Կրծքի երեխա
Առողջություն և կոսմետիկա
Աղբյուր՝ ՏՏՀ, էջ 294
Այս էջը կարող է պարունակել հնացած կամ ոչ ճշգրիտ բժշկական կամ առողջապահական տեղեկատվություն։

ԿՐԾՔԻ ԵՐԵԽԱ, մինչև մեկ տարեկան երեխա։ Այդ շրջանում դրվում է առողջության, ֆիզիկական և մտավոր զարգացման հիմքը։ Առողջ երեխա դաստիարակելու և ճիշտ խնամք ապահովելու համար անհրաժեշտ իմանալ մանկական օրգանիզմի որոշ առանձնահատկություններ։ Տարբերում են նորածնության (կյանքի առաջին շաբաթը) և կրծքով կերակրելու (կրծքի տարիք՝ մինչև կյանքի առաջին տարվա վերջը) շրջաններ։ Մոր օրգանիզմից դուրս գոյության պայմաններին նորածնի հարմարեցումն ուղեկցվում է նրա օրգանիզմի բազմաթիվ օրգանների և համակարգերի գործունեության վերակառուցմամբ։ Կրծքի երեխայի հյուսվածքների և օրգանների անատոմիաֆիզիոլոգիական առանձնահատկությունները, վարակամերժության ձեռքբերման անբավարար ունակությունը պայմանավորում են տարբեր հիվանդությունների նկատմամբ բարձր ընկալունակությունը, ինչպես նաև դրանց ընթացքի համեմատական ծանրությունը։

Կ. ե-ի զգացմանը բնորոշ է մարմնի զանգվածի և հասակի արագ աճը։ Ժամանակին ծնված երեխայի (այսինքն, հղիության բնականոն ժամկետը՝ 39-40 շաբաթը լրանալուց հետո ծնված) մարմնի զանգվածը տղաների համար կազմում է 3500+450 գ, աղջիկների համար՝ 3300+460 գ։ Նորածնի հասակը (մարմնի երկարությունը) տատանվում է 47-ից մինչև 56 սմ (առավել հաճախ՝ 50-51)։ Կյանքի առաջին ամսում երեխայի մարմնի զանգվածն ավելանում է 700–800 գ, հետագայում աճը որոշ չափով դանդաղում է. առաջին կիսամյակում՝ մինչև 600 գ, երկրորդ կիսամյակում՝ 500 գ։ 5-6 ամսականում երեխայի մարմնի զանգվածը կրկնապատկվում է, իսկ տարվա վերջում՝ եռապատկվում և հասնում 10-11 կգ-ի։ Մարմնի ոչ մեծ զանգվածով ծնված երեխաների ամենամսյա քաշն ավելի շատ է ավելանում, քան մեծ զանգվածով ծնվածներինը։

Կրծքի տարիքի երեխայի հասակը նույնպես զգալիորեն մեծանում է. մինչև առաջին տարվա վերջը երեխան միջին հաշվով ավելանում է 25 սմ-ով։ Երեխաներն ավելի արագ են աճում առաջին չորս ամսում։ Նրանց հասակը ամսական ավելանում է 3 սմ-ով։ Հետագայում աճն աստիճանաբար դանդաղում է. 4–ից մինչև 6-րդ ամիսը՝ ամսական 2-2,5 սմ, 7-ից մինչև 9-րդ ամիսը՝ 2 սմ, 10-ից մինչև 12-րդը՝ 1,5 սմ։ Կ. ե-ի, հատկապես նորածնի, մաշկը նուրբ է և հեշտությամբ վնասվում է։ Ոչ ճիշտ խնամքի դեպքում առաջանում են շփաբորբ և թարախային բշտիկներ։

Կ.ե–ի ոսկրային հյուսվածքները պարունակում են քիչ քանակությամբ աղեր, ուստի դրանք նուրբ են, ճկուն և ոչ ճիշտ խնամքի դեպքում (օրինակ, երեխային բարձին նստեցնելիս, ժամանակից շուտ կանգնեցնելիս) հեշտությամբ ծռվում են։ Գանգի ոսկրերը սերտաճած չեն, երեք կամ չորս ոսկրերի միացումներում մնում են փափուկ տեղամասեր, այսպես կոչված, գաղտուններ։ Փոքր գաղտունը փակվում է 3-րդ ամսվա վերջում, մեծ գաղտունը՝ 9-14-րդ ամիսներին։ Կ.ե–ի գլուխը համեմատաբար մեծ է. նորածնի գլխի շրջագիծը 34-36 սմ է, մեկ տարեկան երեխայինը՝ 45-46 սմ։ Ձեռքերի և ոտքերի երկարությունը նույնն է, մարմնի երկարության համեմատ ոտքերը կարճ են։

Կ.ե–ի մարմնի ջերմաստիճանը սովորաբար 0,3-0,4°C–ով բարձր է, քան չափահաս մարդունը։ Կ.ե. շատ զգայուն է արտաքին ջերմաստիճանի տատանումների, հատկապես գերտաքացման նկատմամբ, արտաքին միջավայրի ջերմաստիճանի ազդեցությամբ կարող է փոփոխվել նրա մարմնի ջերմաստիճանը։

Կ.ե–ի թոքերը և շնչառական մկանները անբավարար են զարգացած, իսկ թթվածնի պահանջը երկու անգամ ավելի մեծ է, քան չափահաս մարդունը, ուստի նրա շնչառությունը հաճախակի է, անհավասարաչափ և մակերեսային, կյանքի առաջին տարվա վերջում թոքերը և շնչառական մկանները զարգանում են, շնչառությունը դառնում է ավելի խոր։

Սիրտանոթային համակարգը (հատկապես նորածնինը) գործում է բավականին լարված։ Երեխայի անոթազարկը խիստ փոփոխական է (օրինակ, փոքրիկի ճիչի ժամանակ սրտի կծկումների թիվը րոպեում կարող է հասնել 160–200 հարվածի)։ Տարիքի հետ զարկերակային ճնշումը աճում է. մինչև 3 ամսականը միջին հաշվով այն կազմում է սնդիկի սյան 75/70 մմ, իսկ 9-12 ամսականում՝ 90/65 մմ։

Առողջ երեխայի առաջին ատամները (ներքևի երկու կտրիչները) ծկթում են 6–8 ամսականում (հազվադեպ 5-6 ամսականում), 8-րդ և 10-րդ ամիսների ընթացքում հայտնվում են վերևի 4 կտրիչները և, վերջապես, մեկ տարեկանում ևս երկու ներքևի կտրիչները։ Այսպիսով, երեխան 1 տարեկանում ունենում է 8 ատամ։ Ֆիզիկական զարգացմամբ հետ մնալու դեպքում (հատկապես ռախիտի հետ կապված) ատամները ծկթում են ավելի ուշ։ Ատամների ծկթումն ու աճը սովորաբար ընթանում են հիվանդագին։ Երբեմն նկատվում են մարսողության խանգարումներ (հաճախակի, հեղուկ կղում, ախորժակի նվազում, թքահոսություն), դյուրագրգռություն, ջերմաստիճանի բարձրացում, քնի խանգարում։ Նման դեպքերում ոչ մի բուժում չի պահանջվում։

Վաղ հասակի երեխաների ստամոքսաղիքային ուղու գործունեության նյարդային կարգավորումը ամբողջությամբ զարգացած չէ, դրա համար էլ, հատկապես կյանքի առաջին ամիսներին, նկատվում են կանոնավոր մարսողության խանգարումներ (փսխում, որձկում, փորի փքվածություն, հաճախակի կղում)։ Երբեմն փսխումն առաջանում է ծծելու ժամանակ օդ կուլ տալու պատճառով։ Ծծելու շարժումների ակտիվությունը Կ.ե–ի առողջական վիճակի հիմնական ցուցանիշներից է. ցանկացած հիվանդության առաջին ախտանշանը թույլ ծծելը կամ կրծքից հրաժարվելն է։ Կյանքի առաջին շաբաթներում Կ.ե. կղում է օրական 4-5, իսկ մեկ տարեկանում՝ 1-2 անգամ։

Կյանքի մինչև 3-րդ օրը երեխան միզում է օրական 4-5 անգամ, սակայն արդեն 1-ին շաբաթվա վերջից կամ 2–րդ շաբաթվա կեսից՝ օրական 20-25 անգամ, իսկ տարվա վերջին ավելի քիչ (մինչև 15-16 անգամ)։

Նորածնի նյարդային համակարգը անբավարար է զարգացած։ Երեխան ծնվում է միայն կուլ տալու, ծծելու, հորանջելու, պաշտպանական (ցավի, տաքի, սառի նկատմամբ ռեակցիա), բռնելու անպայման ռեֆլեքսներով։ Նորածինը արձագանքում է պայծառ լույսին, նրա լսողությունը թույլ է։ Կ.ե. արագ է հոգնում, ուստի նա պետք է քնի օրական 17-18 ժամից ոչ պակաս։

Մորից ստացած վարակամերժության շնորհիվ երեխան անընկալունակ է մի շարք վարակիչ հիվանդությունների նկատմամբ։ Սակայն բազմաթիվ թարախածին մանրէների դեմ պայքարելու համար նա օժտված չէ բավարար պաշտպանական ուժերով, դրա համար էլ Կ.ե. կարիք ունի առանձնահատուկ խնամքի։

Արգանդից դուրս կյանքին նորածնի օրգանիզմի հարմարվելն ուղեկցվում է մի շարք, այսպես կոչված, հատուկ վիճակներով, որոնք թողնում են հիվանդագին տպավորություն, սակայն, բուժում չեն պահանջում։ Մասնավորապես, դրանց թվին են պատկանում.

