Քյոսի, թոփալի ու քոռի նաղլը

40․ ՔՅՈՍԻ, ԹՈՓԱԼԻ ՈՒ ՔՈՌԻ ՆԱՂԼԸ

Մի րաղրկյան կար, իրա մեռնելու վախտը կանչեց տղին, ասեց.— Որթիս, քեզ վասիաթ եմ անըմ, որդե առուտուրի կէթաս՝ գնա՛, Հալեպու քաղաքը մի էթա։

Հերը մեռավ, տարան թաղեցին, տղեն բեռները բարցեց, ամեն քաղաք գնաց առուտուրի։ Էկավ տուն, ասեց.— Աղի՛, ես պըտի էթամ Հալեպու քաղաքը։

Ասեց.— Ա՛յ որթի, քու հերը քեզ վասիաթ արեց՝ Հալեպու քաղաքը չէթաս։

Ասեց.— Ճար չկա, պըտի էթամ։

Տղեն հարց ու փորց արեց, թե ինչ բան ընտեղ գնով կծախվի, ասին.— Շիմշատ փետը շատ թանգ ա ծախվըմ Հալեպըմը։

Տղեն առավ քառասուն ղաթրի բեռ շիմշատի փետ, բարցեց, ասսու անըմը տվեց, ընկավ ճամփա։

Գնաց, շատ ու քիչը աստված գիտեր, մոտիկացավ Հալեպու քաղաքին, մի խան կար քաղաքից դրսև, խանի նոքարները էկան բեռների հ'առաչը կտրեցին, թե.— Քաղաքի խաները փակած կըլի, հըմի բերեք բեռները ըստեղ վեր ածեք, քշերն ըստեղ կացեք, առավոտը շատ թեզ կէթաք քաղաք։

Բեռները վեր ածեցին, Թոփալն էկավ տեհավ, որ բեռները բոլորը շիմշատ փետ ա, մի բեռը գողացավ, կեսը տարավ լցրեց օջաղը, կեսն էլ դրեց թախտի տակը։ Էկան էտ մարթիկը հաց կերան, Թոփալն էկավ ասեց.— Էտ ի՞նչ ա ձեր բեռները։— Ասեց,— Մեր վառելիքը բոլորը դրանից ա, խեղճ մարթ, ահագին ծախս ա քաշել, ահագին քրեհ ա տվել, աղը բարցել ա՝ տանըմ ա Կողրըմն ա ծախըմ։ Դե՛,— ասըմ ա,– հոքս մի՛ հանի, էս բաղիովը օխտը ոսկի կտամ քեզ, քու ծախսդ էլ ա դուս կգա։

Էտ տղեն մտածեց, ասեց,— Ես օխտը բադիա ոսկին առա ըստեղան ետ դառա, ես էթամ մեր քաղաքը, կասեն․ «Գնացիր Հալեպու քաղաքը ի՞նչ տեհար», ի՞նչ պատմեմ։ Էթամ քաղաքը տենամ, ետ դառնամ էթամ։

Գնաց մտավ քաղաքը, էս կողմը ման էկավ, էն կողմը ման էկավ, իրա խելքին մի ընենց մարթ չկարեցավ գտնի, որ դրանից խորուրթ հարցնի։ Էթալիս տեղը բիրդան տեհավ մի դուքանի միչի մի հալիվոր մարթ դուքանըմը առուտուր ա անըմ։

Ասեց,— Բար'աջողըմ քեզ։

— Բարև, հազար բարև էկար, զարիր ախպեր։ Ո՞րտեղանցի ես։

— Ես,— ասեց,— Էրևանցի եմ, Փարպի գեղիցն եմ։

— Բա ի՞նչ գործով ես էկել։

Ասեց,— Էկել եմ քաղաքը ման գալու,— ասեց,— բիձա, քեզ շիմշատ փե՛տ կունենա՞ք։

Ասեց.— Ինչքա՞ն։

Ասեց,— Մի տասը փութ, հինգ փութ։

Ասեց.— Ա՛խպեր, ըստեղ տասը փըթով, հինգ փըթով չիլնի․ շատ ըլի՝ չորս հինգ գրվանքա, շատ էլ թանգ ա, մսխալը կաժենա հինգ մանեթ։

Ասըմ ա․— Ափի՛, վիրև՝ աստված, ներքև՝ գու, ես բերել եմ քառասուն ղաթրի բեռ, քաղաքից դրսև խանի միչին բեռները վեր եմ դրել, իրիկունը բեզարած գնացել ենք հաց ենք կերել, մի Թոփալ կար, չեմ իմանըմ խանի տերն էր, թե ով էր, ինձ ասեց թե. «Մեր քաղաքըմը էտ փետը մուֆթա ա, վառըմ են», ու տարավ շանց տվեց, որ օջաղը լիքն էր, թախտի տակը լիքն էր։ Շատ որ երկար խոսացինք, տեհավ որ ես շատ միտք եմ անըմ, ասեց. «Մի՛ միտք անիր, աստված ողորմած ա, հազարից մի հետ որ Էրևանուց էկել ես Հալեպ, մեր քաղաքի հըմար պակասութուն կըլի, որ դու ըստեղան ետ դառնաս», բերեց մի բադիա, ասեց․ «Սրանով օխտը ոսկի կտամ քեզ»։ Հըմի բեռներս ընտեղ բռնված ա։ Ափի, մի ճար արա՛, բալքի իմ բեռներս ընտեղան ազատես։

