ՏՏՀ/Մաշկի թարախաբշտիկային հիվանդություններ

Մաշկի թարախաբշտիկային հիվանդություններ
Առողջություն և կոսմետիկա
Աղբյուր՝ ՏՏՀ, էջ 318
Այս էջը կարող է պարունակել հնացած կամ ոչ ճշգրիտ բժշկական կամ առողջապահական տեղեկատվություն։

ՄԱՇԿԻ ԹԱՐԱԽԱԲՇՏԻԿԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ, պիոդերմիաներ, հարուցիչները թարախածին մանրէներն են՝ ստրեպտոկոկերը, ստաֆիլոկոկերը և այլն։ Վարակվում են հիվանդի հետ անմիջականորեն շփվելիս, ինչպես նաև հագուստի, կենցաղային առարկաների միջոցով։ Մ. թ. հ. առաջանում են անձնական հիգիենայի կանոնները խախտելիս, մաշկի ոչ ճիշտ խնամքի, մաշկածածկույթների վնասվածքների (սրսկած տեղեր, միջատների խայթոցներ, կտրած վերքեր, քերծվածքներ), քրտնոտության, օրգանիզմի դիմադրողականությունն իջեցնող քրոնիկական հիվանդությունների դեպքերում։ Երբեմն Մ.թ.հ. բարդացնում են մաշկային այլ հիվանդությունների (քոս, էկզեմա և այլն) ընթացքը և դժվարացնում դրանց բուժումը։ Առավել տարածված են մաշկի մազապարկի բորբոքումը (ֆոլիկուլիտ), մանր թարախաբշտիկացանը (իմպետիգո), թզախտը (սիկոզ), հասարակ պզուկները, ֆուրունկուլը, կարբունկուլը, մատնաշունչը ևն։ Մ.թ.հ. սովորաբար ընթանում են սուր և ավարտվում են մի քանի օրից կամ շաբաթից։ Թուլացած հիվանդների Մ.թ.հ. կարող են ընդունել ձգձգված կամ քրոնիկական ընթացք (ամիսներ, տարիներ) և ուղեկցվել դժվար լավացող խոցերով։

Մաշկի վնասված հատվածում կարմրության, ուռածության և ցավոտության ի հայտ գալուն պես հարկավոր է դիմել բժշկի։ Վարակի տարածումը կանխելու նպատակով թարախաբշտիկներով ծածկված մաշկահատվածը չի կարելի լվանալ կամ տաքացնող կոմպրես դնել։ Ախտահարված հատվածը շրջապատող մաշկն ամեն օր պետք է սրբել սալիցիլային սպիրտի 2 %-անոց լուծույթով, վաղենակի թուրմով և այլն։ Հիվանդի սպիտակեղենը պետք է լվանալ առանձին և անպայման եռացնել սոդայով, բնակարանը լավ օդափոխել, ամեն օր կատարել խոնավ հարդարանք։ Հիվանդության հաջող բուժման համար կարևոր է նաև ճիշտ սնվելը։ Սնունդը պետք է հարուստ լինի սպիտակուցներով և վիտամիններով, հակացուցված են սուր ճաշատեսակները, թթուն, քաղցրը։

Հատկապես վտանգավոր են կրծքի երեխաների Մ.թ.հ.։ Երեխայի մաշկի վրա թարախաբշտիկները հաճախ առաջանում են քրտնախաշի ֆոնի վրա և բշտիկների կամ թարախով լցված բշտերի տեսք ունեն։ Երեխայի մաշկի վրա եզակի թարախաբշտիկի ի հայտ գալուն պես հարկավոր է օրը 3-4 անգամ այն մշակել վարակազերծող միջոցներով (ադամանդականաչի (զելյոնկա) լուծույթ, Կաստելանի հեղուկ ևն։ Եթե վարակը տարածվում է, անհրաժեշտ է դիմել բժշկի։

Մ.թ.հ. կանխարգելելու նպատակով անհրաժեշտ է մանրակրկիտ հետևել մաշկի (հատկապես երեխաների) մաքրությանը (եղունգները կարճ կտրել, ձեռքերը հաճախակի լվանալ, ծծակը և ռետինե խաղալիքները ողողել եռացրած ջրով ևն)։ Մաշկի տարբեր վնասվածքները (քերծվածքներ, կտրած վերքեր, սրսկած տեղեր) հարկավոր է անմիջապես մշակել վարակազերծող միջոցներով (յոդ, ադամանդականաչ) և դնել բակտերիասպան կպչուն սպեղանի։