ՏՏՀ/Խավրծիլ
ԽԱՎՐԾԻԼ, հնդկացորենազգիների ընտանիքի բազմամյա խոտակերպ բանջարաբույս։ Խ. ցրտադիմացկուն է, սակայն նրա աճի համար առավել բարենպաստ են բարեխառն կլիմա ունեցող շրջանները։ Մշակության մեջ առավել տարածված են սովորական, կոմպակտ, պատվաստային և ցածրաճ տեսակները, որոնց տերևակոթունների ու տերևաթերթերի հաստ, մսալի մասերը (բացառությամբ արմատների) գործածում են սննդի մեջ։ Բերքը հավաքում են մայիս-հունիսին, իսկ կրկնակին՝ սեպտեմբերին։ Տերևակոթունները պետք է հավաքել պարբերաբար, 10-12 օրը մեկ, երբ նրանք նուրբ են և թելքերը դեռևս չեն կոշտացել։ Սենյակի ջերմաստիճանում տերևակոթունները կարելի է պահել մինչև 2 օր, մոտ 0 °C ջերմաստիճանի և 9 % օդի հարաբերական խոնավության պայմաններում՝ մինչև 5-7 օր (գերադասելի է ցելոֆանով փաթաթած)։
Խ. պարունակում է շաքար, օրգանական թթուներ, կալցիումի, ֆոսֆորի, մագնեզիումի հանքային աղեր, պեկտինային նյութեր, 10 մգ % C վիտամին և այլ վիտամիններ։ Տերևակոթուններն ունեն խիստ արտահայտված թթվաշություն, յուրահատուկ համ ու բույր (հիշեցնում է խնձորի համը)։
Խ-ի տերևակոթուններից (առանց տերևների) կարելի է եփել մուրաբա, կոմպոտ, կիսել, սոուս ևն։ Խ. չի կարելի եփել պղնձե կամ երկաթե կաթսաներում։
Խ-ի կոմպոտ. Խ-ի տերևակոթունները կեղևել, լվանալ, մանր կտրտել, վրան ջուր լցնել, եռացնել 5-7 րոպե, ավելացնել շաքարավազ և եփել մինչև տերևակոթունների փափկելը։ Եփելու ընթացքում կարելի է ավելացնել մի քիչ վանիլին կամ դարչին։ Մատուցել սառը վիճակում։
1 կգ Խ-ին՝ 1 1/2 լ ջուր, 1 1/2 բաժակ շաքարավազ։
Խ-ի կիսել. լվացած և մանր կտրտած Խ-ի տերևակոթուններին լցնել եռացող ջուր և եփել 5-7 րոպե, ապա տրորելով անցկացնել մաղով, խյուսին ավելացնել շաքարավազ, վանիլին, ցիտրուսակեղև, կիտրոնի շերտեր կամ դարչին (ըստ ճաշակի)։ Սառը ջրում լուծել կարտոֆիլի ալյուրը և խառնելով լցնել տրորած զանգվածին, եռացնել, հետո հովացնել։
500 գ տերևակոթուններին՝ 1/2 լ ջուր, 2-3 թեյի գդալ կարտոֆիլի ալյուր։
Խ-ի սոուս. լվացած և մանր կտրտած Խ-ի տերևակոթունները եփել մինչև փափկելը և տրորել մաղով։ Ալյուրը բովել կարագով, վրան ավելացնել թթվասեր, աղ, շաքարավազ, խառնել և խառնելով ավելացնել տրորված խյուսին, հասցնել եռման։ Մատուցում են մսով կերակուրների հետ, կարելի է գործածել նաև տոմատի սոուսի փոխարեն։
1,5 կգ Խ-ին՝ 2 թեյի գդալ ցորենի ալյուր, 1/2 բաժակ թթվասեր, 1 թեյի գդալ աղ, 1 ճաշի գդալ շաքարավազ։