Բոց է դուրս գալիս եղեգան փողից

ԲՈՑ Է ԴՈՒՐՍ ԳԱԼԻՍ ԵՂԵԳԱՆ ՓՈՂԻՑ

Երեւույթները որքան խորն ենք զգում ու ապրում, այնքան ավելի դժվար է դառնում դրանք բառերով ներկայացնելը։ Ահա թե ինչու դյուրին չէ Սայաթ-Նովայի մասին խոսելն ու գրելը։ Ամեն սերնդի հետ նա խոսում է, խոսեցնում է ամենքին իր կախարդական մեղեդիներով, իր բառ ու հանգով։ Եվ, սակայն, ինչի՞ մասին է նրա խոսքը։ Մի երկու բառով կարող ենք ասել՝ ամեն ինչի մասին։ Բայց եւ հարցին հարց ավելացնել՝ իսկ ինչի՞ մասին է լինում մեղեդին...

Ամենից առաջ սիրերգակ է Սայաթ-Նովան։

Նրա երգն էլ սեր է՝ անըմբռնելի ու ըմբռնելի, պարզ ու բարդ, բացատրելի ու անբացատրելի, իր ընդգրկումներով՝ մեծ ու վիթխարի, ամենազորեղ, միաժամանակ՝ նուրբ ու գերող՝ որպես վարպետաց վարպետի նախշն ու երազը քարերի վրա, որպես հմայքը քամանչի լարի, որպես մեղեդին՝ լարին մոտեցող մատների ծայրին...

Անզուգական է Սայաթ-Նովան։

Սայաթ-Նովան ընդամենը 18-րդ դարի երկրորդ տասնամյակի ծնունդ է։ Բայց թվում է, թե նա ծնվել է հայ ժողովրդի հնագույն առասպելների հետ եւ առասպելացած իր սիրով ուղեկցում է ժողովուրդներին՝ «տխրության, թե քեֆի ժամին»։ Եվ երբ Սայաթ-Նովա ես ընթերցում՝ «Բոց է դուրս գալիս եղեգան փողից», եւ երբ Սայաթ-Նովա ես լսում՝ «Բոց է դուրս գալիս եղեգան փողից», եւ երբ հաղորդակցվում ես նրա հրաշագործ հնչուններին՝ «Բոց է դուրս գալիս եղեգան փողից»... Եվ այդ բոցի միջից «պապենական քամանչան» ձեռքին, պարզ ու առիքնող ժպիտով, վեհ ու վսեմ ելնում ու քո առաջ կանգնում է «խալխի նոքար» Սայաթ-Նովան։ Ժպիտն էլ մեղեդի է ու երգ.

Ամեն սազի մեջըն գոված դուն թամամ տա՛սն իս, քամանչա՛,
Նաքազ մարթն քիզ չի տեսնի, դուն նըրա պա՛սն իս, քամանչա՛,
Ղաստ արա՝ էլ լավ օրերու էդիվըն հասնիս, քամանչա՛,
Քիզ ինձնից ո՞վ կանա խըլի, աշուղի բա՛սն իս, քամանչա՛։

Ու դու տեսնում ու ճանաչում ես բանաստեղծ-աշուղին։ Նրան, որ երբեք չես տեսել՝ հասկանալի պատճառով։ Նրան, որ ամեն օր ես տեսնում՝ հասկանալի պատճառով։

Այո՛, նա առասպելական է։ Եվ մեր ժողովրդի առասպելական հերոսի նման կրակ ու բոցի միջից է դուրս գալիս... Ու այդ կրակը, ինչ ասել կուզե, ժողովրդի ցավն ու տառապանքն է, ժողովրդի պայքարն է ու երազը, այդ անմեռնելի կրակը ժողովրդի սիրտն է։ Ուրեմն, դառնանք ու ասենք՝ ժողովրդի սրտից է ելել Սայաթ-Նովան։

Երբ լսում ենք Սայաթ-Նովայի երգը, երգի միջոցով տեսնում ենք նաեւ այն սիրտը, որից երգը դուրս է գալիս։

Սայաթնովագիտությունը գնալով ավելի է խորամուխ լինում բանաստեղծի կյանքի ու գործունեության մեջ` մշտապես կանգնելով նորանոր առեղծվածների առաջ։

Նշենք, որ այդ առեղծվածներից մեկն էլ վերաբերում է նրա ծննդյան թվականին, որը, ինչպես հավաստել է Գեւորգ Ախվերդյանը՝ առաջին սայաթնովագետը, 1712-ն է։ Բայց կան նաեւ ուրիշ կարծիքներ։ Այդ կարծիքներից, թերեւս, ամենահիմնավորվածը եւ հավաստին Պարույր Սեւակի մեկնությունն է, ըստ որի` Սայաթ-Նովան ծնվել է 1722 թվականին։ Ինչո՞ւ ամենահավաստին, որովհետեւ Սեւակը, ի տարբերություն իր նախորդների, այդ առեղծվածային հարցը քննելիս, ձեռքի տակ ունեցել է նոր հայտնաբերված եւ այդ մասին վկայող նոր խաղ։ Սակայն, չգիտես ինչու, շարունակվում է, իներցիայով, ծննդյան տարեթիվ համարվել 1712-ը։ Այս հարցերի վրա հանգամանորեն կանգ առնելը մեր նպատակը չէ, միայն նշենք, որ Սայաթ-Նովային մոռացությունից փրկեցին բանաստեղծի որդի Օհանն ու սայաթնովագիտության հիմնադիր Գեւորգ Ախվերդյանը։ Չենք կարող չհիշել նաեւ Սայաթ-Նովային նվիրված առաջին երեկոյի (1913թ., Թիֆլիս) նախանձախնդիր կազմակերպիչ ու ղեկավար, ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանին։ Ու բնական է, որ Սայաթ-Նովայի՝ մեծ բանաստեղծի, նվագածուի, երգչի, երգահանի, ինքնատիպ փիլիսոփայի արվեստի գնահատումներում առանձնանում է Թումանյանի խոսքը. «Գեղեցիկ ձեւի մեջ մի մշտավառ հուր հոգի է նա, մի ազնիվ եւ լիքը սիրտ, մի հարազատ հզոր շունչ, որ մեր աշխարհի հարազատ շնչի նման միշտ խաղալու է Կովկասի ժողովուրդների վրա»...

Որքան էլ հեռու, մեծերն իրար լավ են տեսնում։ Եվ դարերն անգամ չէին կարող հեռավորություն ստեղծել Սայաթ-Նովայի ու Թումանյանի միջեւ։ Չէին կարող, որովհետեւ նրանք շատ են ոգով իրար մոտիկ։

Սայաթ-Նովայի ձեռքով կազմված խաղերի մայր Դավթարը՝ փրկության ու պահպանության համար, էլ ո՞ւմ վստահեր հայ ժողովուրդը, եթե ոչ Հովհաննես Թումանյանին։ Եվ, պատկերացնո՞ւմ եք, թե Թումանյանը օրվա մեջ քանի անգամ էր բացում այդ մատյանը՝ սրտի դողով, թրթիռով, անմեկնելի զգացումներով... Բացում ու խոնարհվելու պես կռանում էր այդ մատյանի վրա, ինչպես ամենասրբագին ու մաքուր աղբյուրի վրա... Եվ միայն 1921 թվականին ամենայն հայոց բանաստեղծը մատյանը հանձնեց նրա իսկական տիրոջը՝ ժողովրդին, հավատալով, որ այն հավերժորեն կապրի ժողովրդի հետ ու ժողովրդի սրտում, իր «ղուլուղը» կանի մարդկությանը.

Արի համով ղուլուղ արա, խալխի նոքար, Սայաթ-Նովա.
Ամեն մարթ չի կանա ճանգի շահով շըքար, Սայաթ-Նովա,
Ով քիզի լիղի պարգեւե, դուն տու շաքար, Սայաթ-Նովա,
Ղաստ արա՝ շուշետ չը կոտրին, չը խփին քար, Սայաթ-Նովա։
Թեկուզ դըբրատանըն պահ տաս՝ ծեծով չի խըրատվի խիվն.
Ինչրու անձնեն չը դուս էհա անախտիլի էն չար դիվըն,
Բեդասըլըն՝ ասիլ չի դառնա, թոլով չի սիպտակի սիվըն,
Ծուռըն փետըն չի դըրըստի ռանդան, դուրգար Սայաթ-Նովա։

