ՄԱՂԱԴԱՆՈՍ, կարոս, ազատքեղ, Հայաստանում մշակում են ամենուր։ Առավել տարածված և հայտնի է Մ-ի 2 տարատեսակ՝ տերևային և արմատապտղային Մ.։ Մ. պարունակում է մեծ քանակությամբ եթերայուղեր, որով և պայմանավորված է նրա բույրը։ Տերևները պարունակում են մինչև 10 մգ % կարոտին (A նախավիտամին), արմատները՝ 35 մգ % C վիտամին։

Մ. որպես համեմունք օգտագործում են ապուրներում, շոգեխաշած բանջարեղենի հետ, թթուների և պահածոների մեջ։ Տապակած արմատներն ու կանաչ տերևները ավելացնում են բանջարների խճողակին։ Մ-ի թարմ տերևները կարելի է օգտագործել ամենաբազմազան կերակրատեսակներ (սալաթներ, դոնդողակ ևն) ձևավորելու համար։ Տերևներն ու արմատները չորացնում են խառը կանաչիների հետ (տես Բանջարեղենի և մրգերի չորացում)։ Մ-ի աճեցման մասին տես Այգեգործական հողամաս բաժնում։