մարմնի զանգվածի ֆիզիոլոգիական նվազումը, որը հատուկ է բոլոր նորածիններին՝ կյանքի առաջին 3-4 օրերին։ Ճիշտ կերակրման և խնամքի դեպքում 4-5-րդ օրվանից սկսած երեխայի մարմնի զանգվածը, աստիճանաբար աճելով, 2-րդ շաբաթվա առաջին կեսին հասնում է սկզբնականին,

մաշկի ֆիզիոլոգիական բորբոքումը. կյանքի 1-2-րդ օրը մաշկածածկույթը կարմրում է (հատկապես ձեռքերի և ոտնաթաթերի շրջանում) և տևում է մի քանի ժամից մինչև 2-3 օր, որից հետո սկսվում է թեփոտումը,

թունավոր կարմրամաշկությունը (մաշկի ցան ընդհանուր կարմրության ֆոնի վրա) հատուկ է նորածինների մեծ մասին։ Առավել արտահայտված է լինում դեմքի և գլխի մազածածկ մասում։ Սովորաբար պահպանվում է 2 օրից ոչ ավելի և վերանում է անհետ,

անցողիկ տենդն առաջանում է կյանքի 3-4-րդ օրը և պայմանավորված է անբավարար քանակությամբ հեղուկ ընդունելու հետևանքով առաջացած ջրափոխանակության խանգարումով։ Նման դեպքերում ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև 40°C, երեխան անհանգիստ է, երբեմն նկատվում են ջղաձգություններ։ Հեղուկ (եռացրած ջուր, թեյ, խաղողաշաքարի 5%-անոց լուծույթ) տալուց հետո տենդը դադարում է,

սեռական կրիզը դրսևորվում է կաթնագեղձերի մեծացմամբ՝ անկախ երեխայի սեռից, երբեմն աղջիկների սեռական ճեղքից նկատվում է լորձային և արյունային արտադրություն, որը դադարում է 2-3 օրից։ Սեռական կրիզի երևույթը նկատվում է կյանքի 3-7-րդ օրը։ Թեթևակի ուռած կաթնագեղձերը պարունակում են քիչ քանակության սպիտակավուն հեղուկ, կաթնագեղձերի մեծությունը՝ սիսեռահատից մինչև ընկույզի չափ։ 2-3 շաբաթ հետո ուռածությունն անհետանում է։ Բուժում չի պահանջվում, հեղուկը չի կարելի սեղմելով հանել։ Անհրաժեշտ է պահպանել մաքրություն, քանի որ գեղձի մեջ վարակ թափանցելու դեպքում կարող է առաջանալ կաթնագեղձի բորբոքում:

Շարժումների և հոգեկան աշխարհի զարգացումը։ Ուղղաձիգ պահելու դեպքում մեկ ամսական երեխան փորձում է պահել գլուխը, իսկ մոտ 2 ամսականում արդեն լավ պահում է։ Փորի վրա պառկած բարձրացնում է գլուխը և կուրծքը։ 3 ամսականում երեխան փորի վրա պառկած մի փոքր բարձրացնում է իրանը՝ հենվելով արմունկների և նախաբազուկների վրա, նստում՝ կոնքը պահելու դեպքում, մեջքից շրջվում կողքի վրա, ազատ պահում է գլուխը։ 4 ամսականում շարժումները դառնում են առավել ազատ, ձեռքերի օգնությամբ բարձրանալով, երեխան հենվում է ափերի վրա, մեջքից շրջվում փորի վրա, կարողանում է «կամուրջ» անել, բռնում, շոյում, պահում է առարկաները։ 5 ամսականում նստում է՝ ձեռքերով ինչ֊որ բանից բռնելով, թևատակերից պահելու դեպքում կանգնում ուղիղ՝ չծալելով ոտքերը։ 6 ամսականում, առանց պահելու, ազատ նստում է, կրծքից պահելու դեպքում՝ ոտքի կանգնում, քայլելու առաջին փորձերն անում։ 7 ամսականում սողում է, ինքնուրույն նստում, բարձրանում ծնկների վրա, կրծքից պահելու դեպքում՝ կառչում մահճակալին, խաղալիքը մի ձեռքից մյուսը փոխադրում։ 8 ամսականում ինքնուրույն նստում է, նստած դիրքից պառկում, կանգնում է՝ կառչելով ճաղերին, քայլելու փորձեր անում։ 9 ամսականում կանգնում է առանց հենարանի, երկու ձեռքից բռնած քայլում, ուղղաձիգ դիրքից նստում։ 10 ամսականում կանգնում և բարձրանում է առանց հենարանի, լավ քայլում աթոռից բռնած, փորձեր անում քայլել մի ձեռքը բռնած։ 11-12 ամսականում լավ քայլում է մի ձեռքից բռնած, առանց օգնության անում առաջին քայլերը, կքանստում առանց հենարանի, առարկան բարձրացնելիս կռանում առանց նստելու։

Շարժողական ակտիվության զարգացմանը զուգահեռ զարգանում է ճանաչողական գործունեությունը և խոսքը։ Արդեն կյանքի 2-րդ շաբաթում երեխան, արթնանալով, մի քանի րոպե մնում է աչքերը բաց, ապա սովածանալով, սկսում է լացել, մատները ծծել։ Մոր կրծքին մոտենալիս դրսևորում է մեծ աշխուժություն, գլուխը շրջում է կրծքի կողմը, բացում բերանը, կատարում ծծելու և կուլ տալու շարժումներ։ 1-ին ամսվա վերջում արթուն ժամանակ տարուբերում է ձեռքերը և ոտքերը, շրջում գլուխը, հայացքը կենտրոնացնում վառ գույնի առարկաների վրա։ Արհեստական սննդով կերակրվող մեկուկես ամսական երեխան սովորական սնունդը տարբերում է նորից։ 2 ամսականում գլուխը շրջում է դեպի ձայնը, դադարեցնում ծծելը, երբ նրան ցույց են տալիս վառ գույնի առարկա, դրսևորում բազմազան զգացմունքային ռեակցիաներ, իրեն ուղղված խոսքին արձագանքում է ժպիտով, «գղգղոցով»։ 3 ամսականում հետևում է առարկաներին, որսում ձայնի ուղղությունը և գլուխը շրջում վերջինիս կողմը, բարձր ծիծաղում է։ 4 ամսականում հետևում է շարժվող առարկաներին, արձագանքում է անծանոթներին, զբաղվում է կախովի առարկաներով, փնտրում և բռնում դրանք։ 5 ամսականում ճանաչում է մորը, հարազատներին, տարբերում է ձայնի տոնը, որով իրեն են դիմում, ճշգրիտ «մեկնում» ձեռքերը և վերցնում զանգուլակը, երկար ժամանակ այն պահում։ 6 ամսականում հետաքրքրվում է խաղալիքներով, բարձրացնում և վերադասավորում դրանք, վանկեր («մա», «պա») արտասանելու առաջին փորձերն անում, կարող է ուտել գդալով, ուտելիք տեսնելիս բացում է բերանը, շրթունքներով ընդունում այն։ 7 ամսականում հայելու մեջ ձգվում է իր պատկերի ուղղությամբ, աչքերով փնտրում որոշակի տեղում գտնվող առարկաները, ձեռքից ձեռք ձգվում, լավ կրկնում վանկերը (պա-պա-պա, մա-մա–մա)։ 8 ամսականում դիմախաղով արտահայտում է զարմանք, մեծերի խնդրանքով կրկնում արդեն սովորած շարժումները, իր ուշադրությունը գրաված իրը վերցնելու կամ փնտրելով գտնելու համար ցուցաբերում մեծ համառություն, խաղալիքներով խաղում է մեծ հետաքրքրությամբ, դիտում դրանք, մեկով մյուսին հարվածում ևն։ 9 ամսականում փնտրելով գտնում է տարբեր տեղերում գտնվող առարկաներ, կատարում որոշ խնդրանքներ (օրինակ, «տուր թաթիկը», «հրաժեշտ տուր թաթիկով» և այլն), հավաքում է մանր առարկաները, արկղից հանում խորանարդիկները։ 10 ամսականում սկսում է արտասանել պարզ բառեր, գտնում և տալիս խաղալիքները, կատարում պարզ պահանջներ, հասկանում արգելելը, տափկնոցի խաղում (երեսին քաշում բարուրաշորը)։ 11–12 ամսականում գիտի բազմաթիվ առարկաների անուններ, արտասանում է 10-12 բառ (այդ թվում «մամա», «պապա»), ցույց է տալիս մարմնի մասերը, կատարում նախապես սովորած և ծանոթ («գլորիր գնդակը»), ինչպես նաև յուրացնում նոր գործողություններ, մի առարկան դնում է մյուսի վրա, հանում և անցկացնում օղակը ևն։

