ՌՈՍՏԲԻՖ, մեծ կտորներով տապակած տավարի մեջքամիս։

Միսը մաքրել ջլերից և ավելորդ ճարպից, աղ և պղպեղ ցանել և 25-30 րոպե տապակել տաքացրած յուղով տապակի մեջ։ Այնուհետև միսը դնել ջեռոցի մեջ և 10-15 րոպեն մեկ վրան գդալով լցնել տապակի յուղից։ Տապակել մինչև վարդագույն կեղևի առաջանալը (30 րոպե և ավելի՝ կախված մսի կտորի չափից)։ Չափից ավելի տապակելու դեպքում միսը չորանում է։ Ռ. մատուցում են տաք կամ սառը։ Պատրաստի Ռ. կտրտում են թելքերին ուղղահայաց, վրան լցնում տապակելու ժամանակ առաջացած հյութը։ Որպես սառը խորտիկ մատուցվող Ռ. կտրտելուց առաջ պետք է սառեցնել։

Խավարտ. տաք Ռ-ի՝ եփած կամ տապակած կարտոֆիլ, խաշած և վրան յուղ լցրած բանջարեղեն, մակարոն ևն, սառը Ռ-ի՝ թարմ վարունգ, պոմիդոր, կաղամբով սալաթ։ Առանձին կարելի է մատուցել ծովաբողկ, մայոնեզ։