Ասես մեծ զավակների կյանքում կրկնվում է մայր ժողովրդի ճակատագիրը։ Այդպես եղավ եւ Սայաթ-Նովայի հետ։ Եվ նա ժողովրդին այրող ցավ ու կրակից էր, որ իր երգի պողերն առավ, աշուղ դառավ։ Ադանայից կամ Հալեպից եկած, հավլաբարցի Սառայի հետ ամուսնացած պանդուխտ Կարապետի որդի Արութինը, որի ծննդավայրը հին Տիփղիսն է, սկզբում արհեստի էր ձգտում։ Եվ դա բնական էր, որովհետեւ, ինչպես Սայաթ-Նովայի մեծ հետնորդ Շիրազն է գրում, «Արհեստն էր մարդուն ոսկե բիլազուկ»։ Սակայն արհեստը չէր նրա կոչումը, որքան էլ այստեղ նա փայլեր, ջուլհակագործության մեջ «առաջ գնար»։

Տասը տարեկան էլ դարձա, դեռ գիժ ու միժ կշրջեի.
Տասնըմեկս էլ լրացավ, դեռ էնքան էլ խելոք չէի,
Տասնըերկու տարեկանում ինձ հանձնեցին ուստաքարին։
Տասնըերեք տարեկանում իմ արհեստում տվի, անցա,
Տասնըչորում, իմ շնորհքով, վարպետս պարգեւ ստացավ։

Ժամանակակիցները վկայում են, որ պատանի Արութինը ջուլհակության մեջ արագ վարպետացավ, նույնիսկ մի այնպիսի դազգահ հնարեց, որի շնորհիվ հնարավոր դարձավ մետաքս գործել ոչ միայն փողոցում, այլ նաեւ տանը։

Երգը միանգամից բռնկվեց հրդեհի պես, հազարավոր լեզուներով գրկեց ու իր մեջ առավ «մղդսու որդի» Արութինին։ Նրա էությունը, նրա ոգին, սիրտը նորահայտ մեղեդիներ էին որսում կյանքից, այնպիսի մեղեդիներ ու խոսքեր, որ միայն ինքը կարող էր որսալ, որ հասու էին միայն իր հանճարին... Այստեղից էլ, ինչպես հավաստում է սայաթնովագիտությունը, ծագում է երգչի անունը՝ Սայաթ-Նովա, այսինքն՝ երգի ու մեղեդու որսորդ...

Ուրիշ է Սայաթ-Նովայի մեղեդին...

Ամեն մարթ չի կանա խըմի՝ իմ ջուրըն ուրիշ ջրեն է.
Ամեն մարթ չի կանա կարթա՝ իմ գիրըն ուրիշ գըրեն է.
Բունիաթս ավազ չիմանաս՝ քարափ է, քարուկըրեն է՝
Սելավի պես, առանց ցամքիլ, դուն շուտով խարաբ մի անի։
Քանի գուզե քամին տանե՝ ծովեմեն ավազ չի պակսի,
Թեգուզ ըլիմ, թեգուզ չըլիմ՝ մեջլիսներուն սազ չի պակսի,
Թեկուզ պակսիմ, քիզ կու պակսիմ՝ աշխարհիս մե մազ չի պակսի.
Սայաթ-Նովու գերեզմանըն հինդ, Հաբաշ, Արաբ մի անի։

Սայաթ-Նովայի խաղերը միշտ մարդկանց շուրթերին են։ Այդ տաղերի տողերով են ջահելներն իրենց սերն արտահայտում, ծերերն իրենց «ախը» քաշում։ Սայաթ-Նովայի տողերը ժողովրդական խոսքի՝ աֆորիզմների ուժ են ձեռք բերել եւ ապրում են հավերժական կյանքով։ Ապրում են մարդասիրական գաղափարներով, զգացմունքի խորությամբ եւ շիկացածությամբ։ «Գիր սիրե, ղալամ սիրե, դավթար սիրե» «Դոստը, յարը, մեկ էլ ընգիրն աշխարհում», «Մարդի համար ախ իմ քաշում, նամարդից իմ բեզարի», «Մի ախպըրից երկու տեսակ ջուր չի գա»... Կարելի է այսպես շարունակել այն բոլոր խոսքերը, որ Սայաթ-Նովայի երգերից են կյանք մտել... Ու թվելու դեպքում էլ կտեսնենք, որ Սայաթ-Նովայի ամբողջ ստեղծագործությունը, նրա բոլոր տողերը թեւավոր են, մնայուն, սրտաբուխ ու սրտակենդան... Ինքը երգիչն է խոստովանում. «Խոսկ իմ ասում առակաց...»:

Երգը ժամանակի ճշմարիտ արձագանքն է։ Այս առումով էլ բավականին հետաքրքրական է Սայաթ-Նովայի «Աշխարհս մի փանջարա է» տաղը, որն ամբողջության մեջ հնչում է որպես համանվագ, իր մեջ արտացոլելով դարի սոցիալական անարդարություններից ու հոգսերից, մարդկային ճղճիմությունից հոգնած մարդու ամբողջական կերպարը.

Աշխարհըս մե փանջարա է,- թաղերումեն բեզարիլ իմ.
Մըտիկ տըվողին կու խուցվի,- դաղերումեն բեզարիլ իմ.
Էրեգ լավ էր, քանց վուր էսօր,- վաղերումեն բեզարիլ իմ.
Մարթ համաշա մեկ չի ըլի,- խաղերումեն բեզարիլ իմ։

Ուղղակի ասենք՝ Սայաթ-Նովային լսելով, ժողովուրդն իր ներքին ձայնին է ունկնդիր լինում, իր ընդվզմանը, ոգորումներին, պայքարին։ Եվ, հասկանալի է, որ նման հանճարի տեր արվեստագետը չէր կարող մնալ պալատի անձուկ պատերի ներսում։ Որքան էլ որ պալատական աշուղի փառքն ու կյանքը գունազարդեին, միեւնույնն է, նա պետք է ձգտեր դեպի հասարակ, ռամիկ ժողովուրդը։ Այդպես եղավ եւ Սայաթ-Նովայի հետ։ Պալատից հեռանալով, նա ինքն իրեն ավելի մոտեցավ։ Այդ մասին ավելի լավ չի ասվի.

Ձեռը վի կալ, վադ մարթութին չիմ ուզիմ,
Էս աշխարհում փարթամութին չիմ ուզում,
Վադ բան ասիլ, յա վադութին չիմ ուզում,
Յիս մարդ մարթ իմ՝ նամարդութին չիմ ուզում...
Յիս ռամիկ իմ՝ թավադութին չիմ ուզում...

Սայաթ-Նովայի յուրաքանչյուր բանաստեղծության, յուրաքանչյուր տողի մեջ հեղինակը ներկայանում է որպես մեծ հումանիստ, առաջադրում է մարդկության գոյի ու ապրելակերպի իր յուրօրինակ փիլիսոփայությունը։ Մի հայացք ձգենք հենց վերոհիշյալ տողերի մտքի գրադացիային, որը ներկայացվում է հանգավորվող մարթութին, փարթամութին, վադութին, թավադութին բառերով։ Որքա՜ն հեռու են իրարից ռամիկն ու թավադը։ Այստեղ է, որ Սայաթ-Նովայի խոսքը բառացի հանգավորումից անցնում է մտքի տրամաբանական հանգավորմանը։ Դա մտքի ու զգացմունքի բազմերանգություն է ծնում, որը իր իսկ՝ Սայաթ-Նովայի բառերով կբանաձեւի այսպես՝ «էշխը հազար ծաղիկ ունե»... Կարծում եմ, տեղն է հիշելու սայաթնովագետ Պարույր Սեւակի խոսքը բանաստեղծի մասին, որ անձամբ լսել եմ մեր վաղամեռիկ բանաստեղծից, երբ մի առիթով բախտ եմ ունեցել հանդիպելու նրան։ Խոսք էր բացվել հանգավոր եւ անհանգ բանաստեղծության մասին։ Սեւակը կտրուկ դիմեց Սայաթ-Նովայի օրինակին։ Կոնկրետ բառերը դժվար է հիշել, բայց միտքը մոտավորապես այսպիսինն էր. Սայաթ-Նովան հանգի մեջ էլ չգերազանցված վարպետ է։ Պետք է հանգն ու միտքը ոչ թե իրար խանգարեն, մեկը մյուսի հաշվին ապրեն, այլ հակառակը՝ լրացնեն իրար, ավելի խորացնելով բանաստեղածական աշխարհի ներքին բռնկումների ու հակասությունների ներդաշնակությունը խոսքում... Սայաթ-Նովայի բանաստեղծություններում հանգը ոչ թե արտաքին զարդ է, այլ ներքին էություն, խորքեր բացող կարեւոր հատկանիշ։

Բազմիմաստ, բազմերանգ, բազմալեզու...

