ՏՏՀ/Մարսողության խանգարում
ՄԱՐՍՈՂՈՒԹՅԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ, դիսպեպսիա, հիվանդություն, որն ընթանում է առանց աղիքների զգալի ախտահարման։ Առավել հաճախ հիվանդանում են կրծքի երեխաները, որը սովորաբար հետևանք է կերակրման խանգարման (կրծքի կաթով չափից ավելի կերակրում, անկանոն սնում, նոր սննդամթերքների ոչ ճիշտ օգտագործում)։ Կարող է նաև ուղեկցել տարբեր հիվանդություննեոի (գրիպ, թոքերի, ականջի բորբոքում), որը կոչվում է արտաաղիքային Մ.խ.։ Հիվանդության առաջացմանը նպաստում է գերտաքացումը (օրինակ, տարվա շոգ եղանակը)։ Կրծքի երեխաների Մ. խ-ման հիմնական ախտանշանը լուծն է (օրական 8-10 անգամ թույլ կղանք՝ թթված հոտով, հաճախ կանաչավուն, լորձոտ), գազերի կուտակումը, կերակրումից բավական ժամանակ հետո որձկալը և փսխումը։ Երեխայի մարմնի զանգվածը չի աճում, նա վատ է քնում, անհանգիստ և քմահաճ է դառնում։ Ցանր դեպքերում (թունավոր Մ.խ.) կղանքը դառնում է ավելի հաճախակի (օրական 10-15 անգամ), նկատվում է մարմնի զանգվածի կտրուկ անկում, լորձաթաղանթների և մաշկի չորություն։ Նշված ախտանշանների ի հայտ գալուն պես պետք է անհապաղ դիմել մանկաբույժի։
Կերակրման ռեժիմի խանգարումից առաջացած Մ.խ-ման դեպքում խորհուրդ է տրվում որոշ ժամանակ (12 ժամ, երբեմն էլ ավելի) երեխային չկերակրել. միայն հաճախակի տալ քիչ քանակությամբ (օրական 3-4 բաժակից ոչ պակաս ջուր), բաց գույնի, ոչ քաղցր թեյ (օրական 100-150 մլ մարմնի 1 կգ զանգվածին)։ Քաղցի շրջանից հետո կրծքի կաթը կամ կաթնային ու կաթնաթթվային խառնուրդները (արհեստական կերակրման դեպքում) պետք է տալ ոչ մեծ բաժիններով և աստիճանաբար ավելացնել։ Ցանր դեպքերում բուժումն իրականացնում են հիվանդանոցում։ Երբեմն Մ.խ-ման երևույթներով են սկսվում ստամոքսաղիքային վարակիչ հիվանդությունները, ուստի անհրաժեշտ է խնամքով եռացնել հիվանդ երեխայի տակաշորերը և առողջ երեխաներին զերծ պահել հիվանդից։ Կանխարգելիչ նպատակով առաջին հերթին պետք է խստորեն պահպանել երեխաների կերակրման ռեժիմը։
Մեծահասակների Մ.խ. արտահայտվում է այրոցով, գխտոցով, փորափքանքով, լուծով և այլ երևույթներով։