Ափին ասըմ ա․— Որթի, էտ շատ դժար ա, նրա հըմար, որ նրանք հ'իրեք ընկեր են, քանի ըտենց մարթիկ են էկել, թալանել են։ Հըմա քեզ որ ճար անի՝ նրանց աշչին ճար կանի, գնա աշչու կուշտը։

Էտ տղեն գնաց էտ աշչու կուշտը, ասեց.— Վիրև՝ աստված, ներքև՝ դու, ես իմ ձեռը քցել եմ քու փեշը[1], կամ ձեռս կտրի, կամ փեշդ։ Էս նեղ տեղիցը ինձ ազատա, ինչ որ ուզես՝ կտամ։

Աշչին ասեց.— Ես քու ջանսաղութունը կուզեմ․ ես քեզ հաստատ խոսք եմ տալի, որ քեզ ազատեմ։ Քշերը կէթաս էն մի օթախը, որ քնիլ պըտես, էտ օջաղի ծակը բաց կանես, անգաճդ դեմ կանես ընտեղ, Թոոփալը, Քյոսեն, Քոռը կգան Խեր-Սոլլամաղին կխոսացնեն, էն վախտը անգաջ կդնես, թե Խեր-Սոյլամաղը ինչ պըտի ասի. էն ասածը կանես։

Տղեն էկավ, աշչու ասածը կատարեց, օջաղի ծակը բաց արեց, անգաջը դեմ արեց։

Թոփալը, Քյոսեն, Քոռը բերեցին Խեր-Սոյլամաղին, ասեցին.— Խեր-Սոյլամաղ, Էրևանցին քառասուն բեռը շիմշատ ա բերել, քառասուն բեռին մենք օխտը բադիա պըտի ոսկի տանք։ Քառասուն բեռը ի՞նչքան ոսկի կբռնի, մենք ինչքան կհարստանանք։

Խեր-Սոյլամաղն ասեց.— Նա Էրևանցի ա, ամեն քաղաք, ամեն տեղ ման ա էկել, դուք որ ըտղդար գիտեք, նա ձեր ութ զդար կիմանա. բալքի նա ասեց. «Օխտը բադիա ոսկի չեմ ուզըմ, օխտը բադիա լու եմ ուզըմ», ո՞րտեղան կտաք էտքան լուն։

— Ա՛յ ձեր տունը շինվի,— ասեցին,— նա էտղդարը ո՞րդիան կմտածի կասի։

Հըմա էտ մարթը էն ծակովը լսըմ էր։

Առավոտը լիսը բացվեց, էտ տղեն վեր կացավ գնաց տանուտերի կուշտը, ասեց.— Ես ըսօր տասը օր ա էկել եմ, իմ քառասուն բեռս ըստրանք բանդ են արել, կա՛նչա տենանք ի՞նչ են տալի, ես տան-տեղի տեր եմ, վե կենամ էթամ։

Տանուտերը կանչեց Քյոսին ու Թոփալին, ասեց.— Էս մարթուն ինչ տալու եք խի՞ չեք տալի, որ էթա։ Ասեց.— Օխտը բադիա դրան պարտական ենք ոսկի տալու։

Ասեց.— Ես փողի կարոտ չեմ, ես ապրանքներ շատ ունեմ, իմ չոբաններս քնըմ են, ապրանքս ծնելու վախտը վնասվըմ են, էտ մարթիկը որ խոստացել են օխտը բադիա ոսկի տան, թող տեղը օխտը բադիա լու տան, չորսը՝ էք, իրեքը՝ որց։

Ըտեղ էտ մարթիկը գնացին Ապարան՝ լու հավաքելու, մեկը բռնըմ ին, բերըմ դնըմ բադյի մեչը, մտիկ են տալի թե՝ որց ա թե՞ էք՝ թռնըմ, փախչըմ էր։ Էտ մարթկերանց ճարը կտրվեց, թողացին փախան ըտրա մոտից։

Էտ տղեն գնաց իրա ապրանքի մոտը, համա էտ Թոփալը, Քյոսեն, Քոռը գնացին մի մարթ քթան, կանչին դրան փող տվին, հարուր մանեթ, մի ձեռք լավ շոր։

Ասին.— Էտ Էրևանցին ինչ տեղ կէթա հաց ուտելու, դու էլ կմննես ընդե. ինչ որ նա կուզի, դու էլ կուզես, վերչը դրա ավալախրը կիմանաս, կգաս մեր կուշտը։

Էտ Էրևանցին էր՝ ման էկավ, ման էկավ, մտավ մի միկիտան․ ըտե հաց ուզեց, մի բութիլ էլ գինի, նստեց իրա հացը ուտելու։ Էտ մարթը դրա եննուցը ալբիալը մտավ դրա միկիտանը․ տեհավ Էրևանցին ինչ ա ուտըմ՝ ինքն էլ ուզեց։

