացիք կարդում են նորանց նույն հուսահատեցուցիչ սառնությամբ, որով խմում են սառուցով գարեջուրը և պար են գալիս Mein lieber Augustin երաժշտությամբ։ Մի քանի ուսանողներ և օրենքի վարդապետներ աղաղակում են, քարոզում են, բայց այդ ոչինչ ներգործություն չէ հառաջացնում ժողովրդի մեջ։ Արդեն զզվեցուցին ինձ այս գերմանացիք, հավատացնում եմ Ձեր մռայլությանը, և նորա ամենից շատ նզովյալը ևս պիտանի չէ Ձեր դժոխային թագավորությանը։ Նոքա մինչև այն աստիճան սառն են, որ դժոխքի բոլոր կրակով չէ կարելի ջերմացնել նորանց, թո՛ղ թե խորովել...
— Ապա ի՞նչ շինեցիր Իտալիայումը։
— Ո՛չինչ:
— Ի՛նչպես ոչինչ... մանավանդ որ հրամայել էի առավել ներգործել Իտալիայումը։
— Դուք հրամայել էիք, և ես ներգործեցի: Բայց իտալացիք մի անգամայն կանայք են: Ես կապեցի նոցա մեջ մի գեղեցիկ դաշնադրություն, նոքա երդում կերան, որ երևելի ապստամբական քանքարով գերազանց կը լինին, քան յուրյանց նախնի հին հռովմայեցիքը։ Ես իրավունք ունեի սպասել այս գործի կատարյալ հառաջադիմությանը, մինչ գիշերով հանկարծ, Ձեր մռայլություն, բարեհաճեցիք շատ բարձր.... հազալ թե փռնգալ, որ երկիրը, ճաքեցավ մի փոքր ձեր ննջարանի վերայով։ Իմ հսկաները, երկրաշարժութենից վախելով, վազեցին գնացին յուրյանը աբեղաների մոտ և խոստովանեցան նոցա մեր բոլոր դաշնադրությունը։ Իսկույն բոլոր այղ երկչոտ հսկաները բանտ դրվեցան, ես ինքս, այդ միջոցին, ահի, տագնապի մեջ էի, հազիվ կարողացա կյանքս ազատեր Մի աբեղա ընկել էր քամակիցս սուրբ ջրի մշտիկը ձեռքին. բոլոր Բոլոնիա վազեցինք։ Հռովմի մոտ գնալ չէի կարող. Ձեզ հայտնի է, որ դեռ հինգերորդ դարումը պայման էինք կապել[4], որի զորությամբ դևերը պարտական էին չմոտենալ Հռովմին շուրջանակի տասն մղոն հեռավորությամբ։
— Դու ամենայն բանի մի պատճառ գտանում ես. քո ծուլութենից հետևում է, որ այժմ դևերը միայն պիտո է դաշնադրությունների սրբությունը պաշտեն ու չդրժեն։ Ապա ի՛նչ է շինում Անգլիան։
— Նա այժմ պարապած է հնդկական ապստամբություններով, երկյուղի մեջ է, որ մի գուցե հնդկացիք ևս անցանին այն կամուրջից. որից անցան Հյուսիսային ամերիկացիք։ Միայն Անգլիայի բաղդն է, որ հնդկացոց մեջ չկան Ֆրանկլիններ և Վաշիկթոններ: Բացի սորանից Անգլիան պարապած է Չինաստանի հետ, նորերումս տիրել է Կանտոնին և հույս ունի, հառաջ գնալով այդ աշխարհակալական հանդիսումը, ծաղկեցնել յուր օփեումի վաճառականությունը, որ մեզ շատ ձեռնտու էր...
— Սիրական Աստարոտ, ես գիտեմ, որ եթե դու կամենաս, ամենայն բան կարո՜ղ ես առնել,— ասաց դևերի թագավորը, որի բարկությունը հատել էր մի փոքր,— աշխատի՛ր, հոգիս, փոքր ինչ շարժի՛ր, հոգա՛...
— Աշխատում եմ, վազում եմ, հոգում եմ, բայց դժվար է, Ձեր մռայլություն, ժամանակները փոխված են։
— Ի՞նչ են այդ փոփոխության պատճառքը։
— Այն, որ մարդիկ չեն հավատում մեզ այժմ որպես հառաջ:
— Մարդերի հավատը կորե՞լ է դեպի մեզ,— բացագանչեց սատանան,— ի՞նչ բանից պատճառվեցավ այդ։
— Նորանից, Ձեր մռայլություն, որ ես երկար ժամանակ խաբեցի նորանց, խոստանալով գեղեցիկ գալոց օրեր, հարստություն, բարօրություն, ազատություն, խաղաղություն ու կարգ. բայց իմ ապստամբություններից, խաբեբայություններից և առհասարակ իմ գործերից, որ հիմնած ու հաստատած էին Ձեր մռայլության պաշտոնական հրովարտակների վերա, ծագեցան հալածանք, բանտ, աղքատություն, մահ և կործանություն։ Այժմ չես կարող խաբել նորանց, որպես հառաջ. նոքա շատ խելոքացել են այժմ...
— Լռի՛ր, հիմար,— գոռաց սատանան զարհուրելի ձայնով. — ի՞նչպես համարձակվում ես սուտ խոսել, իմ առաջևս, այդպես առանց խղճմտանքի, որպես թե հայտնի չէ ինձ, որ մարդիկ երբեք խելոքանալու չէին...
— Բայց հավատացնում եմ, Ձեր մռայլությունը...
— Լո՛ւռ կաց....
Ապստամբության դևը, յուր ծննդական լրբութենով կամենում էր ահա դարձյալ պատասխանել սատանային, մինչ սա ամենալի բարկությամբ վեր թռավ գահիցը դեպի նա, կայծակներ թափելով աչքերից, բերանը և ճանկերը բացած, որպես թե պատրաստվում էր պատառոտել նորան։
Աստարոտը սկսեց փախչել, սատանան նորա քամակից։ Մյուս դևերը, որ ներկա էին հանդիսին, երկյուղից սկսեցին առաստաղին կպչոտել և ծակերը մտնել. խառնակությունը շատ մեծ էր, որպես թուրքի դիվանում, պատերազմի գործերը որոշելու մասին։ Սատանան վազում էր Աստարոտի քամակից. բայց ապստամբության արհի նախագահը, իսկապես սատանայի նման, ամենայն ժամանակ յուր հաջողաշարժությամբ պրծնում էր սատանայից՝ համարյա՛ թե նորա ձեռքի տակից դուրս սահելով։ Այս անկարգ գործողությունը շարունակվեցավ մի քանի րոպե, երբ նոքա 2000 ասպարեզ տեղ վազեցին զանազան ուղղութենով։ Վերջապես դժոխքի իշխանը բռնեց յուր խորամանկ ոստիկանի պոչից... հետո բարձրացնելով օդի մեջ, դժոխային կատակով ասաց.
— Ա՛, ա՛, դու քարոզում ես ինձ մարդերի խելոքանա՜լը, ես քեզ ցո՛ւյց կը տամ, անպիտան... նայի՛ր, շուտով սկսանես, ուրևիցե, իևչևիցե պատճառով մի ապստամբություն կամ խռովություն, ապա թե ոչ, ես քեզ... Quos ego[5].... ինչպես ասում է Վիրգիլիոսը... Եվ ամենասաստիկ բարկությամբ պտուտելով նորան յուր գլխի վերա, ձգեց սարսափելի զորությամբ։
Ապստամբության խեղճ դևը, թափանցելով բոլոր դժոխքից, անցավ երկրի օդի մեջ և մի քանի ժամ թռչում էր, ինչպես լայնաբերան թնդանոթից արձակած ռումբ։ Աստեղաբաշխքը իսկույն ուղղեցին յուրյանց հեռադիտակները Աստարոտի վերա և տեսնեյով նորա պոչը, ընդունեցին նորան այն մեծ մոլորակի տեղ, որ այս տարիներումս երևելու էր. նոքա իսկույն հաշվեցին, թե քանի՞ ժամանակում կատարում է նա յուր ընթացքը արեգակի չորս կողմով։ Ֆրաունհոֆերի հեռադիտակը գտանվելուց հետո, և չղջիկներր չեն կարող թաքչել աստեղաբաշխների աչքից, նոքա այդ բոլորը դասում են երկնքի լուսավորների կարգը։
Այս միջոցին ապստամբության դևը թռավ, թռավ, թռավ ու սաստիկ ճայթոցով ընկավ իսկ Փարիզի մեջտեղը։ Բայց դևերը, ինչպես նաև կատուները, անվնաս են մնում և սաստիկ բարձրութենից ընկնելու ժամանակ։ Բայց այս միջոցին, երբ ընկավ Աստարոտը, մի փոքր այլապես էին Փարիզի հանգամանքը. նա ընկավ այն շփոթության և խառնակության մեջ, որ պատճառվել էր ռումբի ճայթելուց, որ նորա գովական իտալացիք պատրաստել էին Ֆրանսիայի թագավորի կյանքը կտրելու համար։ Այս դիպվածով ահա Աստարոտ զրկվեցավ յուր պոչից, որ տարավ ռումբի բեկորը, որ բացեց և զայրացուց նորա առաջին վերքը:
Սատանան, ձգելով Աստարոտը դեպի երկրի երեսը, հետ դարձավ փառահեղությամբ, փլվեցավ և ասաց.
— Տեսանո՞ւմ եք այդ անպիտանը... ինքը որովհետև ոչինչ չի շինել և կամք չունի շինելու, սկսեց իմ առաջևը գովել մարդերի խելք ու միտքը... ցանկալի էր իմանալ, թե ե՛րբ զորեղ էր մարդու խելքը քան թե մեր փորձությունքը... մարդիկ, միշտ մարդիկ են... Ա՛հ, սիրելի և թանգագին մարդիկ...