Եվ այս ամենի մեջ Սայաթ-Նովայի մարդերգությունն է։

Նա խարազանում է բարոյական ու հասարակական արատները, գովերգում բարությունը, նվիրվածությունը, բարձր արժանապատվության զգացումը։ Եվ ամեն տողի ու բանաստեղծության մեջ մարդուն տանում է դեպի կատարելություն, վեհացնում նրան։

Գուզիմ՝ ումբրըս հենց անց կացնիմ՝ օրըս մունաթ չը քաշե.
Թեգուզ հազար դարդ ունենամ՝ դարըս մունաթ չը քաշե.
Ղաստ անիմ, բարու հանդիպիմ՝ չարըս մունաթ չը քաշե.
Գլուխըս չարեն ռադ անիմ՝ սարըս մունաթ չը քաշե.
Էրեսըս հայալու պահիմ՝ արըս մունաթ չը քաշե։

Սայաթ-Նովայի հումանիզմը տանում է դեպի ժողովուրդների փոխըմբռնումն ու սերը։ Եվ նա երանի է տալիս այն մարդուն, որ կամուրջներ է շինում ամբողջ կյանքում, սրտեր է միացնում, ձգտում է գեղեցիկ ներդաշնակության։ Հենց աշուղության իմաստն էլ, ի վերուստ տրված շնորհ, դրա մեջ է կայանում։ «Աշուղ ըլիլն ինձ ամա մինձ ցավ դառավ»,- խոստովանում է Սայաթ-Նովան։ Դա հենց «խալխի» ցավաքաշը լինելու ցավն է, որից հունցված է երգչի խոսքը.

Օղորմի էն կամուրջ շինող վարպետին՝
Անց կենողը քար կու դնե, կու հիշե,
Խալխի համար կինք մաշեցի, ջան տվի՝
Տապանիս քարն էլ, ախպերըս կու քաշե։

Ինքը՝ Սայաթ-Նովան, հենց այդպիսի կամրջաշեն բանաստեղծ է։ Նրա բազմալեզու երգը կամուրջ է դառել ոչ միայն սրտերի, այլեւ ժողովուրդների միջեւ։ Ուշագրավ է մի հանգամանք եւս. Սայաթ-Նովայի ամբողջ ստեղծագործության մեջ գրեթե բացակայում է «բարեկամություն» բառը, բայց նրա արվեստը, իր կատարելության մեջ, բարեկամության անմեռ գաղափարներով է շնչում, որը վեհություն ու անմահություն է պարգեւում մեծ երգչին։ Այդ մասին դիպուկ է նշել Գեւորգ Բաշինջաղյանը. «Նմանօրինակ երեւույթ մենք չգիտենք ինչպես մեր իրականության մեջ, այնպես էլ համաշխարհային գրականության մեջ, որ մի բանաստեղծ երեք լեզուներով երգեր սիրո ու ճշմարտության գաղափարները։ Այս բոլորը ցույց է տալիս, որ Սայաթ-Նովան եղել է ընդարձակ հայացքներով ու լայն սրտով մեծ մարդ»։

Ռուս ընթերցողն առաջին անգամ Սայաթ-Նովայի տաղերի հետ հաղորդակցվեց 1851 թվականին, երբ բանաստեղծ Յա. Պոլոնսկու թարգմանությամբ «Կավկազ» թերթում տպագրվեցին Սայաթ-Նովայի մի քանի տաղերը։ Եվ ապա, հետագա տարիներին, գնալով ավելի մեծացավ հետաքրքրությունը Սայաթ-Նովայի նկատմամբ։ Այսօր ինչպես հայ, ռուս, այնպես էլ վրաց գրականության մեջ զգալի նվաճումների է հասել սայաթնովագիտությունը։ Հիշարժան է մեկ ուրիշ ճշմարտություն եւս. մեր դարի սկզբին, երբ ազգամիջյան կռիվներն ու հալածանքները, ազգային թշնամանքը ավելի էին խորացնում սեւ ուժերը, ասպարեզում լայն տեղ էր տրվում Սայաթ-Նովայի երգին ու երաժշտությանը, բանարվեստին, որպես համերաշխության, խաղաղության, ժողովուրդների միջեւ սիրո լավագույն արտահայտության։ Ավելին, Սայաթ-Նովայի 250-ամյա հոբելյանը նշվեց եւ խաղաղության համաշխարհային կոմիտեի որոշմամբ... Ուրեմն, բանաստեղծի խոսքը դարերում դիպուկ է հնչում՝ «քաջ որսկանի գյուլլի պես»...

