Փոքրիկ ձկնորսը
Աղբյուր. ԵԼԺ հ5, էջ 263
ծ. ― էջ 792

ՓՈՔՐԻԿ ՁԿՆՈՐՍԸ

Շատ—շատ տարի առաջ Ճապոնական ծովի ափին մի ջահել ձկնորս է լինում, անունը՝ Ուրաշիմա։ Մի լավ ու բարի տղա է լինում Ուրաշիման և հմուտ ուռկան ու կարթ գցող։

Մի անգամ գնում է ձուկը բռնելու։ Ձկան տեղ ջրից հանում է, ի՞նչ եք կարծում, ի՞նչ․․․ Մի մեծ, ահագին կրիա։ Բայց էստեղ ձեզ դեռ մի բան պիտի ասեմ, որ գուցե դուք չգիտեք․ էդ էն է, որ կրիաները ապրում են մինչև հազար տարի։

Ուրաշիման իրեն—իրեն միտք է անում, թե՝ ավելի լավ էր սրա տեղը մի ձուկը բռնեի, գոնե ճաշին կուտեի։ Իսկ սրան ի՞նչ անեմ, ինչո՞ւ սպանեմ էս խեղճ կենդանուն, ինչո՞ւ արգելեմ դեռ ինը հարյուր իննսունինը տարի էլ ապրելու։ Չէ, էդպես խստասիրտ չեմ լինիլ։ Ես գիտեմ, էդ իմ մորն էլ չի դյուր գալ։

Ու կրիան կրկին գցում է ծովը։

Սրանից հետո Ուրաշիման քնում է իր նավակում։ Օրն էլ ամառվա էն տաք օրերից է լինում, երբ ամեն մարդ ուզում է ճաշից հետո մի քիչ քնի։ Քնած ժամանակ ծովի անդունդից դուրս է գալիս մի սիրուն աղջիկ, մտնում է նավակն ու ասում․

— Լսի՛, Ուրաշիմա․ ես ծովի թագավորի աղջիկն եմ, իմ հոր հետ ապրում եմ ծովի հատակին, վիշապների ապարանքում։ Ոչ թե կրիա էր քո բռնածը, այլ ես էի։ Իմ հայրը՝ ծովի աստվածը, ուղարկել էր ինձ փորձով իմանալու՝ դու բարի՞ ես, թե չէ։ Մենք այժմ գիտենք, որ դու մի լավ ու բարի տղա ես, որ երբեք խստասիրտ չես կարող լինել, և ահա ես եկել եմ քո ետևից։ Եթե կուզես՝ եկ ամուսնացիր ինձ հետ ու հազար տարով բախտավոր ապրենք կապույտ ծովի հատակին, վիշապների ապարանքում։

Էստեղ թիակն առավ Ուրաշիման, մյուս թիակն առավ ծովի թագավորի աղջիկն, ու երկար թիավարում էին, մինչև հասան ծովի տակի վիշապների ապարանքը, ուր բնակվում էր ծովի աստվածը ու իշխում էր վիշապների, կրիաների ու ձկների վրա։

Ա՜խ, ի՜նչ լավ էր էնտեղ։ Պատերը մարջանից էին, ծառերի տերևները՝ զմրուխտից, պտուղները՝ հակինթից, ձկների թեփերը՝ արծաթից, վիշապների տըտները՝ մաքուր ոսկուց։ Ու էդ ամենը պատկանում էին Ուրաշիմային, որովհետև նա ծովի աստծու փեսան էր, չքնաղ Սեն—Նինիի ամուսինն էր։ Ու ապրում էին անհոգ, երջանիկ։ Միայն հայրենի երկրի ու հարազատների կարոտը մտել էր Ուրաշիմայի սիրտը և զորանում էր օրեցօր։

Անցավ երեք տարի։ Մի առավոտ էլ Ուրաշիման ասավ․

— Ես շատ եմ բախտավոր էստեղ, էս հրաշալի դրախտում, քեզ հետ, իմ աննման Սեն-Նինի, բայց սրտով ուզում եմ մեր տունը գնամ, տեսնեմ ոնց են իմ անօգնական, ծերացած հերն ու մերը, իմ քույրերն ու եղբայրները․․․ էլ ետ վերադառնամ քեզ մոտ։

— Ես թեև հակառակ եմ քո ցանկությանը, բայց չեմ կարող ուժով բռնել, երբ ուզում ես հեռանաս,— ասավ Սեն–Նինին։— Գնա՛, բայց հետդ վերցրու էս տուփը և զգույշ կաց, բաց չանես։ Եթե բաց անես, իմացիր, որ էլ երբե՜ք, երբե՜ք չես վերադառնալ ինձ մոտ։

