ԱՄԲԱՐՁԻԿ, նախատեսված է նորոգումների, շինարարական կամ բարձման-բեռնաթափման աշխատանքների ժամանակ ծանր բեռներ բարձրացնելու համար։ Օրինակ, ավտոմոբիլի դողերը հանելիս, հատակը ներկելիս, շարժիչների հանգույցները յուղելիս, տների գերանակապերը, հատակի հեծանները փոխելիս օգտագործում են Ա.։ Ի տարբերություն այլ վերամբարձ մեխանիզմների՝ համեմատաբար փոքր չափեր և զանգված ունեցող Ա-ներով միայն ձեռքի մկանային ուժով կարելի է մի քանի տոննա զանգված ունեցող բեռը բարձրացնել մինչև 1 մ։

Ըստ գործողության սկզբունքի և կառուցվածքի տարբերվում են ատամնաձողավոր, պտուտակային և հիդրավլիկ Ա-ներ։ Ատամնաձողավոր Ա. կազմված է հենարանային իրանից, տանող գլխիկ և թաթեր ունեցող ամբարձաձողիկից։ Ատամնաձողավոր Ա-ներն ըստ փոխանցման մեխանիզմի լինում են լծակավոր ու ատամնավոր։ Լծակավոր Ա-ի ձողիկը գործում է տարուբերվող շարժաբեր լծակով, իսկ ատամնավորինը՝ ժանանիվով, որը պտտվում է շարժաբեր բռնակով։ Տեղաշարժված ձողիկը բեռան ծանրությունից վայր ընկնելուց պահպանում է սևեռապնդման (կասեցման) սարքերի իջեցմամբ։

Պարզագույն պտուտակային Ա. կազմված է պողպատե կամ թուջե իրանից և շարժական ամբարձիչ պտուտակից, որը պտտվում է արգելակային մեխանիզմ ունեցող բռնակով։ Բարձրացված բեռը պահվում է պտուտակի ինքնաարգելակման շնորհիվ։ Պտուտակային Ա-ների բեռնունակությունը մինչև 20 տ է (1 մ բարձրացնելիս)։

Առավել բեռնունակ է (մինչև մի քանի տասնյակ տ) հիդրավլիկ Ա.։ Այն պողպատե գլան է դուրս եկող մխոցով, որի տակ ձեռքի շարժաբեր պոմպով մղվում է բանող հեղուկ (սովորաբար մեքենայի յուղ)։ Մխոցը ելման (ստորին) դիրք իջեցնելու համար անհրաժեշտ է հատուկ փականի օգնությամբ բանող հեղուկը գլանից հետ լցնել պոմպի ռեզերվուարի մեջ։ Հիդրավլիկ Ա. ապահովում է ծանրության սահուն բարձրացումը և ճիշտ տեղադրումն անհրաժեշտ բարձրությամբ։ Հիմնական թերություններն են ամբարձման փոքր արագությունը և բարձրությունը (մի քանի տասնյակ սմ) աշխատանքային մեկ փուլում։

Եթե աշխատանքային մեկ փուլում Ա. չի ապահովում պահանջվող բարձրություն, ապա հնարավոր դիրքին հասնելուց հետո բեռան տակ ժամանակավոր հենարաններ են դնում, ազատում Ա., և Ա-ի (կամ բեռան) տակ համապատասխան հաստության չորսու տեղադրելով, կրկնում են աշխատանքը։

Ա. գործածելիս պետք է իմանալ, որ առաջացող ուժը միանման է ազդում և՛ բեռան, և՛ հենարանի մակերևույթի վրա։ Ա. պետք է տեղադրել ամուր և հարթ հիմքի վրա։ Եթե անհրաժեշտ է այն դնել գետնին, ապա Ա-ի տակ պետք է հենարան (կոճ, տախտակ, չորսու ևն) դնել։ Բարձրացվող առարկայի մակերևույթը վնասվելուց պահպանելու համար, խորհուրդ է տրվում Ա-ի կրող գլխիկի և բարձրացվող բեռի միջև դնել մետաղաթիթեղ (3-5 մմ հաստությունից ոչ պակաս) կամ այլ ամուր միջադիր։ Եթե մեկ Ա-ի ամբարձունակությունն անբավարար է, ապա կարելի է օգտագործել մի քանի Ա-ներ։ Այս դեպքում բոլոր Ա-ները կարելի է աշխատացնել միաժամանակ կամ հերթականությամբ։