Վրաց մատենագրության մեջ նշվում է, որ «Հերակլ թագավորի արշավանքի ժամանակ Սայաթ-Նովան առաջնորդում էր մարտիկների ռազմախումբը եւ իր սազով ոգեշնչում հայրենիքի քաջարի պաշտպաններին»։ Սայաթ-Նովայի մասին երգեր ու պոեմներ, վեպեր են գրել քանի-քանի ռուս, հայ, վրացի գրողներ ու մտածողներ։

Յիս էն Սայաթ-Նովասին չիմ, վուր ավզի վրա հիմնանամ։

Սայաթ-Նովան հայ միջնադարյան ստեղծագործության մեջ, կրելով Նաղաշ Հովնաթանի ու աշուղ Դոստիի բարերար ազդեցությունը, կատարեց հրաշագործություն։ Նա դարձավ հայ եւ վրաց գուսանական արվեստի սկզբնավորողը, ստեղծելով սայաթնովական իր դպրոցը։ Ապա եւ խորը ազդեցություն թողեց հայ, վրացական պոեզիայի վրա՝ ունենալով իր արժանի հետեւորդները։ Մեր գրականության բոլոր մեծերը, առանց բացառության, անդրադարձել են Սայաթ-Նովա բացառիկ երեւույթին։ Հայ նոր գրականության հիմնադիր Խաչատուր Աբովյանի մտածելակերպի ու աշխարհայացքի վրա էլ Սայաթ-Նովայի երգերի ներքին փայլն է զգացվում։ Իսկ Չարենցը, որ Սայաթ-Նովային է դիմել մի ամբողջ տաղաշարով, գրել է.

Ամեն տեսակ երգ երգեցի - ամենից լավ տաղն է էլի,
Սայաթ-Նովի դրախտային, անմահական խաղն է էլի։

Սայաթ-Նովան ոչ միայն ժողովրդի կողմից սիրված, այլ նաեւ ժողովուրդ ներկայացնող բանաստեղծ-գուսան է։ Սայաթ-Նովայի պոեզիան, նրան ծնող ժողովրդի համար ամենածանր ու ճակատագրական ժամին, աշխարհի առաջ պարզվել է մեծն Վալերի Բրյուսովի կողմից՝ որպես ազգի «ազնվականության վկայական»։ Ռուս մեծ գեղագետն ուղղակի նշել է. «Սայաթ-Նովան մեկն է այն առաջնակարգ բանաստեղծներից, որոնք իրենց հանճարի ուժով արդեն դադարում են լինել մի ժողովրդի սեփականությունը եւ դառնում են բովանդակ մարդկության սիրելին»։

Աշխարհը Սայաթ-Նովայով ոչ միայն հիանում է, այլ նաեւ իմաստնանում է։ Սա եւս Սայաթ-Նովայի հանճարեղության առանձնանիշներից մեկն է, եթե ոչ ամենահիմնականը։ Ուշ միջնադարի խոշորագույն տաղերգուն մեր գրականության մեջ մնաց որպես չգերազանցված սիրերգակ՝ Քուչակ, Դուրյան, Իսահակյան, Շիրազ սիրո երգիչների համաստեղծության մեջ։ Նա բացառիկ դեմք է եւ համաշխարհային սիրերգության մեջ՝ որպես բազմահանճար մի անհատականություն։ Հանճարեղ՝ թե որպես բանաստեղծ, թե որպես երգահան, թե որպես նվագածու, թե որպես երգիչ, թե որպես առակախոս, թե որպես փիլիսոփա... (Նրա անունը հայտնի է ողջ երկրագնդում, ավելին՝ նաեւ ուրիշ մոլորակների վրա։ Մերկուրի մոլորակի խառնարաններից մեկը, մոլորակագիտության միջազգային միության որոշմամբ, կոչվում է Սայաթ-Նովայի անվամբ...)։

Սայաթ-Նովան ոչ միայն հայտնաբերեց, այլեւ աշխարհում ստեղծեց իր՝ սայաթնովական սիրո մոլորակը։ Դարձյալ՝ յուրովի, անկրկնելի։ Սայաթ-Նովայի սերը որքան իրական, նույնքան էլ անիրական է ասես՝ արեւելյան հեքիաթներում ապրող «Սեզամ, բացվիր» ծաղկի նման։

Մի խոսկ ունիմ իլթիմազով, անգաճ արա, ով աչկի լուս.
Սրտումս ինթիզար ունիմ, քու տիսըն բարով, աչկի լուս.
Աջաբ քիզ ինչ գեթ իմ արի՝ կենում իս խըռով, աչկի լուս.
Աշխարհս աշխարհով կշտացավ, յիս քեզանից սով, աչկի լուս։