Երեխայի խնամքը կյանքի առաջին տարում

Երեխայի անկյունը։ Առողջ երեխայի զարգացման անհրաժեշտ պայմաններն են մաքրությունը և թարմ օդը։ Բնակարանի լավագույն սենյակը, սենյակի լավագույն մասը անհրաժեշտ է հատկացնել երեխային (տես Մանկական սենյակ և Մանկական անկյուն):

Չի կարելի սենյակը սրբել չոր խոզանակով կամ ավելով, որովհետև բարձրանում է փոշի։ Հատակը, կահույքը, լուսամուտների գոգերն անհրաժեշտ է ամեն օր մաքրել խոնավ շորով, շաբաթը մեկ անգամ մաքրել պատերի և առաստաղի փոշին։ Ցանկալի է, որ սենյակը մաքրելու ժամանակ երեխան դրսում լինի։ Ձմռանը սենյակը 2-3 ժամը մեկ պետք է օդափոխել 10-15 րոպեով։ Ամռանը լուսամուտները պետք է ամբողջ օրը բաց պահել։ Եթե պայմանները թույլ են տալիս, երեխան պետք է քնի բաց լուսամուտներով սենյակում։ Ցերեկը լուսամուտները չպետք է ծածկել վարագույրներով՝ առատ արևային լույս ներթափանցելու համար։

Լավ տաքացվող սենյակում մեծացող երեխաները հեշտությամբ են հիվանդանում, դրսում շուտ մրսում։ Սենյակի լավագույն ջերմաստիճանն է 18°C–ից մինչև 20°C (նորածինների համար՝ 21–22°C)։ Երեխայի սենյակում չի կարելի ծխել։ Խնամքի բոլոր առարկաները պետք է լինեն մահճակալի մոտ դրված սեղանիկի վրա՝ ծածկված թանզիֆով։ Խնամքի անհրաժեշտ առարկաներն են մանրէազերծ վազելինի յուղը և բամբակը, ծծակները, մարմնի և ջրի ջերմաչափերը, հոգնայի անոթը, ջեռակը, աչքի կաթոցիչը, բորաթթվի 2 %-անոց, կալիումի գերմանգանատի բաց վարդագույն լուծույթները (թարմ պատրաստված), յոդի կամ ադամանդականաչի լուծույթը։

Անկողինը։ Երեխան պետք է ունենա առանձին մահճակալ և քնի առանձին։ Շատ վնասակար է, եթե մանկական մահճակալը դրված է անկյունում, որտեղ օդը քիչ է, կամ էլ եթե այն լույսից անջրպետվում է վարագույրով։ Չի կարելի մահճակալը դնել ջեռուցիչ սարքերի կամ մուտքի դռան մոտ։

Փոքր երեխայի ներքնակը պետք է խնամքով լվանալ և օդափոխել։ Շատ լավ են ծովախոտով, ձիու մազով, նուրբ փայտե գալարատաշեղներով և նմանատիպ նյութերով լցված ներքնակները։ Ներքնակը պետք է ծածկել մոմլաթով, ապա՝ սավանով։ Ներքնակի երեսը պետք է կարված լինի լավ լվացվող գործվածքից։ Չի կարելի օգտագործել փետրե կամ բամբակե ներքնակ։ Ձմռանը պետք է օգտագործել վերմակակալներով բրդե կամ բայկայե վերմակ, իսկ ամռանը՝ գործվածքե ծածկոց։ Ձմեռային զբոսանքների համար անհրաժեշտ է նաև բամբակե վերմակ։ Վերմակին հագցվում է վերմակակալ կամ կարվում սավանիկ։ Կ.ե–ին բարձ պետք չէ, իսկ մեծ բարձը նույնիսկ վնաս է։ Ոչ մի դեպքում չի կարելի երեխայի մահճակալը ծածկել ծածկոցով, սավանով ևն։ Այն երեխային զրկում է թարմ օդից։ Պետք է հիշել, որ Կ.ե. քնում է օրվա զգալի մասը, այդ պատճառով էլ քնի համար պետք է ստեղծել առավել առողջարար պայմաններ։ Անկողինը պետք է պահել մաքուր, անհրաժեշտ է ամեն օր դրսում, բաց լուսամուտով կամ օդանցքով սենյակում օդափոխել մահճակալը և անկողինը։

Խորհուրդ չի տրվում երեխային օրորել ինչպես ձեռքերի վրա, այնպես էլ մահճակալի մեջ, քանի որ քունը դառնում է ծանր։ Առողջ երեխան լավ է քնում և առանց օրորելու։ Եթե երեխան արդեն սովորել է օրորելուն, ապա կարելի է 5-6 օրվա ընթացքում հետ սովորեցնել։

Սայլակը։ Նախընտրելի է օգտագործել բարձր սայլակ, քանի որ գետնին շատ մոտ օդը խիստ փոշոտ է։ Լավագույնն են լավ լվացվող, անխոնավաթափանց նյութերից պատրաստված, հետ ծալվող թափքածածկոցով սայլակները, որի հատակին պետք է դնել երեսքաշված և մաքուր բարուրաշորով ծածկված ներքնակ, իսկ վերջինիս տակ, գլխատեղի սնարքի մասում, տեղավորել ոչ մեծ հարթ բարձ։ Ներքնակը պետք է լինի հարթ, ոչ շատ փափուկ։ Դրա պատրաստման համար կարելի է օգտագործել պորոլոն, որը հեշտությամբ լվացվում է։ Ներքնակը և բարձը պետք է լվանալ հաճախ, օդափոխել ամեն օր։ Ձմռանը ներքնակի վրա պետք է փռել տաք շոր։ Որոշ սայլակներ ունեն մոմլաթե տոպրակներ, որտեղ կարելի է տեղավորել երեխայի իրերը։ Սայլակի մեջ ավելորդ ոչինչ չպետք է լինի։ Սայլակը չի կարող փոխարինել երեխայի առաջին մահճակալին գլխավորապես այն պատճառով, որ բարձր, փակ կողերից վատ է թափանցում օդը։ Զբոսանքից հետո սայլակը պետք է մաքրել խոնավ շորով, մետաղե մասերը ժամանակ առ ժամանակ յուղել, որ չժանգոտեն։

Հագուստը։ Երեխային պետք է հագցնել ըստ եղանակի, պետք չէ տաք փաթաթել։ Հագուստը պետք է լինի բավականաչափ տաք, թեթև, չնեղի շարժումները, չխոչընդոտի քրտինքի գոլորշիացումը։

Հատկապես վնասակար է երեխային տաք փաթաթել ամռանը, առանց այդ էլ նա թուլանում է տապից։ Պետք չէ երեխային սովորեցնել գլխարկի կամ գլխաշորի։ Ավելի լավ է, եթե նա քնի գլուխը բաց։

Նորածնի սպիտակեղենի մեջ մտնում են բարուրաշորերը, արձակ շապիկները, ֆլանելե թեթև կոֆտաները (այդ թվում նաև երկար թևքերով ծայրերը կարված)։ 2 ամսականից բարուրաշորերը փոխարինում են չոչաշորերով, ամռան շոգ օրերին, երեխաներին հագցնում են բարուրաշորով վարտիք։ Մինչև 3 ամսական երեխայի հագուստի բաղկացուցիչ մասն են կազմում նաև տակաշորերը և վերմակները, 3 ամսականից՝ մանկական վարտիքները, գործած մուճակները, չոչաշորերը։ Մի երեխայի համար, ամենօրյա լվացքի դեպքում, պետք է ունենալ 8-12 արձակ շապիկ և չոչաշոր, 4-6 տաք թեթև կոֆտա (ֆլանելե կամ բայկայե)։ 60x65 սմ չափի տակաշորերը (20-24 հատ) սովորաբար պատրաստվում են երկտակ թանզիֆից կամ հին սպիտակեղենից, չթից։ Առավել հարմար են 100x100 չափի բարուրաշորերը, խորհուրդ է տրվում ունենալ 24 բամբակե թեթև և 12 բումազե, ֆլանելե կամ բայկայե տաք բարուրաշորեր։ Անհրաժեշտ է ունենալ 2 կապագլխարկ կամ 2 թեթև գլխաշորեր, ինչպես նաև 2 բարակ և 1 տաք վերմակներ։ 3 ամսականից մինչև 1 տարեկանը հագուստի քանակը ավելանում է. 5 բարակ և 5 տաք արձակ շապիկներ, 5-6 բայկայե, կոճակներով թեթև կոֆտաներ, ամառվա համար՝ 5-6 չթե թեթև կոֆտաներ, տարվա ցուրտ եղանակի համար՝ 10-15 տաք չոչաշորեր, 10-15 ամառային թեթև չոչաշորեր, բրդե տաք հագուստ, բրդե տաք գլխարկ (երկտակ), 2 բարակ գլխարկներ, ձմեռային և թեթև վերարկուներ, 1 զույգ թաթման։ 11-12 ամսականից երեխան սկսում է կանգնել, անհրաժեշտ է, որ հագուստը չկաշկանդի շարժումները։ Այդ ժամանակ արձակ շապիկները փոխարինում են առջևից կտրված վերնաշապիկներով։ 11-12 ամսականում երեխային անհրաժեշտ են կոշիկներ, ձմեռվա համար՝ կաճյակներ կամ թաղիքե կոշիկներ։ Ձմռանը դրսում (թարմ օդում) քնելու համար անհրաժեշտ է տաք քնապարկ։

