ՏՏՀ/Կրյուշոն
ԿՐՅՈՒՇՈՆ, աղանդերային ըմպելիք, որը պատրաստում են խաղողի գինով, կոնյակով, լիկյորով, շամպայնով՝ արծնապատ կամ ապակե խոր ամանում։ Այս բաղադրիչները խառնելուց հետո ավելացնում են թարմ կամ պահածոյված մրգեր և հատապտուղներ։
Կ. մատուցում են սառը, երբեմն՝ սառույցով։
Կ. սպիտակ գինով. 800 գ սեղանի գինուն ավելացնել 50 գ լիկյոր, նույնքան կոնյակ, 200 գ նարինջ (կեղևած, կորիզները հանած և կլոր շերտերով կտրտած), շաքարավազ (ըստ ճաշակի) և խառնել։
Կ. նարնջի. 3 նարինջը և 1/2 կիտրոնը կեղևել, կորիզները հանել, կլոր շերտերով կտրտել, լցնել ամանի մեջ, վրան ցանել 150 գ շաքարափոշի և թողնել կես ժամ։ Այնուհետև լցնել 0,5 լ սպիտակ և 0,25 լ կարմիր գինի, ավելացնել 1 ըմպանակ կոնյակ և նույնքան լիկյոր, ապա դնել սառույցի վրա։ Մատուցելուց առաջ կարելի է ավելացնել 1/2 շիշ սառեցրած շամպայն։
Կ. ելակի. 0,5 կգ ելակն ընտրել և լվանալ, լցնել փլավքամիչի մեջ, ջուրը քամվելուց հետո լցնել ամանի մեջ։ Վրան ցանել 0,5 կգ շաքարավազ, ապա 1/2 բաժակ ջուր ցողել։ 2-3 ժամ պահել սառնարանում, այնուհետև լցնել 1 լ սպիտակ գինի և նորից դնել սառնարանը 1-2 ժամ։ Մատուցելուց առաջ ավելացնել 1 լ գազով ջուր կամ 1 շիշ կիսաանապակ շամպայն։