Ո՞վի կարգն է այժմ հայտարարություն կատարել։
Դ
Երևակայեցեք ձեզ մի դևիկ (իհարկե դուք դև տեսած կլինիք), երևակայեցեք ասում եմ մի դևիկ, հասակի բարձրությունը հինգ ոտնաչափ և երկու մետրք աքաղաղի քիթով, շան ճակատով, մեծ ականջով, կոտոշներով, ճանկերով, ժանիքներով և երկայն պոչով, հագնված օրագրի թղթերով, գլխի գդակը ինն կանգուն բարձրությամբ սուր ծայրով, որ շինած է տպագրության սրբագրական թերթերից. այս գդակի սրածայրումը շինած է մի դրոշակ, որ պտույտելով փայտյա առանցքի վերա, ցույց է տալիս, թե ո՛ր կողմից փչում էր քամին։ Երևակայելով ձեզ մի այնպիսի դևիկ, կարող եք ծանոթություն ունենալ Բուբանդուսի ձևին, առաջին դուքսի և օրագրության ոստիկանի, որ ծառայում է Նորին մռայլության մոտ։ Բուբանդուսը շատ սիրական է դժոխքի թագավորին. նա երկու պաշտոն ունի այնտեղ, պալատական բամբասողի և հրատարակողի այն օրագրին, որ քանի մի ամսամեջ մի անգամ, «Ստախոսից ստախոս» անունով դուրս է գալիս դժոխքումը։ Այս օրագիրը դժոխքի մեջ հայտնի է և ընդունվում է որպես պաշտոնական։ Նորա մեջ, խավարի որդին յուր զվարճության համար տպել է տալիս ճառեր, ոտանավորներ հին և նոր բարբառներով, հոդվածներ, որ ոչինչ չեն պարունակում. բայց գլխավորը և ուշադրության արժանին այն է, որ տպել է տալիս օրագիրը այնպիսի մարդերի անուններով, որ երբեք ստանում չէին այդ օրագիրը։ Սատանան հիմնավոր և խելացի բաները համարում է անարժան որևիցե ուշադրության, և իրավունք ևս ունի.... երևի թե դժոխքումը ևս, ինչպես աշխարհի երեսին, փոքր էր օրինավոր և հիմնավոր բաների հարգ ճանաչողը։
Բուբանդուսը, բուի թևից գրիչը դրած ականջի քամակումը, թևերի տակին սև թղթակիր ապականված թանաքով և լեղիով, մոտեցավ խավարի թագավորի գահին, կանգնեցավ, գլուխ տվեց և մի ոտքի վերա պտույտ եկավ։
Հետո դարձյալ գլուխ տալով ասաց.
— Համարձակվում եմ, եթե կներեք, հանդիման լինել ձեզ...
Սատանան, ընդհատելով նորա խոսքը, պատասխանեց.
— Սիրական Բուբանդուս, սկսիր շուտով քո հայտարարությունը. միայն կատարիր նորան համառոտ և խելացի։
Այս ասելով հորանջեց սաստիկ և բացեց բերանը Վեզուվի ճեղքվածքի չափ, ուստի դուրս թափեցան բոց ու ծուխ։ Դժոխային խավարի մեջ դուրս գալով այս բոցը սատանայի կոկորդից, լուսավորեց նորա բերանը և կոկորդի մի մասը, ուր որպես մատենադարանի մեջ շարված էին ցուցակով և կարգով այն բոլոր սխոլաստիկական և հիմար գրվածքը, որ տպվում են կամ հեղինակի անուն ժառանգելու, կամ մարդ էշացնելու և կամ արծաթ հավաքելու խորհրդով։
— Իմ հայտարարությունը գրած է թղթի վերա,— կցորդեց չար-ոգի օրագրապետը։— Ի՞նչպես կբարեհաճի Ձեր մռայլությունը լսել, վիպասանական թե ճարտասանական ձևով, այսինքն վերջի՞ց դեպի սկիզբը, թե սկզբից դեպի վերջը։ — Վերջից դեպի սկիզբը,— ասաց սատանան,— ես սիրում եմ վիպասանություն. այնտեղ ամենայն բան մութն է ու զարհուրելի, և ամենայն երկու-երեք բառից հետո պատահում են անպատճառ մռայլ և խավար բառեր. այդ իսկապես իմ սիրածն է և ինձ է պատկանում։
Բուբանդուսը պատրաստվում էր կարդալ, սատանան ասաց.— Նստի՛ր, իմ պատվական Բուբանդուս, որ քեզ ավելի հեշտ ու հարմար լինի կարդալ։
Բուբանդուսը դարձավ դեպի նա քամակով և գլուխ տվեց մինչև ի գոտին։ Երկրի տակումը այս բանը շատ ընդունելի է և շնորհակալության գլխավոր ցույց դեպի այն մարդը, որ հրավիրում էր նստել։ Բուբանդուսը նայելով չորս կողմը և ոչինչ տեղ չտեսանելով աթոռ, որի վերա կարելի էր նստել, հանեց յուր գլխից թղթյա գդակը, դրեց հատակի վերա և թռավ նստավ նորա դրոշակի ծայրումը այնպես հաջող, որ հանդիպեցավ ամենևին առանցքի կենդրոնին, ուստի և ամրացավ, հանդիսավորությամբ հանեց թղթակրից յուր գրածը, բռնեց թուղթը գլխիվայր, փռնդաց, սուլեց և սկսեց կարդալ վերջից դեպի վեր վիպասանական ձևով.— և այլն, և այլն, և այլն և այլն, ծառա խոնարհ ձեզ։ Չէ կարելի կառավարել ժողովուրդը ուրիշ կերպով...
— Եվ այլն, և այլն, և այլն... բացագանչեց սատանան, ընդհատելով ընթերցվածը. — վեզի՛ր, լսեցի՞ր դու սորա սկիզբը. ե այլն, և այլն, և այլն...: Մեր Բուբանդուսը իրավ որ տեղյակ է շարադրելու. մինչև այժմ վիպասանական դրվածները սովորաբար սկսանվում էին՝ արդ, քանզի՜ և արդ, իբրև հորժամ, առ բառերով, և մինչև այժմ ոչ ոք այդպես համարձակաբար չէր սկսած և այլնից։
— Վիպասանությունը, գեղեցիկ գործ է, հիանալի է, Ձեր մռայլություն,— ասաց վեզիրը գլուխ տալով։
— Այսուհետև, բոլոր գործերի մասին, ես քո հետ ուրիշ կերպ չեմ խոսելու, եթե ոչ վիպասանաբար, այսինքն ընդհակառակը։
— Շատ բարի,— պատասխանեց վեզիրը. իրավ որ իսկական դժոխային գիտությունը այլ ոճով չէ կարելի բացահայտել, եթե ոչ վիպասանական ոճով։
— Ի՛նչպես մինչև այժմ չէինք հասկացել այս բանը... ես միշտ սիրում եմ վիպասանություն։ — Ձեր մռայլությունը միշտ ունեցել է նուրբ և դիվական ճաշակ։
— Կարդա՛,— ասաց սատանան դառնալով դեպի չար ոգի օրագրապետը,— բայց կրկնիր և այն, ինչ որ այժմ կարդացիր, քո ոճը շատ հավանելի է ինձ։
Բուբանդուսը սկսեց շարունակել.
— Եվ այլն, և այլն, և այլն, և այլն, ծառա խոնարհ ձեր...
— Ինչպե՞ս... միայն ծառա...— ընդհատեց սատանան,— մի փոքր հառաջ ավելի լավ և խելոք կարդացիր։
— Միայն ծառա, Ձեր մռայլություն,— պատասխանեց օրագրապետը,— ես հառաջ ևս ծառա կարդացի և այժմ նույնպես կարդում եմ. ես չեմ կարող այլևս ստորագրվել ձեր հավատարիմ հպատակ։
— Ինչո՞ւ։
— Այն պատճառով, որ մենք հանդիսով հակառակվեցանք Փարիզումը այդ խոսքին և դատապարտեցինք համարյա թե բոլոր օրագրությունների մեջ։ Այդ խոսակցության ձևը ավելի ճարտասանական... հունական և աբեղայական է...։
— Բավ է, արդյոք այդպես է եղբայր...
