ԳԼՈՒԽ XVIII
ԱՅՆ ՄԱՍԻՆ, ՈՐ ԴՈՆ ԿԻԽՈՏԸ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՏՎԵՑ
ԲԱԶՄԱԹԻՎ ԹՇՎԱՌՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՏԱՆՈՒՄ ԷԻՆ
ՀԱԿԱՌԱԿ ԻՐԵՆՑ ԿԱՄՔԻ ԱՅՆՏԵՂ,
ՈՒՐ ՆՐԱՆՔ ՉԷԻՆ ՈՒԶՈՒՄ ԳՆԱԼ

Դոն Կիխոտը տեսավ, որ իր դիմաց, նույն ճամփով, որով ինքն էր գնում, մոտ քսան մարդ էր շարժվում ոտքով։ Նրանք շարված էին մի մեծ, երկաթե շղթայի վրա, ինչպես թազբեհի հատիկներ։ Նրանց պարանոցը շղթայված էր և բոլորն էլ ձեռքերին կապանք էին կրում։ Նրանց ուղեկցում էին երկու ձիավոր և երկու հետիոտն։ Ձիավորները զինված էին պատրույգավոր հրացաններով, իսկ հետիոտները՝ թուր ու նիզակով։

Սանչոն, նրանց տեսնելուն պես, ասաց.

— Ահա տաժանակիր աշխատանքի դատապարտվածների մի խումբ, որոնց տանում են նավերի վրա աշխատեցնելու։

— Մի խոսքով,— նկատեց դոն Կիխոտը,— այս մարդկանց քարշ են տալիս, և նրանք գնում են, ենթարկվելով բռնության և ոչ թե իրենց բարի կամքով։

— Հենց այդպես է, որ կա,— պատասխանեց Սանչոն։

— Որ այդպես է,— շարունակեց դոն Կիխոտը,— հենց այստեղ է, որ ես պետք է կատարեմ իմ պարտականությունը՝ ոչնչացնեմ բռնությունը և օգնեմ թշվառներին։

— Նկատի առեք սակայն,— առարկեց Սանչոն,— որ արդարադատությունը ոչ թե բռնանում ու հալածում է այս մարդկանց, այլ միայն պատժում է նրանց ոճրագործությունների համար։

Այդ միջոցին թիապարտների շարանը մոտեցավ, և դոն Կիխոտը ամենասիրալիր արտահայտություններով խնդրեց պահակախմբից, որ բարի լինեն հայտնել և բացատրել իրեն պատճառը կամ պատճառները, թե ինչո՞ւ են այդ մարդկանց նման եղանակով տանում։

Հեծյալ պահակներից մեկը պատասխանեց, թե դրանք տաժանակիր աշխատանքի դատապարտվածներ են, թագավորի թիապարտները և որ նրանց տանում են նավերի վրա աշխատեցնելու։

— Այնուհանդերձ,— պատասխանեց դոն Կիխոտը,— ես կկամենայի նրանցից ամեն մեկին հարցուփորձ անել, թե ի՞նչն է նրանց դժբախտության պատճառը։

Այս խոսքերին նա այնքան համոզիչ փաստարկումներ ավելացրեց, որ, վերջապես, պահակախմբի երկրորդ հեծյալն ասաց.

— Թեև մենք այս դժբախտների դատավճիռների լիակատար արձանագրությունները տանում ենք հետներս, բայց հիմա ժամանակ չկա կանգ առնելու, թղթերը հանելու և կարդալու։ Ավելի լավ է, ձերդ ողորմածություն, ինքներդ մոտենաք նրանց և հարցուփորձ անեք։ Եթե նրանք կամենան՝ իրենք կպատմեն ձեզ, իսկ նրանք անշուշտ կուզենան, որովհետև այս տղերքի համար ավելի մեծ բավականություն չկա, քան սրիկայություն անելը և արածի մասին պատմելը։

Ստանալով այս թույլտվությունը (առանց որի նա շատ լավ կարող էր յոլա գնալ), դոն Կիխոտը ձին քշեց խմբի մոտ և առաջին իսկ թիապարտից հարցրեց, թե ի՞նչ մեղադրանքի համար է նա այդ օրն ընկել։

Սա պատասխանեց, որ սիրահարված է եղել։

— Ինչպե՞ս թե։ Միայն դրա համա՞ր,— բացականչեց դոն Կիխոտը։— Եթե բոլոր սիրահարվածներին թիապարտներ դարձնեն, ապա ես վաղուց պիտի թիավարելիս լինեի նավի վրա։