Ինչպես բարուրել երեխային։ Բարուրելուց առաջ սեղանին փռում են բայկայե վերմակ, այնուհետև մոմլաթ, ֆլանելե, ապա բամբակե բարուրաշորեր, և, վերջապես, եռանկյունաձև ծալած տակաշոր: Սկզբում երեխային հագցնում են հետևում կտրվածքով բարակ արձակ շապիկ, այնուհետև բումազե կամ տրիկոտաժե թեթև կոֆտա։ Ամեն ինչ խնամքով ուղղում են, որ ծալքեր չառաջանան։ Կոճակների փոխարեն թեթև կոֆտաները կարում են կապիչներով։ Թևքերն անում են երկար։ Այնուհետև դնում են տակաշորը և երեխային փաթաթում բամբակե և ֆլանելե բարուրաշորերով, որոնց վերին եզրը պետք է հասնի թևատակի փոսերին։ Խորհուրդ է տրվում երեխայի թևերը թողնել ազատ։ Նորածինը այդպես պետք է մնա ամբողջ ժամանակ։ Եթե սենյակի ջերմաստիճանը 19-22 °C է, ապա երեխայի վրա ոչինչ գցել պետք չէ։ Շատ տաք փաթաթելու դեպքում մաշկի վրա կարող է ի հայտ գալ քրտնախաշ։

Բարուրաշորերը և մնացած սպիտակեղենը անհրաժեշտ է պահել մաքուր, կեղտոտվածները պետք է դնել առանձին։ Չի կարելի չորացնել կեղտոտված սպիտակեղենը և կրկին օգտագործել։ Չորացրած սպիտակեղենը մնում է կեղտոտ, դրանից միզահոտ է փչում և օգտագործելիս գրգռում է մաշկը։ Թաց բարուրաշորերն անհրաժեշտ է լվանալ օճառով, եռացնել, չորացնել և տաք արդուկով արդուկել երկու երեսից։ Խորհուրդ չի տրվում մանկական սպիտակեղենը լվանալիս օգտագործել սինթետիկ լվացամիջոցներ։

Չի կարելի խանձարուրել երեխային, քանի որ խանձարուրի կապը ճնշում է կուրծքը, երեխային խանգարում շարժել ձեռքերը և ոտքերը։ Միանգամայն անհիմն է այն մտայնությունը, որ առանց խանձարուրի կապի երեխայի ոտքերը կծռվեն, երեխան վատ կքնի։ Նորածնի ոտքերն ունենում են որոշ բնական ծռություն, ազատ շարժումների դեպքում այն արագ անհետանում է։

Երեխայի ամենօրյա հարդարանքը լավ է անցկացնել առավոտյան, կերակրելուց առաջ։ Այդ ժամանակ անհրաժեշտ է բացել բարուրը, մերկացնել երեխային, խնամքով զննել մաշկը, թևատակի փոսերը, աճուկի ծալքերը։ Շփաբորբի կանխարգելման համար վզի, թևատակերի, աճուկների ծալքերին քսել եռացրած և հովացրած ձեթ։ Դեմքը և ձեռքերը պետք է լվանալ գոլ (25–28 °C) ջրով, աչքերը եռացրած ջրով կամ բորաթթվի թույլ լուծույթով (մեկ բաժակ ջրին մեկ թեյի գդալ) թրջած բամբակով։ Աչքերը պետք է լվանալ դրսից դեպի ներս, այսինքն քունքից դեպի քիթը։ Յուրաքանչյուր աչքի համար պետք է վերցնել առանձին բամբակ։ Նորածնի աչքերն ավելի լավ է մշակել ֆուրացիլինի (1:1500) կամ կալիումի գերմանգանատի (1:1000) լուծույթներով թրջած ախտահանած բամբակի գնդիկներով։

Անհրաժեշտ է հետևել երեխայի ձեռքերի մաքրությանը, դրանք հաճախ լվանալ, ժամանակին կտրել եղունգները ախտահանած մկրատով։

Ականջները պետք է մաքրել եռացրած ջրով թրջած ոլորած բամբակով։ Չի կարելի օգտագործել ձողիկներ, լուցկի և այլ սուր առարկաներ։ Ականջից արտադրություն նկատելու դեպքում անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի։

Չի կարելի սրբել երեխայի բերանը, կարող է վարակ անցնել։ Եթե մայրը այտերի, շրթունքների կամ լեզվի լորձաթաղանթի վրա նկատում է սպիտակ փառ (այսպես կոչված կաթնուկ) պետք է դիմել բժշկի կամ բուժքրոջը։ Ամեն անգամ, երբ երեխան կղում է, պետք է լվանալ գոլ ջրով, լավ չորացնել (աղջիկներին պետք է լվանալ առջևից դեպի հետ), այնուհետև շեքի և աճուկային ծալքերի մաշկին քսել վազելին, ձեթ, մանկական մաշկաքսուք, կամ ցանել տալկ։

Մեծ նշանակություն ունի քթի խնամքը։ Խցանված քթով երեխան շնչում է բերանով, և դա խանգարում է կուրծք ծծելուն։ Բացի այդ, քթով շնչելու դեպքում կրծքավանդակը և թոքերը լավ են զարգանում, երեխան լավ է ուտում, քնում, քիչ է հիվանդանում։

Երեխայի քիթը պետք է վարակազերծված վազելինով կան եռացրած ձեթով թրջած բամբակով (ոլորած) մաքրել անպայման առավոտյան և զբոսանքից առաջ։

Երեխային լողացնելը։ Կյանքի առաջին 5-7 օրերին երեխային չեն լողացնում, այլ միայն ամեն օր լվանում են տաք ջրով և օճառով։ Մինչև պորտի վերքի լավանալը երեխային պետք է լողացնել միայն նախապես եռացրած ջրով։ Հետագայում ջուրը պետք է եռացնել միայն այն դեպքում, եթե վերցվում է բաց աղբյուրից (ջրհորներ, գետեր)։

Մինչև 6 ամսական երեխային պետք է լողացնել ամեն օր, 6 ամսականից հետո՝ օրումեջ։ Ավելի լավ է նորածնին լողացնել երեկոյան վերջին կերակրումից առաջ։ Լողացնելուց առաջ և հետո տաշտը լվանալ խոզանակով, օճառով և ցայել տաք ջրով։ Խորհուրդ չի տրվում մանկական տաշտը լվանալ սինթետիկ լվացամիջոցներով։ Լողացնելիս ջրի ջերմաստիճանը պետք է լինի 35-36 °C, առաջին երեք շաբաթը՝ մի քիչ ավելի տաք (36-37 °C)։ Հատկապես ամռանը և քրտնախաշի նշաններ ի հայտ գալու դեպքում օգտակար է ջրին ավելացնել ախտահանիչ միջոցներ՝ կալիումի գերմանգանատի բաց վարդագույն լուծույթ (այրվածքից խուսափելու համար չի կարելի տաշտի մեջ գցել կալիումի գերմանգանատի բյուրեղներ), կատվալեզվիկ (2 ճաշի գդալ չոր խոտը թանզիֆե եռատակ տոպրակով ընկղմում են ջրի մեջ մինչև թույլ շագանակագույն կամ դեղնակարմիր երանգավորումը)։ Տաշտի ջրի ջերմաստիճանը պետք է չափել ջերմաչափով։ Լողացնելիս սենյակի օդի ջերմաստիճանը պետք է լինի 20–22 °C (նորածնի համար՝ 22-24 °C)։ Սաստիկ տաքացված սենյակը կամ խոհանոցը, բարուրաշորերի տաքացումը, վնասից բացի, ոչինչ չեն բերի։ Միևնույն ժամանակ, եթե սենյակի ջերմաստիճանը, որտեղ լողացնում են երեխային, ցածր է 20 °C, ապա երեխայի սպիտակեղենը կարելի է տաքացնել՝ դրանց վրա դնելով տաք ջեռակ։

Երեխային օճառով պետք է լողացնել շաբաթը 2-3 անգամ, օգտագործելով փափուկ, ճարպոտ, մաշկը չգրգռող օճառ (ցանկալի է «Մանկական»)։ Գերադասելի է լողացնելիս օգտագործել խավավոր սրբիչից թաթպանիկ կամ խոնավածուծ բամբակ, սպունգը քիչ պիտանի է, քանի որ այն արագ կեղտոտվում է և վատ մաքրվում։

Չի կարելի երեխայի երեսը լվանալ տաշտաջրով։ Լողացնելիս գլուխը պետք է պահել բարձր, դրա համար կարելի է գործածել երկաթե հենքով և քաթանե երկայնադրակով հատուկ պատվանդան կամ երեխայի գլուխը պահել արմնկածալի վրա։ Անհրաժեշտ է հետևել, որ լողացնելիս ականջների մեջ ջուր չլցվի։ Երեխայի գլուխը պետք է խնամքով լվանալ, հեռացնելով կեղերը։ Դրանք հեշտ հեռացնելու համար, խորհուրդ է տրվում, լողացնելուց մի քանի ժամ առաջ գլխին քսել նախապես եռացրած ձեթ։ Եթե կեղերը չեն վերանում, ապա պետք է խորհրդակցել բժշկի հետ։

