Այսօր չեմ թողնի չպարպված բաժակ,
Պիտի ըմբոշխնեմ կաթիլը վերջին,
Ձեռքս էլ բռնեք, գինին հեռացնեք,
Պիտի ըմբոշխնեմ կաթիլը վերջին:
Հասկացեք դուք ինձ, սիրելինե՛րս,
Այսօր եմ ծնվել, օր է ծննդյան,
Պիտի արբենամ, գինովնամ անուշ,
Բաժակս այսպես զրնգուն դարձնեմ:
Մեկ անգամ ենք մենք ծնվում մեր մորից,
Ապրում մեկ անգամ այս հին աշխարհում,
Ունենում մեկ մայր, ծննդյան մեկ օր
Եվ ավաղ, ավա՜ղ, նաև մահվան օր:
Ասացեք ինչպես, ինչպե՜ս չխմեմ,
Չպարպեմ մինչև կաթիլը վերջին,
Չէ՞ որ այդ օրը` օրը իմ վերջին,
Բաժակը նորեն պարպելու համար
Էլ ուժ չի մնա ձեռքիս մեջ սառած:
Ուրեմն հիմա եկեք զնգացնենք բաժակները մեր,
Խմենք կենացը նոր տարելիցի,
Այսօր լոկ իմը, իսկ վաղը` ձերը:
Սիրելիներս, եկեք զնգացնենք նորեն ու նորեն
Մեր բաժակները կարմիր գինով լի:
Այսօր չեմ թողնի չպարպված բաժակ,
Պիտի ըմբոշխնեմ կաթիլը վերջին,
Ձեռքս էլ բռնեք, գինին հեռացնեք,
Պիտի դատարկեմ կաթիլը վերջին: