ՏՏՀ/Մակարոնեղեն
ՄԱԿԱՐՈՆԵՂԵՆ, պատրաստում են մեծ քանակությամբ սպիտակուցներ պարունակող բարձրորակ ալյուրից։ Լինում է խողովակաձև (մակարոն, եղջյարիկներ, փետուրիկներ), ձևավոր (աստղիկներ, խխունջիկներ, ականջիկներ, օղակներ), վերմիշել (սովորական, բարակ, ձևավոր), արիշտա։ Հիմնական առավելություններն են. երկարատև պահելու հնարավորությունը (առանց սննդային և համային հատկությունները կորցնելու), բարձր սննդարարությունը, պատրաստման արագությունը և դյուրությունը։
Աղ գցած եռացող ջրում Մ. (100 գ Մ-ին՝ 3 բաժակ ջուր և 1/2 թեյի գդալ աղ) եփում են մինչև փափկելը, այնուհետև լցնում փլավքամիչի մեջ և ողողում սառը ջրով, կամ էլ անմիջապես ավելացնում յուղ, որպեսզի իրար չկպչեն։ Խոշոր մակարոնն եփում են մոտավորապես 25-35, արիշտան՝ 15-20, վերմիշելը՝ 12-15, ամենաբարակ վերմիշելը՝ 5-10 րոպե։
Համարյա բոլոր կերակրատեսակներում մակարոնը կարելի է փոխարինել արիշտայով, վերմիշելով, եղջյուրիկներով։
Յուղով և պանրով մակարոն. մակարոնը եփել (նշված եղանակով), ջուրը քամել, ավելացնել կարագ, քերած պանիր և լավ խառնել։
Լոռով մակարոն. մակարոնը եփել, ավելացնել հում ձու, աղ, շաքարափոշի, մսաղացով աղացած լոռ։ Խառնել և լցնել յուղած տապակի մեջ, հավասարեցնել, երեսին ցանել պաքսիմատ, յուղ լցնել և 15-20 րոպե դնել ջեռոցը։
250 գ մակարոնին՝ 2 ձու, 1 բաժակ լոռ, 2 ճաշի գդալ պաքսիմատ, 2 ճաշի գդալ շաքարափոշի, 1/2 թեյի գդալ աղ, 1 ճաշի գդալ կարագ։
Պոմիդորով և բրինզայով (ոչխարի պանիր) մակարոն. մակարոնը եփել, ողողել սառը ջրով, լցնել փլավքամիչի մեջ, թողնել ջուրը քամվի։ Վրան լցնել 2-3 ճաշի գդալ յուղ, պոմիդորի հյութ (մաղով քամած), ավելացնել փշրած բրինզա, խառնել և լցնել յուղած սաճի մեջ։ Երեսին ցանել փշրած բրինզա կամ աղի պանիր, 4-5 ճաշի գդալ յուղ և դնել ջեռոցը։
Մատուցել սալաթի հետ։
300 գ մակարոնին՝ 500 գ պոմիդոր, 1 բաժակ փշրած բրինզա, 6-8 ճաշի գդալ կարագ.
Մ. օգտագործում են նաև բանջարեղենի, մսեղենի հետ, տապակում ձվով, տոմատով։