Սիրուն հայրենիք…

Նիկոլայ Նեկրասով

Թարգմանությունը՝ Ալեքսանդր Ծատուրյանի


Սիրուն հայրենիք…


Սիրո՜ւն հայրենիք, դեռ այսպես ուրախ, ջերմ զգացմունքով
           Երբեք չեմ անցած ես քո դաշտերով։

Տեսնում եմ մանկան մայրական գըրկում անհոգ խաղալիս
           Եվ վըսեմ մըտքեր հուզում են հոգիս։

Բարի՜ ժամին ես դու աշխարհ եկել, նազելի՛ մանուկ,
           Դու էլ չես տեսնի ճորտի արտասուք։

Դու մանկությունից հեռու կապանքից, անվախ ու ազատ
           Քեզ զգացմունք կընտրես՝ սըրտից հարազատ։

Կուզես— դու անվախ երկինք կըթռչես, սեգ արծվի նըման,
           Կուզես— դու հավետ կըմնաս շինական։