— Այո՛, այդպես է, Ձեր մռայլություն։ Այն օրից, երբ սկսեց կանգնել արևմուտքումը միահեծան թագավորությունը, ամենայն մարդ թագավոր է, այսպես ասում է պարոն Մոգենը։ Ես մինչև անգամ մտադիր եմ հարկադրել Ֆրանսիայի բոլոր պալատականներին, կանոն հրատարակել, որ ամենայն մարդք անունը ստորագրելու ժամանակ գրե՝ ձեր ողորմած տեր, իսկ թագավորը միայն ստորագրե խոնարհ ծառա:
— Զարմանալի է,— ասաց սատանան,— մի՞թե այդ բոլորը վիպասանություն է։
— Ճիշդ, մաքուր վիպասանություն է, Ձեր մռայլություն։ Վիպասանության գլխավոր կանոն է, որ ամենայն բան լինի զարմանալի և ընդհակառակը։
— Շարունակի՛ր։
Բուբանդուսը սկսեց շարունակել.— չէ կարելի կառավարել ժողովուրդը ուրիշ տեսակ, փորձության մեջ ձգել և սուտ խոստմունքով որսալ, հանդգնությամբ զարմացնել, գեղեցիկ խաբել, բարեհաճեցե՛ք այս բոլորը իմանալ, մռայլություն ձեր, ինչպես նոքա խաբված են, որ աշխատելով, վասն զի.... — Կանգնի՛ր,— գոռաց սատանան և նորա աչքերը վառվեցան ինչպես փայլակն,— կանգնի՛ր, հերիք է. դու ինքդ կը մնաս իմ մոտ հիմարացած ու խաբված. ի՞նչպես համարձակվում ես դու ասել ինձ «իմ մռայլություն»... չկամիմ այլևս լսել քո վիպասանական ոճը. կարդա՛ ճարտասանական ոճով, սկզբից դեպի վերջը։
— Այստեղ բանը Ձեր մռայլության վերա չէ, այլ ժողովրդի վերապատասխանեց լեղապատառ օրագրության ոստիկանը,— վիպասանական ոճը ունի այն հատկությունը, որ ամենայն պարբերության վերա հարկավոր է լավ մտածել, մինչև լավ իմանաս նորա միտքը։
— Բայց ես, նույն այդ վիպասանության վերա ևս չկամիմ մտածելպատասխանեց դժոխքի թագավորը բարկացած,— ի՛նչ հարկավոր է ինձ այդ փորձանքը, ես ամենևին չեմ հասկանում ձեր վիպասանությունը, այդ բոլորովին ստաբանություն է. այնպես չէ՞, իմ ծայրագույն վեզիր։
— Ամենևին ճշմարի՛տ է ձեր ասածը,— պատասխանեց Բեհեղզեբուղը գլուխ տալով։
— Լսվա՞ծ բան է, կարդալ ու մտածել, կամ կարդալով մտածել. բացի դորանից հավելացրեց դևերի թագավորը,— ես նկատում եմ այդ ոճի մեջ միանգամայն հանդուգն դարձվածներ, հիմար և անպարկեշտ ձևեր, որ երբեք չեմ տեսել ճարտասանական արձակախոսության մեջ. այնտեղ ամենայն բան հարթ, խաղաղ, խոնարհ և ամենախոնարհ...։
— Անտարակույս,— հաստատեց վեզիրը,— վիպասանական ոճը սեպհական է վատնողների, կռվարարների, ապստամբների և լուսնոտների. իսկ մեծ մարզերի համար, ինչպես դուք եք, ճարտասանական ձևը ավելի պատկանավոր է. գոնե չէ նեղացնում և չէ ծանրացնում կարդացողի կամ լսողի գլուխը։
— Իմ ծայրագույն վեզիրը շատ ուղիղ է դատում,— ասաց սատանան փառահեղությամբ, ես շատ մեծ մարդ եմ... կարդա՛ ինձ ճարտասանական ոճով, առանց ծանրացնելու իմ գլուխը և խրտնեցնելու իմ երևակայությունը։
Բուբանդուսը ուղղեց թուղթը ինչպես հարկն էր և սկսեց կարդալ սկզբիցը։ «Մռայլագույն սատանա,
Հայտնում եմ Ձեր մռայլությանը, որ, աշխատելով առավել ընդարձակել Ձեր իշխանությունը մարդկային ազգի վերա, ավելի հարմար ձևով փակել նորանց մեր որոգայթների մեջ, ինձ ենթադրյալ օրագիրները աշխարհի երեսին բաժանեցի ես զանազան կարգերի և յուրաքանչյուր օրագրի տվեցի առանձին կարգ և ուղղություն։ Միմիայն Ֆրանսիայումը կարգեցի չորս տեսակ օրագիր, եթե հինգերորդը չհաշվեմ: Առաջին կարգը անվանել եմ «օրագիր շարժողության», երկրորդը՝ «հակառակության», երրորդը՝ «դարձման», իսկ հինգերորդը՝ «միջական»։ նոցանից մինը ձգում է խելքերը հառաջ, մյուսները քարշում են հետ, մինը քարշում է աջ, մյուսը՝ ձախ, և միջականի հետևողքը անշարժ մնում են միջումը, որպես պոչատ աղվես։ Սոքա բոլորը գանչում են, աղաղակում են, կռվում են, սպառնում են, դիվահարվում են կեղծավորվում են, բամբասում են խռովություն, ապստամբություն, զրկանք, արյուն, հրկեզ, արտասուք, կողոպուտ, միայն լսիր և ուրախացիր։ Կարդացողները հիացած, չգիտեն ինչ մտածեն, որին հավատան և ինչ առնեն. նոքա ամենայն րոպե սպասում են կորստական դիպվածների, վազում են, խուճապում են, կապում են կայքերը, պահում են բեռները, լցնում են հրացանները, կամենում են փախչել և կամենում են պաշտպանվիր նոքա չեն հասկանում ով է թշնամին և ով է բարեկամը, որի՞ վերա հարձակվին և ո՞վին պաշտպանեն, նոքա ցերեկը չեն ավարտում յուրյանը ճաշը, երեկոյին վախենում են ելանել մի տեղ ժամանակ անցուցանելու համար, գիշերը թռչում են հանկարծ մահիճներից։ Մի խոսքով թագավորել է անկարգություն, խառնակություն, մտքերի մրրիկ, հույսի և ցանկության ալեկոծություն, ախտերի ամբոխմունք զարհուրելի և չլսված. և այս բոլորը լրագիրների և օրագիրների շնորհքով, որ հնարեցի ես և որոնց վերա գլխավոր ոստիկան եմ Ձեր մռայլության պաշտոնական հրովարտակով:
Չպարծենալով ասում եմ, Ձեր մռայլություն, ես իմ բոլոր ընկերներից առավել շատ մարդ ձգեցի կորստական ճանապարհի վերա, ես կրկնապատկերի առհասարակ մեղքի չափը մարդիկ մեղանչում էին հառաջ համառոտ և հին մեղքի ցուցակով. դորա հակառակ, այժմ մեղանչում են, բացի այդ ցուցակներից, և լրագիրներով և օրագիրներով։ Նոցանով սուտ են խոսում, գողանում են, սպանում են, խարդախություն են առնում, սեղանակապտություն են գործում. իմ մեծ ու ահագին տպած թերթերը ծակում են անդադար նոցա մարմինքը ախտերի աքցանով, կապում են նոցա միտքը խոստմունքով և փառքով, ինչպես շունը մի կտոր կաշիով, թելադրում են նոցա հակառակվիլ ամենայն բանի և ամենայն մարդու. զոշոտում են և զոշոտած ժամանակը ապականում են աչքերը ցեխով. գրգռում են նոցա մեջ գործունեություն և գրգռելուց հետո չեն թողում ո՛չ հաց ուտել, ո՛չ ննջել և ոչ գործ կատարել, ինչ որ մտքումը դրել էր։
— Այս ձևով ահա հնարագործելով մի առանձին քաղաքական գաղափար, մի այնպիսի գաղափար, որ ամենայն րոպե մահացուցիչ էր, ես միլիոնավոր մարդ հանեցի խաղաղ և օգտակար գործերից և ձգեցի նոցա այս բաբելոնյան խառնակության մեջ, ուր անտարակույս անհետ կը լինին նոքա։
— Կարճը ասել, այս թերթերի օգնականությամբ ես պահում եմ բոլորին կատարյալ խռովության և անհանգստության մեջ ապսպարում եմ ապստամբություն նշանակված օրում և ժամում, գահավիժում եմ իշխանություններ, փոփոխում եմ օրենքներ իմ ճաշակով, և ինքնիշխան տիրում եմ երկրի մեծ մասին, այսինքն, Ֆրանսիային, Անգլիային, Տաճկաստանին, մասնավոր Գերմանիային, Հնդկաստանին, Կղզիներին և բոլոր Ամերիկային։
— Եթե Ձեր մռայլությունը կը բարեհաճի փորձով իմանալ, թե ի՛նչ կատարելության աստիճանի հասուցել եմ ես դժոխքի իշխանությունը աշխարհի վերա օրագիրների միջնորդությամբ, խնդրեմ հրամայեցեք բերել տալ Ֆրանսիայից, Անգլիայից, Բելգիայից և Բավարիայից հինգ օրագիր և սահմանել այստեղ, երկրի տակ, հինգ հատ քաղաքական-պաշտոնական օրագիր, պարտավորվում եմ պոչովս և երդվում եմ, որ երեք ամսից այնպիսի խառնակություն կը ձգեմ դժոխքի նզովյալների մեջ, որ Դուք կը հարկադրվիք հայտնել, թե դժոխքը պատած պաշարած է թշնամիներից և թե գտանվում է պատերազմական դրության մեջ։Նույնիսկ Ձեր մռայլությունը այնպես պար կածեմ ամանիքների վերա, կամ թե կամենաք Ձեր մահճակալի տակ, որ մի միջին անդամ...
