Կրծքային հեղձուկ
Առողջություն և կոսմետիկա
Աղբյուր՝ ՏՏՀ, էջ 294
Այս էջը կարող է պարունակել հնացած կամ ոչ ճշգրիտ բժշկական կամ առողջապահական տեղեկատվություն։

ԿՐԾՔԱՅԻՆ ՀԵՂՁՈՒԿ, ստենոկարդիա, ուժեղ ցավի նոպաներ կրծքավանդակի կենտրոնում (կրծոսկրի հետևում) կամ սրտի շրջանում։ Սրտի իշեմիկ հիվանդության առավել տարածված ձևն է։ Առաջանում է պսակային զարկերակներով դեպի սիրտն արյան հոսքի և սրտամկանի պահանջների ժամանակավոր անհամատեղելիության (այսինքն պսակային շրջանառության սուր անբավարարության) հետևանքով։ Ցավն ունի բավականին պարզորոշ սկիզբ և վերջ։ Այն լինում է սեղմող, ճնշող, տարածվում է դեպի ձախ ձեռքը, թիակը, պարանոցը, կարող է ուղեկցվել վախի զգացողությամբ, ընդհանուր թուլությամբ։ Նոպան տևում է սովորաբար րոպեներ, հազվադեպ ավելի երկար (երբեմն՝ կես ժամ)։

Եթե ցավի նոպաներն առաջանում են միայն ծանրաբեռնվածության ժամանակ, երբ մեծանում է սրտամկանը սնուցող նյութերի հանդեպ պահանջարկը (քայլելիս, ֆիզիկական կամ նյարդային լարվածության ժամանակ, ինչպես նաև տաք սենյակից ցուրտ եղանակին դուրս գալիս) անվանում են լարման Կ.հ.։ Այդ դեպքում սովորաբար ցավն անցնելու համար անհրաժեշտ է հանգստանալ (օրինակ, քայլելիս հիվանդն ստիպված կանգ է առնում)։

Հանգստի Կ.հ–ի նոպան կապված չէ ֆիզիկական կամ նյարդային լարվածության հետ, և հաճախ այն սկսվում է քնած ժամանակ, հիվանդն արթնանում է ցավից։ Կ.հ–ի երկու ձևերն էլ կարող են զուգակցվել։ Կ.հ–ի ժամանակ արյան շրջանառությունը խանգարվում է սրտի պսակային անոթների աթերոսկլերոզային սեղմումից, հաճախ նաև դրանց բորբոքային և այլ բնույթի ախտահարումներից։

Սակայն նոպաները կարող են առաջանալ նաև արյան անոթների անատոմիական փոփոխությունների բացակայության դեպքում՝ որպես դրանց կծկանքի արդյունք (օրինակ, հիպերտոնիկ հիվանդության, լեղապարկի բորբոքման, ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդության ժամանակ ծագող ռեֆլեքսային կծկանքի հետևանքով՝ ռեֆլեքսային Կ.հ)։ Սրտի, կրծքավանդակի ձախ կեսի ցավը հաճախ կապված չէ Կ.հ–ի հետ. այն կարող նևրոզի, օստեոխոնդրոզի, սրտամկանի բորբոքման և այլ հիվանդությունների հետևանք լինել։ Այդ դեպքերում ցավը սովորաբար նոպայաձև սեղմող բնույթ չունի, այն մղկտացող է, ծակող, շանթող, հաճախ ուղեկցվում է տհաճ զգացողություններով։ Կ.հ–ի նոպայի ժամանակ անհրաժեշտ է լիակատար հանգիստ պահպանել, շտապ ընդունել նիտրոգլիցերին կամ վալիդոլ (1 հաբ կամ հեղուկ պատրաստուկի 2-3 կաթիլը լցնել մի կտոր շաքարի վրա, լեզվի տակ պահել մինչև լրիվ ներծծվելը)։ Եթե դեղանյութն ընդունելուց 2-5 րոպե հետո ցավը չի դադարում, հարկավոր է հիվանդին պառկեցնել և անհապաղ բժիշկ հրավիրել։

Կ.հ-ի նոպաները կանխելու համար անհրաժեշտ է պահպանել աշխատանքի, սննդի, հանգստի արդյունավետ օրակարգ, բացառել ֆիզիկական ծանր աշխատանքը, առատ սնունդը (հատկապես ուշ ժամին), չչարաշահել ալկոհոլը, հրաժարվել ծխելուց: Օգտակար են զբոսանքը, 8-ժամյա քունը, բուժական մարմնամարզությունը, նպատակահարմար է արձակուրդն անցկացնել սովորական կլիմայական պայմաններում, կազմակերպել ակտիվ հանգիստ։