ԱՄՍԱԲՈՂԿ (աճեցումը), միամյա բույս է։ Խոնավության նկատմամբ պահանջկոտ է։ Լավ է աճում փուխր և բերրի հողերում։ Արմատապտուղները ձևավորվում են ցանքից 35-40 օր հետո։ Աշնանը կրկնափորի ժամանակ հողին ավելացնում են բուսահող (հումուս) կամ կոմպոստ (1 մ²–ին՝ կես դույլ), հանքային պարարտանյութեր (1 մ²–ին՝ 40-80 գ), սուպերֆոսֆատ և կալիումական աղ (1 մ²–ին՝ 15-20 գ)։

ՀՀ-ում Ա. մշակում են ամենուրեք։ Տարածված վաղահաս սորտերից են. վարդագույն սպիտակ ծայրով, կարմիր սպիտակ ծայրով, Սաքսա և Դունգանյան։ Նույն սորտերը ցանում են նաև տաքացվող գրունտում։ Արարատյան դաշտում Ա. ցանում են վաղ գարնանը և ուշ ամռանը թմբերի և հարթ մակերևույթի վրա։ Եթե հողի սննդարար շերտը բանջարանոցում խոր չէ (8-10 սմ), ապա Ա. աճեցնում են մարգերում։ Անձրևի և ոռոգման ջուրը պահելու համար փոցխով եզրաթմբեր են սարքում։ Ա. ցանում են 6-8 սմ միջշարային և 3-5 սմ միջբուսային հեռավորությամբ։ Շոգ ամիսներին Ա-ի ցանքը դադարեցնում են, քանի որ այն վատ է աճում, դառնում թելավոր և կծու։ Ա. սնուցում են միզանյութով 1-2 անգամ (1 մ²–ին՝ 20-25 գ), ծիլերի երևալուց և նոսրացումից հետո, անհրաժեշտության դեպքում ջրում են։