...Բանաստեղծը գիտե մի բան, որ իրենից բացի ուրիշ ոչ-ոք չի իմանում

Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ե (...Բանաստեղծը գիտե մի բան, որ իրենից բացի ուրիշ ոչ-ոք չի իմանում)

...ԲԱՆԱՍՏԵՂԾԸ ԳԻՏԵ ՄԻ ԲԱՆ, ՈՐ ԻՐԵՆԻՑ ԲԱՑԻ ՈՒՐԻՇ ՈՉ-ՈՔ ՉԻ ԻՄԱՆՈՒՄ

(Պատասխաններ՝ «Ազատ Արցախ»ի հարցարանին)

-Ի՞նչ է, ի վերջո, բանաստեղծությունը։ Այն ունի՞ սկիզբ ու վերջ։

-Մարդու առաջին զգացումն ու միտքը ձեւավորել է բանաստեղծությունը։ Թող որ՝ չգրված։ Վիրավորական է՝ հարցնել, թե ինչ է բանաստեղծությունը։ Մանավանդ՝ ինչ է։ Բանաստեղծություն գրվում է ամենավաղնջական ժամանակներից մինչեւ հիմա՝ գրում են տիտանները, գրում են գաճաճները, գրում են (ավելի շատ) միջակությունները, գրում են ու կգրեն։ Բայց մինչեւ հիմա բանաստեղծություն դեռ չի գրվել։

-Եվ չի՞ գրվելու։

-Անպայման գրվելու է։

-Հավատացա՞ծ եք։

-Այո։ Որովհետեւ հանճարը, այնուամենայնիվ, մնայուն արժեքներ թողել է... Մեր «Վահագնի ծնուդնը», «Սասունցի Դավիթը», Տոլստոյի «Պատերազմ եւ խաղաղությունը», Դոստոեւսկու «Կարամազով եղբայրները», Թումանյանը, Տերյանը, Էլիոթը, Չարենցը, Գ. Գաբրիելյանի «Ղարաբաղի հորովելը»...

-Ստեղծագործական գործընթացում որեւէ օրենք կամ սահման գործո՞ւմ է։ -Իսկական բանաստեղծական ոգեշնչումը միակ կատարելությունն է տիեզերքի, ազատության ազատությունը, որ բացառում է ամեն օրենք ու սահման։

-Բանաստեղծության քաղաքականությո՞ւն, թե՝ քաղաքական բանաստեղծություն։ Առեւերույթ եւ, ըստ էության, ո՞ւմ են պետք դրանք։

-Իմ «Քրիստոսի ծաղիկներում» այսպիսի տողեր կան. «Քաղաքականությունը մարդու ստեղծած ամենամեծ չարիքն է, բանաստեղծությունը՝ հրաշքը մարդու եւ, սակայն, ցավոք, այդ երկուսն առանց իրար չեն կարող հարատեւել»։

-Ո՞րն է բանաստեղծական Ձեր հավատամքը։ Բանաստեղծությունն ընդհանրապես հայրենիք ունի՞։

-Անշուշտ։ Բանաստեղծությունը հայրենիքի ինքնահաստատումն է։ -Ասում են՝ ինտելեկտուալ կամ զգացմունքային բանաստեղծ։ Դուք ո՞ր «դասին» եք պատկանում կամ ո՞ր տեսակն եք ընդունում։ -Չի կարելի բաժանումներ կատարել, ինտելեկտուալը պիտի լինի զգացմունքային, զգացմունքայինը՝ ինքնելեկտուալ։ Եվ՝ ոչ միայն։ Այս մասին լավ է ասել Սեւակը։ Հարցիդ երկրորդ մասը տխրեցնող է։ Ինչ վերաբերում է ինձ, ապա, Դուք էլ նկատած կլինեք, որ ես ոչ մի «տեսականիի» տակ տեղավորվել չեմ կարող։ Գրողը մենակ է լինում։ Գրողը մենակ է գրող։ Գրողին չի կարելի «շարքի դասել»։

