Փախուստ (Մատթեոս Զարիֆյան)

Փախուստ


1.
Շատ ատեն էր չէի տեսեր
Իմ սիրականս, ծովի ափին.
Տժգույն-կապույտ աչվըներով,
Վարդ հոգիով
Իմ սիրականս չէի տեսեր, ծովի ափին.
Չէի տեսեր ու ալ տեսնել չէի ուզեր այս աչքերով,
Այս ցուրտ, մութ-մութ աչքերով,
Ու փլատա՛կ այս հոգիով...

Ի՜նչ աչքերով, ի՜նչ հոգիով, հին օրերուն,
Մութ-լուսնալույս գիշերներու աստղերուն տակ՝
Տեսեր, սիրեր ու համբուրեր էի հոգին՝
Ծովի ափին...
Ուստի ուխտեր էի ես ա՛լ
Չմոտենալ
Տժգույն-կապույտ աչվըներով սիրականիս։

2․
Իրիկուն մը, ծովի ափին,
Իմ սիրականս տեսա սակայն...
Տրտում-տրտում կը քալեր ան,
Աչքը գետնին,
Ծովի ափին...
Օ, ավելի՛ մեծ ու շքեղ էր քան առաջ.
Ծաղի՛կ մըն էր, նվա՛գ մըն էր, երկի՛նք մըն էր կարծես մըթին՝
Ուրկե շիթ-շիթ քաղցրություններ վար կը կաթին...
Երբ զիս տեսավ՝ այնպե՜ս, այնպե՜ս տժգունեցավ,
Բայց ժպտեցավ...

3․
Հին հոգիիս կը մտածեր.
Կը մտածեր մութ-լուսնալույս գիշերներուն,
Համբույրներուն՝
Որ հոգիես
Գանձերու պես,
Իր հոգիին
Կը տրվեին,
Ծովի ափին...
Կը մտածեր երազներուն,
Զոր ես ամեն մեկ իրիկուն,
Նվաղանքով աչքըս լեցուն,
Կը պատմեի՝
Երբ կ’երթայինք, ձեռքըս մեջքին,
Ծովի ափին...

Դեռ չէ՜ր գիտեր թե ի՛նչ հովեր էին անցեր
Իմ հոգիես.
Աչքերը դեռ չէր տեսեր․․․

Տժգունեցա. կարծես սաստիկ հիվանդացա...
Ուստի շուտով,
Դողդողալով,
Ծովուն դարձա.
Մեծ ալիք մը դեպի ծովափ կը վազեր.
Նախ կարծեցի թե ամեն ինչ երազ էր.
Հետո, հանկարծ, տղու մը պես հեծեծելով
Ձեռքս աչքերուս գիշերին դեմ գոցեցի,
Եվ սկսա վազե՞լ ուժգին
Ծովի ափին...