Այրոց
Առողջություն և կոսմետիկա
Աղբյուր՝ ՏՏՀ, էջ 247
Այս էջը կարող է պարունակել հնացած կամ ոչ ճշգրիտ բժշկական կամ առողջապահական տեղեկատվություն։

ԱՅՐՈՑ, տհաճ զգացում կերակրափողում. առավել արտահայտված է ստորին բաժնում։ Առաջանում է ստամոքսի թթու պարունակությունը կերակրափող ընկնելիս։ Նշանակություն ունեն նաև վերջինիս լորձաթաղանթի զգայունության բարձրացումը, ստամոքսի գործունեության խանգարումները և այլ գործոններ։ Հաճախ նկատվում է ստամոքսահյութի թթվայնության բարձրացման, երբեմն էլ ստամոքսահյութում աղաթթվի քչացման և նույնիսկ բացակայության դեպքերում։ Հանդիպում է ստամոքսի տարբեր հիվանդությունների (խոցային հիվանդություն, ստամոքսաբորբ), լեղապարկի բորբոքման, ստոծանու ճողվածքի, որոշ սննդամթերքի հանդեպ օրգանիզմի անհանդուրժողականության ժամանակ։

Բուժումը. հիմնական հիվանդության վերացում։ Հարկավոր է իմանալ, որ Ա. վերացնելու նպատակով ալկալիական նյութերի անկանոն օգտագործումը վնասակար է, դրանք պետք է օգտագործել միայն բժշկի նշանակմամբ։ Սննդի օրաբաժնից հարկավոր է բացառել սուր, տապակած ճաշատեսակները։