ՓՈՂԿԱՊ, կարում են բնական և արհեստական մետաքսից, բրդե կամ այլ գործվածքներից։ Կա Փ-ի մի քանի տեսակ՝ կապովի, ռեգատ, թիթեռնակապ ևն։ Ամենատարածվածը ինքնակապ Փ. է։ Փ-ի գույնը և նախշերը պետք է ներդաշնակեն կոստյումի և վերնաշապիկի գույներին։ Միագույն վերնաշապիկին սազում է ծաղկավոր, իսկ գծավորին՝ մեղմ գույնի Փ.։ Բաց գույնի կոստյումի հետ խորհուրդ է տրվում կապել վառ գույնի Փ.։ Օրինակ, սպիտակ վերնաշապիկի և մոխրագույն կոստյումի հետ սազում է կապույտ և կանաչ, իսկ բաց երկնագույն վերնաշապիկի և կապույտ կոստյումի հետ՝ մուգ կապույտ, բալագույն, մոխրագույն և երկնագույն Փ.։ Խորհուրդ չի տրվում բաց գույնի վերնաշապիկի և սև կոստյումի հետ կապել վառ և խայտաբղետ զարդանախշերով Փ.։ Շագանակագույն կոստյումին սազում են դարչնագույն, բաց դեղնավուն և կանաչ գույնի վերնաշապիկներ և Փ.։ Վանդակավոր, գծավոր, մանր նախշերով կոստյումների հետ սազում է միագույն Փ.։ Այն կարելի է կապել տարբեր եղանակներով (տես նկ.)։

Ռեգատ կամ պատրաստի հանգույցով Փ. ունի վերնաշապիկի օձիքի տակ հետևի մասում կոճկվող ռետինաքուղ։

Թիթեռնակապ Փ. կրում են տոնական կոստյումի հետ (հարսանիքի և այլ հանդիսությունների ժամանակ, կամ իբրև համազգեստի տարր)։