Արցախի պատմություն: Հնադարից մինչև մեր օրերը/Արցախը Բագրատունյաց թագավորության շրջանում/Դիզակի իշխանությունը

ԴԻԶԱԿԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

8-րդ դարի վերջին Արցախի հարավային գավառներում իշխում էր Առանշահիկների մեկ այլ ճյուղ։ Դիզակի իշխանությունը վերընթացի ուղին բռնեց Եսայի Աբու Մուսեի կառավարման շրջանում (9-րդ դարի առաջին կես)։ Նրա իշխանությունը տարածված էր Դիզակ գավառի և Վարանդայի մի մասի վրա։ Միաժամանակ տիրանալով Միհրանյանների կալվածք­ներին Եսայի իշխանը ստեղծեց տվյալ ժամանակաշրջանում Արցախում գործող իշխանություններից մեկը։ Ունենալով ռազմական պատկառելի ուժ Եսայի իշխանը դիմակայեց արաբներին և դրսեկ մյուս թշնամիներին։ 855թ. Եսայի իշխանին խարդավանքով Բաղդադ տանելուց հետո, որի մասին հանգամանալից խոսվեց վերևում, հոր գործը շարու­նակեց Մովսես իշխանը։ Այս Մովսես իշխանի անունով էր Եսային կոչում Աբու Մուսե (Եսայի՝ հայր Մովսեսի)։

Տվյալ ժամանակաշրջանում Արցախում գործող սովորության համաձայն երբեմն թագավորական տան պայազատները իշխում էին երկրամասի տարբեր գավառներում՝ ընդունելով ավագի գերագահությունը։ Նման կարգավիճակով Դիզակում իշխում էին Մովսե­սի որդիները՝ Գագիկը և Վաչագանը։

Պատմագիրների հիշատակությունները և մեզ հասած հուշար­ձանները վկայում են, որ Դիզակի իշխանության կենտրոնն է եղել ներկայիս Հադրութի շրջանի Տումի գյուղը։

Իշխանանիստ Տումիի թիկունքում է գտնվում Դիզակի իշխանների գերեզմանոցը, որից քիչ վերև՝ մի առանձնացած սարահարթի վրա պահպանվում են շինության բեկորներ։ Տեղացիները ավանդաբար դրան անվանում են Թագավորի պալատ։ Վերոհիշյալ շինությունից քիչ հեռավորության վրա՝ բլրին գտնվում է ավերված մատուռ և մի տապանաքար՝ Թագավորի գերեզմանը։ Մակար Բարխուդարյանի կարծիքով դա Գագիկ իշխանի գերեզմանոցն է։ Թագավորի պալատից հյուսիս՝ ձորում պահպանվում է սրբատաշ քարերով կառուցված Թագավորի աղբյուրը։ Գյուղի հարավային կողմում կանգնած կիսավեր Կարմիր եկեղեցու լուսամուտի կամարին կար արձանագրություն. «Ի ՆԽԹ(1000) թվին Հայոց, ի թագավորութեանս տեառն Գագիկա՝ որդու Մուսէի, ես՝ Սոփի, դուստր Մուսէի շինեցի տուն Աստուծո»։ Արձանագրություն ունեցող քարը պահպանվում է Ստեփանակերտի պետական պատմաերկրագիտական թանգարանում։

Փաստորեն Գագիկի քույր Սոփին նույնպես վկայում է Արցախի հարավային հատվածում գոյություն ունեցած թագավորության մասին։

Գագիկի թագավորական իշխանության մասին է վկայում նաև նրան վերաբերող մի այլ արձանագրություն՝ Վարանդայի Վերին Թաղավարդ գյուղի Ջոխտ-Պառավածառ եկեղեցու մի խաչքարի վրա, նրան ճանաչում էր իբրև «Աղուանից իշխանաց իշխանի»։ Դիզակի թագավորության գլխավոր բերդը՝ Գտիչը(Քթիշ) գտնվում է Տումի և Տող գյուղերի միջև՝ Տողասարի վրա։ Գագիկի մահվանից հետո նրան հաջորդել է եղբայրը՝ Վաչագանը:

Արաբ մատենագիրները նրան ճանաչում էին որպես «Գորոզի տեր Վաշաղիա իբն Մուսա», այսինքն՝ Մովսեսի որդի։ Վաչագանի իշխանությունը ընդունում էր նաև Ամենայն Հայոց հայրապետ՝ Անանիա Մոկացին։

Հարկ է նշել, որ Խաչենի, Փառիսոսի և Դիզակի իշխանությունները իրար հետ սերտ հարաբերություններ ունեին և համաարցախյան հարցերը լուծում էին համատեղ ջանքերով։ Դրա մասին է վկայում նաև կաթողիկոս Անանիա Մոկացին։ Երբ նա աղանդավո­րության դեմ պայքարելու համար 958թ. Արցախ է ժամանում, Գանասարում Հայոց վեհապետին պատվով ընդունում են Դիզակի, Խաչենի և Փառիսոսի իշխանները: