Տրտմության սաղմոսներից Բ

Տրտմության սաղմոսներից Ա Տրտմության սաղմոսներից Բ

Հովհաննես Թումանյան

Գարնան հիշողություն



ՏՐՏՄՈՒԹՅԱՆ ՍԱՂՄՈՍՆԵՐԻՑ

Բ


Աստվա՜ծ, ինչպես ծուխ օրերըս անցան,
Ոսկերքըս, ինչպես խըռիվ, չորացան,
Սիրտըս ցամաքեց, ընկա խոտի պես,
Ճամփես մոռացա ահագին վըշտես։

Հացըս նախատինքն եղավ օտարի,
Հանգիստըս ճամփում հալածանքների,
Լըսեցի ցերեկն աղաղակ ու բոթ,
Գիշերը լացի մինչև առավոտ։

Տըքնեցի, ինչպես բու ավերակում,

Ինչպես միայնակ ճնճղուկ՝ տանիքում...
Աստվա՜ծ, տանջանքից ուժերըս հատան,
Մի՞թե չըհասավ ժամը փըրկության։


1898