ՏՏՀ/Հալվե
ՀԱԼՎԵ, ալոե. շուշանազգիների ընտանիքի սուկուլենտ բույս։ Հայրենիքը Հարավային Աֆրիկան է։ Տերևները հյութալի են, ատամնաեզր եզրապատված մանր փշերով։ Ծաղիկները դեղնակարմրավուն են, ծաղկաբույլը՝ խոշոր, ողկույզաձև կամ հուրանաձև։ Տանը մշակվող առավել տարածված տեսակներից են ծառանման (դարահալվե), թարթիչավոր և խայտաբղետ (փոքրիկ, գեղազարդ սպիտակ գծավոր տերևներով) Հ-ները։ Հ. լավ է աճում հատկապես հարավ-արևելք նայող պատուհանագոգերին։ Խորհուրդ է տրվում ամռանը բույսը պահել դրսում, կիսաստվերում և առատորեն ջրել, իսկ ձմռանը՝ սենյակի լուսավոր մասում և չափավոր ջրել։ Ակտիվ աճի շրջանում անհրաժեշտ է բույսը սնուցել ամոնիակային բորակի լուծույթով (1 լ ջրին 1 գ) կամ փտած գոմաղբով։ Հողախառնուրդի համար վերցնել 2 մաս ճմահող, 1 մաս տերևահող և 1/2 մաս գետի ավազ, ավելացնել մանրած աղյուս և փայտածուխ։ Հ. բազմացվում է կտրոններով, արմատածիլերով և սերմերով։ Նախքան տնկելը կտրոնները պետք է թառամեցնել (մեկ օր), այնուհետև կտրվածքները թաթախել փայտածխափոշու մեջ և տնկել գետի խոնավ ավազով լցված թաղարում կամ տափակ ամանում։ Արմատակալած երիտասարդ բույսերը պետք է տնկել ոչ մեծ թաղարում։
Ծառանման Հ-ի տերևներից ստացված մզվածքն օգտագործում են աչքի, ստամոքսաղիքային (որոշ) և այլ հիվանդություններ, իսկ թարմ տերևների հյութը՝ թարախային վերքեր, այրվածքներ, մաշկի բորբոքային հիվանդություններ բուժելիս։ Մզվածքը կարելի է օգտագործել միայն բժշկի խորհրդով, որովհետև այն հակացուցված է սիրտանոթային որոշ հիվանդությունների դեպքում։