ԵՐԿՈՒ ՀՈԳԻ
(Իր տաղանդավոր պաշտպան Գրուզենբերգին)


Մարդիկ կյանքում իրար համար
Ամեն մի տեղ ու ամեն օր՝
Որը ուժեղ, որը տըկար՝
Կամ պաշտպան են կամ պրոկուրոր։

5 Մինը գիտի լոկ չար վայրկյան
Եվ չարագործ ու թըշնամի,
Մյուսը հոգին հավերժական
Ու պատճառը դժբախտ ժամի։

Մինն իր առջև տեսնում է ցած
10 Մի հանցավոր խավար ու կույր,
Մյուսը՝ իր պես մի արարած,—
Ծընող, որդի, եղբայր կամ քույր...

Մինը մարդու օրենքն ունի,
Որ միշտ մարդուն ցավ է բերում,
15 Մյուսը մարդու և Անհունի,
Որ և անհուն սեր է բուրում։

Եվ օրհնեալ է, ով այդ սիրով
Կյանքի ճամփում ընկնող մարդուն
Պաշտպանում է եղբոր ձեռով,
20 Տանում դեպի խաղաղություն։

Եվ խաղաղ է նրա հոգին
Կյանքի ամեն ասպարիզում,
Եվ թե երբեք հուզվում է նա,
Սերն է միայն նրան հուզում։

25 Ահա ինչու էս աշխարհքում
Խաղաղ է միշտ և իմ հոգին,
Պաշտպանում է նա իր խորքում,
Սիրում է ողջ ու ամենքին։

1912