Լողացնելիս չպետք է հոգնեցնել երեխային։ Մինչև 6 ամսական երեխային տաշտի մեջ կարելի է պահել 5 րոպեից ոչ ավելի, 6 ամսականից մեծ երեխաներին՝ 10 րոպեից ոչ ավելի։ Վերջում երեխայի վրա պետք է մաքուր ջուր լցնել (նույն ջերմաստիճանի կամ 1 °C ցածր) և փաթաթել սավանով, չորացնել՝ զգուշորեն սավանը կպցնելով մարմնին, այնուհետև մաշկի խոր ծալքերին և մարմնի փոսերին (վզի վրա, աճուկներին, ականջների հետևը, թևատակերին) քսել մանկական մաշկաքսաք կամ նախապես եռացրած ձեթ։ Եթե 2-3 ամսական երեխան շփաբորբ չունի, ապա լողացնելուց հետո նման մշակումը պարտադիր չէ։

Ավելի լավ է ձմռանը երեխային լողացնել երեկոյան, քնելուց առաջ, ամռանը՝ ցանկացած ժամանակ։ Լողացնելուց կես ժամ հետո կարելի է զբոսնել երեխայի հետ։ Երեխային պետք է լողացնել ուտելուց առաջ, կամ 2 ժամ անց։ Խորհուրդ չի տրվում երեխային լողացնել օրական մեկ անգամից ավելի։

Զբոսանքը։ Խորհուրդ է տրվում երեխայի հետ մաքուր օդում զբոսնել ամեն օր՝ տարվա ցանկացած եղանակին (բացառությամբ ուժեղ քամոտ և անձրևոտ օրերի)։ Թարմ օդում շատ լինող երեխան կանոնավոր է զարգանում, հազվադեպ է հիվանդանում, թարմ օդը բացում է ախորժակը, նպաստում սննդի լավ յուրացմանը, լավացնում է արյան շրջանառությունը։ Ամռանը ծնված երեխայի հետ պետք է զբոսնել ծննդատնից դուրս գրվելու առաջին օրերից սկսած, իսկ ձմռանը ծնված երեխայի հետ՝ 2-3 շաբաթականից (-10 °C–ից ոչ ցածր ջերմաստիճանի դեպքում) սկսած։ Առաջին զբոսանքը 10 րոպեից ավելի չպետք է տևի, 1 ամսական երեխան օրական դրսում պետք է լինի շուրջ 40 րոպե։ Այնուհետև, աստիճանաբար, 5-10 րոպեով ավելացնել, զբոսանքի ժամկետը 3 ամսականում պետք է հասցնել օրական 4 ժամի (ձմռան ամիսներին)։ Ամռանը Կ.ե., հնարավորության դեպքում, պետք է մաքուր օդում լինի ամբողջ օրը (բացի շոգ ժամերից)։ Խորհուրդ է տրվում 2,5-3 ամսականից սկսած, տարվա ցուրտ եղանակին երեխայի հետ զբոսնել օրական 2-3 անգամ, բայց մեկ զբոսանքի տևողությունը 2 ժամից երկար չպետք է լինի։

Զբոսանքի ժամանակ երեխային պետք է հագցնել ըստ եղանակի։ Ձմռանը երեխային պետք է հագցնել ևս մեկ կոֆտա և փաթաթել սկզբում բայկայե, այնուհետև բամբակե կամ բրդե վերմակներով, կամ տեղավորել քնապարկի մեջ, բաց թողնելով երեխայի դեմքը։ Ավելի լավ է զբոսնել այն տեղերում, որտեղ քամին քիչ է։ Զբոսանքի ժամանակ պետք է հետևել, որ երեխայի քիթը և ձեռքերը տաք մնան, բայց երեխան չքրտնի։ Ջերմությամբ չուղեկցվող թեթև հարբուխի դեպքում երեխային չպետք է զրկել զբոսանքից։ Չի կարելի զբոսնել արեգակի ուղիղ ճառագայթների տակ։ Ամառային զբոսանքների ժամանակ երեխային ժամանակ առ ժամանակ ջուր պետք է խմեցնել։

Խաղալիքները պետք է ընտրել երեխայի հասակին հարմար, չպետք է միանգամից շատ խաղալիքներ գնել, պետք է երեխային հնարավորություն տալ կենտրոնանալու մեկ խաղալիքի վրա, նայելով ճանաչել այն և սովորել դրան։ Խաղալիքը պետք է թեթև լինի, այդ դեպքում երեխան դրանով ազատ կխաղա։ Չի կարելի խաղալու համար երեխային մանր առարկաներ տալ, քանի որ երեխան կարող է դրանք կուլ տալ։ Խաղալիքները սուր ծայրեր կամ անկյուններ չպիտի ունենան, որպեսզի երեխան իրեն չվնասի։ Մինչև 3 ամսական երեխային խաղալիքները պետք են նայելու համար (ցելուլոիդե փուչիկներ, ձկնիկներ, բադիկներ ևն), 3-ից մինչև 6 ամսականում՝ բռնելու և պահելու (օղակներ, բռնակներով չխչխկաններ, ռետինե ծվծվան տիկնիկներ, կենդանիներ, թռչուններ), 6 ամսականից սկսած երեխայի համար ավելի լավ է գնել ցելուլոիդե, ռետինե և փայտե բազմազան խաղալիքներ շոշափելու և դիտելու համար։ Հնչուն խոշոր խաղալիքները օգնում են խոսքի զարգացմանը և հասկանալի դառնալուն։ Դրանք կարելի է երեխաների ձեռքը չտալ, նրանք մեծ հետաքրքրությամբ դիտում են այդ խաղալիքները, լսում դրանց ձայները։ 9-12 ամսական երեխաներին կարելի է տալ օղակներով բուրգեր, խորանարդիկներ, փոքրիկ դույլեր։ Խորհուրդ չի տրվում Կ.ե–ի ձեռքը տալ թղթե զանգվածից պատրաստված, ինչպես նաև բրդով կամ թավիշով պատված խաղալիքներ։

Հիվանդ երեխայի խնամքի մասին տես Հիվանդի խնամքը հոդվածում։

Կրծքի երեխայի կոփումը

Կյանքի առաջին օրերից սկսած երեխային պետք է սովորեցնել թարմ օդի։ Թարմ օդը գրգռում է ախորժակը, ամրացնում օրգանիզմը, պահպանում տարբեր հիվանդություններից։ Կ.ե. հեշտությամբ է տաքանում և սառում, ուստի մաշկը ջերմաստիճանի տատանումներին պետք է սովորեցնել աստիճանաբար։ Կոփումը պետք է սկսել շենքի ներսում օդային լոգանքներով։ Կ.ե–ի համար օդի լավագույն ջերմաստիճանը 21-22 °C է։

Շատերը երեխային բարուրելիս շտապում են, վախենալով մրսեցնել նրան, երբեմն նույնիսկ նախապես վառարանի կամ ջեռուցման սարքի մոտ տաքացնում են բարուրաշորերը։ Պետք չէ այդպես վարվել։ Տաքացրած բարուրաշորերը երեխային հնարավորություն չեն տալիս հարմարվել շրջապատող օդի ջերմաստիճանին, նման դեպքում երեխաները հաճախ են մրսում։ Բարուրաշորերը պետք է փոխել առանց շտապելու, որպեսզի երեխան մոտ 2 րոպե մերկ մնա, դա էլ կլինի օդային լոգանքների աստիճանական անցման սկիզբը։

Ճիշտ կիրառված օդային լոգանքը շատ օգտակար է և միանգամայն անվտանգ երեխայի համար։ Տարվա ցուրտ եղանակին օդային լոգանքը պետք է և կարելի է կատարել սենյակում, իսկ տարվա տաք եղանակին՝ դրսում։ Երեխային օրական 2-3 անգամ պիտի մերկ պառկած թողնել, սկզբում 1-2, այնուհետև 3-5 րոպե։ Օդային լոգանքի տևողությունը աստիճանաբար մեծացնում են մինչև օրական կես ժամ։ Համապատասխան մարզումներից հետո օդային լոգանքների ժամանակ ջերմաստիճանը կարելի է իջեցնել մինչև 20-10 °C։ Թուլակազմ երեխային պետք է մերկացնել աստիճանաբար, նախ՝ ձեռքերը և ոտքերը, ապա մինչև գոտկատեղը և, վերջապես, երեխային թողնել ամբողջովին մերկ։

