ՏՏՀ/Կրծողներ
ԿՐԾՈՂՆԵՐ, որոշ կրծողներ մեծ վնաս են հասցնում ժողովրդական տնտեսությանը և մարդու ու կենդանիների վարակիչ հիվանդությունների (ժանտախտ, տիֆ, տուլարեմիա, լեյշմանիոզ ևն) տարածողներ են։ Առնետները և տնային մկներն ապրում են բնակավայրերում, պահեստներում, գոմերում, շտեմարաններում և այլուր։ Մոխրագույն առնետները տարածված են համարյա ամբողջ աշխարհում և բազմանում են շատ արագ։ Մեկ էգը տարեկան կարող է ծնել մինչև 75 ձագ։ Սև առնետները հազվադեպ են հանդիպում և ավելի դանդաղ են բազմանում։
Առնետներն ամենակեր են, ուտում և փչացնում են սննդամթերքը, մորթեղենը, կահույքը, օճառը, կաշին ևն։ Առնետները կարող են կատաղության հարուցիչի փոխանցողներ լինել, ուստի, եթե կծել են մարդուն, պետք է նա հատուկ մասնագիտացված բուժում ստանա։ Տնային մկները ևս տարածված են ամենուրեք և բազմանում են շատ արագ։ Մեկ էգը տարեկան կարող է ծնել մինչև 80 ձագ։ Մկները սնվում են զանազան սննդամթերքներով և կերով։
Առնետների և մկների ոչնչացման համար լայնորեն օգտագործում են թունավոր խայծեր։ Այդ նպատակով օգտագործվող հիմնական թունաքիմիկատը զոոկումարինն է։ Թույների հետ աշխատելիս, պետք է շատ զգույշ լինել։ Թունավոր խայծերը պետք է դնել երեխաների և տնային կենդանիների համար անմատչելի տեղերում։ Դրանք պատրաստելուց և տեղադրելուց հետո անհրաժեշտ է անմիջապես լավ լվացվել տաք ջրով և օճառով։ Տես նաև Դերատիզացում: