Դավիթ-բեկ
 ԺԵ
ԺԷ 
[365]
ԺԶ

Խանի ամրոցը բաժանված էր երկու գլխավոր մասերի, մեկի մեջ զետեղվում էր ընդարձակ կանանոցը, իսկ մյուսի մեջ՝ նրա դիվանատունը։ Այս գիշեր դիվանատան մասը մի կատարյալ կազմակերպության

[366]
մեջն էր․ ֆարրաշները, գրագրները, բոլոր զինվորական և դիվանական պաշտոնակալները իրանց տեղումն էին։ Մեկ սենյակ չկար, որ լուսավորված չլիներ․ բոլորի մեջ խմբված էին խանի ծառայողները, անհամբերությամբ սպասում էին նրա հրամանին։

Խանը իր վեզիրի հետ առանձնացած էին մի մեկուսի սենյակում, խորհուրդ ունեին։ Գուցե նրա կյանքում առաջին անգամն էր պատահում, որ գիշերվա այդ ժամում կանանոցում չէր գտնվում։ Սենյակը, որի մեջ առանձնացած էին նրանք, շատ փոքր էր, վարագույրները իջեցրած էին և դռները փակած։ Նախասենյակում սպասում էր խանի մտերիմ մանկլավիկներից մեկը միայն։

Ամրոցի իշխանը ծալապատիկ նստած էր մի թանկագին գորգի վրա, իսկ նրա առջև աղերսավոր կերպարանքով չոքած էր վեզիրը։ Երկուսի մեջ տիրում էր խորին, չարագուշակ լռություն։ Միայն լսելի էր լինում ղեյլանի մելամաղձոտ կրկրոցը, որ ներդաշնակաբար ձայն էր արձակում խանի ամեն մի ծխելու հետ։ Իսկ այս գիշեր նա մի առանձին ախորժակով էր ծխում «քորօղլուի» թամբաքուն[1], որ թմրեցնելու չափ արբեցուցիչ էր։ Նրա դեմքի վրա նկարված էր կատաղի վրդովմունքը, ճակատը կնճռած էր, կրակոտ բիբերը վայրենի կերպով շարժվում էին թավ հոնքերի տակից։

— Ձեր ծառան դարձյալ թույլ է տալիս իրան աղերսարկու լինել, խան, — խոսեց վեզիրը խոնարհությամբ․ — ուրիշ ճար չկա, ամեն ընդդիմադրություն ապարդյուն կլիներ և ավելի կգրգռեր թշնամու կատաղությունը։ Ես դարձյալ խորհուրդ եմ տալիս վաղ առավոտյան անձնատուր լինել։ Մենք խաղաղության նշան կտանք, ես ինքս կգնամ թշնամու բանակը և հաշտության դաշն կկապեմ Բեկի հետ։

— Ես երդվում եմ իմ պապերի գերեզմանով, եթե դու մյուս անգամ կհամարձակվես այսպիսի հիմարություններ խոսել, ես կհրամայեմ շան նման քեզ սատակեն, — գոռաց բռնակալը գազանի մռնչյունով։

Սպառնալիքը չշփոթեցրեց վեզիրին, նա բավական սառնասրտությամբ պատասխանեց։

— Ինձ համար միևնույն է, առանց այդ էլ Բեկի զինվորները ինձ կսատակեն, ավելի լավ է, որ շուտ կատարվի և իմ տիրոջ ձեռքով։
[367]
Վերջին խոսքը փոքր-ինչ մեղմացրեց խանի կատաղությունը վեզիրի վերաբերությամբ։ Նա խրոխտալով պատասխանեց․

— Դու խելքդ կորցրել ես, վեզիր, Ասլամազ-Կուլի խանը չէ կարող անձնատուրլինել մի պիղծ գավուրի, որը իր ավազակային խմբով հանդգնել է պաշարել իմ բերդը։ Էգուց, մեծ մարգարեի օգնությամբ, ես նրա արյունը իմ շներին լափել կտամ։

— Եթե, աստված տա, իմ տիրոջ ասածը կատարվի, ձեր շները մի գեղեցիկ նախաճաշիկ կունենան, բայց ես չեմ կարծում, որ նրանք այդքան բախտ ունենան, — պատասխանեց վեզիրը հեգնությամբ։

