ԵՐԵԽԱՆԵՐԻ ԼԱՑԸ


Անտարբերությամբ երբ լսում եք դուք
Նզովքը կյանքում պարտված խեղճերի
Դրա ետևից չե՞ք լսում արդյոք
Գանգատն ու լացը երեխաների։

5 «Մանուկ հասակում ամեն արարած
Ապրում է առանց ծանր զրկանքի,
Չի տեսնում երբեք աշխատանք ու լաց
Ու խինդ է քաղում իր մանուկ կյանքից։
Միայն մեզ կյանքում, ա՜խ, չվիճակվեց
10 Շրջել ոսկեծուփ, դալար դաշտերում.
Մենք անիվներ ենք դարձնում անվերջ,
Ամբողջ օրերով գործարաններում։

Չուգունե անիվը դառնում է արագ,
Դղրդում, քամի՛ փչում դեմքերիս,
15 Պտույտ է գալիս մեր գլուխը տաք,
Պտույտ է գալիս շուրջը ամեն ինչ՝
Քիթը անողոք, դաժան պառավի,
Որ մեզ է նայում ակնոցի տակից,
Դուռ ու պատուհան, ճանճերը պատի,
20 Եվ տախտակները խոնավ հատակի,

Պտույտ է գալիս ամեն ինչ,— և մենք
Արձակում ենք խոր, հուսահատ մի ճիչ.—
— Օ, կա՛նգ առ, պտույտ անողոք ու նենգ,
Թույլ տուր հավաքենք մեր ուշքը մի քիչ։

25 Այս գերության մեջ հոգնած, չարչարված՝
էլ սի՞րտ կմնա ցատկել—խնդալու,—
Թե մեզ թողնեին հիմա դաշտը բաց —
Կընկնեինք իսկույն խոտում — քնելու։
Մենք ուզում ենք շուտ տուն վերադառնալ, —
30 Թեկուզ իզուր ենք տներս գնում.
Այնտեղ չենք կարող վիշտը մոռանալ —
Կարի՛քն է այնտեղ մեզ դիմավորում։
Այնտեղ հոգնատանջ գլուխները մեր
Դնելով մեր մոր չոր կրծքի վրա,
35 Դա՛ռը կսկիծով հեկեկում ենք մենք
Ու պատառոտում խեղճ սիրտը նրա․․․»։