-Ձեզ համար Ձեր ո՞ր գործն է հոգեհարազատ, եւ որո՞նք են Ձեր պոեզիայի նշաձողերը։

-Կարող եմ նշել եւ շատ գործեր, միաժամանակ եւ ոչ մի գործ չեմ կարող նշել։ Թերեւս՝ ամենավերջինը՝ «Քրիստոսի ծաղիկները»։ Երեւի թե՝ իմ կյանքի գիրքը... Իսկ ինչ վերաբերում է իմ պոեզիայի նշանաձողերին, ապա կարող եմ ընդամենը այս ասել՝ ես ծնվել եմ Ցուլի համաստեղության տակ։

-Հետաքրքիր է «Քրիստոսի ծաղիկներին» ակադեմիկոս Սերգեյ Սարինյանի տված գնահատականը՝ Արցախի տիեզերական գոյության ավետարան։ Ինչո՞վ եք դուք, որպես հեղինակ, բացատրում այդ երկի հաջողությունը։

-Կարծում եմ, ճիշտ կլինի, դա ասի ընթերցողը։

-Պոեզիայից ովքե՞ր են Ձեր «մեկենասները», եւ խառնվածքով ո՞վ է Ձեզ հոգեհարազատ։

-Բոլորն էլ իմն են, ոչ ոքի չեմ կարող առանձնացնել։ Ես էլ՝ բոլորինն եմ։ Եթե առանձնացնելու լինեմ, ինչքան էլ ինքս ինձնից դժգոհ, թող ներվի, պիտի առանձնացնեմ ինձ։ Երգը երկրից է աճում, չէ՞։ Եթե բանաստեղծության մեջ պոետը լավ ֆրանսիացի է կամ անգլիացի, ուրեմն՝ ինձ համար նաեւ հայ է։ Եվ՝ ընդհակառակը։ Իսկ Էլիոթին սիրում եմ նրա համար (եւ ոչ միայն), որ Արցախի համար ամենածանր օրերին մեզ չի մոռացել. «... նստել է, ասում են, սուրբ կենդանու մեջքին ու Վաշինգտոնից, թե Լոնդոնից, ճանապարհ ընկել ուղիղ դեպի Ղարաբաղ»։

-Ինչպե՞ս եք մոտենում պետության կողմից բանաստեղծի վաստակի գնահատման հարցին։

-Այստեղ բազմաթիվ մարդկանցից՝ իմ մեջ ապրող, կառանձնացնեմ երկուսը (Սահյանը լավ է ասել՝ հազար մարդ կա մեջս նստած, բայց ոչ մեկը ես չեմ)։ Որպես գրական ընտանիքի ղեկավար, գտնում եմ, որ պիտի գրողի վաստակը գնահատվի արժանվույն, որպես ստեղծագործող, կարծում եմ՝ եթե գրողին շքանշան է տրվում, ուրեմն՝ նա դադարել է գրող լինելուց, ուրեմն՝ նա «ոչ եւս է դառել» ժամանակից շուտ։

-Շա՞տ չէ խիստ։

-Ամենեւին։

-Ի՞նչ է մոդեռն բանաստեղծությունը եւ, առհասարակ, ո՞րն է պոեզիայի խորհուրդը։ -Չարենցը խորհուրդ ունի այն մասին, որ ապագայի երգը խորհուրդ չի ընդունում։ -Ձեր մեջ ինչպե՞ս եք համատեղում իրար «հակառակորդ» երկու խառնվածք՝ բանաստեղծին ու գրականագետին։ Չե՞ն խանդում կամ խանգարում նրանք իրար։

-Նա, ով բանաստեղծ չէ, գրականագետ էլ չէ (այս մասին մի անգամ ասել եմ), ով գրականագետ չէ՝ բանաստեղծ էլ չէ։ Մարդու մեջ քանի բջիջ կա, կա այնքան մարդ։ Մեկը մյուսի գոյությունը պայմանավորում են իրենցով։ Ու ձեւավորվում է անհատականությունը։

