ՄԱՅՈՆԵԶ։ Պատրաստում են զտած ձեթից, ձվի դեղնուցից, կաթի փոշուց և յուրահատուկ համ ու հոտ հաղորդող հավելանյութերից (մանանեխ, քացախ, աղ, շաքար, համեմունքներ)։ Օգտագործում են սառը կերակրատեսակներ (բանջարեղեն, միս, ձուկ) համեմելիս։ Մ. ախորժաբեր է և նպաստում է համեմված կերակրատեսակների լավ յուրացմանը։

Մ-ի ճարպայնությունը պակասեցնելու համար ավելացնում են (խառնելով) եռացրած ջուր, կաթ կամ թթվասեր։ 200 գ Մ-ին 1-2 ճաշի գդալ քացախ ավելացնելու դեպքում այն դառնում է ավելի կծու։ Ձկան և մսի սառը կերակրատեսակների հետ օգտագործելիս Մ-ին կարելի է ավելացնել 1-2 ճաշի գդալ քերած ծովաբողկ։

Մ. կարելի է պատրաստել տանը։ Դեղնուցն ու աղը հարում են, ավելացնում պղպեղ, շաքարավազ, քացախ, մանանեխ և, շարունակելով հարել, քիչ-քիչ լցնում ձեթ։ Վերջում խառնում են թթվասեր։

1 ձվի դեղնուց, 1 ճաշի գդալ քացախ, 1/2 բաժակ ձեթ, 2 ճաշի գդալ թթվասեր, 1 թեյի գդալ շաքարավազ, 1/2 թեյի գդալ մանանեխ (կամ 2 պտղունց չոր մանանեխ). աղն ու պղպեղը՝ ըստ ճաշակի։