Իսկապես որ՝ «Սեզամ, բացվիր»... Եվ բացվում է սեզամը ու նրա միջից դուրս է գալիս արքայաքույր ու արքայադուստր Աննան։ Ծաղիկ՝ ծաղկի մեջ։ Սայաթ-Նովայի անմահական սերը, որով քանի դար է գերված ենք բոլորս։ Մեծ տաղերգուն նոր գույներ ու բառեր է ստեղծում սիրածի գովքն անելու համար։ Եվ սխալ է այն կարծիքը, ըստ որի Սայաթ-Նովան, իբր շարունակելով իր նախորդների ավանդույթները, գովերգում է սիրուհու արտաքին գեղեցկությունները։ Սա բավականին նուրբ հարց է, որովհետեւ սխալի համար ասես արտաքուստ «հիմք» են տալիս հենց իր՝ Սայաթ-Նովայի սիրո երգերը՝ որն էլ վերցնենք... Բայց այստեղ պետք է նկատի առնել մի կարեւոր հանգամանք, Սայաթ-Նովան արտաքին մանրամասնությունները, գեղեցկությունները չի տեսնում ներքին արժանիքներից անջատ, դրանք մեկը մյուսով պայմանավորված են։

Դուն պատվական ջավահիր իս, էրնեկ քո առնողին ըլի.
Ով կու գըթնե, ախ չիքաշի, վայ քու կորցընողին ըլի.
Ափսուս վուր շուտով միռիլ է, լուսըն քու ծընողին ըլի.
Ապրիլ էր, մեկ էլ էր բերի քիզի պես նաղաշ, նազանի։

Կամ՝ նույն երգի այլ տողերում.

Դուն կրակ, հաքածըտ կըրակ, վուրմե կըրակին դիմանամ,
Հնդու ղալամ քարու վըրեն ծածկիլ իս մարմաշ, նազանի։

Ինչպես տեսնում ենք, «ով կու գըթնե, ախ չի քաշի», «Դուն կըրակ, հաքածըտ կըրակ» արտահայտություններում սիրուհու արտաքին գեղեցկությունը չէ, որ երգում է բանաստեղծը։ Ավելին, Սայաթ-Նովայի նորարարական արվեստի մեկ կողմն էլ հենց դա է՝ ցույց տալ երգերի հերոսուհուն իր հոգեկան ճոխության մեջ. այլապես ինչու՞ պիտի Սայաթ-Նովայի նման մեկն այնքան մոլեգնորեն ու ինքնամոռաց սիրեր նրան։

Սայաթ-Նովայի սիրածը Սայաթ-Նովայի սիրուց է, որ «սիրուն է»։ Մանավանդ, չմոռանանք, որ մեծ երգչի բառարվեստում բացակայում են միայն արտաքին նմանությունների հիման վրա ստեղծված պատկերները։ Նրան սիրածի կարոտը կարող է քշել միայն «սելավի պես»։ Ժողովուրդը, սովորաբար, կերած կաթով է բնորոշում մարդուն եւ ունի «հալալ կաթնակեր» արտահայտությունը։ Իր մտածողությամբ ամբողջովին ժողովրդական բանահյուսությունից, բառ ու բանից եկող Սայաթ-Նովան չէր կարող հարազատ չմնալ ինքն իրեն։

Կոկոնի պես ծիծ ես կերել, էն կաթից է, վուր սիրուն իս,
Շուշան գունքիտ ո՞վ կու հասնե, էն հացից է, վուր սիրուն իս,
Շիրազի-Շամախու սուրահ, տեսակից է, վուր սիրուն իս,
Լավ քուրայում հալած օսկի, կրակից է, վուր սիրուն իս։

«Սիրուն» բառի սահմաններն անսահմանորեն ընդլայնում է բանաստեղծը` նրան նվիրելով գեղեցիկի արտահայտման իմաստ։ Գեղեցիկը էության մեջ է։ Սա է բանաստեղծի դավանանքը։ Եվ երգիչը դա հավաստում է իր խոսքով.

Ծուցիտ մեջն վարթ, մանիշակ, սըմբուլ ու սուսան իս շինի,
Քու տերըն բաղն ինչ կոնե՝ քու հուտըն ռեհան իս շինի...

Դժվար չէ նկատել, որ «ջրկիր» Սայաթ-Նովայի սիրո երգերում էլ ապրում է ժամանակաշրջանն իր բոլոր հակասություններով։ Եվ որքան էլ Սայաթ-Նովան երգի՝ «Մեջլումի նման ման իմ գալի, յարեն էրված իմ», միեւնույն է, ինչպես մեր օրերի մեծ սիրերգակն է ասում, նրան «դարը զարկեց քարի»։ Եվ դարի մորմոքն է, որ խոսում է Սայաթ-Նովայի երգերում, եւ դարի վերքերն են, որ մխում են Սայաթ-Նովայի սիրո մեջ.