-Ի վերջո, ի՞նչ ծրագրեր ունեք։

-Կուզենայի հրատարակված տեսնել մանուկների համար պատկերազարդ իմ «Մեսրոպ Մաշտոցն Ամարասում» պոեմը՝ որպես նվեր Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն ընդունվելու 1700-ամյակին. ի դեպ, առաջաբանի հեղինակը երջանկահիշատակ Վազգեն Առաջինն է, որի անունը հայոց սուրբ ոգու, գիր ու դպրության, սիրո խորհրդանիշ է այսօր... «Քրիստոսի ծաղիկները» վերջերս չնայած տպագրվել է Հայաստանում, առանձին գրքով, բայց դեռեւս ավարտված չեմ համարում։ Տա՛ Աստված, կարողանամ ամբողջացնել այն։ Իմ մեջ որոնումները խտանում են տարիքի հետ, դարձել եմ առավել գերհանգիստ։ Չեմ սիրում չարվածի մասին խոսել։ Գտնում եմ, որ տիեզերքում մեծ կշիռ ունի մարդը, բայց դեռ սուտ է, թե ինչ-որ բան արել ենք։ Մարդկությունը մինչեւ հիմա չի էլ պարզել նույնիսկ մի հասարակ բան, այն, որ աշխարհի սկիզբը Արցախն է, քանի որ այստեղ դեռ նախնական ու անարատ են «Բարի լույսն» ու «Բարի երեկոն»

-Դժվա՞ր չէ ստեղծագործելը, երբ գրեթե ոչ ոք գիրք չի կարդում։ -Բոլորն ընթերցող լինեն, գրողն արդեն քիչ անելիք կունենա. քանզի եթե լսող չկա, առավել եւ պիտի ասել, ասել, ասել... Որովհետեւ ամեն բանաստեղծ աշխարհում գիտե մի բան, որ իրենից բացի ուրիշ ոչ-ոք չգիտե։ Աստված չանի, եթե միայն մեկ ընթերցող մնա (այն էլ՝ ես), էլի պիտի գրեմ։

-Ձեր շատ գործերում Դուք անդրադարձել եք Աստծո, եթե կարելի է այսպես ասել, թեմաներին։ Թեկուզ հենց պոեմների ու բանաստեղծությունների վերնագրերն այդ մասին են խոսում՝ «Ամարասի զանգերը», «Մեսրոպ Մաշտոցն Ամարասում», «Աստծո տաճարը», «Գողգոթա», «Այս խաչքարերը ես եմ», «Քրիստոսի ծաղիկները»... Ինչո՞վ բացատրել։ -Դա թեմա չէ ինձ համար։ Դա իմ հավատն է։ Իմ լինելությունը։ Իմ աղոթքը։ Աստված բնակվում է իմ մեջ։ Ես ամենազոր եմ եւ ամենակարող։ Ես իմ գործերով հավատի տներ ու աղոթատներ եմ փորձում կառուցել՝ վանքեր, եկեղեցիներ, մատուռներ։

-Որեւէ կուսակցության անդա՞մ եք։

-Ոչ մի։

-Դա դիտել որպես վերջնական վերաբերմո՞ւնք։

-Բարձր եմ գնահատում սփյուռքում ՀՅԴ-ի աշխատանքը, ուղղակի պատկառանք եմ տածում, մանավանդ հիմա, երբ քաղաքակիրթ աշխարհի կողմից օսմանյան Թուրքիայում կատարված ոճրի՝ հայերի ցեղասպանության ճանաչման հարցն է վճռվում։

-Այսօր ի՞նչն է ամենից շատ տխրեցնում բանաստեղծ Վարդանին, ի՞նչն է ուրախացնում։

-Ուրախացնում է կյանքը։ Ուրախացնում է երիտասարդությունը։ Թոռնիկներս են ուրախացնում։ Իսկ տխրեցնելը՝ հայերի գաղթն է Հայաստանից։ Սահմռկեցուցիչ է դա ուղղակի։

-Ի՞նչ կցանկանայիք «Ազատ Արցախին», մեր ընթերցողին, ժողովրդին։

-Խաղաղություն։ Վերադարձ դեպի... բառը, որը կյանքի ավիշն է, առանց դրան` մեռնում են ապրելու ձգտումն ու սերը։ Բառի կորուստը ամենահին նախնադարի, երբ դեռ խոսել չգիտեին ու բառ չունեինք, սարսափ է առաջացնում։ «Ազատ Արցախը», բնականաբար, նաեւ իմ թերթն է, կյանքիս ամենաերիտասարդ տարիները նվիրել եմ նրան, կուզենայի նրա էջերից արտաքսված չմնար բանաստեղծությունը։ Դա մեծ մեղք եմ համարում, ի վերջո։ Ցանկանում եմ Ծովից ծով Հայաստան։