— Ա՛յ անպիտան, ձայն արձակեց սատանան որոտալից ձայնով և հասուց Բուբանդուսի երեսին մի ապտակ, մի այնպիսի ապտակ, որի զորութենից գեղեցկախոս ճարտասանը, որ նստած էր գդակի դրոշակի առանցքի վերա, սկսեց այնպիսի սաստկությամբ պտույտ գալ, որ տեսանողը կը կարծեր, թե պտուտվողը մի թերաթափանցիկ գունդ է, և այսպես պտուտվեցավ նա մի ամբողջ շաբաթ, մի րոպեում կատարելով յուր առանցքի վերա 666 դարձված. պատճառ, սատանայի ապտակի զորությունը, համեմատելով մեր շոգեշարժ մեքենաների հետ, հավասարվում է 17 38 ձիու և մի մատակի զորության։
— Զարմանք բան է,— ասաց սատանան, դառնալով դեպի յուր վեզիր Բեհեղզեբուղը,— ի՛նչ տեսակ գրում են դոքա այժմ. կարդա ինչպես կամիս, սկզբից դեպի վերջը, վերջից դեպի սկիզբը վիպասանական թե ճարտասանական ձևերով, այնուամենայնիվ դուրս կգա միևնույն հիմարությունը կամ լրբությունը... Ինձ խորհուրդ է տալիս անզգամը քաղաքական պաշտոնական օրագիր շինելու համար, բերել տալ ֆրանսիական, անգլիական օրագիրներ. դոքա ի՛նչ դժոխքի բաներ են, մանավանդ ինչ հատկություններ, որ այդ անպիտանը տալիս էր օրագիրներին, բոլորը սուտ են, և կամի իմ աչքը ներկել։ Դժոխքի, և առհասարակ իմ խավար թագավորության առաջին թշնամիքն են օրագիրները և լրագիրները, նորանից օգուտ չունի իմ հայրենի գահը։ Բացի սորանից, ինչ հարկավոր է մեզ դժոխքում քաղաքական պաշտոնական օրագիր շինելու համար բերել տալ այդ օրագիրքը, եթե այդպիսի հարկավորություն զգալի է դժոխքի համար, մեզ ավելի օգտակար է բերել տալ այն տետրակները, որ աննշան և խելացնոր մարդիկ դուրս են տալիս ժամանակ առ ժամանակ, առանց օրագիր անունը վերան դնելու, որպես թե յուրյանց խելքով խաբում էին կառավարությունը և ժողովրդի առաջև հանդիսանում էին մի երևելի գործակատար մատենագրության մեջ։
— Ես ասում եմ և հաստատում եմ, թե օգտակար կլինին դժոխքի համար այս տետրակները, նախ այն պատճառով, որ ոչինչ չեն պարունակում յուրյանց մեջ բացի հիմարութենից, որ մեզ ավելի ձեռնտու է. ըստ որում իմաստությունը լույս է, մեր թշնամին է, իսկ հիմարությունը՝ խավար, որ իմ սիրական ծնողն է. երկրորդ՝ օգնելով այդ տետրակների հեղինակներին, մեք գրավում ենք մեր կողմը այն իրավունքը, որով այդ տետրակներից մի քանիսը պիտո է նվիրվեին մեր անունին և մի քանի ուրիշների մեջ մեր անունը առաջին տողումը պիտո է տպվեին բաժանորդների կարգումը։
— Ամենևին ճշմարիտ է ձեր ասածը, մռայլագույն տեր,— ասաց վեզիրը,— ես չգիտեմ ինչպես խելագարվել է Բուբանդուսը, որ թողած այդ մեզ շատ ձեռնտու տետրակները, առաջարկում է օրագիրներ բերել տալ դժոխքի փառքի համար։
Գանչեցեք գրականության դիվապետը (ավելի լավ է ասել՝ Այսապետը), որ կատարե յուր հայտարարությունը,— ասաց խավարի թագավորը։
Զ
Վեզիրը նշան տվեց կոտոշով, և գրականության դիվապետ հայտնվեցավ։ Սա չէ նմանում ուրիշ դևերի. սա կրթված և ուսումնական դև է. հասակի բարձրությունը հինգ ոտնաչափ, բավական հաստ, երկայն ճանկերով, սև երեսով և ճաղատ ճակատով. չարչարվում է մելամաղձությամբ և արհամարհում է բոլոր դևերին։ Չնայելով, որ սատանան ներկա էր այնտեղ, գրականության դիվապետը երգում էր անհոգաբար Յօղակն ի ճախրը և այլն, և պոչով զարկում էր հատակին խազերը։ Առաջին անգամ, որ տեսանեիք դուք նորան, կը կարծեիք երևելի պատմաբան. բայց նա այնպիսի պատմաբան չէ, ինչպես Բուբանդուսն էր, այլ պատմաբան վերին աստիճանի: Սա շատ հին բաներ է պատմում. գիտե մինչև անգամ Նոյից հառաջ անցած բաները և ծանոթ է այն լեզուներին, որ ջրհեղեղից հառաջ խոսում էին։
— Ի՛նչպես է առողջությունդ, կետադիր դև,— ասաց սատանան։
— Մտերիմ ծառա Ձեր դժոխային մռայլութեան....
— Շատ ժամանակ է, որ տեսած չէի քեզ։
— Աւա՜ղ... տառապեցայ, և տառապեցայ չարաչար...
Արգնաթոյր հիւթ ինչ թափանցեալ յակաստան հոգւոյս, զիճութիւն գոգցես գերեզմանական ազգոյ իմն արագութեամբ լնանիւր յուղեղ իմ. երևակայութիւն իմ կաշկանդեալ արձանացեալ ի ցուրտ և ի խոնաւ մառախղի հիւանդութեան հազիւ երբեմն երևեցուցանէր զկենդանութիւնաբեր լոյս իւր․ գունաթափ և ընդհատեալ վառմամբն նման էր նա վառման կանթեղին, զոր ունիցի հալածեալ ոք ի դողդոջուն ձեռս իւր։ Ի միջոյ մահառիթ և զարհուրելի օդոյ անընդհատ թռչէին ի խորոց սրտիս մղձկմունք, որոց յիշատակք է տարժանականք և անըմբերելիք....
— Ի՛նչ բաներ են, ինչ ես ասում,— բացագանչեց սատանան։
— Կամիմ ասել... կամիմ ասել... թէ ախտոտեալ էր իմ հարբղխով,— պատասխանեց կետադիրը։
— Ա՛յ դու խելագար,— գոռաց դևերի թագավորը սաստիկ բարկացած.— կը վերջացնե՞ս մի օր քո այդ զզվելի դատարկաբանությունը, որի մեջ բացի մի քանի մեռյալ բառերից և ժանգոտած ոճերից այլ բան չկա, քանի՜-քանի անգամ ասացի ես քեզ, թե ականջ չունիմ լսելու այդ տեսակ խոսակցություն։ Բայց զգուշանալով, որ մի գուցե, քո վերստին բանդագուշելովը, ինձ պատահի սրտնեղություն կամ փսխել, այս պատճառով գործ կը դնեմ իմ թագավորական վճռական հնարները։
— Եւ զի՞նչ արդեօք գործեցի...— հարց արեց կետագիրը անհանգստությամբ։
— Անզգա՛մ... և ի՛նչ կարող էիր գործել... ես հավիտյան վերջացնում եմ իմ թագավորության մեջ այդ հին և մեռյալ ձևը խոսելու, դորա մեջ չկա այլ խորհուրդ, բացի չար և տղայական անմտութենից։ Տե՛ս ամբողջ աշխարհը, քննիր նոցա լեզվախոսության ձև ու ոճը և վերահասու եղիր, ո՛րտեղ և ո՜ր ազգ խոսում է մի այնպիսի լեզվով, որ ժամանակը դատապարտել էր և թաղել էր հազարավոր տարիների փոշիներով։
— Նա աւանիկ գիտուն ասացեալքն հայոց, և յարդի ժամանակս երկիր առնուն զհին ձև խօսից, որով երբեմն, մանաւանդ թէ, յունաբանեցին նախնիք, ի լեզու պանծալի, և ստոյգ յօդացեալ ճեմարանին վերաբերութեան։
— Ինձ ի՛նչ օրինակ են մի քանի հայ դպրոցականք, որ քեզ նման խելքերը կորուսած ընկել էին ձևի քամակից, անփույթ առնելով իրի կորուստը. ժամանակի անհարազատ որդիք են դոքա, կամ խաղ բնության, որ երբեմն դուրս է երևեցնում այդպիսի այլանդակությունք, որպես բացառություն ընդհանուր կանոնից։ Նոր ժամանակին հարկավոր է և նոր լեզու, հին ժամանակը տարավ յուր հետ հին լեզուն։
— Եւ ո՞ր յայսմհետէ այն բարբառ իցէ, յոյս արժան էր խօսել ընդ մռայլութեանգ մեծի... իմ ուսեալ է ըստ հնոցն բարբառիլ յոճ համեղական ազգոյ և հարազատ։ — Ես մեղավոր չեմ, եթե դու, թեև պաշտոն ունեիր գրականության դևապետի, քո տգիտությամբը, ծուլությամբը ե եսական անխորհուրդ կամակորությամբ, չգիտեիր ոչինչ լեզու և ոչինչ բարբառ, բացի մի մեռած բարբառից, որի գերեզմանի վերայով հազարավոր անդամ ահա կատարել է արեգակը յուր տարեկան շրջանառությունը. ինձ հարկավոր չէ քո բարբառի նեղսիրտ ձևը, այլ այն միայն, որ հասկանայի լինի քո խոսածը, ուրեմն պիտո էր խոսել պարզ և կենդանի բարբառով, եթե կամք ունեիր կենդանի էակների հետ խոսել, եթե քո խոսակցությունը ուներ մի իրական խորհուրդ և ո՜չ գաղափարական միայն։
— Պարզ և կենդանի բարբառով,— կրկնեց ինքը ինքյան գրականության դևը, միանգամայն քարացած,— պարզ և կենդանի բարբառով... բայց զրկեալ է դա ի կարի կարևորացն կանոնաց ուղղախօսութեան, և որչափ համեղական և ազդոյ հինն է, այնչափ անհամ է նորն, թոյլ, տգեղ, անհեթեթ, աղխազուր...։ Տեսանել տեսանեմ, զի մռայլութիւն ձեր մոռացեալ է զգեղեցկախօսութիւն իմ, գեղեցկախօսութիւն զոստիկանի գրականութեան, որոյ ամենախոնարհ յայտնութեանց ունչս առնէ այժմ, մինչ երբեմն ղնոսա իսկ ի հրովարտակս վաւերացուցանէր։
Բա՛բէ չարաբաղդութեան հիքացելոյս. թերևս աղաչէի զմեծիդ մռայլութիւն, ներել յանդուգն առաջարկութեանս, թոյլ տալ ինձ ի գրի հարկանել զոր ինչ շրթունք իմ չզորին ըստ ամենայն արժանեաց գեղեցկախօսել...
— Դարձյալ հիմարություն, հիմարություն հիմարության վերա։ Եթե մի մարդու պատահեիր, որ խոսում էր քո հետ, փոխանակ նորա խոսքին պատասխանելու, պիտո՞ է ասեիր, թե գնա դու այժմ, և ես խոսքիդ պատասխանը կգրեմ նամակով այն պատճառով, որ բերանով խոսելու ժամանակ այնպես գեղեցիկբացահայտելոը չէիր քո միտքը, որքան գրելով միևնույն բանը։
Մինչդեռ սատանան կարդում էր գրականության դևի դատարկ գլխին այս քարոզը, դևը պինդ սեղմած ճանկերի մեջ գրիչը, և ահաբեկ լինելուցը բոլորովին դողդոջուն գլխով ու ձեռքով մի բան գրում էր ծունկի վերա մի տետրակի մեջ։
Սատանան չնկատեց այս գործողությունը յուր խոսելու ժամանակ, բայց երբ ավարտել էր յուր խոսքը, պատասխան չստանալով գրականության դևից, աչքը ձգեց նորա վերա և տեսավ, որ գուճ եկած գրում է այնպես դողդողալով և բոլոր մարմնով թռչոտելով, ինչպես դողում է և թռչոտում է սնդիկը, եթե լցած մի դատարկ կաղինի մեջ ձգեիր եռացող ջրի մեջ։
— Ի՞նչ բանի վերա ես,— հարց արեց սատանան։
Այս հարցմունքին պատասխան չեկավ։ Սատանան առաջին անգամ նկատում էր մի այսպիսի լրբություն յուր գրականության դևի կողմից։
— Ի՞նչ ես շինում այդտեղ,— կրկնեց խավարի սարսափելի թագավորը այնպիսի ահագին ձայնով, որից սասանեցան դժոխքի պատերը։ Այս ձայնի վերա վեր թռավ նստած տեղից գրականության դևը, և այս շփոթության մեջ շրջեց թանաքամանը տետրակի վերա, որով ապականեց գրածի մեծ մասը։ Որքան տեղ մնացել էր մաքուր, նույնքանը դողդոջուն ձայնով սկսեց կարդալ.