Խանը դարձյալ կատաղեցավ և ձեռքը տարավ դեպի իր սրի երախակալը, ասելով․

— Դու ինձ վրա ծիծաղում ես, անզգամ․․․ — Վեզիրը չթողեց նրան խոսքը ավարտել, իսկույն պատասխանեց․

— Ծերունի վեզիրը երբեք իրան թույլ չի տա ծիծաղել իր գլխի պսակի վրա, որին միշտ հարգել է։ Նա հավատարմությամբ ծառայել է ձեր հանգուցյալ հորը (թող նրա հոգին հավիտենական լույսի մեջ լինի)։ Նա իր հոգատար ձեռքերի վրա է մեծացրել ձեզ։ Նա այդ տան աղ ու հացը կերել է, երբեք չի դավաճանի իր տերերին։

— Բայց խորհուրդ կտա խոնարհվել մի անհավատի առջև, — կտրեց խանը նրա խոսքը։

— Ոչ, խորհուրդ կտա խոնհարվել աստուծո կամքի առջև, — պատասխանեց վեզիրը։

Խանը լռեց և մտախոհությամբ սկսեց զոռ տալ ղեյլանին, որով, կարծես, աշխատում էր արթնացնել իր թմրած ուղեղը։ Բայց վեզիրը, բավական ծանոթ լինելով բռնակալների բնավորությանը, գիտեր, որ նրանք որքան խիստ են, ավելի այնքան թույլ են։ Երբ բարկանում են, պետք է շողոքորթել․ երբ համառում են, պետք է վախեցնել․ երբ թուլանում են, պետք է անմիջապես բռնանալ նրանց մտածությունների վրա։

— Մեր գլխավոր ուժերը թշնամին ոչնչացրեց, խան, մենք այժմ դեմ դնելու կարողություն չունենք։

— Բայց դու մոռանում ես մի բան, վեզիր, — մեր բերդի ամրությունը։ Նա այնքան անմատչելի է, որ կդիմանա, մինչև Ֆաթալի խանից մեզ օգնություն կհասնի։

— Ֆաթալի խանից օգնություն մի սպասեք, խան, մեր ուղարկած թղթատարին գտել են ճանապարհի վրա սպանված։
[368]
Խանը գունաթափվեցավ։

— Քեզ ո՞վ ասաց, — հարցրեց նա վրդովվելով։

— Նրանք, որ դիակը տեսել էին դեպի Բարգյուշատ տանող ճանապարհի վրա, Չավնդուր գետի ափի մոտ, — պատասխանեց վեզիրը հանդարտությամբ, և ավելացրեց․ — եթե մեր նամակը հասած ևս լիներ Ֆաթալի խանի ձեռքը, դարձյալ նա մեզ օգնել չէր կարող, որովհետև նա այժմ իր կաշուցն է վախենում, ամրացնում է իր բերդը Գավդադըղ ավանի մոտ։ Բեկի հաջողությունները ամենի վրա սարսափ է գցել։

Խանը մի փոքր մտածելուց հետո ասաց․

— Մեզ օգնության կհասնի Լեհվազի խանը՝ Սեֆի-Կուլին․ մենք նրա մոտ ևս դեսպան ենք ուղարկել։

— Սեֆի-Կուլին այժմ թողել է Լեհվազը և փախել է Ալանգազի լեռների վրա։ Կալերցի Պապ զորապետը, որը Դավիթ բեկի քաջերից մեկն է, չարաչար կերպով հալածում է Սեֆի-Կուլիին։

— Մեզ օգնության կհասնի աստված, հասկանո՞ւմ ես, Մուհամմեդի և Ալիի աստվածը, նա, որ մի բուռն մուսուլմաններով տարածեց իսլամի տիրապետությունը ամբողջ աշխարհի վրա։

— Աստուծո օգնությանը ապավինելը մենք պարտավոր ենք, բայց պետք է մտածել, որ մեր թշնամիներն էլ աստված ունեն։

— Նրանց առաջնորդում է սատանան, իսկ ճշմարիտ աստվածը երեսը դարձնում է անհավատներից։

— Երբեմն սատանան ավելի գործ է կատարում, ինչպես այսօր։ Մեր առաջապահ զորքերը բոլորը ջարդվեցան։

— Դրանով աստված կամեցավ մի փոքրիկ խրատ տալ մեզ։

— Ինչո՞ւ չեք ասում՝ մի մեծ խրատ։

Տհաճության մռայլը դարձյալ անցավ խանի սարսափելի դեմքի վրա, և նա զայրացած կերպով պատասխանեց․

— Վեզիր, դու միշտ սովորություն ունեիր խրախուսել, սիրտ տալ ինձ, իսկ այսօր ի՞նչ է պատահել քեզ հետ․ քո բոլոր խոսքերը հուսահատական են։

— Այսօր ես ցանկություն չունեմ ձեզ շողոքորթելու․ եթե խոսում եմ ճշմարտությունը, այդ առաջ է գալիս իմ դեպի ձեզ ունեցած հավատարմությունից։

— Այդ հավատարմություն չէ, վեզիր, դու ցանկանում ես անպատվությամբ արատավորել իմ սուրը, — ասաց նա բավական զգացված կերպով։ — Լսի՜ր իմ վերջին խոսքը․ առանց աստուծո կամքի ոչինչ չէ կատարվում․ եթե հասել է իմ իշխանության վախճանը,
[369]
կլինի այն, ինչ որ վճռել է նախասահմանությունը։ Իսկ եթե դեռևս ամենակալի աջը պիտի հովանավորե իմ իշխանությանը, այն ժամանակ, եթե երկնքի աստղերի թվով զորքեր ևս գալու լինեն մեզ վրա, դարձյալ մեր գլխից մի մազ անգամ չի պակսի։ Մենք պիտի ընդդիմանանք մինչև վերջին շունչը, կամ կազատենք մեր բերդը, կամ նա մեր գերեզմանը կդառնա․․․

— Վերջինը ավելի հավանական է․․․

— Թո՜ղ այդպես լինի։

Երկուսի մեջ ևս տիրեց մի խորհրդավոր լռություն։ Դա վտանգավոր հիվանդի և բժշկի մեջ տիրող լռության նմանությունն ուներ, երբ վերջինը սկսում է մտածել, թե ինչ դարման պետք էր տանել նրա ցավերին։

— Դուք հայտնեցիք ձեր վերջին խոսքը, խան, — ասաց վեզիրը ծանր կերպով, — բայց խիղճս հանգստացնելու համար, թույլ տվեցեք ինձ ևս հայտնել իմ վերջին խոսքը։

Խանը ոչինչ չպատասխանեց։ Վեզիրը շարունակեց․

— Ամբողջ Ղափանը ապստամբված է մեր դեմ։ Մենք կենում ենք շրջապատող կրակի և սրերի մեջ։ Հալիձորի ծերունի Մելիք-Փարսադանը, որ երկաթի սիրտ ունի, իսկ գայլի խիղճ, իր փեսա տեր Ավետիքի հետ առաջնորդում են տեղային ապստամբներին։ Ամբողջ Գենվազը ապստամբված է․ եքդաստանցի Ստեփաննոս իշխանը, որ ստանայի խելք ունի և Րուստեմի քաջություն, կալերցի Պապ զորավարի հետ առաջնորդում են տեղային ապստամբներին։ Ամբողջ Չավնդուրը ապստամբված է․ խորձորցի Թորոս իշխանը, որ փղի ուժ ունի և առյուծի սիրտ, իր ազգակից Մելիք-Նուբարի հետ առաջնորդում են տեղային ապստամբներին։ Ամբողջ Սիսիանը ապստամբված է․ բայինդուրլեցի Բայինդուր իշխանը, — այդ սարսափելի հսկան, որ իզուր չստացավ մեր շահ Հյուսեին թագավորից «բաթման-ղլիճ» անունը, — Ուժանիս գյուղացի վիթխարի տեր Կասպարի հետ, որ կոչվում է «ավշար երեց», առաջնորդում են տեղային ապստամբներին։ Դեռ չէ շարժվել միայն Բարգյուշատը, որովհետև Երիցվանիկ ավանի մելիք Ֆրանգյուլը տակավին պահպանում է իր բարեկամությունը Ֆաթալի խանի հետ, և դեռ չէ անցել ապստամբների կողմը։

— Ես չեմ կամենում երկար խոսել մասնավոր խումբերի մասին, որոնք զանազան կողմերում, այս և այն զորավարի առաջնորդությամբ ասպատակում են երկիրը։ Օրինակ, Բաղաբերդի Ադամ զորավարը սարսափի մեջ է գցել իր բերդից սկսած մինչև
[370]
Սևանա լիճը։ Գյուլ-բերդի Ղազար զորավարի արշավանքները տարածվում են մինչև Կուր և Երասխ գետերի խառնվելու տեղը։ Շիրվանաձորի Սարգիս զորավարը տակնուվրա է անում ամբողջ Աղաջրանի վիճակը։ Ջուղայեցի Մաղա-մելիքի երկու որդիները՝ Աշոտ և Սմբատ, բոլորովին կտրել են Պարսկաստանից դեպի Նախիջևան և Երևան տանող ճանապարհը, ասպատակում են Երնջակի կողմերի թյուրքաց գյուղերը։ Մեղրեցի մելիք Կոնստանդինը մինչև անգամ համարձակվում է անցնել Երասխը և ավերել Քյուրդաշտի ամրությունները։ Տաթևացի Կիջի յուզբաշին՝ Այտի, Եսայի, տիրացու Սիմեոն տանուտերների հետ՝ ամայի են դարձնում Մուղավուզը և վերին Սիսիանը։ Շընհերի Մինաս և Ստեփան տանուտերները հանգստություն չեն տալիս Զանգեզուրի ամբողջ վիճակին։

— Հիմա կասեմ, թե ի՞նչ են անում այդ բարբարոսները, — առաջ տարավ ծերունի վեզիրը․ — կոտորում են անողորմ կերպով, առանց խտրություն դնելու սեռի և հասակի։ Կնիկների փորերը պատռում են, և տղաներին դուրս հանելով, ցցում են իրանց նիզակների ծայրին։ Ծերունու ալիքը ներկում են իրա արյունով։ Գենվազի գավառում ոչնչացրել են՝ Վահրավարա, Բաղաքար, Գոմերանց, Թոս, Թաղաբեր, Աքիս (Ապկես), Ջվար, Լիճք թյուրքաբնակ գյուղերը։ Լեհվազի ձորի բոլոր թյուրք բնակիչները ոչնչացրած են․ մի փոքրիկ մասը միայն փախել է դեպի Օրդվար։ Ղափանի գավառում բնաջինջ են արել Կաց և Քիո գյուղերը։ Բարգյուշատի գավառում բնաջինջ են արել Չափնիսը։ Սիսիանի կողմերում բնաջինջ են արել Քուրթլար ավանը և Աջբեջը։ Իսկ այդ բոլորը դեռ գործի սկիզբն է։

— Ամեն տեղ, ինչ որ գտնում են, հափշտկում են։ Չավնդուրի Խուստուփ կոչված լեռների վրայից Թորոս իշխանը թալանել է տվել Ֆաթալի խանի 2000 ոչխարները, սպանել են նրա 12 հովիվներին։ Մխիթար սպարապետը և տեր Ավետիքը, Ղազան-Գոլլու կոչված լեռների վրա, կոտորել են թուրքմենների մի քանի խաշնարած ցեղեր, թալանել են նրանցից 6300 ոչխար և 430 այլ անասուններ։ Կազբելլու լեռների վրա նրանք զարկեցին թուրքմենների մի այլ ցեղ և թալանեցին 900 անասուններ։ Ալանգազի լեռների վրայից թալանել են Կաց ավանի Միրզա-Սայիլ իշխանի գեղեցիկ նժույգների երամակը։

Բացի խոշոր, պատերազմող գունդերից, Բեկի մանր, ավազակային խումբերը, ցրված զանազան տեղերում, սարսափելի հափշտակություններ են գործում։ Կղճավանի անտառներում բույն է
[371]
դրել վաղարշապատեցի Հարություն տանուտերը իր խումբով։ Որոտնա անտառներում բույն են դրել գանձակեցի Եղիազար աղան և Թաթեոս բեկը իրանց խումբերով։ Երասխ գետի ափերի վրա և Ջաբրայիլի անապատներում թափառում են Զաքարիա իշխանը և պատանի Մոսին իրանց խումբերով։ Ջարբայիլի կամրջով այժմ անկարելի է անցկենալ։ Մեծ Գիորգին և փոքր Գիորգին գազանների նման դարան են մտած Զանգեզուրի այրերում։ Մի քանի օր առաջ նրանք, Կորիսից դեպի Նախիջևան տանող ճանապարհի վրա, կողոպտեցին մեր ուխտավորների քարավանը, որ բաղկացած էր ավելի քան 200 հոգուց։ Լոռեցի Ավթանդիլ գնդապետի մարդիկը և երևանցի կաղ Օհանեսի մարդիկը այժմ թողել են Նախիջևանի, Դարալագյազի և Սևանա լճի կողմերը, անցել են Մուղանջիկի խիտ անտառները։ Օքուզարաթի ճանապարհը բոլորովին փակված է։