Մինչև մեկ տարեկան երեխային շատ օգտակար են ջրային շփումները, դրանք կարելի է կատարել 3-4 ամսականից։ Այդ միջոցին դիմելուց առաջ պետք է նախապատրաստել երեխայի մաշկը։ Դրա համար, շփումը սկսելուց 1,5-2 շաբաթ առաջ, երեխայի մաշկը ամեն օր, տրորում են չոր ֆլանելով կամ բրդե փափուկ գործվածքով, մինչև թույլ վարդագույն դառնալը։ Շփումը պետք է կատարել խավոտ գործվածքից կարված, ջրով թրջած և մզած թաթմանով։ Սկզբում շփում են երեխայի ձեռքերը, այնուհետև կուրծքը, փորը, մեջքը, հետույքը և ոտքերը։ Մարմնի թրջված մասն անմիջապես չորացնում են խավոտ սրբիչով մինչև թույլ կարմները: Ամբողջ մարմինը, բացի շփվող մասից, պետք է վերմակի տակ լինի: Շփման համար նախատեսված ջրին օգտակար է ավելացնել կերակրի աղ (1 թեյի գդալ՝ 1 բաժակ ջրին) կամ օդեկոլոն (1 ճաշի գդալ՝ 1 բաժակ ջրին)։ Առաջին շփումների ժամանակ ջրի ջերմաստիճանը պետք է լինի 35-36 °C, 5-7 օր հետո՝ 32-33, այնուհետև յուրաքանչյուր ամիս ջրի ջերմաստիճանն իջեցնում են 1 °C–ով, հասցնելով մինչև 30 °C։ Շփումը պետք է կատարել առավոտյան քնից հետո՝ 5-6 րոպե տևողությամբ։ Կոփման հարկադիր դադարեցումից հետո այն պետք է վերսկսել, սակայն, ընդմիջումից հետո 5-6 օր ջրային շփումների համար պետք է օգտագործել կոփման վերջին օրվա ջրից 2-3 °C տաք ջուր։ Եթե ընդմիջումը երկարատև է եղել, ապա շփումները վերստին սկսում են հանձնարարված ելակետային ջերմաստիճանից։ Կոփումն օգտակար է բոլոր, հատկապես թուլացած երեխաներին։ Սակայն, կոփման եղանակն ընտրելիս, անհրաժեշտ է անպայման խորհրդակցել բժշկի հետ։ Կոփումն այնպես պետք է անցկացնել, որ երեխան ունենա լավ, ուրախ տրամադրություն։ Շփումները սխալ կատարելիս երեխան անհանգստանում է և լաց լինում։ Եթե երեխան հիվանդանում է, քաշը չի ավելանում, իսկ շփումներն առաջ են բերում արտակարգ գրգռվածություն, ապա կոփումը պետք է դադարեցնել և խորհրդակցել բժշկի հետ։

Մերսում և մարմնամարզություն

Մերսումն ու մարմնամարզությունը ապահովում են երեխայի ֆիզիկական և հոգեկան ճիշտ զարգացումը։ Մերսումը և մարմնամարզությունը պետք է սկսել 1,5-2 ամսականից։ Վարժությունների համալիրին և մերսման տեխնիկային կարելի է ծանոթանալ պոլիկլինիկայում։ Սենյակը պետք է լավ օդափոխել (օդի ջերմաստիճանը 20 °C–ից ցածր չպետք է լինի)։ Ամռանը շփումները կարելի է անցկացնել մաքուր օդում, ստվերում, 20-23 °C–ից ոչ ցածր ջերմաստիճանում։ Մերսումը և մարմնամարզությունը հարմար է կատարել մի քանի տակ ծալած վերմակով, մոմլաթով և բարուրաշորով ծածկված սեղանի վրա (մոտ 70 սմ բարձրությամբ), միշտ նույն ժամանակ՝ կերակրելուց 30 րոպե առաջ կամ 1-1,5 ժամ հետո։ Յուրաքանչյուր վարժությունը կամ մերսման վարժաձևը կրկնում են 2-ից մինչև 6 անգամ։ Ընդհանուր տևողությունը 10-12 րոպեից չպետք է անցնի։ Վարժությունները կարելի է անցկացնել օրական 2 անգամ։ Տնային պայմաններում Կ.ե–ի համար մերսման հիմնական վարժաձևեր են համարվում շոյումը և շփումը։ Դրանք պետք է կատարել թեթև, նուրբ շարժումներով, ծայրանդամներից դեպի կենտրոն (դաստակներից դեպի ուսերը, ոտնաթաթերից դեպի աճուկային ծալքերը ևն, նկ. 1)։ Ձեռքերը և ոտքերը մերսելիս պիտի փոքր-ինչ ծալված լինեն (նկ. 1, 2)։

Կ.ե–ի մարմնամարզության ժամանակ հիմնական ուշադրությունը պետք է դարձնել ճիշտ շարժումների զարգացմանը։ Մինչև 3-4 ամսականը չի կարելի ակտիվորեն ծալել և բացել երեխայի վերջույթները, քանի որ կարող են ձգվել մկանները և ջլերը։ 1,5-3 ամսականում կատարում են ոչ պայմանական ռեֆլեքսների վրա հիմնված վարժություններ. ողնաշարի վրայով մատներով շարժումները բացում են վերջույթները, փորի վրա պառկեցնելիս երեխան փորձում է բարձրացնել գլուխը, ոտնաթաթերին հպվելիս՝ հրում ոտքերով։ Օգտակար են երեխային աշխուժացնող շարժումները, ոտքերի և ձեռքերի ակտիվ շարժումները՝ ի պատասխան շոյելուն կամ երեխային դիմելուն։ 3-6 ամսականում գործի են դնում երեխայի վերջույթների պասիվ շարժումները (3-4 ամսականում զգուշորեն). ձեռքերի և ոտքերի խաչում, մեջքի մկանների ձգում ևն (նկ. 3-12)։ Այդ շրջանի վերջում կատարում են սողալու, ձեռքերի շարժումները խթանող վարժություններ, որոնք ավելի լավ է կատարել վառ գույնի խաղալիքներով։ Կարելի է երեխային օրական մի քանի անգամ պառկեցնել փորի վրա։

6-10 ամսականում ուշադրություն պետք է դարձնել սողալուն, որը նպաստում է իրանի և վերջույթների մկանների բազմաթիվ խմբերի ամրապնդմանը։ Այդ տարիքում, վարժությունների ժամանակ, պետք է հնարավորին չափ շատ խոսել փոքրիկի հետ, մեծի ցուցմունքով նա ինքնուրույն կարող է կատարել որոշ վարժություններ (դա նպաստում է նաև երեխայի խոսքի զարգացմանը)։ Վարժությունները ներառում են մեջքից փորի վրա շրջադարձերը, ձեռքերով շրջանաձև շարժումները, թեքումը (ճկումը), կքանստումը ևն։

10-14 ամսականում կարելի է կատարել այնպիսի վարժություններ, ինչպիսիք են ոտքերի բարձրացումը մինչև փայտիկ, ձեռքերը բռնած վիճակում կքանստումը, իրանի առաջ թեքումը և ուղղումը, «աղյուսիկի» վրա բարձրանալը և իջնելը ևն։

Կրծքի երեխայի սնունդը

Կրծքահասակ երեխաների սննդի պահանջը շատ մեծ է, իսկ յուրացման (մարսման) հնարավորությունները՝ մարսողական ապարատի անկատարության պատճառով, խիստ սահմանափակ։ Դրա համար էլ կյանքի առաջին տարում հատկապես կարևոր է երեխայի կերակրումը կրծքի կաթով, որը պարունակում է երեխայի կյանքի համար անհրաժեշտ դյուրամարս նյութեր։

Կրծքի կաթի քանակը և որակը կախված է մոր սննդից։ Կերակրող մորից հատուկ սննդակարգ պահպանել չի պահանջվում, նրա առողջության պահպանման և բավարար քանակությամբ կաթի ապահովման լավագույն միջոցը բազմազան և սովորական սնունդն է։ Միաժամանակ, կերակրող մորը խորհուրդ է տրվում օրական խմել 0,5 լ-ից ոչ պակաս կովի կաթ, խստիվ արգելվում է ոգելից խմիչքը, ծխելը, պետք է բացառել նաև կծու սնունդը, սխտորը, սոխը։

Կրծքով կերակրման համար բացարձակ հակացուցումներ չկան։ Սակայն ծանր հիվանդությունների դեպքում (օրինակ, թոքերի տուբերկուլոզի ակտիվ ձև, սրտի արատ, անուշադրության մատնված շաքարախտ, երիկամների ծանր հիվանդություն), երբ կերակրումը հյուծում է մորը կամ կարող է բացասաբար ազդել երեխայի վրա, բժիշկը կնոջը կարող է խորհուրդ տալ հրաժարվել կերակրումից։ Կերակրման շրջանում մոր երկարատև, ծանր հիվանդությունների դեպքում երեխան մեկուսացվում է և կերակրվում մանրէազերծված մայրական կաթով։

Եթե մոր կաթն առատ է, սակայն կրծքի պիրկ լինելու պատճառով երեխան դժվարությամբ է ծծում, խորհուրդ է տրվում մինչև կերակրելը մի փոքր կթել։ Հղիության շրջանում չերկարած պտուկները պետք է ձգել մատներով, մերսել, կերակրել մակադրակով, յուրաքանչյուր կերակրումից հետո կաթնածծիչով դատարկել։ Պտուկների ճաքերի առաջացման կամ կաթնագեղձի բորբոքման սկզբնական դրսևորումների ժամանակ երեխային պետք է շարունակել կերակրել (թեկուզ մակադրակով), սակայն պետք է անպայման դիմել բժշկի։ Կաթնագեղձի բորբոքման ժամանակ, թարախի առաջացման դեպքում երեխային անհրաժեշտ է ժամանակավոր կրծքից կտրել և կերակրել միայն առողջ կրծքով։

Դաշտանի սկսվելը կերակրման դադարեցման առիթ չպետք է ծառայի։

Կերակրելու շրջանում պետք է խուսափել հուզվելու և բորբոքվելու առիթներից, քանի որ դրանք կարող են կաթի քանակի նվազեցման կամ կտրվելու պատճառ դառնալ։