— Ձերդ ողորմածությունն այն սիրո մասին չի խոսում,— պատասխանեց դատապարտվածը։— Իմ սերն այն տեսակ էր, որ ես սիրահարված էի ճերմակեղենով լիքը կողովի վրա և այնպիսի կրքով էի սեղմել նրան կրծքիս, որ եթե արդարադատությունը ուժով խլած չլիներ, ես մինչև օրս հոժարակամ չէի բաժանվի նրանից։ Ես բռնվեցի տեղնուտեղը, ուստի կարիք չեղավ տանջանք գործադրելով հարցաքննել, վճիռը իսկույն հանեցին՝ մտրակով հարյուր հարված տվին մեջքիս, վրան էլ երեք տարի գուրապ։

— Գուրապ ի՞նչ ասել է,— հարցրեց դոն Կիխոտը։

— Գուրապը թիանավն է,— պատասխանեց դատապարտվածը, որ մոտ քսանչորս տարեկան մի տղա էր։

Նույն հարցով դոն Կիխոտը դիմեց երկրորդին, որ տխուր-տրտում էր և բան չասաց։ Նրա փոխարեն պատասխանեց առաջինը․

— Սրան, պարոն, նրա համար են աքսորում, որ դեղձանիկ է եղել, այսինքն՝ երաժիշտ ու երգիչ։

— Ինչպե՞ս թե,— հարցրեց դոն Կիխոտը։— Մի՞թե երաժիշտներին ու երգիչներին թիապարտ են դարձնում։

— Այո, պարոն,— պատասխանեց դատապարտվածը,— ավելի վատ բան չկա, քան վշտից երգելը։

— Իսկ ես հակառակն եմ լսել,— առարկեց դոն Կիխոտը,— «ով որ երգում է՝ նրան դժբախտություն չի պատահում»։

— Սրա բանն ուրիշ է,— վրա բերեց դատապարտվածը,— ով մի անգամ երգի՝ ողջ կյանքում արցունք կթափի։

— Բան չեմ հասկանում,— հայտարարեց դոն Կիխոտը։

Սակայն այստեղ պահակներից մեկն ասաց նրան.

— Պարոն կաբալյերո, այս ամբարիշտների լեզվով՝ վշտից երգերը նշանակում է հարցաքննության ժամանակ խոշտանգումներին չդիմանալը և խոստովանելը մեղքը։ Այս հանցագործին տանջել են, և նա խոստովանել է իր ոճիրը։ Նա անասնագործ է եղել, այսինքն՝ ամեն տեսակ անասուն է գողացել, և երբ որ նա խոստովանել է, նրան վեց տարի թիապարտության են դատապարտել, վրան էլ երկու հարյուր մտրակի հարված հասցրել։ Հետքը նրա մեջքի վրա է արդեն։ Նա մտախոհ է ու վշտաբեկ, որովհետև մյուսները, որ նրա հետ գնում են, արհամարում են նրան, նախատում ու հալածում խոստովանելու համար։ Որ նա սիրտ չի ունեցել ուրանալու, որովհետև, ասում են նրանք, այո-ն նույնքան տառ ունի, որքան և ոչ-ը և յուրաքանչյուր հանցագործի համար շատ ձեռնտու է, որ նրա կյանքն ու մահը կախված են ոչ թե վկաներից կամ փաստերից, այլ սեփական լեզվից։ Ես կարծում եմ, որ նրանք բավական ճիշտ են դատում։

— Ես էլ նույն կարծիքին եմ,— պատասխանեց դոն Կիխոտը։

Ապա նա մոտեցավ երրորդին և նրանից նույն բանը հարցրեց, ինչ-որ առաջին երկուսից։ Սա առանց քաշվելու պատասխանեց.

— Ես դատապարտված եմ հինգ դուկատ չունենալու պատճառով։

— Ես ամենայն սիրով ձեզ քսան դուկատ կտամ, միայն թե ազատեմ այս դժբախտությունից,— գոչեց դոն Կիխոտը։

— Ես նման կլինեմ այն մարդուն,— պատասխանեց դատապարտվածը,— որ հայտնվել է ծովի մեջ, նավի վրա և շատ փող ունի, իսկ ինքը սովամահ է լինում, որովհետև ուտելիք չի գտնում, որ գնի։ Ասելս այն է՝ որ եթե այն միջոցին ես ունենայի այդ քսան դուկատը, որ առաջարկում է ինձ ձերդ ողորմածությունը, ես դրանք կքսեի իմ քարտուղարի գրչին և կթարմացնեի իմ պաշտպանի ուղեղը։

Ամենավերջինը մոտ երեսուն տարեկան մի մարդ էր, շատ հրապուրիչ արտաքինով, թեև շիլ աչքերով։ Նա մնացածների պես չէր կաշկանդված։ Նրա ոտքերին երկար շղթա կար, որ փաթաթված էր ողջ մարմնին, իսկ պարանոցին երկու երկաթե վզկապ կար՝ մեկը կպցրած էր շղթային, իսկ մյուսը՝ երկու երկաթե ձողերով գոտիի մոտ միանում էր կապանքներին, դրանցով շղթայված էին նրա ձեռքերը և կողպված էին ահագին կողպեքով, այնպես որ նա չէր կարող ձեռքը բերանը տանել, թեքել գլուխը և շրթունքը հասցնել ձեռքերին։

Դոն կիխոտը հարցրեց, թե ինչու այս մարդու կապանքներն ավելի շատ են։ Պահակը նրան պատասխանեց.

— Նրա համար, որ նա մենակ ավելի հանցանք է գործել, քան բոլորը մնացյալները միասին։ Համ էլ նա այնքան լկտի է, որ նրան բոլոր այս շղթաներով կաշկանդելուց հետո էլ հավատացած չենք, թե տեղ կհասցնենք և վախենում ենք, որ չլինի թե փախչի։

— Ի՞նչ հանցանքներ է գործել նա,— հարցրեց դոն Կիխոտը։

— Նա դատապարտված է տասը տարով,— ասաց պահակը,— իսկ դա միևնույն է, թե քաղաքացիական մահ։ Բավական է ասեմ ձեզ, որ այդ տղան հռչակավոր Խինես դե Պասամոնտեն է։

Դոն Կիխոտը դարձավ դատապարտվածների ամբողջ խմբին և ասաց.

— Այն ամենից, ինչ դուք ինձ պատմեցիք, թանկագին եղբայրներ, ես պարզ հասկացա հետևյալը՝ թեև դուք ըստ արժանվույն եք պատժված, սակայն առաջիկա պատիժը, ինչպես երևում է, ձեր սրտովը չէ և դուք նավ եք գնում մեծ դժկամությամբ և հակառակ ձեր կամքի։ Շատ հնարավոր է, որ ձեզանից մեկի կորստյան պատճառը եղել է փոքրոգությունը հարցաքննության՝ տանջանքի միջոցին, մյուսինը՝ փողի պակասությունը, երրորդինը՝ հովանավորողի բացակայությունը, չորրորդինը՝ դատավորի անարդար վճիռը։ Ահա թե ինչու ճշմարտությունը, որ ձեր կողմն է եղել, չի հաղթանակել։ Ես միտք արեցի բոլոր այդ հանգամանքները և այժմ ուզում եմ հավաստել, թե ինչ նպատակով է աստված ինձ աշխարհ բերել, հրամայե՛լ, որ հարեմ ասպետական ուխտին, որի մեջ եմ ներկայիս, և ուխտել, որ պաշտպանեմ աշխարհիս զորավորների կողմից բոլոր զրկվածներին ու կեղեքվածներին։ Բայց ես գիտեմ,— և դա իմ խոհեմության կանոններից մեկն է,— որ պետք չէ ուժ գործադրել այնտեղ, որտեղ ամեն ինչ կարելի է խաղաղ կարգավորել․ ուստի նախապես կհարցնեմ պահակներից ու կոմիսարից՝ չե՞ն հաճի արդյոք նրանք արձակել ձեր կապանքներն ու բաց թողնել խաղաղությամբ։ Ես խնդրում եմ ձեզանից մեղմությամբ ու հեզությամբ, որպեսզի տեղիք լինի ձեզ շնորհակալ լինելու, եթե դուք իմ խնդիրքը կատարելու լինեք։ Իսկ եթե դուք հոժարակամ կատարելու չլինեք, այս թուրն ու նիզակը և իմ բազկի զորությունը կհարկադրեն, որ դուք անեք՝ հակառակ ձեր ցանկության։

