Մաշկաքսուք
Առողջություն և կոսմետիկա
Աղբյուր՝ ՏՏՀ, էջ 318
Այս էջը կարող է պարունակել հնացած կամ ոչ ճշգրիտ բժշկական կամ առողջապահական տեղեկատվություն։

ՄԱՇԿԱՔՍՈՒՔ, կենդանական և բուսական ճարպերի, ճարպանման և էմուլսարար նյութերի, մոմի, ջրի խառնուրդ։ Ճարպը և ճարպանման նյութերը, թափանցելով մաշկի մեջ, տոգորում են նրա մակերևութային շերտը, փափկացնում այն, դարձնում առաձգական, պաշտպանում արտաքին անբարենպաստ ազդեցություններից և կնճիռների առաջացումից։

Ըստ բաղադրության Մ-ները լինում են ճարպային, էմուլսային և հատուկ։ Էմուլսային Մ-ներն ըստ ջրի քանակության, լինում են թանձր կամ ջրիկ։ Առավել արդյունավետ դարձնելու համար Մ–ին ավելացնում են, այսպես կոչված, կենսաբանորեն ակտիվ նյութեր (վիտամիններ, խոտաբույսերի, հատապտուղների, բանջարեղենի լուծամզուկներ)։ Օրինակ, A, E, F վիտամինները, թափանցելով մաշկի մեջ, լավացնում և խթանում են մաշկի նյութափոխանակությունը, նպաստում չորության կամ ճարպոտության նվազմանը։

Որոշ Մ-ների կազմի մեջ մտնում են մեղր, մեղվի մայրական կաթ (ապիլակ), դեղանյութեր։

Մաշկը փափկացնելու և մաքրելու համար օգտագործում են ջրիկ Մ-ներ։ Դրանք կարելի է կիրառել օճառով լվացվելու փոխարեն կամ դիմափոշի օգտագործելուց առաջ։ Թողարկում են սնուցող Մ-ներ բնականոն, չոր և ճարպոտ մաշկի համար։ Սնուցող Մ. բարակ շերտով քսում են դեմքի և վզի մաքուր մաշկին, թողնում 30 րոպե, ապա մնացորդը հեռացնում թղթե անձեռոցիկով կամ խոնավ բամբակով։ Խորհուրդ չի տրվում Մ. գիշերը թողնել դեմքին։

Թողարկում են նաև պաշտպանական Մ-ներ՝ մաշկը արևից, պեպենների, գունաբծերի առաջացումից, քիմիական նյութերի ներգործությունից պաշտպանելու համար։

Հատուկ Մ-ների շարքին են պատկանում մաշկը սպիտակեցնող, մազերն ամրացնող Մ-ները։ Թողարկում են նաև մոծակների և մժեղների խայթոցներից պաշտպանող Մ-ներ։

Դեմքի համար նախատեսված Մ-ները պետք է օգտագործել ամեն օր, սակայն հիշել, որ մաշկն ընտելանում է նույն Մ-ին, ուստի, Մ. պարբերաբար պետք է փոխել։

Մ. հարկավոր է քսել (և մաքրել) մաշկագծերի ուղղությամբ՝ մատների թեթև հպումով։