Կրծքով կերակրումը։ Կերակրելուց առաջ ձեռքերը պետք է խնամքով լվանալ օճառով, կուրծքը և պտուկները սրբել եռացրած ջրով կամ բորաթթվի լուծույթով (1 բաժակ ջրին՝ 1 թեյի գդալ) թրջած բամբակով։ Կաթի առաջին մի քանի կաթիլը պետք է կթել և թափել։ Առաջին 4 օրը երեխային կերակրում են պառկած, այնուհետև նստած։

Կերակրելու համար պետք է նստել ցածր աթոռին, համապատասխան ոտքի տակ հարմարանք դնել։ Մի ձեռքով պահելով կուրծքը՝ մայրը երեխայի բերանն է դնում պտուկը և պտուկամերձ շրջանի մի մասը, 4 մատներով բարձրացնում է կուրծքը, իսկ բութ մատով պահում վերևից, որպեսզի երեխայի քիթը կրծքով չփակվի։ Յուրաքանչյուր կերակրման ժամանակ պետք է կերակրել մի կրծքով, իսկ մնացած կաթը պետք է անպայման կթել։ Կերակրումը տևում է 15-20 րոպե (երբեմն ամրակազմ երեխաները ծծում են 10-15 րոպեում)։ Ամեն դեպքում կերակրման տևողությունը 20-30 րոպեից չպետք է անցնի։ Եթե երեխան ծծում է ծուլորեն, ապա պետք է 20 րոպեից հետո հեռացնել կրծքից, կթել կաթը և կերակրել գդալով։ Ծուլորեն ծծելու դեպքում, ախորժակի և կլման ռեֆլեքսի խթանման համար, կարելի է երեխայի բերանի մեջ մի քանի կաթիլ կթել, այնուհետև դնել պտուկը։ Եթե երեխան, չկշտացած սկսում է նիրհել, ապա պետք է պտուկը բերանից թեթևակի դուրս քաշել, որից նա արթնանում է և զգալով պտուկի հպումը, կրկին սկսում է ծծել։ Կերակրումը վերջացնելուց հետո երեխային պետք է պառկեցնել մահճակալին, այնուհետև կուրծքը մաքրել եռացրած ջրով, չորացնել թանզիֆի մաքուր կտորով, պտուկին քսել վազելին, բորբոքվելուց և սպիտակեղենին քսվելուց խուսափելու համար պտուկը ծածկել թանզիֆով կամ մաքուր անձեռոցիկով։

Երեխային անհրաժեշտ կաթի օրական քանակը կախված է երեխայի տարիքից և որոշվում է հետևյալ եղանակներով.

ա. մինչև մեկ շաբաթական երեխայի համար կաթի քանակը (մլ) որոշվում է 10xոx7 բանաձևով, որտեղ n-ը երեխայի կյանքի օրերի թիվն է,

բ. 2 ամսական երեխան օրական պետք է ստանա 800 մլ կաթ, մինչև 2 ամսական երեխան կյանքի յուրաքանչյուր շաբաթվա համար պետք է ստանա 50 մլ-ով պակաս, 2 ամսականից մեծ երեխան՝ յուրաքանչյուր ամսվա համար 50 մլ-ով ավելի կաթ,

գ. 2 շաբաթականից մինչև 6 շաբաթական երեխան օրական պետք է ստանա իր մարմնի զանգվածի 1/5-1/6-ին, 6 շաբաթականից մինչև 4 ամսական երեխան՝ 1/6 ին, 4-ից մինչև 6 ամսական երեխան՝ 1/7-1/8-ին հավասար սնունդ։ Այդ դեպքում սննդի քանակը օրական 1000 մլ-ից չպետք է անցնի։

Երեխայի հանգստությունը, հաճախակի (օրական 15-16 անգամ) միզումը, մարմնի զանգվածի բնականոն ավելանալը (առաջին կիսամյակում՝ օրական 20-25 գ, երկրորդ կիսամյակում՝ 15-20 գ) ցույց են տալիս, որ կերակրումը լիարժեք է։

Կրծքի կաթից բացի երեխան պիտի խմի նաև ջուր (ցուրտ եղանակին՝ 50-100 մլ-ից ոչ պակաս, շոգին՝ 100-200 մլ)։

Մեկուկես ամսականից կարելի է սկսել երեխային տալ բանջարեղենի, մրգի, հատապտղի հյութեր։ Երեխային հյութերի պետք է սովորեցնել զգուշությամբ, սկսելով 3-5 կաթիլից, աստիճանաբար ավելացնելով դրանց քանակը։ 5 ամսականում երեխան օրվա ընթացքում պետք է ստանա 40-50 գ, իսկ մեկ տարեկանում՝ 80 100 գ հյութեր։ Յուրաքանչյուր նոր հյութ օգտագործելիս հյութի քանակը աստիճանաբար պետք է ավելացնել։ Պետք է տալ բազմազան հյութեր, չպետք է ամեն օր նույն հյութը տալ։ Գազարի հյութը շատ օգտակար է երեխային, սակայն պետք է տալ օրումեջ։ Եթե երեխան առողջ չէ, պետք չէ հյութեր տալ։ Որձկալու, փսխելու, հաճախակի կղման դեպքում նույնպես պետք է դադարացնել հյութեր տալը և անպայման դիմել բժշկի։

2 ամսականից սկսած երեխային կարելի է տալ քերած հում խնձոր, սկզբում 1/2 թեյի գդալ, 3-4 օր անց (լավ տանելու դեպքում), ավելացնելով, աստիճանաբար, հասցնել մինչև 2 ճաշի գդալի։

Երեխային լրացուցիչ սնունդ տալիս են 4,5-5 ամսականից, երբ նրա զարգացման համար միայն կրծքի կաթը բավարար չէ։ Լրացուցիչ սնունդ տալիս են փոքր քանակությամբ, երեխային աստիճանաբար սովորեցնելով յուրաքանչյուր նոր սննդամթերքի։ Նոր մթերք կարելի է տալ միայն նախորդին հարմարվելուց հետո։ Աստիճանաբար պետք է նվազեցնել կրծքով կերակրումների թիվը, որպեսզի կրծքից կտրելը երեխայի համար չլինի հիվանդագին։ Ջուրը, հյութերը լրացուցիչ սնունդ չեն համարվում։

Առաջին լրացուցիչ սնունդը բանջարեղենի խյուսն է (սկսելով 4-5 թեյի գդալից), որի քանակը 4-5 օրվա ընթացքում հասցվում է 180-200 գ-ի։ Այսպիսով, 5 ամսականում երեխան օրական 4 անգամ կերակրվում է կրծքով, 1 անգամ ստանում բանջարեղենի խյուս, բազմաթիվ հյութեր։ 5-5,5 ամսականում երեխայի սննդի օրաբաժնի մեջ կարելի է ներառել սպիտակաձավարի 5 %-անոց շիլա (100 գ հեղուկին՝ 1 թեյի գդալ ձավար) և կիսել։ 5,5-6 ամսական երեխային տալիս են սպիտակաձավարի 10 %-անոց շիլա, բանջարեղենի բազմազան խյուսեր (կարտոֆիլի, գազարի, կաղամբի, խառը), 2-3 գդալից աստիճանաբար հասցնելով մինչև 150 գ։ 6-7 ամսականում տալիս են մսի արգանակ, եփած ձվի դեղնուց, 7-8 ամսականում պաքսիմատ, թխվածքաբլիթ, 7,5-8 ամսականում՝ աղացած միս։ 8 ամսական երեխային կերակրում են 3 անգամ կրծքով, 1 անգամ՝ սպիտակաձավարի շիլայով (կամ այլ ձավարի տրորած շիլա կարագով), 1 անգամ բանջարեղենի խյուսով (150 գ)։ Դրանցից բացի տալիս են արգանակ (մսի կամ բանջարեղենի)՝ 70 գ, կաթնաշոռ՝ 50 գ (օրումեջ կարելի է տալ կաթնաշոռի և եփած դեղնուցի տրորած խառնուրդ), տրորած եփած միս (25-30 գ)։ 10 ամսականից երեխային միսը և ձուկը տալիս են խյուսի և գնդիկների ձևով։ 11-12 ամսականից երեխան կրծքով կերակրվում է օրական միայն 1 անգամ, սննդի օրաբաժնի մեջ ավելացվում են մսի կոտլետ և ապուր։

Այսպիսով, կյանքի առաջին տարվա վերջում երեխային առանց դժվարության կարելի է կտրել կրծքից։ Այդ շրջանում մայրը պետք է հագնի կուրծքը պինդ ձգող կրծկալ, քիչ հեղուկ ընդունի և 2-4 օր հետո կաթը կկտրվի։ Կրծքով մեկ անգամ կերակրման փոխարեն երեխային կարելի է տալ կովի կաթ, մածուն՝ շաքարով։ Չի կարելի երեխային կրծքից կտրել շոգ եղանակին կամ հիվանդ ժամանակ։