— Այս ի՜նչ հիմար կատակ է,— բացականչեց կոմիսարը։— Տեսեք, թե ինչ դատարկ բաներ է դուրս տալիս։ Նա կամենում է, որ մենք բաց թողնենք թագավորապատկան հանցագործներին, կարծես թե մենք իշխանություն ունենք նրանց կապանքն արձակելու, իսկ ինքը՝ իրավունք նման հրամաններ տալու մեզ։ Գնացեք, ձերդ ողորմածություն, բարով-խերով շտկեցեք ձեր գլխի լագանը և միք որոնի կատվի հինգերորդ ոտքը։

— Դուք ինքներդ եք կատու, գարշելի անասուն,— գոչեց դոն Կիխոտը, և այդ խոսքերն ասելով այնպիսի արագությամբ հարձակվեց նրա վրա, որ խեղճը ժամանակ չունեցավ դիմադրելու հարվածին և գետին գլորվեց, սաստիկ ջարդված նիզակի հարվածից։

Դոն Կիխոտի բախտը բերեց՝ այդ պահակը միակն էր զինված պատրույգավոր հրացանով։ Մնացածները շփոթվեցին և գլուխները կորցրին այդպիսի անսպասելի հարձակումից։ Բայց, ուշքի գալով, ձիավորները քաշեցին թրերը, իսկ հետիոտները՝ նիզակները, և միասին հարձակվեցին դոն Կիխոտի վրա, որ սպասում էր նրանց մեծ պաղարյունությամբ։

Անշուշտ, նրա բանը բուրդ կլիներ, եթե դատապարտվածները, տեսնելով, որ ազատվելու առիթ է ներկայացել, չլարեին բոլոր ուժերը և չխորտակեին իրենց կաշկանդող շղթաները։ Իրարանցում առաջ եկավ։ Պահակները չգիտեին, թե ինչ անեն՝ դատապարտվածների՞ վրա հարձակվեն, թե պաշտպանվեն դոն Կիխոտից։

Սանչոն այդ պահին օգնեց Խինես դե Պասամոնտեին, որ կապանքներն արձակի, և սա, շղթայազերծ եղավ թե չէ, մոտ վազեց գետնին ընկած կոմիսարին, խլեց նրա ձեռքից հրացանն ու թուրը և սկսեց հերթով դեմ անել պահակներին մեկ թրի, մեկ՝ հրացանի բերանը։ Սակայն հրացան արձակելու կարիք չեղավ, որովհետև շուտով ռազմի դաշտում ոչ մի թշնամի չմնաց՝ նրանք բոլորն էլ ծլկել էին Պասամոնտեի հրացանից ու դատապարտվածների քարկոծությունից։

Այդ հանգամանքը սաստիկ վշտացրեց Սանչոյին, որովհետև նա վճռեց, որ փախստականները ամեն ինչ կհասցնեն Սանտա Հերմանդադի ականջին, իսկ վերջինս ահազանգ կտա և կաշխատի գտնել հանցագործներին։ Նա այդ մասին հաղորդեց իր տիրոջը և սկսեց համոզել նրան որքան կարելի է շուտ հեռանալ և թաքնվել մոտակա լեռների կիրճերում։

— Լավ,— պատասխանեց դոն Կիխոտը,— ես գիտեմ, թե հիմա մենք ինչ պիտի անենք։

Ապա նա հավաքեց դատապարտվածներին, որոնք անկարգ այս ու այն կողմ էին ցրվել, նախապես կողոպտելով կոմիսարին և թողնելով նրան մորեմերկ։ Բոլորը եկան և շրջան կազմեցին, սպասելով նրա հրամանին, և դոն Կիխոտը սկսեց այսպես.

— Երախտապարտ մարդիկ միշտ շնորհակալ են լինում իրենց բարերարներից, և չկա ավելի զայրացուցիչ մեղք, քան ապերախտությունը։ Ասելս այն է, պարոններ, որ դուք հենց նոր սեփական փորձով համոզվեցիք, որ ես ձեր բարերարն եմ։ Փոխարենը կամենում եմ, որ դուք կրկին կաշկանդվեք շղթաներով, որոնցից ես ձեզ ազատեցի և անհապաղ ճամփա ընկնեք, գնաք Տոբոսո քաղաքը։ Այնտեղ դուք կներկայանաք տիրուհի Դուլսինեա Տոբոսցուն, և կասեք, թե Վշտակերպ Ասպետը ողջույն է ուղարկում նրան, ապա թե բոլորը մանրամասնություններով կպատմեք այն փառավոր արկածի մասին, որին դուք պարտավոր եք ձեր բաղձալի ազատագրությամբ։ Դրանից հետո կարող եք գնալ, ուր որ կամենաք։

Բոլոր դատապարտվածների փոխարեն պատասխանեց Խինես Պասամոնտեն, խոսելով այսպես.

