ՏՏՀ/Ապահովիչ էլեկտրական
ԱՊԱՀՈՎԻՉ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ, նախատեսված է էլեկտրական ցանցը կամ էլեկտրասնման այլ աղբյուրները կարճ միացման և ուժեղ գերբեռնումների պատճառով առաջացող մեծ հոսանքներից պաշտպանելու համար։ Այդպիսի հոսանքները կարող են վնասել հաշվիչը, հաղորդալարերի մեկուսացումը և նույնիսկ հանգեցնել հրդեհի։ Առավել հաճախ օգտագործվում են հալուն ապահովիչներ։ Այդպիսի ապահովիչում հոսանքն անցնում է դյուրահալ մետաղից պատրաստված լարով (հալուն ներդիրով), որը կարող է դիմանալ որոշակի առավելագույն հոսանքի։ Մեծ հոսանքի դեպքում լարը հալվում է, էլեկտրական շղթան խզվում, և ցանցի անսարք կամ հոսանքով գերբեռնված տեղամասը կամ վնասված սարքը հոսանազերծվում են։
Հալուն ապահովիչը (տեղադրվում է բնակարանային բաշխիչ վահանակի վրա) բաղկացած է իրանից (կոթառից) և նրա մեջ ներպտուտակված հալուն ներդիրով ճենապակե խցանից, որը հաշվարկված է 6, 10 և ավելի ամպեր հոսանքի ուժի համար (նշվում է խցանի կափարիչի վրա)։ Խցանի այրման դեպքում հարկավոր է նախ վերացնել անսարքությունը կամ ցանցի գերբեռնվածությունը, ապա միայն խցանը փոխարինել նույն հոսանքի համար նախատեսված պահեստային խցանով։ Չի թույլատրվում խցանների փոխարեն դնել մետաղալարի կտորներ, քորոցներ կամ ինքնաշեն հարմարանքներ, վնասված խցանի կոթի վրա փաթաթել պղնձալար։ Եթե այդպիսի ինքնաշեն ապահովիչով անցնող հոսանքը զգալիորեն գերազանցի թույլատրելի արժեքը, ապա հաղորդալարերի մեկուսապատվածքը կարող է այրվել, և հրդեհ բռնկվել։
Օգտագործման համար ավելի հարմար են բազմակի գործողության ավտոմատ ապահովիչները, որոնցում հալուն ներդիրը փոխարինված է մեծ հոսանքների դեպքում գործարկվող ռելեով։ Էլեկտրական շղթայում կարճ միացում առաջանալիս կտրուկ աճում է ապահովիչով անցնող հոսանքը, ռելեն գործարկվում է և անջատում հպակները, խզելով էլեկտրական շղթան։ Վահանակի վրա տեղադրելու համար ապահովիչն ունի պարուրակով կոթ. միացվում և անջատվում է կոճակների սեղմումով։
Ապահովիչը տեղադրելուց հետո անհրաժեշտ է մինչև վերջ սեղմել միացնող կոճակը։ Ավտոմատ անջատման դեպքում, մինչև նորից միացնելը, անհրաժեշտ է պարզել ապահովիչի գործարկման պատճառը և վերացնել այն։ Ապահովիչը նորից կարելի է միացնել ռելեի գործարկումից 1,5 րոպե հետո։ Ապահովիչը ձեռքով անջատելու համար պետք է սեղմել կառավարման կարմիր կոճակը։
Երբեմն կափարիչի տակ գտնվող հպակների միջև սեղմված հալուն ներդիրի տեսք ունեցող ապահովիչները տեղակայվում են խրոցակի վարդակներում։ Այդպիսի ներդիրը փոխելու համար հարկավոր է նախապես բնակարանային բաշխիչ վահանակի կոթառներից հանել խցանները։
Ռադիոընդունիչներում, մագնիտոֆոններում, հեռուստացույցներում և էլեկտրակենցաղային այլ սարքերում նույնպես սովորաբար տեղադրվում են ապակե խողովակներում ամփոփված բարակ մետաղալարից պատրաստված հալուն ապահովիչներ (Բոզեի ապահովիչներ)։ Այդպիսի ապահովիչը փոխելու համար անհրաժեշտ է հետևել, որ նրա գլխադիրի վրա նշված հոսանքը (0,5Ա, 1Ա, 2Ա ևն) համապատասխանի սարքին կցված բացատրագրի ցուցումներին։ Ապահովիչը փոխվում է էլսարքը ցանցից անջատված վիճակում։