— Այդ կատաղի ապստամբությունների, այդ գազանային շարժումների գլխավորն է մի մարդ, որին ես այլ անուն տալ չեմ կարող, բայց միայն կոչել անգութ հրեշ, որի մոտ տարտարոսի բոլոր ճիվաղներին կարելի է գառնուկներ համարել։ — Ես Դավիթ բեկի մասին եմ խոսում, իսկ նրա գործակիցը, Տաթևի Ներսես եպիսկոպոսը, Օմարի և Յազիդի նման արյունարբու է, իսկ Հաբուն-ալ-Ռաշիդի նման անողոքելի։ Դա իր մոլեռանդ հայրենասիրությամբ կամենում է սրով և արյունով մաքրել այն երկիրը, որ մի ժամանակ, իր կարծիքով, պատկանելիս է եղել իր ազգի նախնիքներին և ոչ մեզ։ Ուրեմն մեր դեմ են երկու սարսափելի ուժեր՝ ժողովրդի և կրոնի ներկայացուցիչները։ Այդ ուժերի դեմ պատերազմել շատ դժվարին է, երբ ամբոխը կուրորեն հպատակում է նրանց ձայնին։ Չխոստովանել թշնամու առավելությունը, այդ կնշանակե խաբել իրան, և խաբելով կորստյան մատնել։ Թշնամին անհամեմատ զորավոր է մեզանից։ Մեր զորքերը նրանց առջևից այնպես էին փախչում, որպես աշնան ցամաք տերևները կատաղի մրրիկի առջևից։ Այդ թնդանոթները, որ արձակում են մեզ վրա, մեզանից են խլել․ մեր զենքը գործ են դնում մեր դեմ։ — Իսկ այդ աներկյուղ, անձնանվեր և ճարպիկ զինվորներին կառավարում է, որպես ընդհանուր հրամանատար, մի հմուտ, փորձառու և հաստատամիտ մարդ, որպիսին է Մխիթար սպարապետը։

— Ես առանց կեղծելու, առանց չափազանցության հաղորդեցի ձեզ այն բոլոր տեղեկությունները, ինչ որ մեծ աշխատությամբ
[372]
ձեռք էի բերել թշնամու գործողությունների վերաբերությամբ։ Այժմ մնում է ինձ բացատրել մեր պաշարած բերդի դրությունը։ Ձեզ հայտնի է, որ երեք ճանապարհով միայն կարելի է մոտենալ մեր բերդին․ առաջինը Գեղվա գետի ձորամիջով, իսկ երկրորդը և երրորդը՝ Հալիձորի գետի ստորին և վերին կողմերից։ — Այդ երեք ճանապարհները բռնված են թշնամու զորքերով։ Բայինդուր իշխանը, Մելիք-Փարսադանը և Ավթանդիլ գնդապետը բռնել են Գենվա գետի անցքը։ Մխիթար սպարապետը բռնել է Հալիձորի գետի վերին անցքը։ Իսկ Դավիթ բեկը և Ներսես եպիսկոպոսը բռնել են Հալիձորի գետի ներքին անցքը։ Մենք գտնվում ենք քարե արկղի մեջ․ ոչ մի կողմից փախուստի ճանապարհ չունենք։

Վեզիրը վերջացրեց իր զեկուցումները։ Խանը կամ բոլորովին չէր լսում, կամ եթե լսում էր՝ դժվարանում էր հավատալ իր ականջներին։ Նա երևակայել չէր կարող, որ հայը, իր կարծիքով, ստոր, անարգ և երկչոտ հայը, կարող էր այն հրաշքները գործել, ինչ որ պատմում էր «ցնդած» վեզիրը։ Վեզիրի խոսքերը փոխանակ մեղմացնելու, ավելի խստացրին նրա համառությունը։ Նա ասաց․