Խառը և արհեստական կերակրումը նշանակում է բժիշկը։ Այս եղանակով կերակրելիս պետք է հաշվի առնել ոչ միայն սննդի քանակը և կերակրման հաճախությունը, այլ նաև կերակրախառնուրդի համապատասխանությունը տարիքին, վիտամինների առկայությունը, լրացուցիչ սնունդ տալու ժամկետները։ Երկարատև օգտագործման համար լրացուցիչ սնունդ են նշանակում եփուկներով նոսրացված կաթը, 5 % շաքարով անարատ կաթը, մածունը, մածնով բացած խառնուրդները, «Նարինե» և կաթնային այլ խառնուրդները։ Արհեստական կերակրման համար սովորաբար օգտագործում են կովի կաթից պատրաստված խառնուրդներ, կաթնային խառնուրդներ, անարատ կաթ, «Նարինե»։ Բուժական խառնուրդներ նշանակում է միայն բժիշկը։ Խառը կամ արհեստական կերակրման ժամանակ սնունդը պետք է տաքացվի մինչև 36–37 °C (հարմար է օգտագործել մանկական սննդի էլեկտրական տաքացիչ, յուրաքանչյուր կերակրումից հետո ռետինե ծծակը անհրաժեշտ է եռացնել, ծծակի անցքը չպետք է մեծ լինի, հակառակ դեպքում երեխան կարող է շնչահեղձ լինել և հրաժարվել սննդից։ Ավելի լավ է խառնուրդով կերակրելիս երեխային պահել ծնկների վրա՝ գլուխը մի փոքր բարձր, մահճակալի մեջ կերակրելիս երեխային պետք է պառկեցնել կողքի վրա։ Կերակրելուց հետո երեխային 2-3 րոպե պետք է պահել ուղղաձիգ դիրքով՝ մինչև օդը դուրս գա ստամոքսից։ 5-6 ամսականում երեխային պետք է սովորեցնել ուտել գդալով, 7-8 ամսականում խմել բաժակով։ Արհեստական և խառը կերակրման դեպքում սնունդը պիտի լինի բազմազան, չի կարելի երեխային սովորեցնել միայն մի մթերքի, սակայն խորհուրդ չի տրվում նաև հաճախակի փոխել կերակրատեսակները։

Խառը կերակրման դեպքում, կյանքի առաջին շաբաթներին և ամիսներին, կրծքի կաթի պակասը լրացվում է սննդարար խառնուրդներով, որոնք տրվում են յուրաքանչյուր կերակրումից հետո։ Կրծքով կերակրումների քանակը չի փոխվում։ Դա շատ կարևոր է, քանի որ նախ երեխայի կուրծք ծծելը խթանում է մոր կաթի արտադրմանը, և ապա, կրծքի կաթի առկայությամբ լավ են յուրացվում արհեստական խառնուրդների սննդանյութերը։ 3-4 ամսականից կրծքով և խառնուրդներով կերակրումները կարող են իրար հաջորդել։

Կրծքի երեխայի դաստիարակությունը պետք է սկսել ամենավաղ հասակից։ Այն պահանջում է համառություն, համբերություն, մեծ ճիգերի գործադրում, տարբեր մեթոդների կիրառում։ Խստությունը և բռնությունն անթույլատրելի են։ Միայն կենցաղային լավ պայմանները և ընտանեկան առողջ միջավայրը չեն կարող երաշխավորել երեխայի ճիշտ դաստիարակությունը։ Անհրաժեշտ է համառ աշխատանք և սեր փոքրիկի նկատմամբ։

Դաստիարակության ընթացքում պարզից աստիճանաբար անցնում են բարդին՝ անընդհատ կրկնելով և ամրացնելով անցածը։ Երեխայի դաստիարակությունը պահանջում է ծնողների համատեղ աշխատանք։

Երեխայի կյանքի առաջին տարում ծնողների ջանքերը ամենից առաջ պիտի ուղղված լինեն օրվա ռեժիմի կազմակերպմանը, հիգիենային միջոցառումներին, շարժումների, տեսողական, ձայնային ընկալումների և խոսքի զարգացմանը։ Կերակրումը, քունը, զբոսանքները, արթուն մնալը միշտ պիտի կատարվեն միևնույն ժամերին։ Երեխան արագ ընտելանում է ռեժիմի։

Ամենօրյա լոգանքը, լվացումները երեխային վարժեցնում են ջրին։ 6-7 ամսականից, երբ երեխան արդեն նստում է, լողացնելիս պետք է տալ լողացող խաղալիքներ։ Պետք է երեխային սովորեցնել նաև սպիտակեղենի, հագուստի և բարուրաշորերի մաքրությանը, ոչ մի դեպքում չի կարելի թողնել, որ երեխան քնի թաց տեղում։

Երեխային պետք է վարժեցնել գիշերանոթի (միզամանի) այն բանից հետո, երբ նա սկսում է վստահորեն նստել։ Ավելի լավ է երեխային գիշերանոթին նստեցնել զարթնելուց անմիջապես հետո (եթե արթնացել է չոր) կամ ուտելուց 15-20 րոպե անց։ Երեխային գիշերանոթին նստած երկար պահել չի կարելի, որովհետև արգելակվում են բնականոն ֆիզիոլոգիական ռեակցիաները։ Նման դեպքում ավելի լավ է երեխային վերցնել գիշերանոթի վրայից և որոշ ժամանակ հետո կրկին նստեցնել։ Վնասակար է գիշերը երեխային գիշերանոթին նստեցնելը, քանի որ խանգարվում է քունը։

Շատ կարևոր է զարգացնել երեխայի շարժողական ակտիվությունը, օգնել յուրացնելու շարժումները։ Մերսումը և մարմնամարզությունը շարժողական հմտությունների մշակման հիմնական գործոններն են։ Սակայն չի կարելի ստիպել երեխային անել այն, ինչը դեռևս նա չի կարող անել։ Սովորաբար, երեխային դուր է գալիս փորի վրա դիրքը, քանի որ այդ դիրքից հեշտ է դիտել շրջապատը։ Երեխային փորի վրա պառկեցնելիս պիտի տակը կոշտ իր դրվի, չի կարելի այդ ժամանակ երեխային առանց հսկելու թողնել։ Պետք է ամեն կերպ խրախուսել երեխայի սողալը։ Երբ երեխան սկսում է սողալ, պետք է բազմոցի, մահճակալի վրա կամ սենյակի մի անկյունում նրա համար տեղ ազատել, շոր փռել, երեխայից որոշ հեռավորության վրա խաղալիք դնել և հնարավորություն տալ, որ սողալով ինքնուրույն հասնի դրան։ Շատ ծնողներ գտնում են, որ շարժումները զարգացնելիս առավել կարևոր է երեխային նստել քան սողալ սովորեցնելը։ Դա ճիշտ չէ. դիտարկումները ցույց են տալիս, որ ավելի շուտ նստել, քան սողալ սովորած երեխան անօգնական է, փորի վրա դիրքում նա լալիս է կամ անշարժ պառկում գլուխը կախ և չի ձգտում շարժվել։ Երեխային նստել սովորեցնելիս չի կարելի շրջափակել բարձերով, քանի որ այդ դեպքում նա ստիպված մնում է անշարժ, որը բացասաբար է անդրադառնում երեխայի զարգացման վրա։

Հաղորդակցության ձևերի (տեսողական և լսողական ընկալումների, ձայնային ռեակցիաների և խոսքի) զարգացումը պետք է սկսել 3-րդ ամսից։ Այդ շրջանում երեխան արդեն հետևում է շրջապատին, տարբերում և ճանաչում ծանոթ առարկաները, դրանց նկատմամբ հետաքրքրություն դրսևորում, փորձում վերցնել դրանք, ուստի պետք է նրան տալ տարբեր ձևի, գույնի և մեծության խաղալիքներ։ Երեխայի հետ պետք է խոսել հասկանալի՝ հարուստ երանգավորումով, կարճ արտահայտություններով, առավել կարևոր բառերն ընդգծված։ 7 ամսականից երեխան սկսում է հասկանալ բառերը, այդ շրջանում նրան պետք է սովորեցնել փնտրել անվանված կամ ծանոթ իրը։ Այդ հասակում երեխան սկսում է կատարել նաև այլ խնդրանքներ, նստել, պառկել, «ծափիկ» անել։ 6-7 ամսականից երեխային պետք է սովորեցնել վանկերով ընդօրինակել՝ աշխատելով տեսանելի դարձնել շրթունքների շարժումները։ Դա բարձրացնում է երեխայի ակտիվությունը և ուշադրությունը, երեխան հետևում է խոսողներին, շարժում շրթունքները։ Օգտակար է երեխային ցույց տալ տարբեր առարկաներ և ասել դրանց անունները, երեխային սովորեցնել տարբեր գործողություններ կատարել սկզբում մեծերի օգնությամբ, այնուհետև ինքնուրույն («տուր գնդակը», «ցույց տուր, որտեղ է տիկնիկը» ևն)։ Առաջին տարվա վերջում երեխային կարելի է սովորեցնել բառերն արտասանել իմաստավորված։ Դրա համար անհրաժեշտ է, որ երեխան լավ հասկանա բառը և կարողանա այն կրկնել։ Երեխաների հետ խոսելիս նպատակահարմար է օգտագործել այն բառերը, որոնք նրանք ի վիճակի են արտասանելու, պետք չէ նմանակել մանկական խոսվածքը, աղավաղել բառերը։ Խաղերի և պարապմունքների համար անհրաժեշտ է ընտրել տաք առարկաներից հեռու տեղ։ Գրկելիս երեխային պետք է պահել ազատ, երկու ձեռքով և ոչ մի դեպքում վեր չթռցնել։