— Կացցէ մնասցէ այս արձան յիշատակի երախտապարտու...
Գրականության դևը չկարողացավ հառաջ տանել յուր հռետորությունը, պատճառ, մի մեծ ամբոխ դևերի, դուրս պրծած դժոխքի աջ կողմից, խառն ի խուռն աղաղակով գալիս էին դեպի սատանայի գահը։ Նոցա մեջ երևում էր Լուկուլլոսը որ ինչպես ասացինք, տնտես էր տեր սատանայի մոտ։ Սատանան նկատելով Լուկուլլոսի դեմքի փոփոխությունը, իսկույն հարց արեց.
— Ի՞նչ լուր է այդ, ի՛նչ ամբոխ է, ի՛նչ խռովություն։
— Անբաղդություն, Ձեր մռայլություն. մեղավոր եմ, պատժեցեք, բայց և գթացե՛ք...
— Ի՛նչ բան է, ի՛նչ կա։
— Ձեզ հայտնի է, մռայլագույն սատանա, որ անցյալները Ձեր նախաճաշիկի համար բերել էին մի քանի նորատիպ պաքսիմատներ, որոնց մեջ Ձեր մռայլությունը շատ տտիպային նյութ տեսանելով թողել էր նորանց, ուտելու համար այն ժամանակ, երբ կը շատանար Ձեր ստամոքսում մոխրային.... սխալմամբ թե թշնամությամբ այդ պաքսիմատները ձգել են այն գինու ծովակի մեջ, որ Ձեր ամբողջ տարեկան պաշարն էր, այդ պաքսիմատների թթու և տտիպ նյութը խմորել է գինին և այնպիսի թունդ քացախ է դարձել, որ բերան է այրում... ճշմարի՛տ, կարծեմ դեռ քացախի թթվուտ է դարձել... Այժմ հոկտեմբերը վերջանում է համարյա, ամենայն տեղ գինիները վաճառված են, չգիտեմ, թե ի՞նչ կերպով կարողանամ գինի ճարել Ձեր մռայլության համար։
Սատանան թեպետ խիստ պահպանում էր ամենայն բանի կարգը յուր տերության մեջ և անխնա պատժում էր ամենայն որևիցե անկարգություն, բայց երբեմն, մանավանդ եթե սեպհական յուր անձին էր վերաբերվում և ոչ կառավարությանը, գիտեր ևս մեծահոգություն ցույց տալ։
— Ֆրանսիայի մեջ կան լավ այգիք, արևելքում, Հայաստանում ևս պակաս չէ, կարող եք գնել քանի մի այգու խաղող և ճմլել նորանց, ձեր ձեռքով պատրաստելով մի քաղցրահամ խմելիք:
— Ձեր մռայլություն, դժբաղդությունը այս է, որ Ֆրանսիայի այգիքը մեզ անմոտենալի են, ուրիշ աշխարհների այգիքը նույնպես, Հայաստանի այգիքը, ուր կարող ենք մտանել, վաղուց ահա քաղել են, ամենայն թփի վերա հազիվ գտանվին մի երկու ճիռ:
— ճռաքաղ արեցեք, մնացորդը քաղցր է լինում, ասում է առակը, գոնե այդ չնչին գործողությունովդ կը կարողանաք հավատացնել թեթևահավատ մարդերի, թե դատարկապորտ չէիք, ճռաքաղ առնելով գինի պատրաստել բավակա՜ն մեծ բան է։ Ո՞վ է աշխատության չափողը նորա արժանավորությամբը և որակությամբը, քանի՜ մարդիկ կային ճանաչող ինչպես վայել էր, շատերը միմիայն լսել են աշխատել, բայց ի՞նչպես, ի՞նչ պայմաններով, հասկացողություն ես չունին դոցա վերա, այլև թեթևամտելով բոլորովին, համարում էին թե յուրյանց ճիռերը լավ են քան թե ուրիշի ողկույզքը...։
— ճշմարի՜տ է,— ասաց վեզիրը, որ երբեք բացասաբար չէր պատասխանում նորին մռայլությանը։
Այս անցքի միջոցում, գրականության դիվապետը ժամանակ ունեցավ մի ստորակետի փոխանակ բութ դնել, որովհետև այլք չէին գործածում այդ նշանը և երբ Լուկուլլոսը հեռացած էր տեր սատանայից, գրականության դևը նոր ի նորո սկսեց.
— Կացցէ մնասցէ այս արձան յիշատակի երախտապարտութեան իմոյ առ տէրդ՝ ի ժամս և ի ժամանակս։ Լեզու իմ ծանրաշարժ, այլ ոչ և գրիչս, զի նման է լեզուի ճարտար խօսողի, որպէս և մարգարէին լեզու գրչի արագագիր դպրի...
— Ձայնդ կտրի՜ր, լի՜րբ անզգամ, դու այժմ կամիս նույն թանը ինձ ասել, թե քո լեզուն թեև ծանր էր, այլ գրիչդ ոչ, և դեռ համ արձակվում ես մարգարեի լեզուն բերան առնուլ, որի անունը արտաբերելու ժամանակ իմ գահը դղրդում է, դու ինքդ գրականության դև ես, ի՞նչ տրամաբանությամբ մտածում ես, նա, որ չդիաե խոսել, ի՞նչպես կարող .է գրել, և մի՞թե լեզուն կամ գրիչը ջոկ բաներ են։ Անզգամնե՛ր, մինչև այն աստիճան լրբացաք, որ ինձ ևս կամիք խելքից հանել.... Ո՜չ, այդպես չէ։ Ես քեզ հրամայում եմ իմ ասածի նման գրել, պարզ, առողջ, բնական, հասկանալի, առանց դպրոցական նեղ սահմանների, առանց ճարտասանական դիմակների, հասկանո՞ւմ ես թե չէ։
— Գրել առողջ, պարզ, խելացի...— կրկնեց քթի տակին գրականության դևը.— մռայլութիւն Ձեր հետամուտ լինի հնար դիւականս հնարել առ ի չարչարել զմեզ և թափուր ի փառաց հեղինակի կացուցանել։ Մենք գիտենք միայն գրել վիպասանական և ճարտասանական ոճով և այլն հին լեզ...
— Լսեցի՞ր դու իմ կամքս, թե չէ՞...
— Լուայ, Զերոյին մռայլութիւն. բայց զայդ ամենայն հողմոց հնչիւնք համարիմ ես. զայս ասեմ համարձակապէս, միտ դնելով Զերոյդ մռայլության օգտի որ ի մերոյս անհասկանալին խօսելոյ, և վնասուն որ ի մերոյս յայտնութեամբն խօսելոյ։
— Այդտեղ ի՞նչ օգտի կամ ինչ վնասի բան կա վերաբերությամբ դեպի իմ խավար գահը։
— Ի խօսելն մեր հասկանալի ոճով, ժողովուրդն ամենայն զշափ առցէ զմերոյ տգիտութեան, ծանիցէ զճշմարտութիւն և զմեր ստութիւն, պաշտօնն այն, զոր մենք մատենագիրքս առնումք այժմ ի ժողովրդենէն, կարճեսցի անշուշտ, ընդ շօշափել նոցա զմեր ամենեցուն զանօգուտ և անշահ արարս։ Ցայնմհետէ իմաստնասցի ժողովուրդն. իսկ յիմաստնանալ նորա, յերկիր կործանին փառք մեր ամենեցուն։ Ճիգն, զոր եսն ճդնիմ ընդ Զերով թևարկութեամբ՝ յառեալ է յայն, զի բազմասցին երկրպագուք Տէրութեան Զերոյ, որով և մերս փառաւորեսցի անուն, այսմ ամենայնի մարթ է հասնել միայն, առ խարխաբ զժողովուրդն ընթացուցանելով ի տգիտութեանն աղջամուղջ գիշերի։ Զարդիս խօսիմ ես, և ժողովուրդն յակճիռս կայ անշարժ, լսէ զձայն իմ, դողան ջիլք լսելեաց, այլ ուղեղն ըմբռնէ և ոչինչ, վասն զի անկարող են ջիլքդ զտպաւորութիւն խօսիցն հասուցանել ի նպատակ իւր, այսինքն յիմացարան ուղղոյ։
— Մի՞թե։
— Այո՛, Զերոյին մռայլութիւն, այժմ Ձերումդ մեծ և ազատ հրամանի ունկն դնէ գրականութիւն, Դուք թագաւորէք ի վերայ բովանդակ գիւտից մարդկային հանճարոյ։ Գրականութիւն ողջոյն ի ժամուս ոգևորեալ գտանի անսուրբ ազդեցութեամբ. նա շնչէ զօդ դիւական. Ոլիմպոսն յունական տապալեալ է հիմն ի վեր,կործանեալ է Արամազդ և ի գահ նորա ամրարձեալ էք Դուք, մռայլագոյն սատանայ։ Առ ի բարւօք ևս յապահովի կացուցանելոյ զիշխանութիւն Ձեր ի վերայ տգիտաց, խորհուրդ բարի տամ Ձերոյն մռայլութեան հալածել և բառնալ ի միջոյ զգիտունսն և զիմաստունսն, որք զրահաւորեալ ընդդէմ դժոխաց փոքր մի ևս ի հող բնակեց ու ցին զփառս նորա։ Ձերում հրամանի անսան տպագրատունք, պատուէր տուք և կատարեսցի վաղվաղակի, զամենայն զհասկանալի և զիմաստալից գործս որք մկրտին ի լուսաւորել զմարդիկ, անտես առնել և չտպել երբեք։ Այսու կարկեսցին բերանք բացեալք ի վերայ մեր։
— Այդ խելքի մոտ բան է. շատ լավ։ Վեզիր,— բացա գանչեց սատանան,— հրամայիր քարտուղարին գրել մի շրջաբերական հրովարտակ իմ անունով, որ ոչ ոք չհամարձակվի տպել մի խելացի հասկանալի և իմաստուն գործ, որպեսզի տգետ մնալով ժողովուրդը, շատանա մեր զոհերի թիվն և բարձրանա խունկերի ծուխը։
— Շատ բարի, մռայլագույն սատանա, ինքս կգրեմ այդ հրովարտակը...