Ուտելու վախտը դրա կենացը խմեց, ասեց.— Ախպեր, քո՛ւ կենացը։

Նա էլ նրա կենացը խմեց։ Ըտե իրար հետ դոստացան, էտ Էրևանցուն պատմիլ տվեց իրա ամեն հանգամանքը։ Ըտե էտ մարթը, որ Էրևանցու ամեն հանգամանքն իմացավ, էկավ պատմեց Քոռին։ Էտ Քոռն էր՝ էքսի օրը քուչումը Էրևանցու հ'առաչը կտրեց։

Ասեց.— Բա՛րով, Մարտիրոս ջան, հերդ, մերդ ո՞նց են. ֆլան բարեկամդ, ֆլան ծանոթդ։

Էտ տղեն զարմացավ, մնաց։

Ասեց.— Գոհութուն ասսու, փափագով ուզըմ ի քեզ տենայի, հըմի տեհա։ Ես էն վախտը, որ ձեր տանն ի, դու նոր էլար մորիցդ, հ'աշկիդ մինը փուչ էր, իմը հանի, դրի քու հ'աշկի տեղը։

Ըտիան դա վե կացավ գնաց գուղ տանուտերի կուշտը։

Ասեց.— Տանո՛ւտեր, էրևանցի Մարտիրոսը, որ նրանց տանը ծառա ի, դա մորիցը ծնվեց, հ'աշկի մեկը փուչ էր, իմ հ'աշկը հանեցի տվի նրան։ Մինչի հըմի պահել ի, յոլա ի էթըմ, հիմի կարըմ չեմ։ Խնթրըմ եմ իմ հ'աշկը առնեք տաք ինձ։ Ըտե տանուտերը կանչեց Էրևանցուն։

Ասեց․— Էս մարթը մեր տունն էկել ա, հըմա ես չեմ գիդըմ։

Ասեց.— Էս մարթն ասըմ ա՝ քու հ'աշկի մեկը սրանն ա, հըմի ուզըմ ա, ի՞նչ ես ասըմ։

Ըտի դա մի օր ժամանակ խնթրեց։

Էտ տղեն դուզ գնաց հալիվոր դուքանչու կուշտը։

Ասեց.— Վիրև՝ աստված, ներքև՝ դու, ինձ մի ճար արա։

Ասեց.— Թե ճար անի՝ էն աշչին կանի։

Գնաց աշչու կուշտը։

Ասեց.— Վիրև՝ աստված, ներքև՝ դու, ինձ մի հետ ազատել ես, էս հետ էլ պըտի ազատես։

Ասեց.— Էլեդ կէթաս էն օթախըմը օջաղի ծակը բաց կանես՝ ընդիան անգաջ կանես. Թոփալը, Քյոսեն, Քոռը պըտի էլի Խեր–Սոլլամաղին խոսացնեն։ Ընտե կիմանաս՝ ինչ ա ասըմ, էն էլ կանես։

Տղեն իրա վախտին գնաց էտ օթախը, էտ ծակը բաց արեց, անգաջ դրեց, տեհավ դրանք Խեր-Սոյլամաղին բերին խոսացրին։

Ասեց․— Էրևանցին Թոփալի ձեռիցը պրծավ, Քյոսի ձեռիցը պրծավ, տենանք իմ ձեռիցը ո՜նց ա պրծնըմ։

Ասեց.— Նա Էրևանցի ա. դուք նրա հետ չեք կարա։

Ասեց.— Էլ նա ի՞նչ կարա անի, որ իմացավ, թե հ'աշկը պըտի հանեն, կթողա կը փախչի։

Ասեց.— Խի՞ ա փախչըմ, կասի, «Շատ լավ, իմ մի հ'աշկն էլ հանեք, Քոռի էն մի հ'աշկն էլ հանեք, դրեք կշեռքը կըշռեք, թե որ բարեբար ըլի, տվեք նրան»։

Էքսի օրը տղեն հենց ըտենց էլ ասեց։

— Բե՛րեք, իմ մի հ'աշկն էլ հանեք, նրանն էլ, դնենք կշեռքը կըշռենք, թե որ բարերար էլավ, նրանն ա, տվե՛ք նրան։

Քոռը էտ որ լսեց, մհանեն դուռն արեց ու դուս էկավ, վե կալավ Թոփալին ու Քյոսին, ու էն էթալն էր որ գնաց, մինչի հըմի էլ, որ Էրևանցու անըմն են լսըմ, թողըմ, փախչըմ են։

Նոր ըտե էտ տղեն իրա բեռները ծախեց, մի բեռը տվեց աշչուն փեշքաշ, էտ քյարվանսարեն էլ թողաց դրան, իրա բեռները ոսկի շինած, ետ դառավ իրանց վաթանը։

Նրանք հասան իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։

Ըտե ասսանից իրեք խնձոր վեր ընկավ, մեկն՝ ասողին, մեկը՝ լսողին, մեկն էլ՝ անգաջ դնողին։


  1. Բնագրում տպագրված է ձեռը, հավանաբար վրիպակ է (ծանոթ. կազմողի)։