Ու մի գեղեցիկ տուփ տվեց Ուրաշիմային։

Ուրաշիման խոստացավ բաց չանի, ինչ ուզում է լինի։ Ապա Սեն-Նինին մի քուն բերավ նրա վրա․ մին էլ աչքը բաց արավ՝ տեսավ իր հայրենիքի եզերքին։

Բայն ի՜նչ էր պատահել իր բացակայությանը։ Ո՞րտեղ էր իր հորական տունը։ Ո՞րտեղ էր իրենց գյուղը։ Ճիշտ է, սարերն իրենց տեղն էին, բայց նրանց անտառները չկային։ Հոսում էր և իրենց տան մոտի վտակը, սակայն էլ առաջվա նման կանայք լվացք չէին անում նրա մեջ։ Զարմանալի էր թվում, թե մի որևէ երեք տարում ինչպես էին էդ ամենը էդքան փոխվել։

Էս մտածմունքի մեջ Ուրաշիման պատահեց մի անցորդ ծերունու։

— Ասա, խնդրում եմ, բարի ծերունի, ո՞ւր է փոխադրվել Ուրաշիմայի տունը, որ կանգնած էր էստեղ։

Ծերունին հիշեց ու պատմեց, թե մանուկ ժամանակ լսել է, որ հարյուրավոր տարիներ առաջ մի Ուրաշիմա է եղել, գնացել է ծովը ձուկ որսալու ու էլ ետ չի եկել։ Նրա ծնողները, եղբայրները, նրանց որդիքն ու թոռները վաղո՜ւց–վաղո՜ւց են մեռել, իսկ տունը ավերվել, անցել, հողի հետ գնացել։

Էստեղ գլխի ընկավ Ուրաշիման, որ ծովի աստծու ապարանքը մարջանի պատերով, հակինթի պտուղներով ու ոսկետուտն վիշապներով կախարդական աշխարհքն է եղել, որ էնտեղ անցկացրած մի օրը հավասար է եղել երկրի մի տարուն։

Ու հեռացավ իր հայրենիքից, քանի որ մեռել էին իր բոլոր հարազատները, և մինչև անգամ իրեն ծանոթ ծառերն էլ չկային։

Սաստիկ ցանկացավ վերադառնալ նորից ծովի հատակը, չնաշխարհիկ Սեն-Նինիի մոտ, բայց ի՞նչպես, ի՞նչ ճանապարհով։ Ոչ մի կերպով չկարողացավ գտնի, և չկար մեկը, որ առաջնորդեր նրան կրկին էնտեղ— կախարդական աշխարհքը։

Կանգնեց, միտք արավ Ուրաշիման։

— Եթե բաց անեմ էս տուփը, որ տվել է ինձ Սեն-Նինին, գուցե թե գտնեմ ճանապարհը, որ տանում է նրա մոտ։

Ու բաց արավ տուփը։ Եվ ի՞նչ դուրս եկավ միջից։ Մի կտոր թեթև ամպիկ, որ վերացավ, ծուխ դարձավ, գնաց դեպի օվկիանոս, կախարդական աշխարհքի կողմը։ Ուրաշիման նոր հիշեց կնոջ խոսքը, որ բաց չպիտի աներ տուփը, աղերսեց, որ կանգնի, վազեց ետևից, ցավից լաց եղավ, բոլորն իզուր, ամպիկը ցնդեց, ցրվեց, վերացավ, հեռացավ անդարձ, անհետ։

Ու էստեղ էլ տեղնուտեղը հատավ Ուրաշիմայի ուժը, էլ ոչ վազել կարողացավ, ոչ կանչել։ Հանկարծ մազերը ճերմակեցին ձյունի պես, երեսը կնճռոտեց, մեջքը կորացավ զառամ ծերունու մեջքի նման, շունչը կտրեց ու մեռած ընկավ ծովափին։

Խեղճ Ուրաշիմա․ չիմացավ, որ ջահելության գաղտնիքն էր ամփոփված կախարդական տուփի մեջ, որ տվել էր իրեն հավերժահարս գեղեցիկ Սեն-Նինին։ Թեթևամիտ անհամբերությունից բաց արավ ու կորցրեց։ Զրկվեց ջահել, երկար կյանքից ու երջանիկ ապրելու վայելքից։ Բայց նա սիրող, ազնիվ սիրտ ուներ ու գնաց իր սրտի ետևից։ Էդ է պատճառը, որ մինչև օրս էլ Ճապոնիայում չեն մոռացել Ուրաշիմային ու նրա խորհրդավոր պատմությունը։ Եվ շատ տեղերում պաշտում են նրան նրա համար, որ նույնիսկ աստվածների անհոգ աշխարհքում, Սեն-Նինիի սիրո մեջ էլ չմոռացավ իր հարազատներին ու իր աղքատ ծննդավայրը։