— Պարոն փրկիչ, ոչ մի կերպ հնարավոր չէ կատարել այն, ինչ որ ձերդ ողորմածությունը մեզ հրամայում է, որովհետև հնարավոր չէ, որ մենք բոլորս միասին գնանք միևնույն ճամփով։ Մենք կբաժանվենք և յուրաքանչյուրը մենակ կերթա, աշխատելով թաքնվել երկրագնդի ծոցում, որպեսզի Սանտա Հերմանդադի ձեռքը չընկնի, որն անկասկած հետապնդելու է մեզ։ Կարծել, թե մենք կվերադառնանք մեր եգիպտական չարչարանքին, այսինքն՝ մեր շղթաներին, և ճամփա կընկնենք Տոբոսո՝ միևնույն է, թե կարծել, որ հիմա գիշեր է, երբ իրոք առավոտյան ժամը տասն է, և խնդրել մեզնից այդ բանը միևնույն է, թե ծփենու վրա տանձ որոնել։

— Երդվում եմ,— գոչեց դոն Կիխոտը տաքացած,— դոն անպիտան, դոն Խինեսիլյո դե Պարոպիլյո կամ ինչ որ է ձեր անունը, դուք մենակ կերթաք այնտեղ պոչերդ ձեզ քաշած և շղթաներով պատված։

Պասամոնտեն շատ էլ համբերողներից չէր (համ էլ նա նկատել էր, որ դոն Կիխոտի խելքը տեղը չի՝ չէ՞ որ այնպիսի անմտություն էր թիապարտներին բաց թողնելը), ուստի լսելով մեր ասպետի վիրավորական խոսքերը, նա աչքով արեց ընկերներին, և նրանք բոլորն էլ մի կողմ քաշվեցին։ Եվ դոն Կիխոտի վրա քարերի այնպիսի մի կույտ տեղաց, որ նա հազիվ էր ծածկվում վահանով, իսկ խեղճ Ռոսինանտը այլևս խթանները չէր զգում, ասես թե բրոնզից ձուլված լիներ։

Սանչոն թաքնվեց իր էշի հետևը և այդպիսով պաշտպանվեց քարերի կարկուտից, որ տեղում էր երկուսի վրա էլ։ Ինչքան էլ դոն Կիխոտը խույս էր տալիս հարվածներից, սակայն մի քանի քար այնպիսի ուժով դիպան նրան, որ նա վայր ընկավ գետնին։ Վայր ընկնելուն պես նրա վրա հարձակվեց ուսանողը, վերցրեց նրա գլխի լագանը, որով երեք-չորս անգամ խփեց մեր ասպետի մեջքին, հետո տվեց գետնովը և ամանը ջարդուփշուր արեց։ Ապա դատապարտվածները հանեցին նրա հագի բաճկոնը, որ նա զրահի վրայից էր հագնում և ուզում էին գուլպաներն էլ քաշել հանել, բայց ոտքի զրահները խանգարեցին։ Նրանք խլեցին Սանչոյի կապան։ Վերջապես իրար մեջ բաժանելով մնացած ռազմական ավարը, նրանք ցրվեցին, յուրաքանչյուրը մի կողմ, հոգալով միայն, որ կարողանան փախչել ահազդու Սանտա Հերմանդադից և ամենևին չմտածելով տիրուհի Դուլսինեա Տոբոսցու մոտ շղթայակապ գնալու մասին։

Մնացին էշն ու Ռոսինանտը, Սանչոն ու դոն Կիխոտը։ Էշը մնացել էր կանգնած, գլուխը մտախոհ կախ արած և ժամանակ առ ժամանակ թափ տալով ականջները, երևի երևակայելով, որ քարե կարկուտը դեռ չի դադարել, որովհետև նրա ականջները դեռ խշխշում էին։ Ռոսինանտը պառկած էր գետնին, իր տիրոջ կողքին, որովհետև քարերի հարվածները նրան էլ էին տապալել։ Սանչոն, որ զրկվել էր կապայից, դողում էր Սանտա Հերմանդադի ահից, իսկ դոն Կիխոտը խորապես վշտացած էր, որ իր փրկած մարդիկ այսքան վատ վարվեցին հետը։