Երգի՛ր, պոե՛տ, երգի՛ր, երգի՛ր երգը քամու,
Երգի՛ր երգը սիրո ու պայքարի,
Որպես մրրիկ՝ երգի՛ր, երգի՛ր, որպես սամո՛ւմ,—
Եվ քո սրտում այդ երգը թող չմարի՛...

Ես հիշում եմ օվկիանը փոթորիկի ժամին.—
Օրորելով կրծքին անհուն ջրեր՝
Որոտում էր անդունդը — և ահռելի քամին
Մռնչալով երգում էր մի վայրի երգ։
Նրա երգում հնչում էր մի անսահման թախիծ,
Մի վիթխարի հոգու անափ կարոտ,
Որ օվկիանի հախուռն մթնշաղից
Խելագարված՝ կանչում էր անհուն սիրով։
Խելակորույս՝ կանչում էր անծայրածիր մի սիրտ,
Մռնչալով կանչում իր սիրուհուն,
Որ երգելով փախչում էր փոթորիկի միջից
Եվ թնդալով թռչում անծայր հեռուն։—
Եվ հողմերի միջից շառաչելով փախչող
Իր սիրուհուն վսեմ չհասնելով երբեք —
Այդ ամեհի քամին, զարմանալի թախծոտ՝
Հեռուներում երգում էր հաղթական ե՛րգ...
Դա ամեի պայքար էր ջրերի ու քամու,
Երկու իրար խանդող թշնամու սեր,—
Անհանգչելի սիրո մի վիթխարի սամո՛ւմ,
Որ տալիս էր քամուն պայքարի երգ։
Դա հաղթական մի երգ էր անեզրական կրքի,
Հերոսական մի երգ անափ սիրո,—
Եվ հանձնըված սիրո այդ հաղթական երգին —
Այդ խոլ քամին թռչում էր դեպի գրոհ...

Երգի՛ր, պոե՛տ, երգի՛ր, երգի՛ր երգը քամու,
Երգի՛ր երգը սիրո ու պայքարի,
Ինչպես մրրիկ՝ երգի՛ր, երգի՛ր, ինչպես սամո՛ւմ,—
Եվ քո սրտում այդ երգը թող չմարի։—

Այն կատաղի հողմի մթնշաղի միջից
Շառաչելով կանչող այն քամու պես —
Քեզ հրկիզեց կյանքում անեզրությամբ վերջին
Մի անսահման կարոտ, մի անափ սեր։
Նա քեզ ցնցեց, այդ սերը, ինչպես շաչող քամին
Ալիքներն էր ցնցում իր խոլ թափով,
Անցավ սրտից նա քո այս պայքարի ժամին,
Որպես երթի ելած ցասման թափոր։
Նա որպես շանթ՝ պայթեց քո խոհերի վրա,
Որպես կայծակ՝ շաչեց հողմաշառաչ,—
Եվ լեռնացան խոհերըդ օվկիանի նման,
Եվ որոտաց քո սերը հողմահալած...

Երգի՛ր, պոե՛տ, երգի՛ր, երգի՛ր երգը քամու,
Երգի՛ր երգը սիրո ու պայքարի,
Ինչպես մրրիկ՝ երգի՛ր, երգի՛ր, ինչպես սամո՛ւմ,—
Եվ քո սրտում այդ երգը թող չմարի։—

Այս անսահման սիրո անհանգչելի բոցում,
Այս պայքարում ահեղ, այս մարտում խոլ—
Թող կարծրանա՛ ոգիդ որպես պողպատ դաշույն,
Թող շողշողա, որպես հանճարեղ խոլ—
Քո մեջ եռա՛ թող նա, ինչպես անմար եռանդ,
Ինչպես վսեմ մի խանդ՝ թող բորբոքի,—
Եվ կլինես դու մե՛ծ, և կլինի անպարտ
Այս պայքարում կոփված քո խոլ ոգի՛ն։
Քո հույզերի, քո խոր կարոտների խորքից
Թող որոտա այդ ե՛րգը անափ սիրո—
Եվ, ունկնդիր նրա այդ հաղթական երգին՝
Թող քո ոգին թռչի դեպի գրոհ։—

Երգի՛ր, պոե՛տ, երգի՛ր, երգի՛ր երգը քամու,
Երգի՛ր երգը սիրո ու պայքարի,
Ինչպես մրրիկ՝ երգի՛ր, երգի՛ր, ինչպես սամո՛ւմ,—
Եվ քո սրտում այդ երգը թող չմարի՛...—