ՏՏՀ/Գազօջախ
ԳԱԶՕՋԱԽ, որպես վառելանյութ օգտագործվում է գազ՝ բութան, պրոպան կամ դրանց խառնուրդը։ Օգտագործում են տանը, ամառանոցում, դյուրակիրը՝ արշավի ժամանակ և այլ դեպքերում։ Սովորաբար Գ. ունենում է 1-4 այրիչ, կրակակալ և գազակարգավորիչ ծորակներ։ Գ-ների համար օգտագործում են փակող-արտամղող փականով (իջեցնում է ճնշումը բալոնի գազաելքի մոտ) և ճնշման կարգավորիչներով հատուկ գազաբալոններ, որոնք Գ-ին միանում են ճկուն ռետինե կամ պլաստմասսայե ճկափողի կամ նրբապատ մետաղե փողրակով։
Գ. օգտագործելիս անհրաժեշտ է պահպանել անվտանգության կանոնները։ Բոցը կարգավորելիս պետք է հետևել, որպեսզի այն այրիչի եզրերից վեր լինի, չի կարելի թողնել կրակի շատ փոքր լեզվակներ, այլապես այրիչը կարող է հալվել կամ ժամանակից շուտ փչանալ։ Գազի հոտ զգալիս պետք է անմիջապես անջատել այրիչները և գտնել գազի արտահոսքի տեղը (օրինակ, օճառի լուծույթով. այն քսում են գազամուղի խողովակների միացման տեղերում)։ Փականի հերմետիկությունը կարելի է ստուգել ջուր լցնելով դրա վերին խոռոչի մեջ. գազը բացելիս (անպայման բաց օդում, քամուց պաշտպանված տեղում) ջրում չպետք է առաջանան գազի պղպջակներ։ Գազահոսքը վերացնելուց հետո կարելի է նորից այրիչը վառել, իսկ եթե հոսքը չի վերացվել, ապա Գ-ից օգտվել չի կարելի։ Գազով լցված բալոնները պետք է պահել ոչ բնակելի շինություններում, արևի լույսից պաշտպանված տեղերում։ Դատարկ բալոնները լիքով փոխարինում են հատուկ սարքավորված կետերում։
Թողարկում են մեկ և երկու գլխակալ ունեցող Գ-ներ։ Առավել տարածված են երկգլխակալ սեղանի Գ-ները և 5 լ տարողության, 1,6 ՄՊա (16 կգ/սմ²) աշխատանքային ճնշման բալոնները։ Ժամում այսպիսի Գ-ի մեկ այրիչը ծախսում է 0,065-0,074 մ³ գազ։ Նման ծախսի դեպքում 1 բալոն գազը բավարարում է 9-10 ժամ (երկու գլխակալների օգտագործման դեպքում)։ Գ-ի չափերն են՝ 230x280x128 մմ, բալոնի տրամագիծը՝ 222 մմ, բարձրությունը՝ 290 մմ։ Մեկ գլխակալով Գ-ները (240x345x90 մմ) թողարկում են 0,9 լ ծավալ ունեցող բալոնի հետ։