Օտարության մեջ (Թումանյան)
ՕՏԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Իմ եղբայրները օտարության մեջ
Ինձ ասում էին. «Կարոտ ենք, երգի՛չ,
Մեր հայրենիքի երգերիցն ասա՛.
Քո երգից նորա
5
Մայրական զըվարթ
Հողի ու ջըրի
Եվ մեր հարազատ
Հայ ժողովրդի
Համն ու հոտն առնենք,
10
Որ մխիթարվենք...»։
Սիրտս լցվեցավ, և հառաչեցի...
Նրանք էլ ինձ հետ սաստիկ ցավալի
Աղաղակելով արտասվում էին.
Եվ հոսում էին
15
Արտասուքները
Տխուր աչքերից,
Եվ մեր ձայները
Մի ծանոթ կսկիծ
Ուժեղացնում էր
20
Եվ միացնում էր...
Եվ, տխրության մեջ կամ թե խնջույքի,
Օտար աշխարհքում,
Մենք այսպես էինք մեր հայրենիքի
Երգերը երգում...
1892