— Հերի՛ք է,— գոռաց սատանան,— դու քո օրումդ քո խելքից մի բան գրած չես, ինչ որ ցույց ես տվել քո անունով, այդ բոլորը օտարի վաստակ է եղել, դու և բուն գրող կամ կարդացող.ես շատ լավ ճանաչում եմ քեզ, քո սիրտը կը ճայթե մի երես բան կարդալու ժամանակ. քո գրիչները այնքան չորացել էին, որովհետև երբեք թանաքի երես չեն տեսնում, որ անցյալներումը երկու չարագործ մարդ գողացել էին, որ մի տուն այրելու ժամանակ, գործ դնեն նորանց լուցկիքի տեղ։ Ես վաղուց կը փոխեի քեզ, բայց համադիվական ապաբաղդությամբ արժանավոր դև չունիմ... գնա՛։
Վեզիրը գլուխ տվեց և դուրս գնաց հանդիսից, որ հրովարտակ պատրաստել տա։
Սատանան դարձավ դեպի գրականության դևը ասելով,— Տեսանում ես ինչպես կատարում եմ քո առաջարկությունքը, եթե հիմնած էին առողջ դատողության վերա։
— Եւ զտկար դատողութիւնս մարթ է սատանայական հայեցուածով առողջն տեսանել։
— Դու դարձյա՞լ խոսում ես այդ լեզվով։
— Ո՛չ ապաքէն համոզեցայք Դուք ինքնին:
— Ես թույլ տվեցի միայն գրել և ո՛չ խոսել։ Այս է ահա պատճառը, որ խելացի մարդիկ հարցանում էին, թե ինչու համար հնամոլ հեղինակները չէին խոսում հին լեզվով և այդ լեզուն երևում էր միմիայն գրչի տակից. սատանան արգելել է խոսել, թույլ տալով միայն գրել։
Սատանան ոչինչ այլ բան չխոսեց գրականության դևի հետ։ Վեզիրը, որ հրովարտակ ապսպրելով վերադարձել էր սատանայի մոտ, հայտնեց թե հնդկական գլխավոր և ծայրագույն Բրամինը, որ շատ տարիներով ահա ծառայում էր աշխարհի երեսին դժոխքի օգտի համար, վախճանվել է։ Սատանայի դեմքի վերա փայլեց մի ժպիտ և ետևի ոտքով ականջը քորելով ասաց. — Հրամայիր դժոխքի առաստաղից կախած մեծ կոչնակը զարկել, հանդես պատրաստիր ընդունելու համար այդ ծայրագույն Բրամինը, մինչև ես լսեմ ամուսնական գործերի գլխավոր կառավարչի հայտարարությունը։
Է
Ես չկամիմ նկարագրել ամուսնական գործերի գլխավոր կառավարիչ դևի արտաքին կերպարանքը. պատճառ, իմ գրածը կարդացող ամուսնացած մարդերի երեք բաժինը արդեն ծանոթ է նորա հետ. այսքան միայն պիտո է ասել, որ Ֆիֆիքոքո դևը (այսպես է ամուսնական գործերի գլխավոր կառավարչի անունը), շատ չար դև է, շատ խորամանկ, բայց միևնույն ժամանակ շատ սիրելի է. հեզ, խոնարհ, հնազանդ, հնարագետ է, որպես հանցավոր կին, և հաջող փորձիչ։ Սա էր որ խաբեց Եվային տալով նորան բարու և չարի գիտությունը. այն ժամանակներումը այս մի մեծ գաղտնիք էր, բայց մեր ժամանակներումը մինչև անգամ բոլոր աղախինքը գիտեն առանց սատանայի գործակցությանը. բայց բոլորից գերազանցը այն է, որ նա բոլոր ամուսնավոր կին մարդերի գաղտնիքը գիտե, գիտե նաև սատանայի կնոջ գաղտնիքը.... սատանան թեև կասկած ունի նորա վերա, բայց բան չէ խոսում քաղաքավարություն պահելով. սատանան, մի նայեք որ սատանա է, նա շատ երևելի դիպլոմատ է։
— Ի՞նչ նոր բան կա, հարց արեց դժոխքի թագավորը, ինչպես են քեզ հանձնած գործերը.
— Շատ լավ են, Ձեր մռայլություն, իմ գործերը երբեք այնծաղկյալ վիճակի մեջ եղած չեն, ինչպես այժմ։
— Ամուսնության մեջ թագավորում է մի անսովոր սրտնեղություն և ձանձրույթ. արք և կանայք ամենայն օր համարյա թե երեք անգամ կռվում են միմյանց հետ, և ամենեքին կարոտում են մխիթարության.... այրը սպասում է յուր սիրականին և տեսած րոպեին ասում է, — գոնե այժմ մի փոքր հանգիստ վայելեմ, ապա թե ոչ կյանք չունիմ կնոջս ձեռքիցը. կինը յուր կարգով սպասում է յուր սիրականին և եկածի պես կրկնում է միևնույն խոսքերը։ Իմ գլուխը պտույտ է գալիս գործի շատութենից։
— Ես գիտեմ քո հարազատությունը և գործունեությունը,— ասաց սատանան,— ցույց տուր ինձ քո ցուցակը։
Ֆիֆիքոքոն տվեց նորան ամուսնական գործերի ցուցակը մի երկայն թղթի վերա. այս միայն վերջին ամսի ցուցակն էր, այն գործերի, որ պատահել էին բովանդակ երկրագունդի վերա։
— Ո՛րքան խարդախություն է,— բացագանչեց սատանան,— ո՜րքան պատերազմ մարդ ու կնոջ մեջ, շարունակեց նա կարդալով ցուցակը, այս ո՞րքան սիրո նամակներ են գրված մի ամսի մեջ.... ասա խնդրեմ, մի՞թե այս կարճ ժամանակում դու այսքան ամուսնություն խանգարեցիր՝ 777,777. այս զարմանալի մեծ գումար է։
— Արդարև այդքան, Ձեր մռայլություն,— պատասխանեց դևը։
— Գովելի է, գովելի է,— բացագանչեց սատանան նայելով ցուցակին մեծ ուշադրությամբ.— ես պիտո է ճշմարիտը ասեմ, որ իմ կառավարության բոլոր մասներից քո դեպարտամենտը առավել բարեկարգ է։
— Ձեր մռայլությունը մեծ շնորհ ունի իմ վերա։
— Ես ճշմարիտ եմ ասում, որովհետև քո գործերի ընթացքը շատ արագ է։
— Ձեր մռայլություն, կանայք չեն սիրում երկար բարակ քննություն։
— Իմ ծառայողներից ոչ ոք քո չափ չէ տալիս ինձ այդքան նզովյալ հոգի. ո՛րքան շատ են այժմ դժոխքի մեջ երևելի մարդիկ, խորիմաստ փիլիսոփաներ, աստվածաբաններ, իմաստուններ, կրոնամոլներ, որոնց և ոչ ոք իմ դևերից չէր կարող հրապուրել. բայց գոլ ընկար թե չէ քամակներից, իսկույն ամուսնացուցիր. փոքր ժամանակից հետո ահա կռվեցին, ջարդվեցան և այր և կին եկան մեր մոտ։
— Եթե շատ հեշտ է որոգայթ լարել նոցա։ — Ինչպես և իցե, բայց ես պարտական եմ գնահատել քո արժանավորությունը և արժանի վարձ տալ քեզ,— ասաց սատանան պայծառ երեսով։ — Ասմոդե՜յ,— գանչեց սատանան (Ասմոդեյը վերակացու էր այն օրը դժոխքի մեջ),— Ասմոդե՜ յ, որպես վարձ երկրի վերայի ամուսնական գործերի գլխավոր կառավարչի աշխատությանը հրամայիր ոսկեզօծել սորա կոտոշները։
Դևերը, որ կանգնած էին այնտեղ որպես պահակ, վեր առերին Ֆիֆիքոքոն, տարեցին նորան գեհյանը և այնտեղ գլուխը կոխելով հնոցի մեջ, փառավար կերպով ոսկեզօծեցին նորա կոտոշները, հետո արձակեցին դարձյալ աշխարհի երեսը սերմանել անդադար մարդկային ազգի երկու ցեղի մեջ վեճ և խռովություն։
Ը
Այս միջոցին դժոխքի կամարների տակ լսվում էր կոչնակի անընդհատ ձայնը. դևերը մեղուների նման ամենայն կողմից հավաքվում էին դեպի դժոխքի դուռը, որտեղից պիտո է ներս մտաներ ծայրագույն Բրամինը։
Բուն տեր սատանայի հանդիսավոր հառաջ գնալը կատարվեցավ հետևյալ կարգով։
Ողջից հառաջ գնում էին հետևակ դևերը, նոցա քամակից ձիավոր ասպետները, ձեռքերին բռնած այն կերոններից, որ սպանիական ինկվիզիցիոն պատրաստում էր աուտո-դա-ֆե կատարելու համար։
Սորանից հետո խումբ-խումբ գնում էին կեղծավորները, խաբեբաները, տիրադավները, սեղանապղծողքը, գողերը, անառակ կանայքը, արբեցողքը, նախանձողքը, ծույլերը, ագահները, որկրամոլները. մի խոսքով դժոխքի բոլոր փառքը։ Երբ սոքա բոլորը անցել էին, երևեցան մանկլավիկները. բայց դժոխքի մանկլավիկները աշխարհի երեսի մանկլավիկների նման չեն, սոքա ծերունի, նիհար, տգեղ, խառն ի խուռն մազերով, աչքերը ներս ընկած, երեսները գունաթափ, ասես թե դոքա կենդանության ժամանակ անապատականք լինեին. բայց ինչպես և իցե, ով և լինեին դոքա, դժոխքումը մանկլավիկ լինել տեր սատանայի պալատումը' մեծ պատիվ է։
Մանկլավիկներին հետևում էին չորս դև ոսկեզօծ կոտոշներով, ուսերի վերա բարձած մի ասորու սրածայր աշտարակ, որի մեջ նստած տեր սատանան գնում էր ծայրագույն Բրամինի ընդառաջ։ Ինչ կարգով որ գնում էին, նույն կարգով դժոխքի դուռի երկու կողմումը շարվեցան։ Դուռի մուտքին մոտ չորս ոսկեզօծ կոտոշներով դևերը ցած գրեցին յուրյանց ուսի վերայից ասորու սրածայր և սևացած աշտարակը, որի մեջ նստած էր տեր սատանան, Իսկույն վեզիր Բեհեղզեբուղը, և մյուս ոստիկանքը հառաջ մտան սատանայի մոտ շնորհավորել դժոխքի այս նոր եկավոր հյուրը, որին այսպիսի փառավոր հանդեսով սպասում էին։
— Վեզի՛ր,— բացագանչեց սատանան,— հայտարարություն պատրաստիր շուտով այս ծայրագույն Բրամինի բոլոր գործերի մասին, որ այնքան երկար տարի աշխատեցավ դժոխքի օգտի համար, որպեսզի նա, ներս մտածի պես, կարդաս այդ հայտարարությունը, և ես տամ նորան արժանի վարձը. թող չասեն մահկանացուք, թե ես վարձ չէի տալիս։
— Շատ բարի, Ձեր մռայլություն, ես երեկի արդեն հանձնել էի նորա գործերի մատյանքը քարտուղարին, որ ծանոթությունը հավաքե այնտեղից նորա մասին։
— Ժապավինա՞ծ են այդ մատյանքը, կամ ամբո՞ղջ են բոլոր թերթերը, գուցե մտած լինի մի խարդախություն. վատ չէր լինելու քննություն կարգել այդ մասին հետո։
— Մռայլագույն սատանա, — միամիտ կացեք մատյանների ճշդության մասին, որովհետև այդ ծայրագույն նզովյալը, որ գալիս է մեր մոտ, ինքը յուր ձեռքով ուղարկել է ամենայն տարի այդ մատյանքը, որ ժապավինած ու կնքած են նորա կնիքով։
— Ուրեմն քաղիր այդ մատյաններից ամենահարկավոր ծանոթությունքը և համառոտապես կը կարդաս. երբ նա կը ներկայանա իմ խավար զորությանը. այդ անպատճառ հարկավոր է, պատճառ, դա նոր է գալիս այստեղ, ուրեմն և արժան է ծանոթացնել նորան մեր դժոխային անիծյալների հետ։
— Մռայլագույն տեր, նա առավել ճիշտ գիտե, թե ով կա դժոխքումը. պատճառ, նա յուր ամբողջ կյանքը վարեց ընկերակցությամբ մեր սիրական Ասմոդեյի, որին Աղմոդևս էր կոչում ինքը' այդ Բրամինը։
— Այսուամենայնիվ պիտո է կարգը պահել, ի՞նչ կասե, եթե տեսանե անկարգություն, անվայելչականություն և անարժանություն, տարակույս չկա որ կը բողոքե ընդդեմ իմ, թե ո՜չ, տեր սատանա, դուք թեև այսպիսի անկարգության մեջ պահում եք դժոխքը, բայց անարժան էր, պիտո է քննություն բանալ։
Այս միջոցին անիծյալների բազմության միջից դուրս եկան երեք ուրվականք, հայր, որդի և թոռն, որ յուրյանց անունը հայտնելով Քամ, Քանան և նեբրովթ, հայտնեցին ևս, որ ծայրագույն Բրամինը շառավիղում էր յուրյանցից. բացի սորանից, ծերունի Քամը թույլտվություն խնդրեց սատանայից մի արձակ կամ ոտանավոր ճառ կարդալ այն հանդեսի մեջ, ուր պիտո է երևեր առաջին անգամ ծայրագույն Բրամինը: Սատանան մեծ հաճությամբ ընդունեց այս առաջարկությունը։
Կարդացողը անտարակույս պիտո է զարմանա, որ մի քանի թերթ հառաջ նկարագրված խիստ, անողորմ, բարկացող և աներկյուղ սատանան ինչպես այժմ նկարագրվում է որպես թե վախեցող, որովհետև այս և այն բաների մասին հոգաբարձություն է առնում, որ լավ կերպով ընդունելություն առնե ծայրագույն Բրամինին։ Ճշմարիտ է այդ խնդիրը, բայց և այն ճշմարիտ, որ այդ հեղափոխությունը կատարվեցավ տեր սատանայի վերա։ Սորա պատճառը իմանալու համար հարկավոր է հառաջուց ծանոթանալ այն ավանդությանը, որ պաշտոնական կերպով ընդունված է դժոխքի միմիայն իշխանների մեջ. պատճառ, խաժամուժ ամբոխը դևերի չգիտե ոչինչ թաքուն բան։
Իբր թե ժամանակով մահկանացու մարդերի միջից այնպիսի մի նզովյալ պիտո է դուրս գա, որ յուր աշխարհի երեսին արած չարություններովը գերազանցելով տեր սատանայից, պիտի գնա դժոխք և գահավիժելով դժոխքի թագավորը յուր գահի վերայից, ինքը պիտի թագավորե։
Սատանան միշտ վերահասու եղած լինելով, յուր ոստիկանների և լրտեսների ձեռքով, հնդկական ծայրագույն Բրամինի չարութեններին և ավերածքին, որ բերեց յուր ազգի վերա, ճշմարիտը պիտո է խոստովանել, երկյուղ ուներ, որ մի գուցե դա լինի այն խոստացած սատանայապետը։
Հանկարծ լսվեցավ սաստիկ դղրդյուն և հետո մի բան ընկավ դժոխքի դուռից ծծումբի լճի մեջ նույն աղաղակը գործելով, որ պատճառում է մի գերան, ջրի մեջ ընկնելու ժամանակ։
— Բերում են, բերում են,— կրկնեցին շատ դևեր միաձայն. Բեհեղզեբուղը պատրաստվեցավ հայտարարությունը կարդալու. սատանան ահուդողով, որ ոչ ոքին չէր հայտնում, նստած էր գահի վերա։
Երկու դև մտած երկու թևերի տակ, բերում էին ծայրագույն Բրամինը, կրակված ծծմբալճի վերայով, դեռևս այնքան մոտ չէր, որ կարելի լիներ միմյանց երես տեսանել։
Քամը, որ թույլտվություն էր ստացել տեր սատանայից մի արձակ կամ ոտանավոր շնորհավորություն կարդալ յուր զավակի գալստյանը, կանգնած էր թուղթը ձեռքին։
Վերջապես հայտնվեցավ Բրամինը, կարճահասակ, մորուքը մինչև ծունկը, չոր, աչքերը ներս ընկած, ժանգոտ ատամներով և անտանելի բերանի գարշահոտությամբ, դեմքը կնճռած, ունքերը կիտած։ Գլուխ տվեց սատանային և կամենում էր մի բան ասել, բայց մոտի կանգնած դևերը նշանացի արեցին նորան, թե մինչև ինքը սատանան չհարցանե, չէ կարելի բան խոսել։
Հանդես դուրս եկավ Բեհեղզեբուղը հայտարարությունը ձեռքին, գլուխ տվեց տեր սատանային, համբուրեց պատկառանքով նորա պոչի ծայրը և սկսեց կարդալ։
Թ
ՀԱՅՏԱՐԱՐՈԻԹ3ՈԻՆ
— Ամենամռայլապատվելագունեղ տեր,
Այս ուրվականը, շնորհ ունիմ ներկայացնել ձեզ, տեր հնդկական ծայրագույն Բրամին, որդի մի հասարակ Բրամինի, որ շառավիղում էր պարիաների ցեղից։ Ճակատագիրը պատրաստել էր նորան անոթ ընտրության լինիլ դժոխքի համար։ Նա լինելով այնպիսի ազգի մեջ, ինչպես հնդկացիք են, որ փախչելով ամենայն լուսավորությունից, ամենայն կերպ աշխատում են մնալ խավարի մեջ, և մեծ կարծիք ունին յուրյանց Բրամինների վերա, արդեն հիսուն-վաթսուն տարի սորանից հառաջ նշանավոր էր գտանված յուր դժոխային խռովասիրությամբ, նա շաբաթներով քունը կոտրում էր և հաց չէր ուտում, եթե իմանար, որ մի տեղ խռովություն կար, ու ջանում էր ապա գիշեր ցերեկ, որ այդ խռովությունը բորբոքվի, վեճը, կռիվը, բողոքը, որ դժոխքի և ձեր մռայլության զավակներն են, ծաղկին և զվարթանան։
Սա մի լավ պաշտոնյա էր ստության, դորա մեջ ոչինչ ճշմարտությունը տեսնված չէ, ամենայն կերպով հավատարիմ կացավ յուր դժոխային հոգու պարտականությանը։
Ագահության կողմից, հիանալի ագահ մարդ էր. կողոպտեց բոլոր մեհյանները և հափշտակեց նոցա կալվածքը յուր պաշտոնակալության մեջ դորա ձեռքը չմաքրվեցավ կաշառքից, և՛ ստացավ, և՛ տվեց։
Բղջախոհության դևը, մինչև դորա մահը չբաժանվեցավ դորանից. դա ամենայն քաղաքի մեջ, ուր նստում էր, որպես պաշտոնակալ, պահում էր մի սիրական և բոլոր գողության և կաշառքի արդյունքը վատնում էր նոցա վերա։ Թեպետ շատ մարդիկ կան, որ ունին յուրյանց մեջ այդ դևը, միայն հավատացե՞ք, մռայլագույն տեր, որ դորա անառակությանը միմիայն կարող են հավասարվիլ այն երկու եգիպտացի քույրերը Ոողա և Ոողիբա անունով, որ պահում եք Ձեր կանանոցի մեջ, որպես վարդապետություն դժոխային ամուսնության, կամ ինչպես մի ազգ ասաց, որպես աստված բանականության։