— Եթե երկինքն էլ փուլ գալու լինի իմ վրա, եթե դժոխքի բոլոր ոգիները իրանց զենքերը իմ դեմ դարձնելու լինեն, ես դարձյալ անձնատուր չեմ լինի։

— Բոլորովին հավատում եմ, — պատասխանեց վեզիրը սառնությամբ․ — դուք անձնատուր չեք լինի։ Բայց առավոտյան, երբ թշնամին կկատարե հենց առաջին հարձակումը, ձեր զորապետները իրանց ձեռքով կբաց անեն բերդի դռները թշնամու առջև։

— Երբ որ իմ զորապետները այս աստիճան ցած կլինեն, ինձ կմնա այնուհետև մի բան անել․ — այդ ամրոցը կթռչի օդի մեջ․․․ Ես թույլ չեմ տա, որ իմ կնիկները, իմ զավակները ընկնեն անհավատների ձեռքը։

Վեզիրը ոչինչ չպատասխանեց։ Նա գիտեր, որ ամրոցի ներքնահարկում դրած էին հարյուրավոր տոպրակներ, լցրած վառոդով։ Մի փոքրիկ կայծ բավական էր, որ կատարվեր խանի բաղձանքը։

Խանը վեր կացավ․ վեր կացավ և վեզիրը։ Նրա դեմքը սաստիկ զայրացած էր․ բայց զսպելով իր խորին վրդովմունքը, մի առանձին անսովոր մեղմությամբ դարձավ դեպի վեզիրը, ասելով․

— Ես ձեզանից մի բան եմ խնդրում, վեզիր, թույլ տվեցեք ինձ կարգադրել գործը այնպես, որպես ինքս ցանկանում եմ։ Ձեր կարծիքը, ձեր համոզմունքը ձեզ համար պահեցեք։ Ես ձեզանից

[373]միայն լռություն են պահանջում։ Այն խոսքերը, որոնցմով աշխատում էիք հուսահատեցնել ինձ, թեև չհաջողվեցավ ձեզ, — կարող են ավելի հեշտությամբ հուսահատեցնել իմ զորապետներին։ Նրանց մոտ ոչինչ մի խոսեցեք։

Նա դուրս եկավ սենյակից։ Վշտացած վեզիրը լուռ մտախոհության մեջ հետևում էր նրան։ Ամրոցի բակում մի խումբ ծառաներ, վառած ջահերը ձեռներին բռնած, սպասում էին նրան։ Երբ տեսան իրանց տիրոջ հայտնվելը, կարգով շարվեցան նրա առջև, լուսավորեցին նրա ուղին։ Խանը դիմեց դեպի մեծ դահլիճը, ուր այդ միջոցին հավաքված էին նրա զորապետները և նշանավոր պաշտոնակալները։ Բոլորը ընդունեցին նրան ընդհանուր երկրպագությամբ։ Նա նստեց իր պատշաճավոր տեղը, մնացածները ոտքի վրա կանգնած, լռությամբ,սպասում էին լսել նրա հրամանը։ Նա հանդիսավոր կերպով սկսեց խոսել, թե ի՜նչ եզրակացությունների հասցրեց իր և վեզիրի հետ ունեցած համաձայն խորհուրդը։ Եվ սկսեց հրահանգներ տալ, իհարկե, բոլորովին հակառակ վեզիրի կարծիքին։ Իր փոքրիկ ճառը նա վերջացրեց այս խոսքերով․

— Առավոտյան նամազը կատարելուց հտո, մենք կսկսենք կռիվը նրանով, որ այդ բերդում գտնված բոլոր հայ բնակիչների գլուխները կդնենք մեր թնդանոթների մեջ և կարձակենք դեպի թշնամու բանակը․․․

Բոլորը ուրախությամբ ընդունեցին խանի հրամանը, և մինչև գետին երկրպագելով, սկսեցին օրհնել նրա կյանքը։

Վեզիրը լուռ կացավ․ ոչինչ չխոսեց։

Տողատակեր

խմբագրել
  1. «Քորօղլուի» կոչված թամբաքուն ծխում էին հին Փայտակարանի կողմերի թափառական ցեղերը, որը սաստիկ թունդ է։