ՌԱԳՈՒ, կերակրատեսակ, որը պատրաստում են մսամթերքով և բանջարեղենով։ Միսը (ոչխարի, խոզի, ճագարի, թռչնի) կտրտում են ոչ մեծ կտորներով (ոսկորով): Բանջարեղենի Ռ. պատրաստում են ցանկացած բանջարեղենով։

Ռ. ոչխարի մսով. ոչխարի մսի կտորների վրա (կրծքամսի կամ թիակի) աղ ցանել, տապակել տաքացրած յուղով տապակի մեջ մինչև վարդագույն կեղևի առաջանալը, ապա ալյուր ցանել և խառնելով տապակել ևս 2-3 րոպե։ Լցնել տաք արգանակ կամ ջուր, ավելացնել տոմատախյուս, ծածկել կափարիչով և մարմանդ կրակի վրա 45-60 րոպե խաշել։ Գազարը, կարտոֆիլը, մաղադանոսը, շաղգամը, սոխը կեղևել, լվանալ, կտրտել, ապա թեթևակի տապակել և ավելացնել ոչխարի մսին։ Աղ ցանել, համեմել հատիկավոր պղպեղով, դափնու տերևով և խաշել ևս մոտավորապես 30 րոպե։ Որպեսզի Ռ. նուրբ համ ունենա, կարելի է բոլոր համեմունքները փաթաթել մաքուր թանզիֆով և 10-15 րոպե Ռ-ի հետ խաշելուց հետո հանել։ Ռ. մատուցելիս վրան ցանել մանր կտրտած մաղադանոս և սամիթ։

500 գ ոչխարի մսին՝ 500 գ կարտոֆիլ, 2 գազար, շաղգամ և մաղադանոս, 1 գլուխ սոխ, 2 ճաշի գդալ տոմատախյուս, 2-3 բաժակ արգանակ կամ եռացրած ջուր, 2 ճաշի գդալ կարագ, 1 ճաշի գդալ ալյուր, հատիկավոր պղպեղը, դափնու տերևը, աղը՝ ըստ ճաշակի։

Ռ. բանջարեղենի. բանջարեղենը (կարտոֆիլ, գազար, շաղգամ, սոխ, կաղամբ, կանաչ լոբի) կտրտել։ Լոբին և կաղամբը եփել քիչ ջրով (աղ արած), կարտոֆիլը տապակել, գազարը, սոխը թեթևակի խաշել։ Ալյուրը կարագով բովել, բացել արգանակով կամ բանջարեղենի եփուկով (կաղամբի և լոբու), ավելացնել մանր կտրտած թարմ պոմիդոր կամ տոմատախյուս և եռացնել։ Ստացված սոուսը լցնել բանջարեղենի վրա, աղ ու պղպեղ ցանել, զգուշորեն խառնել, ծածկել կափարիչով և 25-30 րոպե խաշել մարմանդ կրակի վրա: Համեմունքներն ավելացնել վերը նկարագրված եղանակով։

500 գ կարտոֆիլին՝ 3 գազար, 250 գ շաղգամ, 250 գ կաղամբ կամ ծաղկակաղամբ, 100 գ կանաչ լոբի կամ կանաչ ոլոռ, 2 գլուխ սոխ, 2 պոմիդոր կամ 2 ճաշի գդալ տոմատախյուս, 3 ճաշի գդալ կարագ, 1 ճաշի գդալ ալյուր, 2 բաժակ բանջարեղենի եփուկ կամ արգանակ, դափնու տերևը, հատիկավոր պղպեղը, աղը՝ ըստ ճաշակի։