Վերադարձ (Մատթեոս Զարիֆյան)
Վերադարձ
Փողոցե մը լուռ, ամայի,
Առտվան այդ տժգույն ժամուն,
Ծեր քայլերով կը դառնայի
Դեպի սենյակս, մաղձով լեցուն։
Երեկույթը ավարտեր էր.
Ահ, տժգուներ էի այնքա՜ն.
Միտքըս խեղդող մշուշ մ’ուներ.
Ձեռքես հատ-հատ վարդերն ինկան։
Ատելություն մը խուլ, վայրագ,
Մարդերուն դեմ, հոգիիս դեմ,
Երկար պահեց գլուխըս հակ,
Ա՜հ, այդ վարդերը դեռ կատեմ։
Ու երբ առի ճակատըս վեր,
Դեռ նոր հագվող այդ երկնքին,
Պարզ ու խաղաղ ու գերիվե՜ր
Զգացի թե որքա՜ն եմ սին...
Ու կույս կոչնակն արշալույսին
Երբ սկսավ աղոթքն անտեր՝
Անշարժ կեցա աչքերըս հողին.
Աղոթք մ’ինչո՞ւ ես չեմ գիտեր...