ՊՈՎԻԴԼՈ, եփում են խնձորից, տանձից, սալորից, ծիրանից, հոնից և այլ պտուղներից կամ դրանց խառնուրդից։ Կարելի է Պ. պատրաստել նաև վնասված պտուղներից և հատապտուղներից։ Ընտրած և լվացած պտուղները լցնում են կաթսայի մեջ, մի քիչ ջուր ավելացնում, փակում կափարիչով, դնում կրակին և եփում մինչև պտուղների փափկելը (եռալուց հետո 10-20 րոպե)։ Եփած պտուղները տրորելով անցկացնում են մաղով կամ փլավքամիչով, ստացված խյուսին ավելացնում շաքարավազ (1 բաժակ խյուսին՝ 1 բաժակ շաքարավազ) և անընդհատ խառնելով եփում՝ մինչև խիտ զանգված ստանալը (մոտավորապես 1-1 1/2 ժամ)։ Այնուհետև լցնում են նախապես մանրէազերծած ապակե բանկաների մեջ և փակում։