Արցախի պատմություն: Հնադարից մինչև մեր օրերը/Արցախը Բագրատունյաց թագավորության շրջանում/Փառիսոսի թագավորությունը

ՓԱՌԻՍՈՍԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Բագրատունյաց թա­գավորության շրջանում Արցախում գործող պետական միավորներից իր նշանակությամբ և հզորությամբ հաջորդը կարելի է համարել Փառիսոսի թագավորությունը։ Սահակ Սևադայի հիմնած իշխանու­թյան հիմքերի վրա 10-րդ դարի կեսերին նրա թոռան՝ Հովհաննես Սենիքերիմի ջանքերով ստեղծվում է Փառիսոսի թագավորությունը։ Վերոհիշյալ թագավորությունը տարածվում էր Շամքոր գետակի վերին ավազանում, Ղարաբաղի լեռնաշղթայի փեշերով դեպի հյու­սիս ու արևմուտք մինչև Շամքոր, հյուսիսում սահման ունենալով Կուր գետը։ Հովհաննես-Սենիքերիմի իշխանությունը ճանաչեցին Գարդմանքի, Ձորագետի և Ուտիքի ուրիշ հողերի տերերը։ Փառիսոսի թագավորությանը ճանաչում են Պարսից արքունիքը և Բյու­զանդիայի կայսրը։ Սերտ կապեր հաստատելով Ատրպատականում նստող Մելիք-շահի հետ և ձեռք բերելով նրա վստահությունն ու հովանավորությունը՝ Հովհաննես-Սենիքերիմը ընդարձակեց թագավորության սահմանները, բարեկարգեց երկրամասը, կառուցեց վանքեր ու եկեղեցիներ, խթանեց մշակութային գործը։ Թագավորանիստ քաղաքն էր Փառիսոսը։ Դեռևս 8-րդ դարի սկզբներին վրացական աղբյուրներում հիշատակվող այս քաղաքը Հովհաննես-Սե­նիքերիմը նորից կառուցապատեց, այն ամրացնելով անմատչելի պարիսպներով, աշտարակներով, դարձնելով անմատչելի բերդա­քաղաք։ Փառիսոս բերդաքաղաքը տեղադրվում է Շամքոր գետակի վրա, Կալաքենդ գյուղի մոտ և նրա շրջակայքում։

Հզորացող Փառիսոսի թագավորությունը անհանգստություն է առաջացնում հարևանների շրջանում՝ մանավանդ վրաց թագավորությանը, Անիի Բագրատունիներին և Գանձակի մահմեդական ամիրայությանը։ 1003թ. մահացան Հովհաննես-Սենիքերիմը և նրա եղբայր Գրիգորը։ Օգտվելով առիթից նույն 1003թ. Գագիկ Բագրատունին, դաշնակցած Գանձակի Փադլուն ամիրայի հետ, փորձեցին իրենց միջև կիսել Փառիսոսի թագավորության տարածքները։ Սակայն այս ձեռնարկումը անհաջողության է մատնվում։ Գահն անցնում է Գրիգորի որդի Փիլիպեին։ Չնայած թագավորությունը շարունակում էր ապրել, բայց նրա դիրքերը երերուն էին։ Դա հիմնականում պայմանավորված էր 10-րդ դարի 70-կան թվականներից Գանձակում հաստատված Փադլունյան մահմեդական ամիրայության հետ, որը սերվել է իրանական-քրդական Շեդադյաններից։ Սա առաջին մահմեդական վարչական ինքնուրույն միավորն էր, որ խաթարեց Հայոց Արևելից կողմանց միասնությունը։ Աղբյուրները վկայում են, որ Փադլունյաններին օժանդակում էին հայ իշխաննե­րը։

Հայրենադավ ուժերի վրա հենվելով Փադլունյանները Արցա­խում և Ուտիքում իշխող Առանշահիկների տոհմի ներկայացուցիչ­ներին դուրս են մղում երկրամասի դաշտավայրային շրջաններից։

Գանձակի Փադլուն ամիրան ձեռնամուխ եղավ նաև Արցախի հյուսիսային գավառները նվաճելու գործին։ Երկիրը վերահաս աղետից­ փրկելու նպատակով Փիլիպեն բարեկամական այցով գնում է Փադլունի մոտ։ Վերջինս կալանավորում է Փիլիպեին։ Ըստ Վարդան պատմիչի այս դեպքը տեղի է ունեցել 1044թ. հետո։

Շուրջ մեկդարյա գոյությունից հետո կործանվեց նաև հայկական գավառային թագավորություններից մեկը։

Առանշահիկները ժողովրդի մի մասի հետ ստիպված են լինում ապաստանել Արցախի, Սյունիքի, Ուտիքի և Հայաստանի մյուս լեռնային քիչ թե շատ ապահով գավառներում։

Այդպիսիններից էր Ուտիքի Առանշահիկների տոհմի ներկայացուցիչ Օշինը, որը իշխում էր Գանձակի շրջակայքում գտնվող Մայրեացաջրում։ Օշինը դարձավ Կիլիկիայի Լամբրոն բերդի և նրա շրջակայքի տերը։

Օշինի հաջորդներից էր Հեթում Ա-ը, որից էլ սկզբնավորվում է Կիլիկիայի Հեթումյանների թագավորական տունը։

Չնայած կործանվեց Փառիսոսի թագավորությունը, բայց նրա ավանդները վախճան չունեցան։ Դրանք արմատավորվեցին և տարածվեցին հայկական մյուս նահանգներում, ուր հիմնավորվել էին Առանշահիկների տոհմի վերընձյուղված ոստերը։

Հայտնի է, որ Սահակ Սևադայի դստրերից մեկը՝ Շահանդուխտը հարս էր գնացել Բաղաց Կապան, իսկ Սենիքերիմի քույրը Կարսի Մուշեղ Բագրատունի թագավորի կինն էր։ Նրանք, ինչպես նաև նրանցից սերվածները, մշակութային և հայրենանվեր այլ ձեռնարկումներ իրականացրին վերոհիշյալ թագավորություններում, շարունակելով Առանշահիկների կենսունակ ավանդները։