Սիրուհին քաղցր է լինում
Հանեսը հիվանդացավ հանկարծակի։ Կինը հորդորեց.
-Գնա, քեզ բժշկին ցույց տուր...
-Չէ,- համառում էր ամուսինը,- հիմա բժիշկ կա՞, մի հիմար բան են ասելու՝ թողնեն ինձ կրակի մեջ։
Բայց եւ այնպես Հանեսը գնաց։ Բժիշկը զննեց, մի քանի օրվա մեջ անալիզ-մանալիզ արավ ու թե.
-Վիճակդ վատ է, Հանես...
-Ի՞նչ,- Հանեսը իսկականից վատացավ։
-Շաքարդ շատ բարձր է...
-Չի բուժվի՞...
-Պիտի խիստ դիետա պահես։ Ասածներս էլ անես։
-Ամեն ինչ կանեմ, բժիշկ ջան, մենակ թե լավանամ։
-Դե, ուրեմն, լսիր,- բժիշկն առաջ է տանում իր խոսքը,- քաղցրեղեն չես օգտագործում, խոզի միս չես օգտագործում, խմիչք չես օգտագործում...
-Շատ լավ,- ասում է Հանեսը եւ գլուխ տալով դուրս գալիս։ Բայց ինչ-որ բան հիշելով, նորից դռներից ետ է գալիս.
-Բժիշկ ջան, ցավդ տանեմ, մի բան էլ եմ ուզում հարցնել, ամա ամաչում եմ։
-Բժշկից չեն ամաչի, ասա...
-Կարելի՞ է, որ մեկ-մեկ կնոջս հետ... Ախր, տղամարդ եմ, էլի...
-Հա, հա,- ծիծաղում է բժիշկը,- որքան ուզես... Դա կապ չունի։
Հիվանդը գոհ շրջվում է, որ գնա, բժիշկը հանկարծ ետ է կանչում.
-Լսիր, Հանես, կարո՞ղ է սիրուհի ես պահում... Մենակ, տես, բժշկից չպիտի բան թաքցնես՝ եթե ուզում ես բուժվել։
-Դե, սիրուհի էլ ասում ես, բժիշկ ջան,- կմկմում է Հանեսը,- մեր հարեւանի հարսն է, էլի, դուռը՝ դռան հարեւան, շատ մոտիկ... Սիրուհին ո՞րն է։
Բժիշկը միանգամից լրջանում է, դառնում մտախոհ։
-Ի՞նչ եղավ, բժիշկ, հո վատ բան չասացի՞։
-Չէ,- ծանր-ծանր խոսեց բժիշկը,- կնոջդ հետ որքան ուզում ես պառկիր, բայց հարեւանի հարսի հետ պառկելուց եղած առողջությունդ լրիվ կքայքայվի։
-Ինչո՞ւ...,- գրեթե փլվում է Հանեսը։
-Չի կարելի, դա արդեն քո հիվանդության դիետայից դուրս է։ Շաքարդ միանգամից ամենաբարձր կետին կհասնի։
-Չհասկացա, բժիշկ ջան, կնոջս հետ կարելի է, իսկ սիրուհու հետ՝ չէ՞...
-Հա... Հանես ջան։ Քո հիվանդությանը քաղցրը խիստ հակացուցված է։ Իսկ սիրուհին շատ քաղցր է լինում...