Բաղում թութի ղուշն է կանչում՝ յիս բլբուլի ձայնն իմ ուզում,
Էրազումս ճարն ասեցին՝ լիքը գուլաբդանն իմ ուզում,
Բլբուլն ասաց «յիս լալիս իմ, վարթիս թուփ ու թաղն իմ ուզում»։
Յիս էլ սարիր անցա էկա՝ իմ ազիզ վաթանն իմ ուզում։

Բավականին հարուստ ու հյութեղ է Սայաթ-Նովայի լեզուն։ Հին Թիֆլիսը, ուր միահյուսվում էին հայկական եւ վրացական բարբառները, իր կնիքն է դրել երգչի լեզվական կուլտուրայի վրա։

Լեզու, որին հետագայում դիմեց եւ «մյուս մեծ Թիֆլիսեցին՝ Գաբրիել Սունդուկյանը»։ Իր տաղերում Սայաթ-Նովան դիմել է նաեւ արցախական աշխարհի բարբառին։ Եվ բարբառային բառերը, ինչպես, օրինակ, «տակռին», այնպե՜ս հաշտ ու ներդաշնակ են հնչում նրա տողերի մեջ։ Ահա.

Արունը մե կռնեն, ցավը՝ մեկելեն.
Իմ էս յարեն ազալից է, գոզալից,
Տակռին սրտիս՝ դոշիս բերան ունե լեն.
Իմ էս յարեն ազալից է, գոզալից,
Գոզալից, յաղի գոզալից։

Ողբերգական վախճան ունեցավ Սայաթ-Նովան։ Նա ունեցավ չորս զավակ՝ Մարմար, Մելիքսեթ, Սառա եւ Մարիամ անուններով, որոնց խնամքը, կնոջ մահից հետո, իսկ դա եղավ 1768 թվականին, մնաց ամբողջովին Սայաթ-Նովայի վրա։ Զավակներին «ձեռնահաս» դարձնելուց հետո, Սայաթ-Նովան, որպես թագավորի կողմից տրված պատիժ ու պարտադրանք, թողնում է աշուղությունն ու քահանա կնքվում՝ անվանափոխ լինելով։ Նրա քահանայական անունն էր՝ Տեր Ստեփանոս։ Ժողովրդի մեջ լեգենդներ են պատմում Սայաթ-Նովայի այդ տարիների կյանքի մասին։ Պատմում են, որ 1795թ. Աղա-Մահմուդ խանի արշավանքի ժամանակ Սայաթ-Նովան զոհվել է...

Հասկանալի է, որ քահանայական կյանքը չէր կարող բավարարություն տալ Սայաթ-Նովայի անհագուրդ ու կենսարար հոգուն։ Այդ մասին լավ է ասել ինքը՝ բանաստեղծը.

Բըրինձ էի, գարի դառնալն ինչի՞ս էր... Ասեք, կըրոնավուր դառնալն ինչի՞ս էր. Իմ տունըս էլ, վուր էսօր էս խուցըն էլավ, Դե էլ յիս ում միղ դընիմ, ինչից էլավ. Էս ամենը հենց իմ էս խելքից էլավ։

Սայաթ-Նովան մշտապես մեզ հետ է։ Սայաթ-Նովայի անունն են կրում փողոցներ, ուսումնական հաստատություններ, մշակույթի օջախներ, այդ թվում՝ եւ Արցախ աշխարհում։ Իսկ Թիֆլիսում՝ Սայաթ-Նովայի ծննդավայրում, ամեն տարի մայիսին անցկացվում է վարդատոն, ժողովուրդը վարդատոնով է արտահայտում իր սերը մեծ մտածողի հանդեպ։ Չէ՞ որ նրա երգի ու խոսքի հետ ամեն մի հանդիպում մեզ համար մի ուրույն վարդատոն է... Տոն՝ բառի ամենալայն իմաստով։

Ժամն է, որ Սայաթ-Նովայի հիշատակին վարդատոներ անցկացնենք եւ մենք՝ արցախցիներս, մեր հին ու հինավուրց այս փոքրիկ, անկրկնելի հայկական հողակտորի վրա, այս մեծ սրտակտորի վրա, որին Արցախ անունն ենք տալիս անհիշելի ժամանակներից։

1987թ.