Այրվածք
Առողջություն և կոսմետիկա
Աղբյուր՝ ՏՏՀ, էջ 247
Այս էջը կարող է պարունակել հնացած կամ ոչ ճշգրիտ բժշկական կամ առողջապահական տեղեկատվություն։

ԱՅՐՎԱԾՔ, հյուսվածքների վնասումը բարճր ջերմաստիճանի, քիմիական նյութերի, էլեկտրական հոսանքի և ռադիոակտիվ ճառագայթման ազդեցությամբ։ Տարբերում են համապատասխանաբար ջերմային, քիմիական, էլեկտրական և ճառագայթային Ա-ներ։ Կենցաղում առավել հաճախ հանդիպում են ջերմային այրվածքները (եռացրած ջրով, տաքացնող սարքերին դիպչելիս և այլն)։

Ըստ խորության Ա-ները բաժանվում են չորս աստիճանի։ Առաջին աստիճանի դեպքում մաշկը կարմրում է, այտուցվում, դառնում ցավոտ։ Եթե մաշկի վրա, այրվածքի հատվածում, ուրիշ վնասվածքներ չկան, անհրաժեշտ է այրված մաշկը լվանալ մաքուր, սառը ջրի շիթով, այնուհետև թրջել սպիրտով, օղիով, օդեկոլոնով կամ կալիումի գերմանգանատի թույլ (բաց վարդագույն) լուծույթով և դնել մանրէազերծ չոր վիրակապ։

Երկրորդ աստիճանի Ա-ի դեպքում մաշկի վրա առաջանում են թափանցիկ հեղուկով լցված բշտիկներ, որոնց մի մասը պայթելով մերկացնում է մաշկը։ Վերնամաշկից զուրկ հյուսվածքները կարող են ընդհանուր վարակման (սեպսիս) պատճառ դառնալ։ Այսպիսի դեպքերում անհրաժեշտ է դիմել բժշկի, իսկ մինչ այդ հարկավոր է վնասված հատվածը կապել կամ ուղղակի ծածկել մանրէազերծ վիրակապով։ Ավելի նպատակահարմար է օգտվել անհատական վիրակապական փաթեթից։ Չի կարելի բշտիկները ծակել և որևէ քսուք դնել, առավել ևս օգտագործել տնային միջոցներ։ Դա նպաստում է վերքի կեղտոտմանը և բարդացնում հետագա բուժման ընթացքը։ Երրորդ աստիճանի Ա-ի դեպքում մաշկից բացի ախտահարվում են նաև ավելի խոր հյուսվածքներ, իսկ չորրորդ աստիճանի դեպքում խոր հյուսվածքները մեռուկանում են (ածխանում), որոնց հեռացումից առաջանում են մեծ վերքեր, ծանր ինքնաթունավորում, ընդհանուր վարակում և վերքային հյուծում։ Երրորդ և չորրորդ աստիճանների դեպքում տուժածին հարկավոր է անհապաղ տեղափոխել բուժհիմնարկություն։

Առաջին օգնությունը Ա. առաջացնող պատճառների վերացումն է։ Եթե այրվում է հագուստը, ապա հարկավոր է ջրի հոսքով հանգցնել կրակը, տուժածին փաթաթել ծածկոցով, վերարկուով կամ հաստ գործվածքով։ Այրվող հագուստով չի կարելի վազել, քանի որ, քամին բորբելով կրակը ուժեղացնում է այրվածքը։ Չի կարելի այրված հատվածից հագուստը պոկելով հանել, այլ պետք է կտրտել և զգույշ հեռացնել այն, իսկ մաշկին կպած լաթերի եզրերը մկրատով կարճ կտրել։ Եթե Ա. առաջացել է քիմիական նյութերից, մարմնի այրված հատվածներն անմիջապես պետք է լվանալ սառը ջրի շիթով (15-20 րոպե), թթուներով առաջացած Ա-ների դեպքում սոդայի լուծույթով (1 թեյի գդալ սոդա 1 բաժակ ջրին), իսկ հիմքերով առաջացածի դեպքում քացախաթթվի կամ բորաթթվի թույլ լուծույթով (1 թեյի գդալ քացախ 1 բաժակ ջրին) թրջած վիրակապ դնել։ Ցանկացած աստիճանի տարածուն այրվածքների դեպքում տուժածին անհրաժեշտ է որքան հնարավոր է շտապ տեղափոխել բուժհիմնարկություն։ Քանի որ նման դեպքերում այրված հատվածին վիրակապ դնել չի թույլատրվում, տուժածին պետք է փաթաթել մաքուր սավանով, ծածկել ծածկոցով և տեղափոխել պատգարակով։ Շնչառական ուղիների և աչքերի Ա-ների դեպքում, անկախ մաշկի այրվածքի աստիճանից, տուժածին պետք է անհապաղ հասցնել բուժհիմնարկություն։ Արևային Ա-ների մասին տես Արևայրուկ, էլեկտրականի մասին՝ Էլեկտրահարություն և կայծակնահարություն, կերակրափողի և ներքին օրգանների քիմիական Ա-ների մասին՝ Թունավորում հոդվածներում։