Նյարդարմատաբորբ
Առողջություն և կոսմետիկա
Աղբյուր՝ ՏՏՀ, էջ 321
Այս էջը կարող է պարունակել հնացած կամ ոչ ճշգրիտ բժշկական կամ առողջապահական տեղեկատվություն։

ՆՅԱՐԴԱՐՄԱՏԱԲՈՐԲ, ռադիկուլիտ, ողնուղեղի նյարդարմատների ախտահարում։ Հիվանդության ընթացքը սովորաբար քրոնիկական է՝ պարբերաբար սրացումներով։ Նյարդարմատները կազմված են զգացող (հետին արմատներ) և շարժիչ (առաջային արմատներ) նյարդաթելերից։ Համապատասխանաբար առավելապես հետին արմատների ախտահարմամբ ընթացող Ն-ի դեպքում գերակշռում են ցավային զգացողությունները, իսկ առաջային արմատների ախտահարումն ուղեկցվում է այդ ախտահարված նյարդաթելերով նյարդավորվող մկանների թուլությամբ և զանգվածի փոքրացմամբ։

Ն-ի առաջացման պատճառն առավել հաճախ ողնաշարի օստեոխոնդրոզ հիվանդությունն է, որը հանգեցնում է ոսկրային խողովակների (որոնցով անցնում են նյարդարմատները) նեղացման։ Դրա հետ կապված մարմնի կտրուկ շարժումների ժամանակ, ծանրություն բարձրացնելիս և տարբեր վնասվածքների դեպքում կարող են նյարդարմատները ճմլվել։ Ախտահարման մակարդակից կախված տարբերում են գոտկային, գոտկասրբոսկրային, պարանոցային, ուսապարանոցային և կրծքային Ն-եր։ Գոտկային Ն-ի դեպքում, առավել հաճախ առաջանում է գոտկային շրջանի սուր ցավ (լյումբագո), մկանների մշտական ցավերի և կծկանքի պատճառով հիվանդներն ընդունում են հարկադրական (ցավող կողմին հակառակ) կեցվածք, որը նպաստում է ողնաշարի ծռմանը և հիվանդության ընթացքի վատացմանը (դրա համար բժիշկը խորհուրդ է տալիս քնել հարթ, կոշտ անկողնում կամ տախտակի վրա)։ Սովորաբար այդպիսի Ն-ի դեպքում ախտահարվում է նաև ողնաշարի սրբոսկրային հատվածը և առաջանում է գոտկասրբոսկրային Ն. կամ նստանյարդաբորբ (իշիաս), որի դեպքում ցավերը տարածվում են ազդրի, ծնկի և ոտնաթաթի վրա (ախտահարվում է նստանյարդը)։ Հիվանդները չեն կարողանում ծալել, ուղղել ոտքը։ Պարանոցային և ուսապարանոցային Ն-ի դեպքում ցավը տեղակայվում է ծոծրակի, պարանոցի վրա, տարածվում դեպի ուսը, թիակը։ Կրծքային Ն. բնորոշվում է կրծքավանդակի ցավերով, որն ուժեղանում է խորը շնչառության, հազի դեպքում։

Ն. բուժում են հիմնականում առաջացնող պատճառը վերացնելով։ Ցավազրկող դեղամիջոցների հետ միաժամանակ լայնորեն կիրառում են ֆիզիոթերապևտիկ բուժամիջոցներ, բուժական մարմնամարզություն։ Ջերմային բուժամիջոցների ինքնուրույն ընդունումը, ցավազրկող և այլ դեղանյութերի օգտագործումը հիվանդի վիճակը լավացնում են ժամանակավոր։ Ն-ի և դրա սրացումների կանխարգելման համար մեծ նշանակություն ունեն համապատասխան մկանախումբն ամրապնդող բուժական մարմնամարզությունը, ֆիզկուլտուրայով և սպորտով զբաղվելը, օրգանիզմի կոփումը, օրգանիզմի գերսառեցումը կանխող միջոցառումները։