Հպարտության և փառամոլության կողմից, շատ նշանավոր է դա. կան աշխարհի երեսին ծերունիք, որ գիտեն թե ինչպես պատրաստ էր դա զոհել ամենայն, ինչ մի պարգևի համար: Վերջին անգամը խոստացել էր Ասմոդեյին հոգին տալ, եթե Ասմոդեյը կը տար նորան մի պարգև, բայց Ասմոդեյը առավել խորամանկ լինելով, ստացավ նորա հոգին, առանց պարգև տալու, թե ինչպես պատահեցավ այս, կիմանաք հայտարարությանս վերջումը։
Խավարաս իրության կողմից յուր նախագահությունը ոչովին չէ տալիս Հնդկաստանի մեջ. դորա ծայրագույն Բրամին դառնալուց հառաջ, լավ ու վատ կային դպրոցներ, ուր մի քանի բան սովորում էին, բայց այն օրից, երբ սա ստացավ ծայրագույն իշխանությունը, նախանձավոր լինելով դժոխքի փառքին, քանդեց և կործանեց այդ վարժատունքը, ցրվեց աշակերտքը, հալածեց վարժապետքը և խաբեց մի քանի հիմարի, թե այն պատճառով լինում են դոքա, որ ունի մի հոյակապ դպրոց բանալ, որպես այդ հոյակապ դպրոցի բացվելուն արգելք էր այն, ինչ որ ներկայումը, տարակույս չկա, որ այդպես չէ, բայց նորա հարազատությունը և ջերմեռանդությունը դեպի ձեր գահը հարկադրեցին այդպես գործ կատարել։
Խարդախության և դավաճանության կողմից այնպես անուն ուներ դա, որ ոչինչ մարդ բարեկամ չմնաց դորան, այն ամենասիրելի Բրամինը, որին սիրում էր և հավատում էր, այն կտրիճ որդին դժոխքի, վերջապես մահադեղ տվեց յուր բարերար ծայրագույն Բրամինին և տանը գտանված ինչքը հափշտակելով, շահվեցավ յուր համար փոքր ի շատե ազատ կեցության հնարք։ Ահա այս էր պատճառը, որ առանց Ասմոդեյի կողմից պարգևի, նորա հոգին եկած է ձեր խավար տերության մոտ, որպես արժանի զորական արժանի թագավորի։
Երբ ավարտեց վեզիրը յուր հայտարարությունը, սատանան և բոլոր հանդիսականքը ծափ զարկեցին, զմայլելով այսպիսի դեպի դժոխքը ջերմեռանդության վերա, որ ցուցել էր ծայրագույն Բրամինը, որ այն րոպեին ներկայացավ տեր սատանայի առաջև: Մահադեղից պատճառված փրփուրը դեռևս թափում էր նորա չորացած շրթունքի վերայից. գլուխը գտանվում էր ակամա և տենդային ցնցողության մեջք ոտքերը և ձեռքերը, մանավանդ այս անդամների մատերը, ցնցողությամբ կարկամվում էին։
Ծերունի Քամը ծայրագույն Բրամինի նախահայրը, որ կանգնած էր սատանայի գահի աջ կողմից, ձեռքին բռնած գալարած մի թերթ թուղթ, հառաջ դուրս եկավ հրապարակ և գլուխ տալով տեր սատանային, սկսեց յուր ճառը այսպես.
— Այս ուրախ հանդիսի մեջ, ուր ամենների սիրտը լցված է ուրախությամբ, ի՛նչ մնում է ինձ ասել, եթե ոչ սրտիս խորքիցը օրհնել այս օրը։ Ձեր մռայլություն, և դուք, դժոխային հոգիք, դուք, պարոններ, որ տեր սատանայի շնորհքով այսօր արժանի եք եղած դժոխքի որդի կոչվիլ, ինքներդ լսում եք ահա, թե ի՛նչ արժանավորությունը ունի իմ զավակը, որ շնորհ բերեց մեր մոտ, որի մասին այս րոպեիս խոսեցավ նորին մռայլության խավարափայլ վեզիրը: Եթե դուք ամենեքին ուրախանում եք դորա այդ կարգից դուրս արժանավորությունների վերա, որի հետ բացի հոգեկան առնչութենից ոչինչ ունիք հասարակաց, հապա չափեցեք իմ ուրախությունը, ուրախությունը, ասում եմ, նախահորս և այնպիսի բազմարդյուն զավակի սկզբնապատճառիս։
Խնդացեք ուրեմն, խնդակից եղիք ծերունուս, դժոխքի զորությունք, որ այսօր տեսանում ենք մի հաստապինդ սյուն ավելի կանգնած դժոխքի կամարների տակ։ Այսօր նոր դարագլուխ է դժոխքի համար, որովհետև լրանում է, իմ զավակի գալովը, դժոխքի զորության չափը, ես հույս ունիմ, որ այն դժվար խնդիրներում մինչ տեր սատանան պիտո է կապվեր մնար հնար չգտանելով որպիսի և իցե կերպով ազատվիլ մի որևիցե դժվար գործից, իմ որդին կը հասուցանե նորան յուր փրկարար խորհուրդը և կը սրբե տեր սատանայի տգիտության և թուլամորթության ամոթը դժոխքի պայծառ դրոշակի վերայից. այո, իմ որդին արժանի էր շատ մեծ պատիվների, բայց իմ հպատակական պարկեշտությունը թույլ չէ տալիս ինձ չափից անցուցանել իմ խոսքերը (ծափահարությունք):
Իսկ դու, իմ զավակ, քեզ եմ դառնում այժմ, իմ հարազատ զավակ, որ քո շատ տարեկան կյանքումդ երբեք ամոթ չբերեցիր իմ և իմ ազգատոհմի վերա, բարյավ լինի քո գալը, ողջամբ եկիր. գոհ եմ քեզանից, որ մեր ցեղի թշնամիներից, որ սպանել էին իմ թոռը, հանեցիր մեր վրեժը։ Եկ գրկախառնիր ինձ, տեր սատանայի պոչը անպակաս լինի բերանիցդ, ամե՛ն։
Երբ որ ավարտել էր Քամը յուր ճառը, Քանանը և Նեբրովթը Կայենի աղջկերքի հետ միասին սկսեցին երգել այս տաղը, որ շարադրել էր հատկապես այս դիպվածի համար պարոն Նաենափետս անունով փողոցի բանաստեղծը, և որ սրբագրել էր մեծ աշխատությամբ և զգուշությամբ գրականության դիվապետը։
|
|
Այս երգեցողության հետ միասին լսվում էին շատ կողմերից զանազան դժոխային գովասանական խոսքեր ծայրագույն Բրամինի մինչև այժմ ջատագովված արժանավորության վերա։ Այս խոսակցությունքը վերջացան տաղի հետ միասին։ Տիրեց րոպեական լռություն։ Դժոխքի այն ահագին տարածության մեջ, բորբոքված ծծմբալճի լուսովը միմիայն տեսանելի էր տեր սատանայի աշտարակաձև սևացած գահը և դևերի անհամար բազմություն նորա չորս կողմում. ծայրագույն Բրամինը յուր հասակի կարճությամբ չէր երևում նոցա մեջ, որովհետև հանդիսապետը[6] հրամայել էր նորան ծունկ չոքել տեր սատանայի գահի ոտքումը։ Ոչինչ տեղից չէր լսվում ձայն կամ աղաղակ ամենեքին լռվել էին դժոխային լռությամբ, որովհետև խոսելու կարգը հասել էր տեր սատանային։
Եվ ահա վեր կացավ անդնդապետը նստած տեղից. նա յուր ներքին ուրախությունը ծածկում էր երեսի արտաքին թթու կերպարանքի տակ. շատ ուրախ էր, որ այս ծայրագույն Բրամինը չէր այն սատանայապետը, որ խոստանում էր ավանդությունը։ Դժոխքի թագավորը ձեռքը ձգելով, այսպես սկսեց խոսել.— Ընդունեցե'ք այդ ծայրագույն Բրամինը այն օթևանի մեջ, ուր բնակվում է նորա նախահայր Քամը, արժանի՛ զավակ արժանի հոր. գնա՛, որդյակ, գնա՛ հանգստացիր այն չարչարանքների փոխանակ, որ չարչարվեցար դժոխքի փառքին համար աշխարհի երեսին։
Այն դևերը, որ կանգնած են կատարելու տեր սատանայի հրամանը, իսկույն վեր առեցին ծայրագույն Բրամինը, տարեցին դեպի այն բնակարանը, որի շինության համար հավաքել էր այնքան արծաթ։
Սատանան ավարտելով այս հանդեսը ձեռք ձգեց չորս կողմը և ահա դժոխքի բոքոր փառքը անհայտացավ, և ինքը գտանվեցավ յուր առանձնարանի մեջ։ Վեզիրը ահ ու դողով կանգնած էր տեր սատանայի առաջևը: Սատանան բոլորովին վաստակած այսքան աշխատանքից, ընկած էր սոֆայի վերա։ Մեր հաշվով առավոտը լուսանալու վերա էր:
— Մռայլագույն տեր,— ասաց վեզիրը,— բարեհաճել էիք հրամայել, որ կը կատարեք այսօր այն մի քանի անիծյալ հոգիների տարեգլուխը։
— Շատ բան ասել էի, մի՞թե պիտո է ամենայն ասած բան կատարվի, այժմ վաստակած եմ. շուտով երեկո է, Հռովմումը կը սկսեն առավոտյան ժամը. հանգստանալու ժամանակ է. գնա և դու հանգստացիր։ Մնացածը ուրիշ անգամ։
- ↑ Լավ (ֆր.):
- ↑ Լավ (գերմ.):
- ↑ Շատ լավ (լեհ.):
- ↑ Այս պայմանագրության բնագիրը, եզի կաշու վերա գրված, պահվում է Վատիկանի գրատանումը, արգելված մատյանների կարգում:Այս պայմանագրության բնագիրը, եզի կաշու վերա գրված, պահվում է Վատիկանի գրատանումը, արգելված մատյանների կարգում:
- ↑ «Ես ձեզ», այն ահեղ սաստը, որով ծովերի աստված Նեպտունը դիմեց հողմերին (Խմբ.):
- ↑ Церемонимейстер.