Մելիքին հարեւան երկրում լավ հյուրասիրեցին ու, որպես պատիվ, մի ջորի նվիրեցին։

-Սա լավ է, - ուրախացավ Մելիք Շահնազարը,- կտանեմ, կնվիրեմ Պուղուն, աշխարհի չափ կուրախանա։

Մելիքը տուն հասավ թե չէ, կանչեց Պուղուն.

-Պուղի, քեզ համար մի թանկագին նվեր եմ բերել։

-Ո՞ւր է...

-Ահա, - Մելիքը ցույց է տալիս ջորին,- էշի պես հնազանդ, ձիու պես արագավազ, քիչ ուտում է, շատ աշխատում։

Պուղին սիրով ընդունում է նվերը, բայց մի քանի օր չանցած, ջորին նորից ետ է բերում, կապում Մելիքի այգու չափարից։

-Չեմ ուզում։

-Ինչո՞ւ։

-Ինչ որ ասել ես ջորու մասին, էդ բոլորը ճիշտ է, ամա՝ բա իմ մեռած օրն է՞, որ Մելիքի պատիվը գետնովը տամ։

-Դե, էլ ինչ՝ ամա, Պուղի, բանն ինչո՞ւմն է։

-Ախր ոնց ասեմ... էս ջորին շատ է դինջ... Կողքովը էգ էշ տանեն բերեն, էգ ձի, իր վեջը չէ... Ոչ զռռում է, ոչ խրխնջում...

-Զռռոցում, ախր, ինչ կա որ,- չի հասկանում Մելիքը։

-Մելիքը ապրած կենա, ամբողջ քաղցրությունը, պատիվը հենց էդ զռռոցի մեջ է... Հեռվից լսում են, ասում՝ Մելիքի հետ նստող-վեր կենող Պուղին տեսեք, հա, գալիս է։