Փիսիկի գանգատը
Աղբյուր. ԵԼԺ հ2, էջ 292
տ. ― էջ 471, ծ. ― էջ 610

ՓԻՍԻԿԻ ԳԱՆԳԱՏԸ


Փիսիկը նըստել
Մի մութ անկյունում,
Ունքերը կիտել
Ու լաց է լինում։
5 Մոտիկ է գալիս
Մի ուրիշ կատու.
— Ինչո՞ւ ես լալիս,
Ա՛յ փիսիկ ջան, դու...
— Հապա ի՞նչ անեմ,
10 Որ լաց չըլինեմ.—
Գանգատ է անում
Փիսոն տըխրադեմ։
Էն Համոն թաքուն
Մածունը կերավ,
15 Գընաց տատի մոտ
Ինձ վըրա դըրավ։
Հիմի տատիկի
Ետևից ընկած,
Ինձ են ման գալի
20 Մի-մի փետ առած
Էն քոթոթ Սուրենն,
Անոն ու Մոսոն։
Ո՞ւր է, ասում են,
Ո՞ւր է գող Փիսոն,
25 Ա՜խ, թե մի գըտա՜նք,
Մածուն ցույց կըտա՜նք.
Էսպես բան սարքեց
Էն Համոն իմ դեմ.
Ի՞նչ անեմ հապա,
30 Որ լաց չըլինեմ...
Ու Փիսոն նըստել
Մի մութ անկյունում,
Ունքերը կիտել
Ու լաց է լինում։

1908