ԱԶՈՒ, տավարի, խոզի կամ ոչխարի փափուկ մսից պատրաստված երկրորդ կերակրատեսակ։

Միսը մաքրել թաղանթներից, կտրտել թելքերի լայնքով 2 սմ լայնության ու 34 սմ երկարության կտորներով և յուղով տապակել նախապես տաքացրած տապակի մեջ՝ մինչև կարմրագույն կեղևի գոյանալը։ Միսը լցնել կաթսայի մեջ, աղ ցանել, ավելացնել տոմատախյուս կամ կտրտած թարմ պոմիդոր, սոխառած, արգանակ կամ տաք ջուր, կափարիչով փակել և 40-50 րոպե եփել մարմանդ կրակի վրա։ Այնուհետև ավելացնել խոշոր կտրտած, կիսատապակած կարտոֆիլ, սերմերը հանած, կեղևած, մանր կտրտած թթու վարունգ, աղով տրորած սխտոր, սև պղպեղ, շաքար, կափարիչով փակել և եփել մարմանդ կրակի վրա մինչև պատրաստ լինելը։ Կերակուրը մատուցելուց առաջ ցանկալի է վրան մանր կտրտած մաղադանոս և սամիթ ցանել։

500 գ փափուկ մսին՝ 3 կարտոֆիլ, 2...2 1/2 ճաշի գդալ կարագ, հալած յուղ կամ մարգարին, 2 գլուխ սոխ, 2-3 ճաշի գդալ տոմատախյուս, 2-3 թթու վարունգ, 3-4 պճեղ սխտոր, մեկական թեյի գդալ աղ և շաքարավազ, 4-5 հատիկ սև պղպեղ։

Վանա Ա. միսը ոսկրազատել, մանր կտրտել, լվանալ, սրբիչով ցամաքեցնել, վրան ցանել աղ, պղպեղ, մանր կտրտած կանաչի և տապակել յուղով՝ թեժ կրակի վրա։ Տապակելու ընթացքում մսի վրա ալյուր ցանել և շարունակել տապակել ևս 10 րոպե։ Այնուհետև տապակի պարունակությունը տեղափոխել կաթսայի մեջ, ավելացնել տոմատախյուս կամ թարմ պոմիդոր, արգանակ, սոխառած, տապակած կարտոֆիլ, մանր կտրտած սխտոր, կափարիչը դնել և եփել մարմանդ կրակի վրա մինչև պատրաստ լինելը։ Մատուցելուց առաջ վրան մանր կտրտած ռեհան և մաղադանոս ցանել։

500 գ փափուկ մսին՝ 6 կարտոֆիլ, 3 ճաշի գդալ հալած յուղ, 1 գլուխ սոխ, 1 1/4 բաժակ արգանակ։