ՏՏՀ/Մուս
ՄՈՒՍ, քաղցր կերակրատեսակ։ Թարմ կամ թարմ սառեցված միրգը, հատապտուղը, դրանց հյութը, օշարակը և մուրաբան հարում են հարիչով կամ ձեռքի հարիչով սառը ջրի մեջ դրած ամանում (արագ լինելու համար)։ Պետք է հաշվի առնել, որ հարելուց զանգվածի ծավալը մեծանում է 2-2 1/2 անգամ։
Հատապտղի Մ.։ Հատապտուղն ընտրել, լվանալ սառը ջրով, լցնել խեցե կամ արծնապատ ամանի մեջ, տրորել փայտե գդալով և անցկացնել մաղով։ Ստացվում է հատապտղի խյուս։ Մնացորդի վրա տաք ջուր լցնել և 5-7 րոպե եփել, ապա վերցնել կրակից և քամել։ Ստացված եփուկին ավելացնել շաքարավազ, նախապես թրջած դոնդողանյութ և, անընդհատ խառնելով, հասցնել եռման, այնուհետև սառեցնել, ավելացնել հատապտղի խյուսը, ամանը դնել սառը ջրի մեջ և հարել այնքան, որ զանգվածը դառնա համասեռ։ Ստացված Մ. լցնել ամանների մեջ և սառեցնել։ Մ-ի վրա կարելի է ցողել մրգի կամ հատապտղի օշարակ։
1 բաժակ հատապտղին՝ 3/4 բաժակ շաքարավազ, 15 գ դոնդողանյութ։
Սպիտակաձավարով Մ., 1-ին եղանակ. տաք ջրին ավելացնել շաքարավազ, մրգախյուս կամ հատապատղի հյութ և դնել կրակին։ Հենց որ սկսի եռալ, անընդհատ խառնելով ավելացնել սպիտակաձավար և եփել 15-20 րոպե։ Ստացված զանգվածը ամանով դնել սառը ջրի մեջ և հարել։
5-6 բաժակ Մ. պատրաստելու համար անհրաժեշտ է 1 բաժակ մրգախյուս կամ հատապտղի հյութ, 1 բաժակ շաքարավազ, 3 ճաշի գդալ սպիտակաձավար և 2 1/2 բաժակ ջուր։
2-րդ եղանակ։ Շաքարաջուր պատրաստել։ Սպիտակաձավարը ջրով բացել և ավելացնել եռացող շաքարաջրին, անընդհատ խառնել մինչև սպիտակաձավարը եփվի։ Ստացված զանգվածը լցնել ամանի մեջ և հարել։ Ավելացնել կիտրոնի հյութ կամ կիտրոնաթթու։
100 գ սպիտակաձավարին՝ 3/4 լ ջուր, 100 գ շաքար, կիտրոնի հյութը կամ կիտրոնաթթուն՝ ըստ ճաշակի։
Խնձորի Մ. (առանց դոնդողանյութի)։ Խնձորը լվանալ, դնել տապակի մեջ, մի քիչ ջուր լցնել և դնել ջեռոցը։ Փափկելուն պես խնձորը հանել և անցկացնել մաղով։ Ստացված խյուսին ավելացնել ջրով բացած շաքարավազ և հարել մինչև Մ-ի ծավալը մեծանա 2-2 1/2 անգամ և սպիտակի։ Եթե Մ. շատ քաղցր է ստացվել, ապա կարելի է հարելիս ավելացնել կիտրոնի հյութ։ Պատրաստի Մ. լցնել սկահակների մեջ և սառեցնել։
500 գ խնձորին՝ 1/2 բաժակ շաքարավազ, 1/3 բաժակ ջուր, 1 թեյի գդալ կիտրոնի հյութ։