***

Քո երգը գարնան կարոտի բույր է,
                 Դառը, սրտամոտ
Ճշմարտություն է՝
                 Ասված շշուկով:
Քո երգը, երգը
Ականջներիս մեջ ու սրտիս խորքում
Գիշերներն անգամ չլռող զանգ է,
Քո երգը՝ մերժում,
Համաձայնություն,
Առուների մեջ զուլալված կարկաչ,
Սրտի շուրթերին՝ տառապանքի կանչ:
Քո երգը, երգը
                Կարոտների գույն,
Որով ես հիմա նկարում եմ քեզ
Ու փորձում տեսնել քեզ այդ նկարով:

Աչքերդ, ահա՝
                  գիշերների երգ,
Շուրթերդ՝ ամռան զայրացած արեւ,
Վարսերդ՝ անզուսպ ջրվեժի ծիծաղ՝
Ձորում ամայի,
Հասակդ՝ իմ իսկ երազով օրհնված
                  սուրբ կրակենի...
Եվ այսքանը՝ քո անլուռ երգի մեջ,
Անուշ ձայնի մեջ...
Այս ինչպե՞ս եղավ,
Որ վայրի, վայրի աղավնի դառած
                 օրերս թռան,
Տուն ու տեղ դրին անուշ ձայնիդ մեջ,
Քնքուշ ձայնիդ մեջ...
Քո երգը, երգը: