ՋԵՄ, ցանկալի է Ջ. եփել պեկտին պարունակող թթվաշ պտուղներից և հատապտուղներից։ Այլ պտուղների Ջ-երին եփվելուց 10-15 րոպե առաջ խորհուրդ է տրվում ավելացնել խնձորի, կոկռոշի և պեկտինով հարուստ այլ պտուղների և հատապտուղների հյութ կամ խյուս։

Որոշ հատապտուղներ (հաղարջ, լոռամրգի, կոկռոշ) եփելուց առաջ տրորում են, որպեսզի շաքարը լավ ներծծվի։ Պտուղները, հատապտուղները և օշարակը նախապատրաստում են այնպես, ինչպես մուրաբայի համար։

Պտուղները կամ հատապտուղները լցնում են թասի մեջ, ավելացնում շաքարավազ կամ օշարակ և եփում՝ մինչև փրփուրը հավաքվի կենտրոնում, իսկ պտուղները ներծծվեն օշարակով և դառնան կիսաթափանցիկ։

1 կգ մորուն, ելակին, արքայամորուն, սալորին, բալին, դեղձին պետք է ավելացնել 1 կգ շաքար, 1 կգ ծիրանին, շլորին, խնձորին՝ 1,2 կգ շաքար, 1 կգ լոռամրգին, սև հաղարջին՝ 1,5 կգ շաքար։ Շաքարի մեծ պարունակության շնորհիվ կասեցվում է Ջ-ում մանրէների զարգացումը, ուստի այն կարելի է երկար պահել։ Պահածոյվող Ջ. տաք վիճակում (70 °C–ից ոչ ցածր ջերմաստիճանի) լցնում են ապակե բանկաների մեջ և փակում։